ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 25, 2010 5:47 - 1 քննարկում

Բլոգերները գրում են; “Սև շուկայի վերջին մոհիկանը”

Երևանի Շահումյանի արձանի դիմաց, Ամերիաբանկի և Արդշինինվեստբանկի մասնաճյուղերի մոտակայքում, մի մեծահասակ մարդ անցորդներին արտարժույթ փոխելու ծառայություն է առաջարկում:
– Դոլար կա, առնե?մ,- հարցնում է նա բոլոր նրանց, ով թեկուզ մի ակնթարթ կանգ կառնի փոխանակման կետի դիմաց: Նրա անունը Արարատ է, նա այսօր միակն է, որ նման հարցով փողոցում դիմում է ՀՀ քաղաքացիներին: Նա դոլարի սև շուկայի վերջին մոհիկանն է: Ճակատագրի հեգնանքով` նրա աշխատավայրը հենց այն տեղում է, ուր սովետի ժամանակ ձևավորվեց ու զարգացավ դոլարի սև շուկան: Ներկայիս Ամերիաբանկի շենքում այն ժամանակ Հայներարտբանկն էր, միակ հաստատությունը, որտեղ դոլարի օրինական փոխանակում էին կատարում: Սև շուկան գոյացավ հենց այդ օրինական կառույցի մեձակայքում:
Խորհրդային ժամանակներում դոլարի սև շուկան մի փոքր այլ տեսք ու բովանդակություն ուներ: Այնտեղ հավաքվում էին կրիմինալ աշխարհի լուրջ խմբավորումներ, որոնք մեծ փողեր էին աշխատում: Նրանք հիմնականում սպասարկում էին զբոսաշրջիկներին ու կոմիսիոն խանութներին, բայց դիվանագետներն էլ արտասահմանից գալիս կամ մեկնելիս նրանց ծառայություններից դեմ չէին օգտվել: Աշխատում էին անպայման խմբերով, առանձին աշխատելը վտանգավոր էր: Յուրաքանչյուր խմբում առնվազն 3 մարդ կար, ու անպայման մոտակայքում կայանած ավտոմեքենա ունեին, որտեղ էլ տեղի էին ունենում փոխանակումները: Խմբից մեկը հերթապահում էր բանկի մոտ, որպեսզի հաճախորդ ձեռք բերի, որին ուղեկցում էր դեպի մեքենան ու վերադառնում իր գործին: Եվս մեկը հիմնականում անվտանգության հարցերով էր զբաղվում, հարթում էր կոնֆլիկտները ոստիկանների ու մյուս խմբավորումների հետ և այլն: Հայներարտբանկը հանդիսանում էր դոլարի հիմնական մատակարարը, մաֆիան բավական խորը ներթափանցել էր բանկի ներս:
Պերեստրոյկայից, հատկապես 88-ից հետո դոլարի սև շուկան անասելի ակտիվացավ: Արագ աճող կոոպերատիվները դոլարի նկատմամբ մեծ պահանջարկ ներկայացրին, որը բավարարվում էր հիմնականում սև շուկայում` այլ խողովակ գործնականում չկար: Շուկա մուտք գործեցին նոր խմբեր, խմբերի մի մասը լուծարվեց` խմբով աշխատելու խիստ անհրաժեշտություն այլևս չկար: Ոստիկանական վերահսկողությունն էլ զգալի թուլացավ, շուկայի դալալները առանց քաշվելու կանգնում էին պատերի տակ` ձեռքներին դոլար, ու հենց տեղում էլ գործարք էին անում:
1990-92 թ.թ. կարելի է համարել դոլարի սև շուկայի ոսկե դարաշրջանը: Փլուզվող կայսրության փլատակների տակ նմանատիպ շուկաները ոսկե սարեր էին դիզում: Դասընկերներիցս մեկը հենց այդ ժամանակ, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սև շուկայում սկսեց գործ անել: Միջակ ընդունակություններով աշակերտ էր, այդ միջակության համար էլ Լոբի էինք ասում, բայց նա անասելի արագ հարստացավ: Երբ հանդիպում էինք` սիրում էր պատմել իր աշխատանքից, ասում էր, որ միլիցեքը մեկ-մեկ անհանգստացնում են, տանում են բաժին, բայց մի քիչ կաշառք վերցնելով, մի քիչ վախեցնելով` բաց էին թողնում: Խորհրդային օրենքով դոլարի սպեկուլյացիայի համար քրեական հոդված կար, բայց եթե այն կիրառեին` ամբողջ տնտեսությունը կքանդվեր, որովհետև միայն սև շուկան էր նորմալ դոլար մատակարարում տնտեսությանը: Երևի քաղաքական որոշում է կայացվել օրենքի այդ հոդվածը չկիրառել, իսկ ուրիշ հոդված չկար: Ամսական 1000 դոլար մաքուր եկամուտը Լոբին անհաջողություն էր համարում, իսկ այն ժամանակ 1000 դոլարը մեծ, շատ մեծ եկամուտ էր: Պատահական չէ, որ մեր այդ համադասարանցին ավտոմեքենա գնեց, առանձնատուն կառուցեց, գումարները դրեց ուրիշ բիզնեսում, հետո հեռացավ Իտալիա, որտեղ ոսկերչական մեծ խանութ բացեց: Ես այս օրինակը բերում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մեծ փողեր էին ֆռռում սև շուկայում:

