ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, August 29, 2010 16:18 - 2 քննարկում

Միջազգային իրավունքի համաձայն առաջնությունը տրվում է բնիկ ժողովրդին

ArmAr.am-ի հարցազրույցը Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդ կազմակերպության անդամ, Միավորված ազգերի կազմակերպությունում բնիկ ժողովուրդների համագումարում Արևմտյան Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ, արցախյան ազատամարտի մասնակից Արմենակ Աբրահամյանի հետ:

-Հայտնի է, որ հուլիսի 12-16-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքներին նվիրված III նստաշրջանը, որին  մասնակցեցին «Արևմտյան Հայաստանի հայերի համագումար»-ի անդամները` Ձեր գլխավորությամբ: Այս անգամ ի՞նչ փաթեթով միջազգային կամակերպությանը ներկայացավ հայկական պատվիրակությունը:

– Ինչպես հայտնի է Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը գրանցված է ՄԱԿ-ում: Այս անգամ մեր պատվիրակությունը նստաշրջանին ներկայացավ  «Հայ ժողովրդի ծագման մասին»,  «Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների ոչնչացումը և գույքի բռնագրավումը», «Հայոց ցեղասպանությունը. փաստաթղթեր և պայմանագրեր», «Արևմտյան Հայաստանի գենետիկ ռեսուրսները» փաստաթղթերի հիմնավոր  փաթեթով:

Նստաշրջանի առաջին օրը ելույթ ունենալով, որպես «Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի» ղեկավար,   հատուկ անդրադարձա բնիկ ժողովուրդների և պետությունների հարաբերությունների խնդրին, որը նստաշրջանի առանցքային հարցերից էր:

Իմ ելույթում անդրադարձա նաև Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի հայկական հուշարձանների ոչնչացման փաստերին:

Պետք է նշեմ, որ մենք գործում ենք ՄԱԿ-ի փորձագիտական խմբերում, և ՄԱԿ-ում ներկայացված պետությունների առաջ` որպես բնիկ ժողովուրդ, դնում մեր իրավուքներն ու պահանջները:

Ամեն ինչ պետք է անել, որ վերջիններս ընդունեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված մեր իրավունքները: Ինչպես ասացի, այս անգամ քննարկման թեմաներից էր  բնիկ ժողովուրդների և պետությունների հարաբերությունների խնդիրը, գենետիկ ռեսուրսների օգտագործումը: Այսինքն, թե տվյալ տարածքում ո՞ւմ են պատկանում իրական իրավունքները` պետությա՞նը, թե՞ բնիկ ժողովրդին: Սա ամենից կարևոր հարցն է: Միջազգային իրավունքի համաձայն առաջնությունը տրվում է բնիկ ժողովրդին: Ասել է, թե տվյալ հողի տերը բնիկ ժողովուրդն է, ու եթե պետությունը տվյալ հողատարածքի հետ խնդիրներ ունի, ապա պարտավոր է դիմել բնիկ ժողովրդի ներկայացուցչական մարմնին, ստանալ նրա համաձայնությունը, և դրանից հետո միայն իրականացնել իր ծրագրերը: Նկատենք, որ ասվածս ամրագրված է ՄԱԿ-ի Հայտարարության մեջ: Սակայն կա մեկ հանգամանք. ՄԱԿ-ի հիշյալ Հայտարարությունը պարտադիր չէ կատարման համար, բայց  Հայտարարության հիմքի վրա ընդունվել են տարբեր կոնվենցիաներ և պետությունները պարտավոր են դրանք կատարել: Այսպիսով, պետությունները պարտավոր են հարգել այդ  կոնվենցիաները, հակառակ դեպքում բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն դիմել միջազգային դատարան` սեփական իրավունքները պաշտպանելու համար:

Այսօր մենք պայքարում ենք հենց ա’յդ օրենքների շրջանակներում: Եվ երբ ասում եմ, որ Արևմտյան Հայաստանի իրական տերը մենք` հայերս ենք, որպես բնիկներ, դա ամենևին էլ ուտոպիա չէ, ճիշտ հակառակը, այն միջազգային գործընթացներում ունի  իրավական լուրջ հիմքեր: Նույնը պետք է ասել և’ Ջավախքի, և’ Նախիջևանի պարագայում:   ՄԱԿ-ում մենք Թուրքիային  ու Ադրբեջանին ներկայանում ենք հենց այդ իրավունքներով:

