ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, August 28, 2010 1:31 - 12 քննարկում

«Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»

Հարցազրույց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ

– Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումն իշխանությունները համարում են Հայաստանի անվտանգության երաշխիք, իսկ ընդդիմությունը գտնում է, որ այդպիսով վտանգվեց մեր երկրի ինքնիշխանությունը: Դուք ո՞ր տեսակետի հետ եք համաձայն:

– Ընդհանրապես ոչ մի բան էլ լավ չէ, եթե որեւէ պետություն մեր երկրում ուզում է իշխանություն բանեցնել: Այս 20 տարվա մեջ տվել ենք այնքան, որ այս դեպքում վերջնական, արդեն 100-րդ բանի մասին ենք խոսում: Տվել ենք ատոմակայանը, գազը, երկաթգիծը, հեռախոսը, տամոժնյաները, սաղ տվել ենք: Սաղ շորերդ տվել ես, մնացել ես չփլաղ մի բանով: Այսքան տվածների դեպքում արդեն նշանակություն չունի՝ սա կլինի՞, թե՞ չի լինի: Էլ ուրիշ ձեւ էլ չի կարա լինի: Եթե ամեն ինչ կախված է հարեւանից, հորեղբորից, ուրեմն հորեղբայրն է տերը: Ով փողը տալիս է, երաժշտության զակազն էլ է տալիս: Մեր ժողովրդի փողն ու հացը ընդեղից է գալիս: Ես չեմ հավատա, որ որեւէ խելացի կամ հայրենասեր մարդ կասի` լավ էր: Բայց արդեն երկրորդ տարբերակ էլ չկար: Ասում են` էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու: Մյուս կողմից էլ` այդ նույն պայմանագրի մեջ հազար ձեւ կա, որ ռուսին ասեն` գնա: Դուրեկան չէ, բայց արդեն անխուսափելի էր: Բայց այսօր այս հարցից ավելի կարեւոր բաներ կան երկրի համար: Ինքներս մեզ պիտի տեր կանգնենք, մեր տանը լավ բան անենք, թե չէ ուրիշները պիտի մեզ թելադրեն: Կարող է մի քիչ էլ վրացիների հետ հարաբերությունները սրվեն:

– Որքա՞ն է այսօր պատերազմի վերսկսման հավանականությունը:

– Կռիվը որ սկսվել է, ոչ մեկը ոչ մեկին չի հայտարարել, պայմանագիրն էլ ընդամենը զինադադարի համար է կնքվել: Այդ զինադադարից հետո էլ սահմանին շատ-շատ զինվորներ են զոհվել: Ու սա անհնարին լուծելու հարց է: Օրինակ, ես անձամբ չեմ պատկերացնում, որ սա սեղանի շուրջ նստելով կլուծվի: Մենք եթե Ղարաբաղը տվեցինք, պիտի սաղ տանք: Բայց որ նրանք պիտի ուզեն, մենք էլ չտանք, սա միանշանակ է: Իսկ բանակցություններով ես չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի լուծվի: Չեն ուզում լուծեն: Ոչ թե դիվանագիտությունն է թույլ, գլուխները չի աշխատում, չեն կարում լուծում գտնել, այլ ձեւ չկա: Դիվանագիտությունը քաղաքականություն են սարքել, խաբելով, սուտ խոսելով գնում են, կարող է իրար հետ ուրիշ բան են պայմանավորվում, ընդեղ ուրիշ բան ասում: Ադրբեջանցին պատրաստ չէ մի մետր հող թողնել, պարզ է, որ մենք էլ չենք համաձայնի ոչ մի մետր նրանց տալ:

– Բայց ակտիվանում են նաեւ ազատագրված շրջանները վերադարձնելու մասին խոսակցությունները:

