ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, October 23, 2010 7:45 - 3 քննարկում

Սեֆիլյանը իրոք մտածող հայրենասեր հայերից է…

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և պատերազմի վերսկսման հավանականության մասին «Կապիտալը» զրուցել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ։

-Պարոն Սեֆիլյան, «Դելովոյ էքպրես» թերթին տված հարցազրույցում Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ախինովը, խոսելով Հայաստանի մենաշնորհային տնտեսության մասին, ասել է. «Իշխանության և տնտեսության ապամենաշնորհացումը կարող է Ղարաբաղի շուրջ ապակայունացում ստեղծել»: Համաձա՞յն եք այս տեսակետին:

-Ոչ, բնականաբար, համաձայն չեմ: Արցախի ստատուս քվոն կապել Հայաստանի ներքին տնտեսական խնդիրների հետ այդքան էլ ճիշտ չէ: Կարծում եմ՝ ստատուս քվոյի պահպանումը տարածաշրջանային քաղաքական և ազգային հանգամանքների հետ է կապված: Հենց այս պատճառով է, որ ստատուս քվոն պահպանվել և դեռ երկար պահպանվելու է: Իսկ մինչ այդ մենք հնարավորություն կունենանք երկրի ներսում քանդել մենաշնորհված տնտեսությունն ու քաղաքականությունը կառուցել հնարավորինս արդար տնտեսական և քաղաքական համակարգի հենքի վրա: Եթե մեզ հաջողվի ստեղծել արդար տնտեսական և քաղաքական համակարգ, իսկ ես համոզված եմ, որ կհաջողվի, Հայաստանը կուժեղանա, այսինքն՝ հայ մարդը կմնա ու կստեղծագործի, կապրի ու կարարի իր երկրում: Այս կերպ կլուծվի արտագաղթի խնդիրը: Ավելին՝ կակտիվանա հայրենադարձությունը: Այս ամենը հզորացնելու է Հայաստանը, իսկ Հայաստանը որքան հզոր լինի, այդքան կփոքրանան ադրբեջանական և թուրքական՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկությունները:

-Կա տեսակետ, որ ղարաբաղյան հակամարտությունը արագ պետք է լուծել, քանի որ ստատուս քվոն սկսում է հայկական կողմի դեմ աշխատել:

-Այսօր հայկական կողմի դեմ աշխատում են Հայաստանում իշխող ռեժիմի պարագլուխները: Նրանց հակահայկական և ապիկար գործունեության հետևանքով մենք դիվանագիտական պատերազմում տանուլ ենք տալիս օր օրի: Ձևակերպված խնդրի պատճառը ոչ թե ադրբեջանական կողմի հմուտ քաղաքականությունն է կամ Մինսկի խմբի ինչ-ինչ շահեր, այլ իշխող վարչակազմի պարագլուխների հակահայ գործունեությունը: Եթե այս ռեժիմը շարունակի իշխանավարել, կխախտվի ոչ միայն ստատուս քվոն, այլև կվտանգվի Հայաստանի գոյությունը: Այսօր Հայաստանը կանգնած է քարտեզից վերանալու վտանգի առջև: Հնարավոր չէ Արցախը կորցնել, բայց պահել Հայաստանը. Արցախի կորուստը նշանակում է Հայաստանի կապիտուլյացիա: Արցախի ամեն մի թիզի պահպանումը միայն հայրենասիրությունից կամ զգայական ինչ-որ բաներից ելնելով չէ, որ արվում է, այն պրագմատիկ հաշվարկի հետևանք է: Այսօրվա Արցախի սահմանների փոփոխությունը, ի վնաս հայկական կողմի չպետք է լինի, քանի որ դա, կրկնում եմ, կդառնա Հայաստանի կապիտուլյացիայի սկիզբը: Այս խնդրի կարգավորման միակ միջոցը հնարավորինս արագ երկրի ներսում համակարգային փոփոխություններ իրականացնելն է: Խոսքն անհատների մասին չէ, մենք անհատներին փնովելու խնդիր չունենք, պարզապես մենք կարծում ենք, որ այս քսան տարվա ընթացքում հայ ժողովրդին չի հաջողվել պետություն ստեղծել, և այսօր կա ազգային պետություն ձևավորելու հրամայական: Եթե սա անել մենք չկարողանանք, եկող տարիների ընթացքում Արցախի, Ջավախքի, Արևմտյան Հայաստանի, Ցեղասպանության մասին խոսելը կդառնա անիմաստ:

-Դուք համագործակցում եք ՀԱԿ-ի հետ, որի առաջնորդի՝ ղարաբաղյան հարցի լուծման պատկերացումները չեն համընկնում Ձեր պատկերացումներին: Ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը իշխանափոխության հասնելու դեպքում:

-Դա պատճառներից մեկն էր, որ նախաձեռնեցինք «Սարդարապատ» շարժումը: Մենք՝ ես և իմ նմանները, օժանդակել ենք 2008թ. համաժողովրդական շարժմանը՝ համախմբվելով երկրի ներսում սահմանադրական կարգի հաստատման խնդրի շուրջ: Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ արցախյան հարցի հետ կապված իր ունեցած գաղափարախոսությունը մի կողմ դնել, որպեսզի համագործակցությունը ստացվի: Դժբախտաբար, իշխանափոխության ձախողումից հետո՝ ամիսներ անց, Տեր-Պետրոսյանը նորից վերհիշեց իր՝ 1997թ. հնչեցրած պարտվողական գաղափարները՝ դրանք նորից դնելով շրջանառության մեջ: Մենք, բնականաբար, կտրականապես դեմ ենք այդ մոտեցումներին, սակայն այսօր մենք պատրաստ ենք համագործակցել և համագործակցում ենք բոլոր այն միավորումների հետ, որոնք, ըստ էության, պատրաստ են այս ռեժիմի դեմ պայքարել: Եթե ՀԱԿ-ն այս համատեքստում դրսևորի իրեն, այսինքն՝ հասկանա, որ ոչ թե պարտվողական գաղափարախոսական ճառեր ասելու, այլ երկիրը բռնազավթումից ազատելու ժամանակն է, եթե որդեգրի համապատասխան մարտավարություն, մենք կշարունակենք համագործակցել:

Այսօր մենք նախաձեռնել ենք «Սարդարապատ» շարժումը, որն ունի իր հստակ ձևակերպած գաղափարները, որոնց մի մասը դրված է շրջանառության մեջ, իսկ որոշ ժամանակ հետո շրջանառության մեջ կդրվի նաև մնացածը: Պետք է ասեմ, որ «Սարդարապատ» շարժումը տակավին չի հռչակվել, և երբ այն հռչակենք` ունենալով մեր մանիֆեստը և պլատֆորմը, ապա պարզ կդառնա, թե ինչպիսին է լինելու մեր պատկերացրած Հայաստանը:

-Երբ ԵԱՀԿ փաստահավաք խումբը եկավ ազատագրված տարածքներ, իշխանության որոշ ներկայացուցիչներ գոհ էին, որ տարածքները վերաբնակեցված չեն, և այնտեղ դիտորդները Հայաստանի համար ոչ բարենպաստ բաներ չեն կարող գտնել: Ըստ Ձեզ՝ եթե տարածքները վերաբնակեցված լինեին, Հայաստանը կհայտնվե՞ր վատ վիճակում:

-Հայերը ազատագրված տարածքները հայերով վերաբնակեցնելու իրավունք ունեն, և այստեղ միջազգային իրավական կամ քաղաքական որևէ նորմերի խախտում տեղի չի ունենա, եթե թելիկները ճիշտ բռնվեն: Համոզված եմ, որ փաստահավաք խմբի գալն ուներ ձևական բնույթ: Այն, ինչ պետք է տեսնեին, արդեն վաղուց այդ մասին գիտեին: Այսօր մեր երկրում չկա մի բան, որի մասին միջազգային համապատասխան կառույցները տեղեկացված չլինեն: Գերտերությունների հատուկ ծառայությունների համար ամեն բան պարզ է, և մեր իշխանությունների ջայլամի քաղաքականությունը պարզապես ծիծաղելի է: Ես այդ ժամանակ կոչ եմ արել ազատագրված տարածքներում բնակվողներին, որ նրանք փաստահավաք առաքելության անդամներին ասեն, որ իրենք բնակվում են ու բնակվելու են այդ տարածքներում, քանի որ այն իրենց պատմական հայրենիքն է: Այս ամենում մտահոգիչն այն է, որ տարիներ առաջ հայկական կողմին հաջողվեց հաղթել ճակատամարտը, ասում եմ ճակատամարտ, քանի որ այսօր զինադադար է, և ներկա պայմաններում Հայաստանի դիվանագիտական կորպուսն է այժմ պատերազմում, և առ այսօր նրանք չեն կարողանում ամրագրել մարտի դաշտում ձեռք բերված հաղթանակը և չեն էլ կարող: Խաղաղությունը փաստաթղթերով ամրագրել չկարողանալու պատասխանատվություն կրողները դիվանագետներն են և պատերազմի վերսկսման դեպքում նրանք կանգնելու են զինվորական դատարանի առջև: Սա նրանք պետք է գիտակցեն:

-Ադրբեջանը կրկնապատկեց 2011թ. բյուջեն: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա վտանգավոր հայկական կողմի համար:

-Այն, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի, ակնհայտ է, սակայն տարածաշրջանում պատերազմ սկսելն Ալիևի որոշելիքը չէ. նա շատ փոքր է, որ կարողանա նման որոշում կայացնել: Ինչ վերաբերում է բյուջեի կրկնապատկմանը, ապա այն իսկապես մտահոգիչ է, սակայն պետք չէ սարսափել դրանից: Այսօր շատերը մոռանում են, որ Ադրբեջանը պաշտպանվում է երեք ճակատով, և ռազմական բյուջեն բաժանված է երեք մասի, որի միայն մեկ երրորդն է ուղղված հայկական կողմի դեմ: Մնացած մասերն ուղղված են Իրանի հետ սահմանը հսկելուն, որտեղ Ադրբեջանը ստիպված է հսկայաքանակ զորքեր պահել, գրեթե նույնքան, որքան Հայաստանի և Արցախի սահմաններում են, և Կասպից ծովում պահվող նավատորմին, որը հսկում է Ադրբեջանին՝ Թուրքմենստանից և Իրանից պաշտպանվելու համար: Երկրորդ հանգամանքը, որի մասին կուզենայի խոսել, բանակի բարոյահոգեբանական վիճակն է: Սա պատերազմներում հաղթանակի հասնելու հիմնական գրավականն է, իսկ Ադրբեջանը շատ հեռու է վերը նշած հատկանիշից: Այս իմաստով, եթե մենք կարողանանք լուծել մեր ներքին խնդիրները, հատկապես այն խնդիրները, որոնք առկա են բանակում, կունենանք բարձր բարոյահոգեբանական մթնոլորտում ծառայող զինվոր և չենք վախենա ադրբեջանական միլիարդներից:

Tert.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Oct 24, 2010 3:24