– ՄԱԿ-ում`  այլ երկրների ներկայացուցիչներն ինչպե՞ս են ընդունում Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի պահանջները:

– Մեր պահանջները լիովին ընկալելի ու հասկանալի են: Այս անգամ «Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի» պատվիրակությունը հյուրընկալվեց Շվեցարիայում ՀՀ դեսպանատանը, որտեղ քննարկեցինք համազգային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Հանդիպում ունեցանք ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ջեյմս Աննայայի հետ` ներկայացնելով  մեր խնդիրները: Մեր պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նստաշրջանի ավելի քան 300 պատվիրակներին ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը, երգն ու պարը: Հայկական դուդուկի մեղեդիով ներկաներին հիացրեց մարսելաբնակ երիտասարդ Հայկ Գուտչյանը, որին հետևեցին հայկական երգերն ու պարերը:

Հաջորդ օրը   հանդիպում ունեցանք Շվեցարիայի հայ համայնքի ղեկավար ներկայացուցիչների հետ, որոնք հատուկ այդ նպատակով Բեռնից ժամանել էին Ժնև:

Մեր պատվիրակները գործուն մասնակցություն ունեցան նստաշրջանի բոլոր աշխատանքներին` ներկայացնելով երկու առաջարկություն, որոնցից մեկի հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն էր, երկրորդինը` ես: Արտակ Մովսիսյանն  առաջարկվում էր ստեղծել ՄԱԿ-ի անկախ փորձագետների հատուկ հանձնաժողով, որը պետք է քննարկեր բռնի տեղահանված բնիկ ժողովուրդների խնդիրները և միջնորդ առաքելություն ստանձներ այդ ժողովուրդների ու նրանց տարածքը զբաղեցնող պետությունների միջև: Իսկ իմ առաջարկում ես արծարծում էի բռնի տեղահանված բնիկ ժողովուրդների վերադարձի խնդիրներն ու դրա հետ կապված այլ մանրամասներ:

Թուրքիան այսօր փորձում է արևմտահայությանը  ներկայացնել իբրև թուրքահայություն, սա իր խնդիրն է, իսկ մեր խնդիրը պետք է լինի աշխարհին ճշմարտությունն հասցնելը: Տեսեք, մենք չենք ասում, թե մենք Արևմտյան Հայաստանի քաղաքացի ենք, այլ նշում ենք, որ մենք Արևմտյան Հայաստանի հայ ենք: Սա արդեն փաստում է ոչ թե քաղաքացիության, այլ ազգության մասին: Դրա համար էլ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդն իր անդամներին տրամադրվող   անձնագրերում նշում է` Արևմտյան Հայաստանի հայ:

-Թուրքիան Եվրոպայի աչքին քաղաքակիրթ երևալու և ԵՄ խցկվելու իր վաղեմի երազանքը իրականություն դարձնելու նպատակով հայտարարում է, թե  վերականգնում է հայկական  եկեղեցիները: Սակայն իրականում, վերականգնման անվան տակ տարվում է հայկական եկեղեցիները վերջնականապես վերացնելու քաղաքականություն: Ի՞նչ քայլեր եք անում հայկական մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ:

– Թուրքիան որպես պետություն, որ ստորագրեց ու ընդունեց բնիկ ժողովուրդների հայտարարությունը,  այո, պարտավոր է հայկական հուշարձանների վերականգնման  ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Բայց իրականում Թուրքիան, ընդամենը, տպավորություն է ստեղծում, թե այդ ուղղությամբ քայլեր է կատարում: Դրանք կեղծ քայլեր են: Անցած տարի էլ փորձեց մի քանի դրական փոփոխություններ կատարել քրդերի պահանջների իրականացման ուղղությամբ: Վստահ եմ, որ քրդերի ցանկությունները կատարելու Թուրքիայի քայլերը Արևմտյան Հայաստանի հայերիս կողմից իրականցվող շարժման հետևանք էր:

Թուրքիան չի ճանաչում էթնիկ փոքրամասնություններին,  և ընդունում է միայն կրոնական փոքրամասնություններին: Թուրքերը հայերիս ևս փորձում են ներկայացնել իբրև կրոնական փոքրամասնություն, ինչը հստակ նպատակ է հետապնդում: Եթե մեզ ներկայացնում են որպես կրոնական փոքրամասնություն, ստացվում է, որ Ստամբուլի 40 000 հայերը ներկայացվում են իբրև  թուրքահայություն: Հայերս որպես բնիկ ժողովուրդ կարող ենք տարբեր կրոնների հետևորդ լինել, այդ թվում և իսլամի, սակայն մենք մեկ ազգ ենք` հայ: Թուրքիայի նպատակն է զատել, պառակտել հայ ժողովրդին` ներկայացնելով որպես կրոնական փոքրամասնություն: Այդ կերպ շատ հեշտ կլինի իսլամացած հայերին հեռու պահել ազգային գիտակցությունից, հետևապես ազգային խնդիրներից:

Սակայն Թուրքիայի այս պառակտիչ քաղաքականությունն այլևս ձախողված է, արդեն շատ ուշ է, քանի որ այսօր` ճակատագրի բերումով իսլամացած մեր հայրենակիցներն այլևս իրենց համարում են Արևմտյան Հայաստանի բնիկներ ու գիտակցում, որ ունեն շատ լուրջ իրավունքներ իրենց հայրենիքում:

– Ձեր գնահատականը Հաագայի դատարանի որոշման` Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ. այն կարո՞ղ է Արցախի անկախության ճանաչման նախադեպ դառնալ:

– Ես այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունեմ: Մի բան պետք է հստակ գիտակցենք, որ Կոսովոն ստեղծեցին գերտերությունները, մինչդեռ Արցախի պատմությունն այլ է: Ասել է, թե Արցախի ու Կոսովոյի անկախության մեխանիզմները խիստ տարբեր են:

Մի բան պատմեմ, որ կատարվեց ՄԱԿ-ում. պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ էինք ու մեզ մոտեցավ Ադրբեջանի ներկայացուցիչը: Սկսեց բողոքել, քանի որ ելույթիս մեջ խոսել էի Ջուղայի խաչքարերի ու Նախիջևանի մասին: Պարոն Մովսիսյանը բորբոքված ադրբեջանցուն առաջարկեց ցույց տալ գեթ մեկ քարտեզ, ուր նշված կլինի Ադրբեջանը, որպես հին պետություն:  Արտակ Մովսիսյանի մոտ կար մի աշխատություն, ուր հույն պատմիչ Հերոդոտի ու էլի այլ օտարզգի պատմիչների կողմից խոսվում է Հայաստանի կամ Արմենիայի մասին, բայց Ադրբեջանի պարագայում չկա նման մեկ փաստ: Եվ այդ ադրբեջանցին լռեց…

-Չունենալով պատմություն ադրբեջանցիները  վաղուց զբաղված են այն հորինելով, իսկ կեղծարարի համար բնավ դժվար չէ` մի հորինված «քարտեզ»  աշխարհին հրամցնելը:

– Բայց որքան էլ հորինեն, միևնույն է դժվար չի լինի մեզ համար ապացուցել դրա կեղծ լինելը, քանի որ նման բան չկա: Դառնամ  Արցախի անկախության խնդրին: Ի դեպ, Արևմտյան Հայաստանը առաջին պետությունն է, որ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ոմանք հարց են տալիս, ինչու Արևմտյան Հայաստանը ճանաչեց Արցախի անկախությունը և ոչ թե ինքնորոշման իրավունքը, որովհետև արցախցին, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ, իրավունք ունի այդ տարածքի վրա հաստատել իր անկախությունը: Իսկ  ինքնորոշվելը, կարող է  նշանակել նաև` ինքնորոշում Ադրբեջանի տարածքում:

-Ինչի մասին հայտարարում է Ադրբեջանը:

– Այո, ահա թե ինչու մենք չենք խոսում ինքնորոշման իրավունքի մասին, այլ հայտարարում ենք միայն Արցախի Հանրապետության անկախության մասին:

-Ինչպես ասացիք Արևմտյան Հայաստանը ճանաչել է Արցախի Հանրապետության  անկախությունը,  ժամանակը չէ՞ որ Արևելյան  Հայաստանը ևս ճանաչի:

-Իհարկե, Հայաստանը որպես անկախ պետություն պետք է ժամ առաջ հայտարարի, որ ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը: Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հարցի, խոսքս ազատագրված տարածքների մասին է, որոնք ես անվանում եմ Լեռնա-Հայաստան ու դիտում որպես Լեռնային Հայաստանի հարց: Ազատագրված տարածքներ ասվածը ոչինչ չի նշանակում, իսկ երբ խոսում ես Լեռնային Հայաստանի մասին, որի մեջ մտնում է և’ Լաչինը, և’ Քելբաջարը,  արդեն պարզ է դառնում, թե  ինչի մասին է խոսքը: Ազատագրված տարածքների հարցը, այդ կերպ, անմիջականորեն կապվում է  Լեռնային Հայաստանի պատմության, Նժդեհի անվան հետ…

Այսօր մեր դիրքերը գտնվում են ամուր հիմքերի վրա: Լեռնային Հայաստանը (կրկնում եմ` ես չեմ ասում ազատագրված տարածքներ) ունի իր պատմությունը, իր բնիկ ժողովուրդը, այսօր այնտեղ բնակավում է մոտ 10 000 բնակչություն, քիչ է, բայց չէ՞ որ կան նրանք, մարդիկ են, որոնք ունեն իրենց իրավունքները: Հետևապես, իրավունք ունեն ինքնորոշվելու:

-Փոքր-ինչ կմեկնաբանե՞ք  Ձեր միտքը. խոսքը ազատագրված տարածքների`Արցախից առանձին ինքնորոշման մասի՞ն է…

-Այո,   ներկա պահին այն, տակտիկական իմաստով, շատ ավելի ճիշտ քայլ է: Այն ինչ ասում եմ այսօր` առավել պարզ կդառնա հետագայում: Առայժմ բավարարվենք ասվածով…

– Վերջերս  Արցախում էիք, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

-Տարբեր հանդիպումներ ունեցա, տարբեր հարցերի շուրջ խոսեցինք մեր եղբայրների հետ: Նրանք էլ են գիտակցում, որ քաղաքական իմաստով պետք է մեծ  փոփոխություն լինի, այսօր  լուրջ հարցեր կան լուծելու …

Ես որպես Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի ներկայացուցիչ ուզում եմ պաշտոնապես դիմել Արևելյան  Հայաստանի ներկայիս իշխանություններին, խոսքս վերաբերում է մտահոգիչ ծավալների հասնող արտագաղթին: Հայերը հեռանում են Հայաստանից, սա վտանգավոր երևույթ է, սա ռազմավարական նշանակության խնդիր է: Պետք է ամեն ինչ անել ու կանգնեցնել արտագաղթը, հակառակ դեպքում այն աղետալի հետևանքներ կունենա:

Չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես…

Լաչինում հանդիպեցի Արցախ Բունիաթյանի հետ, նա հայտնի վիրաբույժ է, շատ ուժեղ, հայրենասեր  մարդ է: Պատերազմի ժամանակ հարյուրավոր զինվորների է բուժել ու կյանք տվել բժիշկ Բունիաթյանը: Բազմաթիվ գրքերի հեղինակ է: Բժշկի հետ խոսեցինք արցախյան պատերազմի սինդրոմի մասին, խնդրեցի, որ գիրք գրի այդ մասին:

Ցավալի խնդիր է, մենք մինչ օրս չենք կարողացել նորմալ պայմաններ ստեղծել մեր ազատամարտիկների համար, իսկ նրանց սոցիալական վիճակը ծանր է, անհրաժեշտ մեխանիզմներ պետք է  ստեղծել նրանց վիճակը բարելավելու համար: Մենք իրավունք չունենք անտեսել այդ կարևոր հարցերը…

-Մեկ տարի առաջ, երբ հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսման մասին, դուք խիստ բացասական գնահատական տվեցիք, այն համարելով  հայերիս համար վտանգավոր քայլ: Այսօր ինչպիսին է ձեր գնահատականը:

-Իմ գնահատականները չեն փոխվել: Ձեզ թվում է, որ արձանագրությունները վավերացնելով Հայաստանը պետք է իրեն լավ զգա՞ր: Բնականաբար` ոչ: Մեր վրա առավել քան ճնշումներ էին լինելու:

Ես պետք է մի կարևոր բան ասեմ, որ մինչ օրս չի ասվել, թե ինչու Թուրքիան գնաց այդ գործընթացին ընդառաջ: Թուրքիան այսօր փորձում է ամեն կերպ  շրջանցել Արևմտյան Հայաստանի հայությանը,  չի ուզում ուղղակի պայմանավորվել Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչների հետ: Եվ ահա գտնվեց մեկ այլ ճանապարհ` պայմանավորվել Արևելյան Հայաստանի իշխանությունների հետ: Թուրքիան նախընտրեց բանակցություններ սկսել Արևելյան Հայաստանի ղեկավարության հետ: Ահա թե որտեղից բարձրացավ արձանագրությունների հարցը: Այս մասին դեռ որևէ մեկը  չի բարձրաձայնել: Բայց մեզ համար հոգ չէ, Արևելյան ու Արևմտյան Հայաստանների մեջտեղում սահման չկա, և Արևելյան Հայաստանը  իրավունք չունի այդ գիծը որպես սահման ճանաչել:

Եթե   հանկարծ Հայաստանը համաձայնվի նշել, որ Արաքս գետն այն սահմանն է, որը կբաժանի Արևմտյան և Արևելյան Հայաստանները երկու մասի,  ապա սա արդեն լուրջ ու վտանգավոր խնդիր կլինի ամբողջ հայության համար. դա կնշանակի, որ  Հայաստանը հրաժարվում է 4 նահանգներից՝ Տրապիզոնից, Վանից, Էրզրումից, Բիթլիսից։ Դա նշանակում է, որ Սան-Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերը գոյություն չունեին, Արևմտյան Հայաստանի իրավունքները գոյություն չունեին:   Այսինքն՝ այդ սահմանը նշելը կնշանակի կեղծել Հայաստանի պատմությունը։

Ասվում է, թե տնտեսական առումով շահավետ է Թուրքիայի հետ սահմանի բացումը, բայց ես լավ գիտեմ, որ դրանից մեր ժողովրդի սոցիալական վիճակը չի լավանալու, գուցե մի քանի հարուստներ կշահեն… Վստահ եմ, որ Թուրքիան, եթե անգամ այսօր որոշի վավերացնել արձանագրություններն ու բացել հայ-թուրքական սահմանը, ապա վաղը, միևնույն է, հազար ու մի պատճառով փակելու է:

Բայց արդեն իսկ պարզորոշ երևում է, որ հայ-թուրքական գործընթացն այլևս չի կարող շարունակվել, այսինքն, հայ-թուրքական արձանագրությունները դեռ չծնված մեռան, քանի որ իրավական հիմք  չկար:

– Հնարավոր չե՞ք համարում որ քաղաքական մեծ հաշվարկների թելադրանքով և դարձյալ ԱՄՆ պարտադրանքով, կարող է կրկին ակտիվանալ` այս պահին սառեցված համարվող Հայաստանի ու  Թուրքիայի միջև  հարաբերությունների կարգավորման հարցը:

-Այդ դեպքում ԱՄՆ-ը նախ պետք է ընդունի իր նախագահի` Վուդրո Վիլսոնի մանդատը, հետո միայն իրավունք ունենա կողմերին ինչ-որ քայլեր պարտադրել:

Վիլսոնի մանդատը ռեալ փաստաթուղթ է, և այնքան լուրջ փաստաթուղթ, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները նախընտրում են լռելը: Բայց Միացյալ Նահանգներն էլ է հասկանում, որ Արևմտյան Հայաստանի հայությունն արդեն ոտքի է ելել, իրավիճակը փոփոխվում է, «լվացքի մեքենան», որ 100 տարի շարունակ աշխատեց հայի ուղեղը լվանալու ուղղությամբ, արդեն հնացած է,  արձանագրությունների պես` մեռած: Մենք արդեն ոտքի  ենք ելել,  նոր գործընթացի սկիզբն արդեն իսկ հայտարարված է…

Արմինե Սիմոնյան

ArmAr.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Աշոտ
Aug 29, 2010 23:14