– Եթե նման խնդիր լինի, առաջինը ԼՂՀ անկախության ճանաչման եւ տարածքների փոխանակման եւ ոչ թե վերադարձման հարց պիտի քննարկվի: Շահումյանն էլ, Մարտակերտն էլ, թե Ղարաբաղում, թե Հայաստանի սահմաններից Նոյեմբերյանի, Իջեւանի, Շամշադինի շրջաններում հազարավոր հեկտարներ հողեր ունենք թուրքերի ձեռքում: Հողերը վերադարձնելու, նոր սահման գծելու համար կարելի է նստել-խոսել: Իսկ առանց ԼՂՀ անկախության, օդի մեջ ասված պայմաններով հարց լուծելը ես համարում եմ անիմաստ: Օրինակ, այս թեւի վրա (խոսքը Հադրութի շրջանին հարակից տարածքների մասին է), որ հրամանատար էի ու ազատագրում էի, ինձ պետք էր վտանգը հեռու տանել: Նույնիսկ ժամանակ է եղել, ինձ կանչել են Հայաստան, մարդիկ են ուղարկել այստեղ, թե` մի գնա առաջ: Ես էլ ասել եմ, դուք եթե պատասխանատվություն կրում եք, որ դրանք նորից առաջ չեն գալու, հիմա ես գնամ Էջմիածին: Եթե վստահ չեք, ես քանի հնարավորություն ունեմ, կապահովեմ ինձ, ժողովրդին ու սահմանները: Չհաշված, որ դրանք մեր պատմական հայրենիքի հողերն են, մեզ համար հաճելի էր մեր հողերն ազատագրել, համ էլ պաշտպանության գոտի ստեղծել: Ես էս տարածքի ժողովրդին հավաքել ու ասել եմ, որ եթե դուք գնաք, ես ձեզանից շուտ կարող եմ գնալ: Բայց ես եկել եմ ձեզ պաշտպանելու: Դրա համար ես իմ 13 տարեկան Կարենին բերել էի հետս, որ նրանք իրենց երեխեքին չփախցնեին: Ես որ այստեղ հրամանատար եմ եղել, Հադրութի շրջանում ոչ մի իշխանություն չի աշխատել: Մարտակերտում, որ էն ժամանակ Բաբայան Սամվելը կամանդույուշչի էր, այս տարածք մտնելուց պիտի ինձանից թույլտվություն վերցներ:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում հայկական ուժերը դուրս գան այդ շրջաններից, ու ռուսական ուժերը տեղակայվեն, քանի որ ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:

– Այդպիսի բան չի կարող լինել, դա նույնն է, որ միջազգային ուժեր գան: Ուրեմն այդ դեպքում վերջնական ինչ-որ բան պիտի պայմանավորված լինեն: Պիտի միանգամից որոշվի, եթե աստիճանաբար եղավ, չի լինի: Մենք ադրբեջանցիներին չենք վստահում, իրենք` մեզ: Ի՞նչ աստիճանաբար լուծելու մասին է խոսքը:

– Ադրբեջանցիներն անընդհատ զինվում են: Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ-ի ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ն հզոր զինատեսակներ է վաճառում այդ երկրին:

– Ռուսները միշտ նրանց էլ, մեզ էլ տվել են: Չի կարող Ադրբեջանը զինվել, մենք չզինվենք: Այն ժամանակ էլ նրանք շատ ունեին, բայց մենք հաղթեցինք: Ռուսը միշտ էլ հավասարակշռությունը պահպանում է: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բայց Ադրբեջանն էլ տնտեսապես շատ ավելի հզոր գործընկեր է: Նավթի ու գազի հետ ուղիղ կապ ունեն: Մեծ երկրների համար այսօր ֆինանսական, տնտեսական հարցերը ռազմավարականից ավելի կարեւոր են:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՌԴ-ն իր այդ տնտեսական շահի համար օգտագործի Հայաստանին այնպես, որ այս տարածաշրջանում մեր արտաքին քաղաքական հարցերը հակառակ կողմի օգտին լուծվեն:

