ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, September 13, 2010 22:40 - 5 քննարկում
ՆԱՏՕ-ի վարժանքները` ռազմա-քաղաքական սադրանք
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 11-ից 17-ը ՆԱՏՕ-ի ռազմա-մարդասիրական վարժանքներն անցկացվելու են Հայաստանում: Վարժանքներին մասնակցելու են նաև Թուրքիայի ներկայացուցիչները: Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, որ թուրք զինվորականների անունները, որոնք վարժանքների կմեկնեն Հայաստան, արդեն ընդգրկված են Ալյանսի զինվորականների ցուցակում:
Ռազմա-մարդասիրական վարժանքները, որ կրում են «Հայաստան-2010» անվանումը, շատ ուշագրավ սցենարով են ընթանալու` Հայաստանում երկրաշարժ է, որի արդյունքում վթարվել է «Մեծամորի» ԱԷԿ-ը, և ահա, մարդասիրական նպատակներով դեպի Լոռու մարզ է տեղահանվում հայ ժողովուրդը, Վրաստանի տարածքով Հայաստան են մուտք գործում ՆԱՏՕ- ի «փրկարար» ուժերը: Ուշադրություն դարձրեք սցենարում շեշտվող հետևյալ հանգամանքի վրա. հայ ժողովրդին օգնություն ցույց տալու առաքելությունն իր ուսերին է վերցնում նաև Թուրքիան, և Վրաստանի հետ միասին շտապում ծովային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել հայերիս…
Պարզ է, որ համատեղ վարժանքների այս «հեքիաթային» սցենարը հետապնդում է հայ-թուրքական սառեցված երկխոսությունը վերսկսելու հստակ նպատակ:
ArmAr.am էլետրոնային օրաթերթի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Փաշաբեզյանը նախ նկատեց, թե Հայաստանում ՆԱՏՕ-ի մարդասիրական վարժանքը ավելի շատ նմանվում է լավ նախապատրաստված ռազմա-քաղաքական սադրանքի, քան թե մարդասիրական առաքելության:
« Պատերազմի վտանգը տարածաշրջանում չի նվազել և դրա վկայություններից մեկը Հարավ-կովկասյան` Ադրբեջան-Հայաստան-Վրաստան, եռակողմ պատերազմի մասին բացահայտումներն ու հրապարակումներն են արևմտյան մամուլում», -ասում է քաղաքագետը:
Ակնհայտ է, որ միջազգային ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի, հանուն ազդեցության գոտիների, անհաշտ մրցապայքար են ծավալում Հարավային Կովկասում: Հարավային Կովկասի վրա ուշադրության նման սևեռումը, Տիգրան Փաշաբեզյանի համոզմամբ, տեղի ունեցավ, հատկապես, այն պահից հետո, երբ ՄԱԿ-ի Արդարադատության ատյանը որոշում կայացրեց, թե Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, երբ ամերիկյան զորքի մի մասը 2010-ի օգոստոսին` տասը օր նախատեսվածից շուտ, դուրս բերվեց Իրաքից:
Ոչ պակաս ուշագրավ է Հայաստանում ռազմա-մարդասիրական վարժանքների անցկացման օրվա ընտրությունը: Այն, ինչպես ասացինք սկսվելու է սեպտեմբերի 11-ին` 2001 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության օրը…
Ի դեպ, երեկ Հայաստանի երիտասարդների Միությունը բողոքի երթ էր կազմակերպել` ընդդեմ Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժությունների և, մասնավորապես, այդ շրջանակում թուրքական զորամիավորումների Հայաստան կատարելիք այցի: Երթի մասնակիցներն արդարացիոեն բողոքում էին, որ հիշյալ զորավարժությունների շրջանակում Հայաստան պիտի գան Հայոց Ցեղասպանություն իրականացրած պետության՝ Թուրքիայի զորամիավորումները, պետություն, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել իր իսկ ձեռքով իրականացրած ոճիրը։
Երիտասարդների երթը սկսվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքից մինչև ՀՀ կառավարության շենք։ Երթի մասնակիցների կողմից հայրենի կառավարությանը փոխանցվեց իրենց բողոքն ամփոփող նամակը։
ArmAr.am
5 քննարկումներ
Ռոբերտ Գյումրեցի