ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 13, 2010 3:40 - չքննարկված

Արևմտահայերենը` կորստյան եզրին. ՅՈՒՆԵՍԿՈ-յի ճանաչումը և աքսորյալ լեզվում ժամանակակից գրականության հարցը

Արևմտահայերենը` կորստյան եզրին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչումը և աքսորյալ լեզվում ժամանակակից գրականության հարցը

Թարգմանաբար Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արևմտահայերենի ճակատագրին նվիրված հետևյալ ուշագրավ հոդվածը (ԼԺՏ խմբագրություն)։

Դալար Շահինյան (Ասպարեզ, 4 օգոստոսի, 2010թ.)

Այս տարվա փետրվարին արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: «Խոցելիից» մինչև «մեռած» հինգ բալանոց սանդղակում «հաստատապես վտանգված» են համարվում այն լեզուները, որոնք երեխաները որպես մայրենի իրենց հայրենիքում այլևս չեն սովորում: Խոցելի լեզուների նվազող կենսունակությունը չափող վտանգվածության մակարդակները որոշվում են հիմնականում լեզվի միջսերնդային փոխանցմամբ, այնպիսի գործոններով, ինչպիսիք են լեզուն կրողների բացարձակ թվաքանակը կամ ընդհանուր բնակչության մեջ լեզվի օգտագործողների համամասնությունը: Լեզուն համարվում է վերացած, երբ որոշ ժամանակահատված այն սերունդներին չփոխանցելուց հետո նրա կրողներն այլևս չեն լինում:

Թեև ատլասի կառուցվածքը հիմնված է նախ և առաջ լեզվի բանավոր օգտագործման վրա, կցանկանայի բարձրացնել այն հարցը, թե վերացած լեզվի սահմանումը ինչ է նշանակում արևմտահայերենի արտահայտման գրավոր ձևերի համար: Արևմտահայերենի վարչական կիրառությունն այնքան է նվազել, որ ունի խորհրդանշական բնույթ, քանի որ սփյուռքի հաստատություններն իրենց գործառնությունների համար սկսում են ավելի ու ավելի շատ դիմել երկլեզվությանը: Լեզվի լրագրողական կիրառությունը նույնպես անկում է ապրում` սփյուռքահայ համայնքներում կայուն ընթերցողների քանակի նվազման պատճառով (վկա՝ Փարիզում լույս տեսնող 84-ամյա “Յառաջ” թերթի փակվելը): Կրոնական կիրառման հարցում թվում է, թե երիտասարդ սերունդն աշխարհաբար արևմտահայ լեզուն դիտում է նույն տեսանկյունից ինչ գրաբարը, որն օգտագործվում է պատարագ մատուցելու բայց ոչ կրթական կամ գործնական նպատակներով:

Դժվար է գնահատել արևմտահայ գրականության ներկա վիճակը, քանի որ գոյություն չունի որևէ գիտական հետազոտություն, որն առաջարկում է այս լեզվական ձևի ժամանակակից ստեղծագործությունների համապարփակ նկարագիրը: Ավելին՝ հաշվի առնելով, որ սփյուռքահայ գրական հատուկենտ գործեր հիմնականում լույս են տեսնում մասնավոր նվիրատվությունների շնորհիվ և տպագրվում կամ հրատարակվում են թերթերում և ամսագրերում, այլ ոչ թե հրատարակչությունների կողմից, դժվար կամ անհնար է դառնում ձեռք բերել հրատարակված և շրջանառվող գրքերի ամբողջական ցուցակը:

Հայերեն դասագրքերը կամ ժամանակակից հայ գրականության ժողովածուները դադարել են գոյություն ունենալուց քսաներորդ դարի առաջին կեսին ծնված գրողների սերնդի հետ: Այնուամենայնիվ, արևմտահայերեն լեզվով ստեղծագործող ժամանակակից գրողներ կան: Այսօր Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ստամբուլում, Սիրիայում և Լիբանանում ապրող գրողները արևմտահայերեն գրական գործեր են հեղինակում: Այս ժամանակակից հեղինակներից առանձնանում է Լիբանանում ծնված փարիզաբնակ Գրիգոր Բեդելյանը: Նկատի ունենալով արևմտահայերենով նրա արձակ ստեղծագործությունների թեկուզ միայն ծավալը, թվում է, թե նրա ստեղծագործությունը չի հնազանդվում լեզվաբանների «հաստատապես վտանգված» պիտակավորմանը: Նրա գործերը կերտում են պետականազուրկ սփյուռքի թերզարգացած ժանրը` նովելը, որն ավանդապես կապված է եղել հետգաղութատիրական տեսության ժամանակակից «ազգային պետության» գաղափարի վերելքի հետ:

Որպես գրող, պրոֆեսոր և գրաքննադատ Գրիգոր Բեդելյանը վերջին քսան տարիների ընթացքում քննադատական էսսեների բազմաթիվ հատորների կողքին ստեղծել է վեց նովել: Նրա էսսեները շոշափում են բազմազան թեմաներ` քսաներորդ դարի բանաստեղծ Դանիել Վարուժանի երկերը, տասներորդ դարի պոետ-աստվածաբան Նարեկացու վերլուծությունները կամ ֆրանսահայ գրականության քննությունը:

Թեև նրա լայնածավալ տեսական և քննադատական գործերը նշանակալից դեր են խաղում արևմտահայերենի զարգացման և պահպանության համար, Բեդելյանն իրեն համարում է գրող և միայն գրող: Նրա արձակը նորավեպի և հետ-մոդեռնիստական նովելի միջև գտնվող ոճ է հիշեցնում: Նովելներում նա հաճախ խուսափում է կետադրական նշաններից, բովանդակության հաջորդական շարադրանքից և վստահելի հերոսներից: Սակայն, թեև նրա նովելների ճնշող մեծամասնությունը ներշնչված է ֆրանսիական հետ-ստրուկտուրալիստական տեսությամբ, լեզվական վարժանքները և բովանդակությունը զարմանալիորեն ներկայացնում են 1915 թվականից ի վեր ձևավորված հայկական սփյուռքը, որի համար հատկանշական է ժամանակագրական ընդհատման զգացումը և աշխարհագրական սփռվածությունը: Ուստի և, ընդարձակեմ արևմտահայերենի վտանգված կարգավիճակի մասին հարցս` Բեդելյանի ազդեցիկ դիրքի լույսի ներքո ի՞նչ է նշանակում ներկայացնել սփյուռքի մշակութային կյանքը վերջնականապես աքսորյալ լեզվական ձևում: Ի՞նչ հույս է փայփայում այս պատմվածքը: Եվ ի՞նչպես այն կազդի ժամանակի և տարածության վրա: Բեդելյանի նովելներն հուշում են, որ պատասխանը արևմտահայերենի կատարողական կարողության մեջ է: Իր գործերում կյանքը իրատեսորեն պատկերելու փոխարեն Բեդելյանը հայելին պահում է հենց արևմտահայերենի լեզվական ձևի վրա:

2003թ.-ի իր «Անուն լեզվիս տակ» նովելում, օրինակ, Բեդելյանը քննում է, թե ինչ է նշանակում հետ-ցնցումային նովել ստեղծել տարագրյալ ժողովրդի համար` լուծելով 1915 թ. ցեղասպանությունը ներկայացնելու հարցը պատմողական շղթայահյուս ցանցի միջոցով: Ավելին, ընթանալով պատմությունների պատառիկների շրջանապտույտ շերտերով, նովելը տատանվում է բազմաթիվ տեսակետների, ինչպես նաև արևմտահայերենի գրական ձևից դասական հայերենին և արևելահայերենին, Մշո բարբառից և խոսակցական թուրքահայերենին  անցնելու միջև: Ժամանակն ու վայրը մշտապես խառնող տեսարաններով (որոնք անցնում են 1960-ականների Ֆրանսիայի դասախոսական դահլիճներով, 1950-ականների Բեյրութի հայկական թաղամասերով, 1915-ի պատմական Հայաստանի Մշո գավառով) նովելը պատմության քննական ուսումնասիրություն է, համապարփակ պատմություն և մտային արտահայտություն` Հայոց Աղետի ընդհանուր և մասնավոր մոտեցմամբ:

Ի վերջո, նովելը, որպես աղետի մտային արտահայտության փորձ, ցույց է տալիս, որ Լեզուն անհաջողության է մատնվել, քանի որ յուրաքանչյուր աղետ ընկալվում է որպես մի իրադարձություն, որի իմաստն անբացատրելի է: Ուստի և, հնարավոր չէ որևէ աղետ ներկայացնել նշանների լեզվական համակարգի միջոցով և հասնել դրա ստեղծմանն ու հավերժացմանը: Թեև նովելն ընդգծում է 1915 թ. Աղետը որպես իրադարձություն ներկայացնելու անհնարինությունը, այնուամենայնիվ Աղետը ի ցույց է դրվում ազգային լեզվի (արևմտահայերեն) կորստյան լույսի ներքո: Ըստ էության, նովելի հիմքում ընկած է այն պնդումը, թե 1915-ի Աղետը (ընդհանրապես) չի կարելի ներկայացնել Լեզվի միջոցով, քանի որ այն հավասարեցվել է լեզվի կորստյան հետ (մասնավորապես):

Այստեղ, կորուստը վերաբերում է մշակութային և լեզվական համակարգի հայրենի հողից արմատախիլ անելուն, որն էլ ներառելու է սփյուռքի ընդհատված, չշարունակված ժամանակաշրջանը: Բեդելյանի նովելը որոշ իմաստով արևմտահայերենի հրաժեշտի փառաբանումն է, թեպետ արևմտահայերենը ճչում է` «Տե´ս, թե ինչպիսին կլինեի, եթե ապրեի»: Նովելի պատմողական պարույրների և ձայների  գլխապտույտ բազմազանության, անվերջանալի նախադասությունների շարունակական հոսքի մեջ ռիթմի զգացողություն է առաջանում, որը լեզվին ձերբազատում է ժամանակից և տարածությունից, միևնույն ժամանակ ընդունում ժամանակի, պատմության և պատմվածքի անկառավարելի փոփոխությունների խոցելիությունը: Բեդելյանն այս կորստի մասին գրում է աքսորյալ լեզվով և դրան տալիս նովելի տեսք, որ ներկայացնելով ազգային պետության ծնունդը ընդգծում է նրա` որպես գրողի հաջողության մեծությունը:

Այնուամենայնիվ, գուցե ավելի լավատեսական առումով, պատմվածքի ռիթմիկ և կատարողական զարգացումը հավերժական ընթացքի մի նոր գաղափար է, որը համընկնում է արևմտահայերենի աքսորյալ վիճակին և, որպես այդպիսին, պատկերում է սփյուռքահայ մշակույթի ուրվագիծը: Գուցե «Հնարավոր է միայն այսպիսի՞ պատմվածք գրել աքսորյալ մշակույթի մասին»: Այս լույսի ներքո Բեդելյանի նովելը անդրազգային ուսումնասիրությունների ժամանակակից բնագավառում ցույց է տալիս, որ լեզվի ստեղծումը չի ստորակարգվում ազգային պետությանը:

Արևմտահայերենի վտանգված վիճակը ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից ճանաչելուց կարելի է երկու հետևություն անել: Սփյուռքահայ համայնքների գործնապաշտ անդամների տեսանկյունից արևմտահայերենը հավանաբար շուտով կվերանա: Հրաժեշտի փառաբանման փոխաբերությունը ճշգտորեն ենթադրում է, որ արևմտահայերենի անհետացումը ժամանակի խնդիր է` մինչև լեզվի միջսերնդային փոխանցման դադարեցումը  լեզվին կմղի դեպի «լրջորեն վտանգված», այնուհետև “խստագույն վտանգված” լեզուների շարքը, իսկ դրանից հետո դեպի վերացում: Ավելի լավատեսորեն տրամադրված անդամների տեսանկյունից Ատլասը նաև ներառում է «վերակենդանացման» հնարավորություն` վտանգվածության մակարդակները  թվարկող կենսունակության աղյուսակի ներքևում գտնվող R (revitalization-վերակենդանացում) տառի տեսքով, հակադարձ ուղղությունը` դեպի կենսունակության վերականգնում: Ավելին, արևմտահայերենի դեպքում, կենսունակության վերակագնումը կնշանակի լեզվի գոյատևման կարողություն` ազգային պետության ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայության պայմաններում:

Ըստ էության, արևմտահայերենը նախկինում էլ է վերակենդանացվել: Ատլասում արևմտահայերենի համապատասխան աշխարհագրական տարածքներում նշված են Թուրքիան և Մերձավոր Արևելքը. Թուրքիան ակնհայտ պատճառներով, քանի որ լեզվի իսկական կրողներն Արևմտյան Հայաստանից[1] են, իսկ գրականությունը հիմնականում զարգացել է Կոնստանտնուպոլսում: Մինչդեռ Մերձավոր Արևելքը նշված է, քանի որ այդտեղ են ստանդարտացվել արևմտահայերենի բազմաթիվ բարբառները և ուսուցանվել 1915 թ.-ից փրկված մեծամասամբ թրքախոս փախստականներին` ազգայնական կազմակերպությունների և կուսակցությունների ջանքերով[2]։ Լավատեսներին ՅՈՒՆԵՍԿՈ-ն առաջարկում է օգտագործել հետևյալ էլեկտրոնային ռեսուրսները և դրամաշնորհների միջոցով վերակենդանացնել արևմտահայերենը:

http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00143

Դալար Շահինյանը դասախոսում է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի համեմատական գրականության ֆակուլտետում, որտեղ վերջերս պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը:

* ՅՈՒՆԵՍԿՈ –յի (ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) Աշխարհի վտանգված լեզուների ինտերակտիվ ատլասը հիմնված է Ատլասի 2009թ.-ի տպագիր հրատարակության վրա և փաստագրում է մահացած կամ վտանգված լեզուները 1950թ.-ից ի վեր: Տես ինտերակտիվ ատլասը http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00206


[1] Հեղինակն Արևմտյան Հայաստանի փոխարեն սխալմամբ կիրառում է Անատոլիա եզրը (ԼԺՏ-ի խմբ.)։

[2] Տես “Սփյուռքահայ ազգային ինքնության ստեղծումը” մասը Ռազմիկ Փանոսյանի “Հայերը. Արքաներից քահանաներ մինչև առևտրականներից մինչև կոմիսարներ” գրքում (Նյու Յորք, Կոլումբիայի Համալսարանի Հրատարակչություն, 2006), որտեղ նա քննարկում է, թե ինչպես է արևմտահայերենի Ստամբուլի խոսվածքը դարձել հայկական սփյուռքում գերակշռող լեզուն ցեղասպանությունից հետո:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