– Նախ ես հավատում եմ մեզ, որ դա մենք չենք անի: Եթե մենք թույլ տվեցինք, ամեն ինչ էլ հնարավոր է: Տարածաշրջանում Ադրբեջանը հենվել է նավթի ու գազի վրա, Թուրքիայի պես պետությունն էլ իր հետեւում է: Վրաստանը եվրոպամետ է, Հայաստանի համար էլ շատ կարեւոր է, որ մարդկային ռեսուրսը ճիշտ օգտագործի, բայց չենք օգտագործում: Մեր վիճակը ավելի ծանր է, որովհետեւ ստրատեգիական այնպիսի վիճակում ենք, որ պարսիկների հետ չենք կարողանում հարաբերություն զարգացնել, որովհետեւ Ամերիկան նրանց խեղդում է: Վրացիք ընդհանրապես իրենցից բացի ուրիշի չեն հավանում: Էն, որ ասում է` մարդ չեն, մարդահավան էլ չեն: Ադրբեջանի ու Թուրքիայի դեպքում էլ պարզ է: Մեր վիճակը ծանր է: Եթե ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նման պետություններն են իրար հետ խաղում, Իրաք են ժեռտվա տալիս, Պարսկաստան են տալիս, Աֆղանստան են տալիս, եթե մենք ինքներս մեզ չկարողացանք ներկայացնել, ցանկացած ձեւ էլ կչարաշահեն: ԱՄՆ-ը տարածաշրջանում Վրաստանի անմիջական գործընկեր է շատ բաներում: ԱՄՆ-ը ուզում է նրան հզորացնել: Մի ժամանակ Սահակաշվիլին արդեն Կովկասում դարձել էր նախագահների մեջ լիդեր: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որ ուրիշ զոռբա մարդ էր, Սահակաշվիլին ավելի դուխով հարցեր էր լուծում, քան Ալիեւը կամ մյուսը: Բայց եթե անմիջական հարեւանները մեզ հարմար չեն, առաջին հարմարը ռուսն է, Ռուսաստանից հետո դեռ 10-12 ժամ էլ սամալյոտով պիտի գնաս, որ հասնես Ամերիկա: Մյուս կողմից էլ, եթե մենք այսօր ռուսներին ասենք` գնացեք, Հայաստանում կարող է ավելի շատ բունտ լինել, քան ուրիշ հարցերի դեպքում, որովհետեւ շատերը շատ հարցերով կապված են Ռուսաստանի հետ: Պատմության ընթացքում շատ լավ ու վատ բաներ են մեզ ռուսներից եղել: Բայց ամեն դեպքում այսօր ՌԴ-ն շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար:

– Կարծիք կա, թե պատերազմի վերսկսման դեպքում մեր ժողովուրդը նախկին ոգեւորությամբ չի գնա պատերազմի, քանի որ զինադադարից հետո շատերը հիասթափվել են, որ իշխանությունները խոստացած Հայաստանը չեն կառուցել: Հնարավորության դեպքում ծնողներն իրենց տղաներին հեռացնում են Հայաստանից, որ բանակում չծառայեն, որովհետեւ այնտեղ էլ արատավոր երեւույթներ շատ կան:

– Ես այդպես չեմ կարծում: Եթե քո եղբայրն ինձ հետ կռվել է, հիմա դրա համար պիտի քեզ չպաշտպանի՞: Լավ ծնողն ըտենց բան չի անի: Հայաստանից գնացած երիտասարդները դրսում այսօր ավելի շատ են սպանվում ու թաղվում, քան սահմանը պաշտպանելիս: Ու դուրս գնացածների 80 տոկոսն էլ դեղի վրա են նստած: Ես էդ բաներին լուրջ չեմ վերաբերվում, դրանք արդարանալու համար են ասում, որ փախցնեն:

– Բայց չէ՞ որ անցած ամիս բանակում ու խաղաղ պայմաններում զինվորների սպանություններ եղան:

– Դա բոլորիս մեղքի արդյունքն է: Որ մեր հայոց բանակն արդեն պրոֆեսիոնալ է, ոչ մեկը չի կարող կասկածել, բայց որ բռակներ ունենք, սա էլ է պարզ ու մեր թերությունների, բացթողումների արդյունք է: Օրինակ, այդ տղաներից մեկը չպետք է ծառայեր, եւ դա մեր բանակի թերություններից մեկն է, անկախ դրանից, թե դա նրա սերժանտի, դասակի հրամանատարի, թե նախարարի թերությունն է: Բոլորն էլ այդ հարցում մեղավոր են: Մեղավոր են նաեւ այն մարդիկ, ովքեր ծառայության մեջ չեն եւ իրենց երեխաներին ճիշտ չեն դաստիարակում: Չայլուի դեպքերն էլ բռակի արդյունք էին: Դրանից հետո ես խոսել եմ Բակոյի հետ էլ, Սերժի հետ էլ: Բոլորն էլ ծանր են տարել: Պարտադիր չէ դնեին կոտորեին, բայց ընենց բաներ են արել որոշ սպայակազմի գլխին… այնպես չի, որ չի ասվել, չի արվել:

