Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, November 24, 2010 18:15 - 2 քննարկում

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել…

Մի քանի օր առաջ զրուցում էի մի հայ գորածարարի հետ, որը մասնակցել էր Թիֆլիսում հայ բիզնեսմենների հետ Սահակաշվիլու հանդիպմանը: Շատ էր տպավորվել նրանից, որ Միշիկոն անձամբ եկավ, ծանոթացավ բոլորի հետ, իր վիզիտկաները բաժանեց բոլորին ու ասաց, որ նախ բոլոր պայմանները ստեղծված են, որ մարդիկ գան ու ներդրումներ անեն եւ երկրորդը՝ յուրաքանչյուրը կարող է անձամբ իրան զանգել եւ գանգատվել, եթե մեկն ու մեկը Վրաստանում խադրին կպնի:
Ես հասկանում եմ, հիմա մի երկու րոպե պետք ա դադար տամ, որ կարդացողներս իմ մանկամտությունը խեղճալով ծիծաղան-հանգստանան: Բայց դե վերջում ծիծաղացողն է հավեսով ծիծաղում: Կարեւորը նա է, որ մեր գործարարների ծիծաղը հեչ էլ չի գալիս, եւ շատ էլ լավ հավատում են Վրաստանի նախագահի անկեղծությանը: Ինչու՞: Առաջինը, անշուշտ, սեփական աչքով տեսածին ու ականջով լսածին ուշադիր լինելով: Այ ես էլ եմ մի երկու անգամ վերջերս Վրաստանում եղել: Ու երբ պատմում եմ տեսածս ճանապարհների, հայտնի ճարտարապետների նախագծած շենքերի, հայտնի բրենդերի նոր մեծ հյուրանոցների, մաքուր գրագետ (!) լուսավորված փողոցների մասին /մնացածից գլուխ չեմ հանում ու հետաքրքիր էլ չի/, ինձ միանգամից ասում են /ու ես էլ հավատում եմ, բայց հետո այդ բացատրությունը չեմ կարողանում մտաբերել/, որ դա սաղ փուչիկ ա, սուտ ա, Ամերիկայի փողով ա եւ այլն: Չեմ վիճում: Բայց ծանոթս ասեց, որ Վրաստանում ներկրված ապրանքի ԱԱՀ-ն /VAT/ գանձում են ոչ թե սահմանը հատելուց, այլ վաճառելուց հետո: Չգիտեմ ճիշտ ա թե չէ, բայց եթե ճիշտ ա՝ դուք մտածեք որն ա ձեռնտու:

Երկրորդ պատճառը Սահակաշվիլուն հավատալու նա էր, որ հայ գործարարների հետ հանդիպելուց ոչ սենյակում, ոչ էլ դուրսը կանգնած չէին Փնթի Գոգին, Մադյառ Վալիկոն կամ չգիտեմ էլ ով:

Ասածս ինչ ա ու ինչի մասին.

ես շատ հստակ զգացողություն ունեմ, որ այսօր սկսվում է դեպի Վրաստան մեր կապիտալի ուղեժ արտահոսքը, որը ունի օբյեկտիվ բացատրություն եւ չունի օբյեկտիվ խոչընդոտ: Ինքներդ դատեք. նախ, բիզնեսը հայրենասիրական կատեգորիաներով չի ապրում եւ երեւի միայն Հայաստանում է, որ էն մի քանի խիզախ գործարարները, որոնք օլիգարխների շարքից չեն, բացի հայրենասիրությունից Հայաստանում աշխատելու ուրիշ մոտիվացիա գրեթե չունեն: Մեր պետությունը քանի գնում է նմանվում է թմրամոլի, որը փորձում է ինչ գնով ուզում ա լինի փող ճարի, իսկ մեր բյուջեն հավաքվում է միայն մուրալու կամ կողոպտելու ճանապարհով: Իսկ Վրաստանում առաջարկում են նորմալ աշխատելու պայմաններ, այդ երկիրը օտար չի, մոտիկ է այնքանով, որ կարելի է մի քանի ժամում հասնել Հայաստան՝ բարեկամի հողարկավորությանը կամ ծնունդ-կնունքի մասնակցելու համար, նման են մարդիկ եւ այլն: Իսկ ամենակարեւորը, որ Սահակաշվիլիին մեր գործարարները հավատում են /կարող ա հիմար են, եսիմ/, իսկ Տիգրան Սարգսյանին՝ չէ:

Ես տեսնում եմ, որ մեր գավառամիտ գեղացի ու զորբա /էս թուրքական բառը իսկականն ա/ իշխանությունների օգնությամբ Հայաստանի առողջ ու աշխատող ուժերը ինչպես 100 տարի առաջ կտեղափոխվեն Թիֆլիս, Երեւանն էլ նորից կդառնա Ճ-դասի անպետք մի բնակավայր: Ու դեռ կհիշենք էն օրերը, երբ առաջի հանրապետության կառավարության անդամ-նախարարներին Արամ Մանուկյանն ու մի երկու ուրիշ նվիրյալներ զոռով ականջներից բռնած բերում էին փոշոտ ու հետամնաց Երեւան:

Դե հիմա համոզեք, որ ես սխալ եմ, բայց հաշվի առեք, որ իմ էս տխուր մտքերը հիմնված են ոչ թե ստատիստիկայի կամ ծելեվիզըռի մեկնաբանությունների, այլ շնչող մարդկանց հետ զրույցների վրա: Ու շատերը արդեն գնացել են…

Meliq-Karen



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Աշոտ
Nov 25, 2010 6:27