Դոլարի սև շուկայում հայտնվեցի 1993 թ. սկզբներին: Ընկերներիցս մեկը խնդրեց օգնել հորը, որ այդ շուկայի դալալներից էր: Համաձայնեցի մեծ դժկամությամբ` ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչպես եմ փողոցում դոլար առնելու:

Այդ ժամանակ սև շուկան վերջնականապես հաստատվել էր կինո Երևանի մերձակայքում` դառնալով յուրօրինակ բացօթյա բորսա: Դրամն այն ժամանակ չկար, իսկ սովետական ռուբլին արժեզրկվում էր ժամառժամ: Եթե վաճառածդ դոլարը նույն օրը ետ չգնեիր, լուրջ կորուստներ կունենայիր: Այն 2 ժամը, որ անցկացրի սև շուկայում` անցորդներին դոլար գնելու առաջարկներով, իմ համար ճակատագրական եղավ: Նախ` պարզեցի, որ փոքր կապիտալով կարելի է հանապազորյա հաց վաստակել: Մեծ եկամուտների մասին խոսք գնալ չէր կարող` շուկան գերհագեցած էր դալալներով: Արժեզրկումը ուղղակի խժռել էր գիտաշխատողի ոչ մեծ աշխատավարձս, դրանով ես նույնիսկ սիգարետի, տրանսպորտի ու ընդմիջման ծախսերը չէի հոգում: Երկրորդ, որ ավելի կարևոր էր` սև շուկան տեղեկատվության վիթխարի աղբյուր էր: Որպես գիտնական ես կայացել էի գրքերով ու գրադարաններում, ու ճիշտն ասած, այնքան էլ լավ չէի պատկերացնում շուկան: Իսկ դոլարի սև շուկան խտացնում էր այն ողջ տեղեկատվությունը, որ կար տնտեսական դաշտում: Դա ինձ համար նույնպիսի մի համալսարան էր, ինչ ասենք այն սև շենքը, ուր 4 տարի տնտեսագիտություն եմ սովորել: Ես այն ժամանակ գլխի ընկա, որ նույնիսկ ընդդիմադիր թերթերը չեն տրամադրում այն տեղեկատվության 5 տոկոսը, որ կարելի է ստանալ սև շուկայից: Գիտաշխատողի գրաֆիկը թույլ էր տալիս շաբաթվա մեջ մի քանի օր գնալ կինո Երևան ու մի քանի հարյուր դոլար առնել-ծախել, տեղեկանալ այն բոլոր նորություններից, որ առկա են մեր տնտեսական դաշտում:
Սև շուկայում էլ ես դիմավորեցի հայկական դրամի ծնունդը: Այն սկսեց արժեզրկվել հենց առաջին օրից: Մի քանի օրվա մեջ մի քանի անգամ էժանացավ: Ակնհայտորեն սկզբնական փոխարժեք սահմանելիս սխալ հաշվարկ էր տեղի ունեցել, սակայն տնտեսական բլոկի նախարարներն ու պատասխանատուները, այդ թվում` Գերագույն Խորհրդի այն ժամանակվա ֆինանսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, կարողացան բարձրագույն ղեկավարությանը համոզել, որ դրամի անկայունության հիմնական պատճառը սև շուկայի սպեկուլյանտներն են: Դրանից հետո Վանո Սիրադեղյանի ղեկավարած ներքին գործերի նախարարությունը իսկական պատերազմ սկսեց սև շուկայի դեմ: Իրականում սև շուկան արժեզրկման հետ ոչ մի կապ չուներ, ու ընդհանրապես` փոխարժեքի համաձայնեցում չկար: Դա ես ասում եմ որպես ականատես, մի մարդ, որը ներսից է ճանաչում շուկան: Իհարկե`փորձեր եղան փոխարժեք թելադրելու, սակայն դրանք դատապարտված էին: Դալալների թիվը չափից ավելի շատ էր, ու նրանցից յուրաքանչյուրը աշխատում էր սեփական ռիսկով ու հայեցողությամբ: Գործնականում անհնար էր վերահսկել, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ փոխարժեքով է գործարք անում: Բայց ոստիկանությունը սկսեց անողոք հետապնդել դալալներին: Հաճախակի տեղի էին ունենում շուրջկալներ, ձերբակալություններ: Սակայն ձերբակալվածներին շատ արագ բաց էին թողնում: Որքան էլ զարմանալի է` սև շուկայում դոլարի առքուվաճառքը արգելող օրենք չկար: Այդ օրենքը հայտնվեց շատ ուշ, 95, թե 96 թվականին: Ես իրավական դաշտը մի լավ ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ ոչ մի անօրինական բան չեմ անում: Ուստի ինձ ձերբակալող ոստիկաններին սովորաբար մի հարց էի ուղղում` իսկ ո?