– Վստա՞հ եք, որ հարկ եղած դեպքում նախկին կռված տղաները նորից կմասնակցեն պատերազմին:

– Մի քանի հազարն էլ գան, հերիք է: Մեր բանակի ու տղաների մարտական ոգին բարձր է:

– Մեր իշխանությունները շատ են ասում, թե ՀՀ զինվորն իր հայրենիքի եւ ոչ թե ուրիշի հողերի համար է կռվում, դրա համար էլ նրա մարտական ոգին բարձր է: Եվ մարտական բարձր ոգի ունենալու դեպքում կարծես թե հույսները դրել են այդ հանգամանքի եւ ոչ թե զինվորի բարոյահոգեբանական վիճակի վրա:

– Դա էլ կա, այդպես էլ են մտածում: Բայց ով ադրբեջանցուն թերագնահատում է, ուրեմն` կռվից բան չի հասկանում:

– Դուք ամեն տարի այցելում եք ազատագրված տարածքներ ու ԼՂՀ: Այստեղ ապրող մարդիկ, հատկապես՝ գյուղացիները, սոցիալապես վատ վիճակում են եւ ակնհայտորեն հիասթափված են: Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, թե այս տարիների ընթացքում տարած հաղթանակը մսխվեց, ու հաղթողի հոգեբանությունը նահանջեց:

– Այս տրամադրությունը ոչ թե կռվից հետո եմ նկատել, այլ 88 թվականից, երբ տեսել եմ, թե ինչպես են ապրում թուրքի լծի տակ: 600 տարի պետականություն չունենալուց, 75 տարուց ավելի Ռուսաստանի ձեռի տակ խորհրդային կարգերում ապրելուց հետո պետություն ստեղծվեց: 20 տարեկան էլ չկա մեր պետությունը: Պարզապես բաներ կան, որ անդուր են, ճիշտ չեն արվում: Ոչ թե որեւէ մեկի հանդեպ, այլ ամեն մեկն՝ իր հանդեպ, անկախ այն հանգամանքից, թե ինքն այս երկրում ինչ պաշտոնի է: Կլինի հավաքարար, թե երկրի պրեզիդենտ ու նախարար: Որ ճիշտ չեն վարվում եղածի հետ, դա է ցավալին: Այնպես չի, որ այսօր մեկս մյուսից նեղացած ենք: Այո, այդպես չպիտի լիներ, այդ ժողովուրդն ավելի արժանի էր:

– Իսկ ի՞նչը ճիշտ չի արվում:

– Այն, որ ամեն մարդ, ամեն պաշտոնյա, ամեն ծառայող իր պարտականությունը ճիշտ կատարի, ամեն մարդ իր տեղում լինի: Եթե ես լավ ֆուտբոլ չեմ կարող խաղալ, պետք չէ, որ խաղամ: Կադրային քաղաքականությունը ճիշտ լինի: Շատ վատ է, որ այսօրվա իշխանության մեջ կոալիցիոն քաղաքականություն կա: Կոալիցիա ես հասկանում եմ, որ մի երկրում երբ մի քանի ազգեր ու ժողովուրդներ կան, դրանց տեղեր տան: Մի նախարարություն են տվել մեկին, էն էլ տակից վերեւ էդ կուսակցությանը պիտի պատկանի: Մի հարց լուծելու, աշխատանք տալու, երեխուն ինստիտուտ ընդունել տալու, հիվանդանոց գնալու, խաղող ընդունելու համար ասում են` մտի էս կուսակցություն: Նա էլ պիտի ստիպված ասի` հա խաղողի խաթեր: Խաղողի խաթեր ընդունվածը քո համար կլինի անդա՞մ:



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Aug 28, 2010 3:08