ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, November 12, 2010 17:12 - 1 քննարկում

Այս մեկնաբանումը հատուկ է նրանով, որ նկարում պատկերված ԼՏՊ-ի զույգ աչքերը հավասարաչափ են կույր…

Տեր-Պետրոսյանի, իշխանահաճո PR-ի և ցեղակրոնության մասին

Տեր-Պետրոսյանի, իշխանահաճո PR-ի և ցեղակրոնության մասին

Նոյեմբերի 9-ին կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը, չգիտեմ գիտակցաբար կամ անգիտակցաբար, մի լավ PR արեց Սերժ Սարգսյանին՝ նրան հռչակելով Նժդեհի գաղափարական հետևորդ։ Բայց մեզ տվյալ դեպքում դա չի հետաքրքրում։ Մեզ չի հետաքրքրում նաև այն, որ ՀԱԿ առաջնորդը սկսել է արդեն ԺԷԿ-ի պետի մակարդակի քննադատություն իրականացնել ու մի լավ PR   անել նաև Դավիթ Հարությունյանին։ Հարությունյան Արմենին էլ հիշեց մեր անկոտրում  ընդդիմադիր և «Եղիազար Այնթապցու» մեծ երկրպագու Տեր-Պետրոսյանը։

Բայց թողնենք այդ ամենը։ Մեզ այլ բան է հետաքրքրում։ Եթե ՀԱԿ առաջնորդը կարծում է, որ ցեղակրոնությունը դա ռասիզմ է, իսկ ռասիզմն էլ, ինչպես գիտեք, իր հերթին ասոցացվում է ֆաշիզմի հետ, ապա ինչպես է Տեր-Պետրոսյանը համաձայնվել, որ 2008-ին իրեն աջակցի «Ցեղակրոն» անունով կուսակցությունը, որի ղեկավարին, ի դեպ, կալանավորեցին մարտի 1-ի իրադարձություններից հետո։ Թե՞ նախագահական ընտրությունների ժամանակ կարևորը ձայն հավաքելն էր, իսկ հետո արդեն կարելի էր սեփական պետության դեմ «գործ» տալ դրսին՝ «Հարա՜յ, հասեք, Հայաստանում ռասիզմ է» թեմայով։ Ինչևէ։

Անդրադառնալով ՀԱԿ-ի նոյմեբերի 9-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարությանը, թե ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը «7օր»-ին ասել է.

Եթե զուտ լեզվաբանական տեսանկյունից նայենք, միգուցե «ցեղապաշտությունը» թարգմանվում է «ռասիզմ», բայց կարծեմ ինքն այդտեղ իր բացասական վերաբերմունքն է դրել։ Ճիշտն ասած, ինձ համար նորություն չի իր վերաբերմունքը, և դա ես ինչ-որ տեղ բնական եմ համարում, որովհետև 70 տարի կոմունիստական իշխանության ժամանակաշրջանում շատ էր վարկաբեկվում Նժդեհը, արգելված էր, և ժողովրդի բացարձակ մեծամասնությունը երևի նման կարծիք ունի, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի վերջո, բոլորն էլ, այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանը, ստացել են կոմունիստական և՛ դաստիարակություն, և՛ կրթություն։ Այնպես որ, սովետական արժեհամակարգի մեջ ավելի իշխող է Նժդեհի գաղափարների նկատմամբ նման բացասական վերաբերմունքը։ Կարող եմ ասել, որ դա ցավալի է, բայց նաև հասկանալի է։ Եվ դրա համար եթե մեղադրենք Լևոն Տեր-Պետրոսյանին, ուրեմն պետք է ժողովրդի 90 տոկոսին մեղադրենք։ Ուզում եմ ասել՝ դա նաև իր մասնավոր կարծիքն է, որը շատերը կիսում են, բայց որի հետ ես համաձայն չեմ։ Բայց դե, ամեն մարդ իր կարծիքը կարող է ասել։

«7օր»-ի հարցին՝ համաձայն չլինելով այդ գաղափարի հետ և նաև լինելով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ՝ ինչպե՞ս է ինքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ համագործակցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Շ. Հարությունյանը պատասխանել է.

