ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, August 28, 2010 0:52 - 5 քննարկում

• Գրաբարը Հայոց քաղաքակրթության ամբողջականության ստեղծարար առանցքն է …

Գրաբարը՝ որպես Հայոց դասական լեզու
 Ներկա եվրոպական գիտակցության մեջ դասական լեզու անվան ներքո հիմնականում հասկանում ենք մի «մեռած» հին լեզու, որն ընկած էր հին աշխարհի և միջնադարի քաղաքակրթական տարբեր ընդհանրությունների գրավոր ավանդույթի հիմքում: Ասենք լատիներենը` Արևմտյան Եվրոպայում, հին հունարենը` Բյուզանդական կայսրությունում, գրաբարը` Հայոց դասական մշակույթի հիմքում, դասական ասորերենը` ասորական բոլոր քրիստոնյա համայնքների ու եկեղեցիների շրջանակներում, հին սլավոներենը`արևելյան սլավոնական ժողովուրդների ավանդության սկզբնավորման և զարգացման տարբեր փուլերում և այլն: Պետք է նշել, որ դասական լեզուն գրեթե միշտ ստանձնում է նաև «սրբազան լեզվի» գործառույթը` տիրապետող դառնալով յուրաքանչյուր քաղաքակրթության վեհագույն հոգևոր հարթության վրա: Նախորդ բոլոր օրինակներին հավելենք եբրայեցերենի՝ որպես սրբազան լեզու ցայսօր սրբորեն պահպանվող գործառույթը հուդայականության մեջ, ավեստերենի (մասամբ նաև պահլավերենի) գործածումը` որպես զրադաշտականության նվիրական լեզու կամ արաբերենին վերապահված բացառիկ դերն իսլամում: Իրականում, դասական լեզվի կրոնական սրբազնացումը կարևորագույն ցուցիչն է քաղաքակրթության ինքնության և ինքնուրույնության լիարժեք կայացման: Այսինքն, դասական և խորքային իմաստով միասնական քաղաքակրթության սահմանները ճշտվում են տվյալ ընդհանրության մեջ մեկ սրբազան և դասական լեզվի գործածմամբ: Այս առումով, որքան էլ անսովոր հնչի, Արևմտյան Եվրոպան սկզբունքորեն մեկ` հռոմեա-կաթոլիկ (այժմ գրեթե ամբողջապես կորուսյալ) քաղաքակրթության ժառանգորդ է: Նույնը կարելի է ասել նաև հին սլավոներենի երբեմնի տիրապետության սահմաններով ուրվագծվող արևելասլավոնական ժողովուրդների քաղաքակրթական միասնության մասին, որը, սակայն, ամբողջապես ինքնուրույն քաղաքակրթություն չէ, այլ` բյուզանդականի կիսանկախ ենթաշառավիղը: 

Եթե առաջնորդվենք հիշյալ տարորոշիչ սկզբունքով, ապա մենք հայերս, ասորիները և ղպտիներն ինքնուրույն և ինքնակա քաղաքակրթություններ ենք, քանի որ մեր ազգային ընդհանրությունների դասական լեզուները բարձրացվել և ստանձնել են նաև սրբազան լեզվի կարգավիճակ:

Սրբազան լեզուն ազգային ընդհանրության լեզվական այն տարբերակն է, որը կանոնավորում և արարում է մարդու հույզերի, մտածությունների, գերբնականի հետ առնչվելու և մշտնջենավորի մեջ խորաթափանցելու անհատական և ընդհանրական փորձառությունը: Այն մարդու ոգեղեն աստվածային էության գերագույն դրսևորումն է: Ինքնին հասկանալի է, որ նման դրսևորումը փոփոխական և հեղհեղուկ լինել չի կարող: Այն տարբեր ժամանակաշրջաններով և մարդկային խառնվածքով պայմանավորված ողջ զանազանությամբ հանդերձ պետք է կրի միասնականության զորեղ կնիքը` բոլոր ժամանակների և բոլոր անձանց մտքին և հոգուն հասկանալի, ընդունելի և ներազդող լինելու համար: Այս է սրբազան լեզվի կարևորագույն առանձնահատկությունը` անկախ ժամանակի, վայրի և խառնվածքի լինել միևնույն ճշմարտության, գիտության և ոգեղեն հարստության կատարյալ ներակիչն ու փոխանցողը:

Հասկանալի է, որ սրբազան լեզվի մասին մեր արած ակնարկներն ինքնաբերաբար վերաբերվում են նաև քաղաքակրթակերտ ներուժի աղբյուր հանդիսացող լեզվի դասական գործառույթին: Խնդիրն այստեղ նույն է` ապահովել լեզվամշակութային միասնականությամբ օժտված ազգային ընդհանրության քաղաքակրթական գանձարանի հարատև և անարգել փոխանցումը բոլոր ժամանակների բոլոր սերունդներին: Այսօր դա խելացնորություն է թվում, բայց մարդկությունը դեռ անդրադառնալու է այս մոռացված ճշմարտությանը:

Այսօր մեզ վարժեցրել են այն անհեթեթ մտքին, որ լեզուն, իբր, սոսկ տեղեկությունների փոխանցման տեխնիկական միջոց է: Քստմնելի սո՛ւտ և մարդ էակի վեհությանը հասցված անարգիչ հայհոյանք: Լեզուն` խոսքը` մեր ստեղծարար էության բյուրեղացումն է, յուրաքանչյուր ազգի` մշակութային և գոյաբանական գերագույն արժեքը (Հայրենի հողի հետ միասին): Հնագույն ժամանակներից մարդիկ գիտակցել են խոսքի արժեքն ու զորությունը: Խոսքը` մարդու Աստուծո պատկերով և նմանությամբ ստեղծված լինելու, նրա բանականության և ոգեղենության վկայությունն է ու զենքը, որով կերտվել և կերտվելու է մարդու փառքը և հոգևոր կատարելությունը: Խոսքը յուրաքանչյուր բարի նորարարության ակունքում է: Նյութական աշխարհում խոսքը կենսագործում է վերին իրողությունների իմաստը…

Բնականաբար, այս կերպ ընկալած լեզուն կամ խոսքը միանգամայն վեր է անընդմեջ փոփոխվող  և անկայուն առօրեական խոսվածքից :

Յուրաքանչյուր ազգային լեզու ունի պատմության ուրույն ընթացք: Կան ազգեր, որոնց (թող շատ տարածված և քաղաքականապես զորեղ) լեզուներն այդպես էլ չեն կարողացել բարձրանալ դասական և, հատկապես, քաղաքակրթակերտ սրբազան և մշտնջենահաստատ լեզվի մակարդակին: Դասական և սրբազան լեզու լինելու շնորհին արժանացել են հիրավի սակավ թվով լեզուներ, որոնց շարքում գրաբարն ունի իր ուրույն և մեծապես պատվավոր տեղը:

Աստվածային նախախնամությամբ և պատմական ընթացքի օրինաչափությամբ հասնում է ի վերուստ սահմանված այն ժամանակը, երբ լեզվի տվյալ ժամանակի արձանագրած դրությունը (որը միշտ էլ ամենակատարյալն է) գրի է առնվում` հետ այսու ստանձնելով հավերժորեն անփոփոխ դասական և սրբազան լեզվի գործառույթը: Մեր պարագային դա Ե (հինգերորդ) դարն էր: Ե դարից հետո հայերենի զարգացումն ընթացավ երկու ուղղությամբ: Մի կողմից խոսակցական բարբառներն անընդհատ ձևափոխվում էին, մյուս կողմից դասական ու սրբազան գործառույթը ստանձնելու շնորհիվ շարունակական վայրիվերումներից ազատված և անդրանցական ոլորտներ թևակոխած գրաբարը զարգացավ իր քերականական համակարգը կայունացնելու և ոճային ճոխությունները հարստացնելու ուղղությամբ: Ժամանակի սղության պատճառով չենք խոսելու հետդասական գրաբարի, հունաբան դպրոցի և ոճական բնույթի բազմաթիվ այլ հարցերի մասին, որոնց կարելի է անդրադառնալ ավելի ուշ: Կարևորն այս է` ամեն մի նոր սերունդ ձգտում էր հնարավորինս անաղարտ պահպանել մաշտոցյան ոսկեղենիկ լեզվի քերականական կուռ միասնականությունը և, միաժամանակ, հաղորդում էր լեզվին նորանոր ոճերի և արտահայտչաձևերի ճոխություն: Տարբեր ոճերի առկայությունը հսկայական հնարավորություն էր ընձեռում գործածելու հարյուրավոր նրբերանգներ, որոնք ներկա աշխարհաբարի պարագային պարզապես աներևակայելի են: Այսուհանդերձ, անկախ ժամանակաշրջանից գրաբար ուսանած անձը ստանում էր կատարյալ բանալին` Հայոց աշխարհի քաղաքակրթական ողջ գանձարանին, վերջինիս մշտակենդան ոգուն և ստեղծարար ներուժին անմիջականորեն հաղորդակից և ժառանգորդ դառնալու սքանչելի շնորհը:

Այսօր կապը Հայոց հաւիտենականության հետ ընդհատված է գրաբարի աբովյանական և խորհրդային ոչնչացմամբ: Մեր գրականության մեծագույն և համաշխարհային արժեք հանդիսացող գոհարները դպրոցներում եթե անգամ սերտվում են, ապա՝ միայն աշխարհաբար ոգեզրկող թարգմանությամբ: Չկարծեք, որ այս խոսքերն արտաբերելիս, այպանում եմ արևելահայ կամ արևմտահայ աշխարհաբարները կամ էլ միջին հայերենը: Իսպառ ո՛չ: Պարզապես, արարատյան բարբառը Հայոց մյուս բարբառների նման պետք է մնար հյութեղ կենցաղային խոսքի կենդանի դրսևորում: Այն պնդումները, որ գրաբարն իբր անհաղթահարելի խոչընդոտ էր երեխաների համար և չէր կարող ընկնել դպրոցական ուսուցման հիմքում պարզունակ, անհեթեթ և ստոր սուտ է:

Դատեք ինքներդ: Այսօր Արցախում տանը միայն յուր բարբառը լսած հայ մանուկը դպրոցում բախվում է ոչ պակաս չափի դժվարությունների` գրական արևելահայերենը հասկանալու:  Օրինակ` Աստղիկը քինաան ա շկոլը, վեր կիրիլ լյավ սըվըրե:  Թարգմանվում է` Աստղիկը գնալու է դպրոց, որպեսզի գրել լավ սովորի: Նույն նախադասությունը գրաբար կհնչի այսպես` Աստղիկ ի դպրոց երթիցէ, զի բարւոք գրել ուսանիցի: Մեկ այլ օրինակ` հադրութեցի մանուկը կասի` Օզիս ըմ տոն քինիմ, վեր օտիմ: Թարգմանվում է` ուզում եմ տուն գնալ, որ ուտեմ: Գրաբար կհնչի` Կամիմ ի տուն գնալ /երթալ/, զի կերայց /ուտիցեմ/: Ինքնին ակներև է, որ գրաբարյան ձևերը ավելի մոտ են ներկա գրականին, քան բարբառայինները: Սակայն արցախցի մանուկների համար բարբառի և գրական արևելահայերենի միջև ահռելի տարբերությունն արգելք չէ` գրական մայրենին ուսանելու: Էլ չենք խոսում խորհրդային տարիների մասին, երբ ռուսերենին կատարելապես անգիտակ մանուկը քաղքենի ծնողների կողմից նետվում էր ռուսական դպրոցի այլասերող գիրկը: Մեկ-երկու տարի անց այդ երեխան արդեն ռուսերեն էր խոսում և գրում` հարհամարհումն մայրենիի: Շարունակել չեմ կամենում:

Գրաբարի վերականգնմամբ մենք կարող էինք պահպանել առանձին քաղաքակրթություն և Աշխարհ լինելու սակավատուր շնորհը, բայց հետևեցինք «առաջադեմ եվրոպական մոդելին»: Անհեթեթ էր անգամ համեմատությունը… Ֆրանսիացու, գերմանացու, իտալացու կամ լեհի համար լատիներենը սրբազան և քաղաքակրթակերտ, բայց ոչ երբեք ազգային լեզուն էր: Իրենց պատմության մեջ առաջին անգամ որպես ազգային պետություն կայանալով` նրանք ստիպված էին ընթանալ իրենց ազգային լեզուներին քաղաքացիություն տալու ճանապարհով: Գրաբարը մեզ համար օտար լեզու չէր, բայց հալածվեց և ջնջվեց գերագույն ոխակալությամբ այն կույր մարդկանց ձեռամբ, ովքեր ունակ չեղան արտաքին ազդեցությունների շղարշի հետևում գնահատել, սիրել և հարգել սեփական մշակույթն ու սրբությունները: Այսօրվա ապազգաին և սպառողապաշտ աշխարհահայացքը զգալի չափով Հայոց դասական մշակույթի և վերջինիս հիմքում ընկած գրաբար ոսկեղենիկ լեզվի մատնության և մոռացության արդյունքն է:

Ո՞րն է, ուրեմն, գրաբարի գործառույթը:

Գրաբարը Հայոց աշխարհի և քաղաքակրթության դասական սրբազան լեզուն է, որն օժտված է հարամնա արտաժամանակյա խորհրդանշայնական ներգործությամբ:

 

Գրաբարը Հայոց քաղաքակրթության ամբողջականության ստեղծարար առանցքն է և` Հայոց աշխարհի քաղաքակրթակերտ ներուժի բյուրեղացումը:

Ալեքսանդր Քանանյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Aug 28, 2010 3:15