ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Sunday, August 29, 2010 15:57 - 1 քննարկում
Այս տարի Հայաստանում 5480 աշակերտ դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից
Մինչ ՀՀ իշխանությունները ջանք չեն խնայում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու համար, մեր երկրում տարեկան մոտ 5500 աշակերտ զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից:
Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանական բաժնի տվյալներով` 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի դպրոցներից դուրս է մնացել 5480 աշակերտ, որոնց տարիքային խմբերը հետեւյալն են` մինչեւ 6 տարեկան` 15 աշակերտ, 6 տարեկան` 245, 7` 369, 8` 365, 9` 264, 10` 381, 11` 368, 12` 374, 13` 418, 14` 602, 15` 928, 16` 858, 17` 262, 18 եւ բարձր` 133, որոնցից 2112-ը աղջիկներ են:
Բայց սա դեռ ողբերգության կեսն է: Առավել մեծ հիասթափություն է առաջացնում այն հանգամանքը, որ տարեցտարի դպրոցներից դուրս մնացած աշակերտների թիվը ոչ թե նվազում, այլ կտրուկ ավելանում է: Օրինակ` 2008-2009 ուս.տարվա սկզբին դպրոցից դուրս են մնացել 5876 աշակերտ, մինչդեռ 2007-2008 ուս.տարվա սկզբին դուրս են մնացել 3206 աշակերտ:
Հարկ է նկատել, որ վերը նշված թվերը մեզ տրամադրեց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանական բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը, որոնք երբեւէ չեն հրապարակվել, իսկ ԿԳ նախարարությունը մինչ օրս չի բարձրաձայնել եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր չի փնտրել: Հանրակրթական դպրոցից դուրս մնացած մոտ 5500 աշակերտների մի մասը տառաճանաչ չէ: Եթե միայն հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում նույնիսկ հավաքարարից են բարձրագույն կրթություն պահանջում, ապա կարելի է ենթադրել, թե այս 5500 աշակերտներին ինչ փորձություններ ու ապագա է սպասում:
Վիճակագրական ծառայությունը ստեղծված իրավիճակի սեփական բացատրությունն ունի` պատճառահետեւանքային կապը: Ըստ այդմ` 2009-2010 ուս.տարում հանրակրթական դպրոցներից դուրս եկած աշակերտները հետեւյալ պատճառաբանությամբ են լքել դպրոցը. 5480 աշակերտից 1532-ը դպրոցը լքել է սովորելու ցանկության բացակայության պատճառով, 113-ը` սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 201-ին ծնողները թույլ չեն տալիս հաճախել դպրոց, մեկ աշակերտ լսողական խնդիրներ ունի, 13-ը` տեսողական, 5-ը` հենաշարժական, 19-ը` մտավոր թերզարգացած են, 3606-ն էլ այլ պատճառներ են նշել: Ստացվում է, որ դպրոցից դուրս մնացածների պատկառելի մեծամասնությունը առողջական խնդիր չունի: Պատկերն ամբողջացնելու համար զրուցեցինք նաեւ ԿԳ նախարարության Հանրակրթական վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի հետ` պարզելու, թե նախարարությունը արդյո՞ք միջոցներ ձեռնարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Բանախոսը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու պարտավորությունը կատարում են մարզպետարաններն ու համայնքի ղեկավարները: Եվ դա է պատճառը, որ ԿԳ նախարարությունը չի զբաղվում երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներով: Սակայն միաժամանակ նշեց, որ լուրջ ծրագրեր կան մշակված ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ինչի արդյունքում մարզպետարանները` համապատասխան ստորաբաժանումների եւ ԿԳ նախարարության համատեղ ջանքերով ամենօրյա աշխատանք են կատարում: Այնուամենայնիվ, զրուցակիցս չհիմնավորեց, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ծրագրերն ու միջոցները եւ քանի դուրս մնացած աշակերտ է ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերադարձել հանրակրթական դպրոց:
Հանրակրթական տարրական կրթությունից դուրս մնացածների վերաբերյալ հրապարակված թվերը Հայաստանում լուրջ պետական մոտեցում են ենթադրում, եթե իշխանությունը չի որոշել բռնապետությունը Հայաստանում հավերժացնող կարգեր հաստատել: Չէ՞ որ տոտալիտար հասարակարգի համար անկիրթ եւ թերզարգացած զանգվածները կառավարելի եւ վերահսկելի են:
«Ժամանակ»
1 քննարկում
Կարինե Հայրապետյան