ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, September 29, 2010 0:33 - չքննարկված
Նախագահ Սարգսյանը Լոնդոնից նամակ է ստացել:
Հանցավոր խմբի պարագլուխը` Սերժ Սարգսյանին
Նախագահ Սարգսյանը Լոնդոնից նամակ է ստացել: Միջազգային հանցավոր խմբի պարագլուխ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանը գրում է իր հայաստանյան արկածների մասին, թե ինչպես են այստեղ հսկայական գումարներ հափշտակել, երկրից դրանք հանել դուրս, ինչպես են ձերբակալվել ու կաշառքի դիմաց արժանացել մեղմ պատժի:
Նա նշում է կոնկրետ անուններ ու մանրամասնում, թե ինչպես է հայ իրավապահների աջակցությամբ ամեն ինչ բարդել ընկերոջ` Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի վրա, որը, իբրեւ հանցավոր խմբի պարագլուխ, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման եւ այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Արդարադատության համակարգի եւ իրավապահ գործակալությունների վատ վարքի պատճառով, որը հիմնված է խաբեության, կաշառքի, ահաբեկության ու վախի վրա, ես հարկադրված էի ասել բաներ, որոնք ճիշտ չէին: Այժմ, զգալով մեծ վիշտ եւ խղճի խայթ, ես որոշել եմ գրել Ձեզ այս նամակը` հուսալով, որ կլսեք ինձ»,- Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի նախաբանում ասում է 30-ամյա Օլիվեր Մարիանը:
Հիշեցնենք` մոտ երկու տարի առաջ հայաստանյան հեռուստաընկերությունները ցուցադրում էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տրամադրած կադրերը: Գլխահակ ռումինացիների ֆոնի ներքո հնչում էր հաղորդավարների ձայնը` «ԱԱԾ-ն վնասազերծել է միջազգային հանցավոր խումբ, որը 2008 թ. օգոստոս ամսին հայաստանյան 4 բանկերի բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով հափշտակել է ավելի քան 80 մլն դրամ: Խմբի անդամների հյուրանոցային համարներում հայտնաբերվել են 160 կեղծ պլաստիկ քարտեր, ինչպես նաեւ դեռեւս չծախսված մեծ քանակի արտարժույթ եւ դրամ…»:
Այսօր հիշյալ խմբի անդամներից ընդամենը երկուսն են անազատության մեջ: Մյուսները տարօրինակ կերպով արժանացել են իրավապահների մեղմ վերաբերմունքին: Դեռ անցյալ տարի «Հետքն» անդրադարձել է այս պատմությանը` առանձնացնելով հատկապես Օլիվեր Մարիանի դատավճիռը:
Նրա գործը քննել է ԱԱԾ-ի ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանը, մեղադրող-դատախազը Հովսեփ Սարգսյանն էր, դատավորն էլ` Գագիկ Ավետիսյանը:
Անցյալ տարվա ապրիլին «Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն» կատարելու համար Կենտրոնի դատարանն Օլիվերին դատապարտեց ընդամենը 2 տարվա ազատազրկման, այն դեպքում, երբ առաջադրված հոդվածը սահմանում է նվազագույնը 4 տարվա ազատազրկում:
Դատավոր Գագիկ Ավետիսյանն այս բացառիկ մոտեցումը հիմնավորել էր նաեւ այն հանգամանքով, որ Օլիվերը նախկինում ոչնչով արատավորված, մասնավորապես` դատված չի եղել:
Սա այն դեպքում, երբ նույն քրեական գործում առկա է Մեծ Բրիտանիայի Ինտերպոլի տեղեկանքը, ըստ որի` Օլիվեր Մարիանը խարդախության համար երկու անգամ դատապարտվել է եւ անցնում է իրենց երկրի քրեական հաշվառումներով:
Ավելին, գործում կա նաեւ Ռումինիայի Ինտերպոլից ստացված տեղեկանքը. «Օլիվեր Մարիանը հանցավոր խմբի պարագլուխ է, հայտնի է կեղծ վճարման քարտերի օգտագործմամբ Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսրայելում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում: Նա ձեռք է բերել խոշոր չափի գումարներ, որոնցով գնել է շինություններ, թանկարժեք ավտոմեքենաներ եւ բացել է բանկային հաշիվներ»:
Այս հրապարակմանը զուգահեռ «Հետքը» տպագրել էր Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Վարդան Եղիազարյանի պարզաբանումը, որի համաձայն` Ռումինիայից եւ Անգլիայից ստացված տեղեկությունները «պաշտոնական հիմք ունեն եւ նույնիսկ ունեն իրավական ուժ»:
Չնայած այս ամենին` ոչ դատախազ Հովսեփ Սարգսյանը, ոչ էլ առավել եւս դատավոր Գագիկ Ավետիսյանը նույնիսկ ձեւի համար նկատողություն չստացան:
Եվ ահա նախագահ Սարգսյանին գրում է հենց ինքը` հանցավոր խմբի պարագլուխ Օլիվեր Մարիանը. «Կինս Հայաստան եկավ, եւ ես մի փաստաբան ունեմ, որը սկսեց աշխատել: Շատ մեծ փողեր էին ծախսվում, եւ ես շատ անգամ եղել եմ ԱԱԾ-ի շենքում: Ինչեւէ, այդ փաստաբանի մեծ օգնությամբ ինձ խոստացան, որ ես չեմ նստի բանտում 2 տարուց ավելի, ինչը լավ էր, քանի որ իմ հոդվածով նվազագույն պատիժը 4 տարի է: Դատավարությունը սկսվեց, եւ ես ընդունեցի մեղքն այն բոլոր բաների համար, ինչ իրենք էին ինձ ասել: Ես դատապարտվեցի 2 տարվա ազատազրկման, ինչպես եւ խոստացել էր իմ փաստաբանը: Դատավարությունից 7 ամիս անց ես բանտից ազատվեցի ու Հայաստանը լքեցի…
Ես ասելու շատ բան ունեմ, բայց քանի որ ձեր արդարադատության ողջ համակարգն այնքան կոռումպացված է եւ կեղծ, եւ փողը խնդիրները լուծելու միակ ճանապարհն է, հատկապես իմ ունեցած խնդիրների նմանները, ես ընդամենը մի քանի անուն կներկայացնեմ Ձեզ, որպեսզի հասկանաք կոռուպցիայի աստիճանը: Երկու տարի ազատազրկում ստանալու համար ես փող եմ վճարել մայոր Վահանին եւ մայոր Գրիգորյանին եւ նրա բոսին: Որոշ գումար անհետացավ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցից` մոտ 20 հազար ԱՄՆ դոլար: Եվ ես տեսել եմ, թե ով է վերցրել այն, բայց ես չգիտեմ նրանց անունները, քանի որ այլեւս նրանց երբեք չտեսա: Իմ փաստաբանն իմ գործի համար վճարել է դատախազին, իսկ դատախազը վճարել է դատավորին: Նրանք բոլորը կապված էին իրար եւ մասնակցել են այս գործին…
Ես վճարել եմ ավելի քան 50 հազար եվրո, գումարած այն 20 հազար դոլարը, որը կորավ հյուրանոցից եւ որի մասին ինձ զգուշացրին` ոչինչ չասել: Այս պահին իմ բոլոր ափսոսանքները եւ խղճի խայթն ուղղված են իմ ընկեր պարոն Ստենգաչուին, որը ոչ մի կապ չունի ինձ եւ նրա հետ, ինչ ես արել եմ Հայաստանում: Խնդրում եմ, հասկացեք` ես չեմ կարող այլեւս ապրել` գիտակցելով, որ նա իմ պատճառով բաժանվել է իր աղջկանից եւ կնոջից: Նա այդքան ծանր պատիժ ստացավ, քանի որ նրանց պետք էր մեկը, որի վրա կարելի էր բարդել մեղքը: Խնդրում եմ` հաշվի առեք, որ նա մեղավոր չէ այն բաների համար, ինչ նրանք են ասում»:
Հ.Գ. Օլիվեր Ռադուկու Մարիանի նամակը, եկրի ղեկավարից բացի, հասցեագրված է նաեւ արդարադատության նախարարությանը, դատախազությանը եւ ԱԱԾ-ին: