ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, September 27, 2010 8:50 - 2 քննարկում
ԳԱՐԵԳԻՆԸ, ԿԻՐԻԼԸ, ՓԱՇԱԶԱԴԵՆ
Ըստ երեւույթին ժամանակն է, որ Հայ Առաքելական եկեղեցին կողմնորոշվի քաղաքականության, առավել եւս Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ իր վերաբերմունքում: Եկեղեցին կամ ակտիվ ներգրավվում է այդ ամենի մեջ, կամ ընդհանրապես չի փորձում խառնվել դրան, ինչպես որ չի փորձում խառնվել ներքաղաքական, ներհասարակական խնդիրներին: Այլապես ստացվում է, որ օրինակ հասարակության եւ իշխանության փոխհարաբերությանը, որտեղ մեղմ ասած կան լուրջ խնդիրներ, Հայ Առաքելական եկեղեցին չի փորձում խառնվել, իսկ ահա Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությանը խառնվում է: Թեեւ գուցե պատճառն այն է, որ մի դեպքում` ներքին հարցերում, Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը ոչ մի բան չի “խնդրում”, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերում Կիրիլը ժամանակ առ ժամանակ ինչ որ բաներ է “խնդրում” Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով թերեւս Կիրիլին մերժելը համարում է մեծ մեղք:
Համենայն դեպս, ինչպես հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մերժել Ռուսաստանի Պատրիարքին, որը մեր Կաթողիկոսին է փոխանցել Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Փաշազադեի խնդրանքը, կապված հունիսի 18-ին Չայլու գյուղի դիրքերում մեր զինծառայողների վրա հարձակված ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու խնդրի հետ: Փաշազադեն դիմել է Կիրիլին, Կիրիլն էլ Գարեգին Երկրորդին, իսկ Գարեգին Երկրորդն էլ այդ կապակցությամբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, իսկ հանդիպման արդյունքի մասին էլ տեղեկացրել է Ռուսիո Պատրիարք Կիրիլին: Ինչպես տեսնում ենք, Ամենայն հայոց Կաթողիկոսը բավական ծավալուն միջնորդական գործունեություն է իրականացրել, անուղղակի կատարելով Փաշազադեի խնդրանքը:
Իսկ չէ՞ր կարող արդյոք Ամենայն Հայոց Հայրապետը Կիրիլին ասել, որ եթե Փաշազադեն բան ունի խնդրելու, թող միանգամից իրեն խնդրի, ոչ թե դա անի Կիրիլի միջոցով: Պատրիարք Կիրիլը մեր եղբայրն է, հարց չկա, բայց եթե Փաշազադեին այդքան շատ է հուզում ադրբեջանցի դիվերսանտի դիակի հարցը, ապա թող նա բարի լինի անձամբ դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Բայց դրա համար երեւի թե հարկ էր, որ մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցուցաբերած լիներ այն վարքը, որի պարագայում Փաշազադեի մտքով անգամ չանցներ Կիրիլին ընտրել որպես միջնորդ: Բայց հիշարժան է, թե ինչպես նույն Կիրիլի “խնդրանքով” մեր կաթողիկոսը վեր կացավ ու գնաց Բաքու, այնտեղ մի սեղանի շուրջ նստեց Հայաստանին օրը մի քանի անգամ ինչ ասես չասող Ալիեւի հետ, եւ մի հայտարարություն ստորագրեց, որտեղ մեղմ ասած կային Հայաստանի եւ Ղարաբաղի շահի տեսանկյունից վիճելի դրույթներ: Դրանից հետո Փաշազադեն երեւի թե համոզվել է, որ եթե Կիրիլը մի բան ասի, ուրեմն հարց չկա:
Բարեբախտաբար դեռ հարց կա, եւ Սերժ Սարգսյանի հետ Կաթողիկոսի հանդիպման արդյունքում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին», ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:
Լավ է գոնե, որ Կիրիլն էլ Փաշազադեի խնդրանքը փոխանցել է Գարեգին Երկրորդին, ոչ թե Մեդվեդեւին, որովհետեւ եթե Կիրիլը Մեդվեդեւի միջոցով հանկարծ փորձեր լուծել ադրբեջանցի դիվերսանտի դին հանձնելու հարցը, ապա կասկած չկար, որ դին այժմ կլիներ Ադրբեջանում, ընդ որում դրա դիմաց հայկական կողմը ոչ միայն ոչինչ չէր պահանջի, այլ եթե Մեդվեդեւը “խնդրեր”, միգուցե Հայաստանը 5 հայ զինվոր սպանած ադրբեջանցի դիվերսանտի թաղման ծախսերն էլ հոգար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
2 քննարկումներ
Robert