ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, November 13, 2010 4:28 - չքննարկված
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
«_11 » նոյեմբեր_2010
Նիկոլ Դուման 51, բն. 3 Երևան
Հեռ. (374+10) 27-77-83 sardarapatsharzhum@gmail.com
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջերս հայ–վրացական սահմանային անցակետում տեղի է ունեցել մի միջադեպ, որի ժամանակ Վրաստանի իշխանությունները կրկին անգամ ի ցույց են դրել Հայաստանի ու Ջավախքում բնակվող հայերի նկատմամբ իրենց լկտի կեցվածքը, համահունչ ՀՀ իշխանությունների վարած պարտվողական և ամորֆ քաղաքականության։
«Ոսկե Աշուն» ամսօրյակի շրջանակներում Ջավախքի Ախալքալաք շրջանում և քաղաքում կազմակերպվել էին մշակութային միջոցառումներ, որտեղ իրենց մասնակցությունը պետք է ունենային նաև Երևանից հրավիրված ուսանողական–մշակութային խմբեր։
Նախատեսված էր, որ հոկտեմբերի 24–ին Ախալքալաք քաղաքում կայանալիք գլխավոր միջոցառմանը որպես հրավիրյալ պետք է ներկա գտնվեր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը։ Վերջինիս այցելության կապակցությամբ Վրաստանի պատկան մարմինները դիվանագիտական պատշաճ իրազեկում էին ստացել։ Նշված օրը Բավրայի սահմանային անցակետում վրացական կողմի աշխատակիցները Արսեն Քարամյանին թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքով և երկար ժամանակ տեղում սպասեցնում են։
Որոշ ժամանակ անց Թբիլիսիից ժամանած հատուկ ավտոշարասյունը իր մեջ ներառելով փոխնախարարի ավտոմեքենան շարժվում է Թբիլիսի, արգելելով փոխնախարարի մուտքը Ախալքալաք։
Մեկ–երկու օր փաստացի գտնվելով պատանդի կարգավիճակում, օգտվելով վրացական «հայտնի հյուրասիրության» վայելքներից, Արսեն Քարամյանը Բագրատաշենի սահմանային անցակետով վերադառնում է ՀՀ։
Վրաստանի իշխանությունների նման պահվածքի վերաբերյալ ՀՀ իշխանությունները մինչ օրս հրապարակային որևիցե կեցվածք չեն դրսևորել, պահպանելով քար լռություն տեղի ունեցածի մասին, ինչը մեկ անգամ ևս խոսում է Վրաստանի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ ցուցաբերվող ակնհայտ արհամարհական և նվաստացուցիչ դրսևորման մասին։
Մի կողմից այս միջադեպը ապացույց է այն իրողության, որ Վրաստանի իշխանությունները իրական շրջափակման մեջ են վերցրել Ջավախքը և այնտեղ բնակվող հայությանը, վերջինիս հայկականությունը խեղդելու և իրենց հայատյաց նկրտումները անխափան շարունակելու գործելաոճով, մյուս կողմից էլ Հայաստանի համար այս հերթական խայտառակությունն ուղղակի արդյունք է ՀՀ իշխանությունների կողմից Վրաստանի նկատմամբ պարտվողական և մշտապես զիջողական քաղաքականության, ինչպես նաև Ջավախքում բնակվող հայերի նկատմամբ նրանց աններելի կեցվածքի անփոփոխ շարունակման։
Իբր Հայաստանի «աշխարհագրական աննպաստ դիրքով» պատճառաբանված, բայց իրականում իրենց սեփական տնտեսական գործարքներով ու շահերով պայմանավորված, ՀՀ իշխանական վերնախավի կողմից իրականացվող այս քաղաքականությունը ընդամենը մի օրինակ է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ այդ վերնախավի ցինիկ և դավաճանական վերաբերմունքի շղթայում։