ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, November 25, 2010 22:18 - 3 քննարկում
Զինվոր չդարձածները գրավել են Հայաստանի իշխանությունը…
Բանակի և «չծառայած» պետական համակարգի մասին
Դժվար է չհամաձայնվել լեգենդար գեներալի հայտարարության հետ, այն է’ «… Մեր հասարակությունը ինչպիսի՞զինվոր է պատրաստում բանակ ուղարկելու համար, ի՞նչ է տեսնում այստեղ ուինչո՞վ է լիցքավորվում, որ գնում է բանակ, ու նման դեպքեր են գրանցվում»։ Իրոք, հայ զինվորը միշտ պատրաստակամ է եղել կարգ ու կանոնին, զինվորական գործին, ինչն ակնհայտորեն իր դերն ունեցավ մեր երկրի բանակաշինության և ղարաբաղյան հաղթանակի գործում: Սակայն, ինչ է տեսնում ու լսում այսօրվա ապագա զինվորը բանակ ճանապարհվելուց առաջ’ համատարած կոռուպցիա, այն էլ իշխանությունների ամենաբարձր օղակներում,այդ թվում,բանակում: Ավելին, և առավել կարևորը, նա չի տեսնում վերջիններիս կողմից ցուցաբերվող հարգանքը կամ հոգատարությունը պարտադիր զինվորական ծառայության և նրա դերի հանդեպ:
Բավական է միայն հիշեցնել,որ ՀՀ անվտանգության խորհրդի այսօրվա նախագահն ու քարտուղարը միայն մեր դիտարկումներից հետո «հասկացան», որ իրենց կենսագրություններում մոռացել են նշել պարտադիր զինծառայության մասին: Հավանաբար,և դա է պատճառը, որ Հայաստանում երբևէ նման իրավիճակ չի եղել, երբ ՀՀ Նախագահը համատարած շրջապատված լինի պարտադիր զինվորական ծառայություն չանցած բարձրաստիճան պաշտոնյաներով: Այսպես, ի հակասություն ՀՀ օրենդրության պահանջների, պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել’
-Կառավարության 17 տղամարդ անդամներից 11-ը, այդ թվում, Վարչապետը, փոխվարչապետը, կրթության և երիտասարդության հարցերի նախարարները, Կառավարությանն առընթեր ոչ ուժային մարմինների տղամարդ բոլոր երեք ղեկավարները,
-ԱԺ փոխնախագահը, ԱԺ հանձնաժողովների 11 տղամարդ նախագահներից 7-ը, այդ թվում, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը, ՀՀԿ ԱԺ խմբակցության մոտ կեսը, այդ թվում, երիտասարդական թևի ղեկավարը և մամուլի քարտուղարը,
-Սահմանադրական և վճռաբեկ դատարանների նախագահները, Արդարադատության խորհրդի 9 տղամարդ անդամներից 6-ը, դատարանների նախագահների խորհրդի 22 անդամներից 18-ը,
-Գլխավոր դատախազը և նրա բոլոր տեղակալները, այդ թվում, ՀՀ զինվորական դատախազը,
-ՄԻ պաշտպանը, -ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության աշխատակազմերի ղեկավարները,
-նախարարների և Կառավարությանն առընթեր ոչ ուժային մարմինների ղեկավարների տեղակալների գերակշռող մեծամասնությունը, մասնավորապես, հարկային ծառայության ղեկավարի բոլոր չորս տեղակալները և այլն:
Սա ինչ է պատահականություն, թե մտածված քաղաքականություն: Եվ, վերջապես, ուր են մեր լավագույն տղերքը, որոնք անցել են տղամարդու և, հատկապես, գրեթե պատերազմական վիճակում գտնվող, ՀՀ քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ դպրոցը: Փոխանակ շտկելու երկրի անվտանգության դեմ ուղղված և հայ տղամարդուն պատիվ չբերող այս իրավիճակը, 2009թ.-ի վերջում, այդ նույն չծառայածները, փոփոխություններ կատարեցին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում, փորձելով նսեմացնել զինվորական ծառայության դերը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Ավելին, պարտադիր զինվորական ծառայությունը դարձել է կառավարելի գործոն ընտրական գործընթացներում, որի վրա իր բացասական ազդեցությունն ունի նաև Ննախարարի օրենքով արգելված քաղաքական գործունեությունը:Վերջինիս վառ ապացույցն է նաև, հհկականների ներթափանցումը բանակ, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս պարտադիր զինվորական ծառայության հետագա ճակատագրի համար: Այս հարցերում ճակատագրական բացասական ազդեցություն ունեն նաև զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների բարքերի և ունեցվածքների մասին չհերքվող լուրերը: Այնպես որ, Անվտանգության խորհուրդը լուրջ և անհապաղ անելիքներ ունի վերադարձնելու կամ բարձրացնելու պարտադիր զինվորական ծառայության վարկը և, առաջին հերթին, դա պետք է կատարվի զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օրենսդրական իրենց պարտականությունների անվերապահ կատարման, այլ ոչ թե Պաշտպանության նախարարության կազմակերպած մանկապատանեկան անհաջող շոուների միջոցով, ինչին ականատես եղանք վերջին զորակոչի ժամանակ:
Ռուբեն Թորոսյան
«Ընդդեմ ՀՀԿ Ապօրինությունների»
համահայկական կոմիտեի նախաձեռնող խմբի համակարգող