-Ճիշտն ասած, ես իր հետ չեմ համագործակցել նախագահական ընտրությունների ժամանակ։ Ես ավելի շատ իր քաղաքական վերադարձը պաշտպանել եմ իր հրաժարականից հետո՝ 1998թ. սկսած, մինչև 2007թ.՝ մինչև ասպարեզ իր վերադառնալը։ Ես դա հիմնավորել եմ և իրեն էլ ասել եմ, որ ես իրեն տեսնում եմ որպես լավագույն միջոց՝ գործիք (այն, ինչ-որ ինքը հետագայում ասում էր)՝ քաղաքական դաշտը մաքրելու համար։ Դեռ 1999թ. հոկտեմբերի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի կենդանության ժամանակ, ես հարցազրույց ունեմ տպված, որտեղ ասում եմ, որ Հայաստանում քաղաքական առումով կառուցվում է Արշակավան, որտեղ փչացած, վատ որակներ կրող քաղաքական գործիչներն են դոմինանտ լինելու, հասարակությունն այնքան է հիասթափվելու ու զզվելու, որ այդ գորշ ֆոնի վրա Լևոն Տեր-Պետրոսյանը լինելու է որոշակի հույս կամ լույս, փրկօղակ։

-Ես Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում չեմ եղել, իր քարոզարշավներին չեմ մասնակցել։ Ես գնացել եմ միտինգներին՝ իր ելույթը լսելու, ոնց որ հարյուրհազարավոր մարդիկ են գնացել։ Իսկ ինչ վերաբերում է մարտի 1-ին իմ ձերբակալությանը, ես չեմ ձերբակալվել Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու համար։ Ես այնտեղ պաշտպանել եմ նախ քաղաքացիների իրավունքները, որոնք դուս էին եկել՝ իրենց բողոքն արտահայտնեին այս երկրում կատարվող անօրինությունների դեմ, ու իմ ելույթը զուտ պատահական է եղել։ Ո՛չ իրենք համաձայն են եղել, ո՛չ էլ այդպիսի խնդիր է եղել. քաղաքական թիմին պաշտպանելու հարց չէր։ Նույնիսկ կարող եմ ասել՝ ես ընտրություններին չեմ էլ գնացել, ոչ մեկին էլ չեմ ընտրել, որովհետև ունեցել եմ շատ մեծ վերապահումներ Հայաստանի առջև դրված խնդիրների, մարտահրավերների լուծման իր տարբերակների վերաբերյալ,- ասաց Շ. Հարությունյանը։

«Ցեղակրոն» կուսակցության նախագահը նաև ավելացրեց, որ 2008թ. հետընտրական հանրահավաքներին առաջին անգամ գնացել է փետրվարի 27-ին, քանի որ թեև որոշակի վերապահումներ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի պայքարի մեթոդների վերաբերյալ, սակայն փետրվարի 26-ին Հանրային հեռուստաընկերության լուրերով տեսնելով, որ իշխանությունները խումբ են ձևավորել և գնացել են նրա տան շուրջը գոռում-գոչում են, շանտաժի ենթարկում՝ հասկացել է, որ եթե ՀՀ առաջին նախագահին կարող են կազմակերպված ձևով ահաբեկել, ապա ով փորձի իշխանությունից տարբեր կարծիք ունենալ, ապա բոլորին կահաբեկեն և Հայաստանից կվտարեն, մեր երեխաներին էլ կվախեցնեն։

-Ես այդ ժամանակ պարտավորված զգացի և համարեցի, որ բարոյական չէ՝ կոնկրետ այդ հարցում ես չգնամ՝ իմ բողոքի մի ձայնը միացնեմ հարյուրհազարավոր բողոքավոր ժողովրդին։ Հետընտրական ցույցերին իմ ներկայության առաջին պատճառը, ա՛յ, սա՛ է եղել, ոչ թե՝ որ ընտրությունները կեղծել են, թե ոչ, որովհետև ինձ ի սկզբանե պարզ էր, որ կեղծելու են։ Ու ընդհանրապես Հայաստանում չկեղծված ընտրություն երբևէ չի եղել՝ 1991թ. այս կողմ,-ասել է Շ. Հարությունյանը՝ նշելով նաև, որ այժմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ մի հարաբերություն չունի։

Մեր փորձերը, այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ-ից, ապարդյուն անցան։  

Կարեն Հակոբջանյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հովհաննիսյան Գևորգ
Nov 13, 2010 4:50