ր օրենքի ո?ր կետն եմ խախտել: Նրանք դա չգիտեին, ու չէին էլ կարող իմանալ, որովհետև այդպիսի օրենք չկար: Ուստի մի փոքր կաշառք վերցնելով բաց էին թողնում: Հետո սկսեցին ամեն օր թույլտվության հարկ հավաքել, որպեսզի այլևս չձերբակալեն: Դա մեծ բան չէր` օրական 1000 դրամ, փոխարենը ազատ աշխատում էիր:
Լավ հիշում եմ, թե ինչպես հայտնվեց առաջին չենջը: Դա 2004 թ, սկզբներին էր, մի ՊԱԶ ավտոբուս կանգնում էր կինո Երևանի մոտ, ոստիկանների պաշտպանությամբ մի քանի հարյուր դոլար էր վաճառում ու հեռանում: Սա դալալների մոտ միայն ծիծաղ էր առաջացնում, շատ հաճախ հենց նրանք էլ գնում էին դոլարները:
Աստիճանաբար չենջերի քանակը սկսեց շատանալ, սակայն սկզբնական շրջանում սև շուկայի համեմատ դրանք այնքան էլ մրցունակ չէին, որովհետև աշխատում էին մեծ մարժայով: Մեր համաքաղաքացիները մի այսպիսի յուրահատկություն ունեն`մեկ դրամով ավելի թանկ դոլար վաճառելու համար պատրաստ են մի քանի կլիոմետր քայլել: Այս հոգեբանական թուլությունն էլ դալալներին մրցունակ էր դարձնում` մենք դոլարն ավելի թանկ էինք գնում, ու ավելի էժան վաճառում, քան չենջերը, որ մեկ է` էլի ստվերի մեջ էին: Սակայն չենջերի քանակը շարունակում էր ավելանալ, ու նրանց մարժան էլ փոքրանում էր: Գործնականում սև շուկան դատապարտված էր, մրցակցությունը շատ ավելի զորեղ էր, քան ոստիկանական մահակները: Սակայն մի նոր փրկություն ի հայտ եկավ` վաուչերը: Սա հայկական շուկայի ֆենոմենն էր, այն շատերին թույլ տվեց հարստանալ: Ես ամենաշատ փող հենց այդ վաուչերների վրա եմ աշխատել, որովհետև գնային տատանումները կարող էին շատ կտրուկ լինել: Սակայն 95 թ. վաուչերների դարը նույնպես ավարտվեց, ու սև շուկան սկսեց աստիճանաբար վերանալ: Դալալների մի մասը մտավ չենջեր, մյուս մասը մասնագիտությունը փոխեց: Շատ փոքր մարժայի դեպքում միայն մեծ գումարներն են եկամուտ բերում, իսկ փողոցային դալալը մեծ փողեր չի կարող առաջարկել: Թե ինչպես է Արարատը դիմացել այդ մրցակցությանը` միայն ինքը գիտի: Ասում են` մի ժամանակ լավ փող է աշխատել Արմենթելի քարտերով, քանի որ նրանց գլխավոր գրասենյակը մի քանի տարի հենց Շահումյանի արձանի դիմաց էր: Բայց հիմա ընդամենը մոտ 1000-1500 դոլար է կարողանում շրջանառել, որ իմ հաշվարկներով` նրան մեծ եկամուտ բերել չի կարող: Առավոտյան ժամը 9-ին սկսում է իր աշխատանքը, երեկոյան ժամը 6-ին վերջացնում: Երբեմն հիվանդանում ու գործի չի գալիս: Գործարք անելիս էլ կարող է ամբողջ շուկայի իրավիճակի մասին պատմել, բայց որքան հասկացա` այնքան էլ շատ բան չգիտի: Իսկ ամենազավեշտալին այն է, որ նրա աշխատավայրից 50 մետր հեռավորության վրա կենտրոնական բանկն է, որի հենց սուրբ պարտականությունն է բոլոր տեսակի սև շուկաների դեմ պայքարելը:

Ս.Ա.

http://www.tert.am/blog/?p=1012



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Sep 25, 2010 12:56