ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, August 23, 2010 8:14 - 1 քննարկում

Ուզում եմ պատռել չադրան լռության

2008թվականի Վրաց-Օսական պատերազմից անմիջապես հետո ես գրեցի «Աշխարհն ու՞ր էր Ղարաբաղյան պատերազմին, կամ 1994-ի Բիշքեկյան պայմանագրի սրբագրման փնտրտուքները» հրապարակախոսական վերլուծական հոդվածը. ահավասիկ http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid…(Այս երկու հոդվածները փոխլրացնում են իրար)։

Որպես նախաբան ասեմ, որ այս հոդվածը գրելու բուն առիթը հանդիսցավ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, որ «եթե Մինսկի գործընթացի շրջանակում սպառվի հակամարտությունը լուծելու հնարավորությունը, ապա Հայաստանը կնախաձեռնի ԼՂ-ի անկախության ճանաչումը»։

Խորապես ցավում եմ, որ պարոն Ս. Նիկոյանի այս հայտարարությունը զուտ ներքին լսարանին է ուղղված. հետաքրքիր է. քանի՞ տարի է պետք մեր ազգընտիրներին զգալու, որ վաղուց են սպառված համանախագաների միջնորդությունները և բառիս բուն իմաստով դատարկ ջուր են ծեծում:

Ցավում եմ պարոն Նիկոսյան, որ դեռ կուրորեն վստահում եք աշխարհի տերերի բարի կամքին, ովքեր իբր փորձում են Հայ-թուրքական հաշտեցման միջնորդներ հանդես գալ, կամ Ղարաբաղի հարցում համանախագահների անաչառությանը, բայց ինչու՞ չեք ընդունում իրականությունը, որ մեր ազգի վիշտն ու տառապանքը չի հուզում աշխարհի տերերին. արդեն քանիցս առերեսվեցիք նրանց խարդախ խաղերին ու ձեզ դաս չեղա՞վ, թե՞ միամտորեն դեռ հավատում եք նրանց կողմից հորինված դեմոկրատիա, ժողովրդավարություն, իրավահավասարություն… բլեֆին:

Ուստի’ ի՞նչ միտք ունեն անիմաստ շարունակվող բանակցությունները. Մինչև ե՞րբ սին պատրանքներով խաբեք թե ինքներդ ձեզ, թե ողջ ազգին: Ի՞նչ դրական հույսեր եք փայփայում շուրջ 15 տարի ձգվող բանակցային գործընթացից, երբ սեղանին որպես բանակցային գործընթացի հիմք դրված է «Մադրիդյան սկզբունքները» իրենց հայատյաց, խայտառակ ձևակերպումներով, որոնք ամբողջովին բխում են Ադրբեջանի օգտին : Ժամանակս խնայելու համար չթվարկեմ այդ ձևակերպումները. կարծեմ դուք էլ քաջ գիտակցում եք դրանցից բխող հակահայ հետևանքները, բայց այնուամենայնիվ ազգին հուսադրում ու ժամանակ եք ձգում, քողարկելով ձեր անզորությունը: Չկիսելով բանակցություններից հայանպաստ արդյունք ակնկալելու ձեր ուտոպիստական լավատեսությունը, սթափ վերլուծելով գործընթացի իրական պատկերը, հետևությունս մեկն է. բանակցային գործնթացը վաղուց է իրեն սպառել ու վերածվել «մուկ ու կատվի խաղին», թե՛ երկու լարի վրա խաղացող համանախագահներով հանդերձ, թե՛ կատվի դերը ստանձնած Ալիևն իր ռազմատենչ հայտարարություններով, իսկ Հայկական կողմը՞…

Ստիպված եմ պատռել չադրան դաժան լռության ու բարբառել.

Պարոնայք ազգընտիրներ ինձ թվում էր վերջին ահաբեկչական ակտը՝ Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված Հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպված դիվերսիան, ձեզ պետք է լուրջ մտածելու, սթափեցնելու, հետևություններ անելու տեղիք տար, բայց սխալվեցի:

Վստահ եմ. Հայկական դիվանագիտության անկարողությունն է պատճառը շուրջ 15 տարի ձգվող անպտուղ բանակցային գործընթացի:

Անկախ պետությու՞ն ենք, թե՞ ինքնախաբկանքով ենք տարված. ոչ մի վճռական որոշում ընդունելու ընդունակ չեք, չեք կարողանում հաղթահարել ներքին վախը, պաշտպանել մեր հայրենակիցների անվտանգությունը, տեր կանգնելու արյունով վերցրած մեր հողերին. միջազգային կառույցների գնահատականների գերին եք դարձել, ազգային խնդիրների ճակատագիրը ապավինելով նրանց պարտադրանքներին:

Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ Ադրբեջանի պրովոկացիոն գործողությունները համարժեք արձագանքի չարժանացան միջազգային կառույցների կողմից. քանզի հայկական կողմի արձագանքներն այնքան թույլ էին ու անզոր, որ ասես ոչինչ էլ չէր եղել: Այս ֆոնի վրա դեռ լավատեսական ակնկալիքներ ունեք Միջազգային կառույցներից, կառույցներ, որոնք իրենց լռությամբ, կրավորական կեցվածքով զորակցում են Ալիևի ռազմատենչ նկրտումներին..

Ահավասիկ ևս մի թարմ ապացույց. Ղարաբաղի Չայլու գյուղի մերձակայքում տեղակայված հայկական դիրքերի վրա հունիսի 18-ին Ադրբեջանի կազմակերպած դիվերսիան, որ 5 հայ զինվորի կյանք խլեց, Տիկին Քլինթոնը կարողացավ վարպետորեն քողարկել կատարվածը, հովանավորելով Ադրբեջանին, բավարարվեց Ադրբեջանին ու Հայաստանին հավասարապես հորդորել զերձ մնալ ուժի կիրառումից, իսկ ուժ կիրառող կողմին՝ Ադրբեջանին պատժելու մասին խոսք անգամ չեղավ։

Իհարկե, ինչպե՞ս կարելի է պատժել Ամերիկայի դաշնակից Թուրքիայի փոքր եղբորը… Իսկ Տիկին Քլինթոնի Ծիծեռնակաբերդ այցելությունը, որը շատերի համար այդքան ոգևորվելու, հույսեր փայփայելու առիթ հանդիսացավ, դա զուտ Ամերիկյան վերնախավի դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում:

Տիկին Քլինթոնը միշտ էլ լավ գիտե իր առաքելության կարևորությունը, իր ասելիքն ու անելիքը, ինչպես «Հայ-թուրքական» պռոտոկոլների ստորագրության օրը Շվեյցարիայում իր ներկայությամբ պատվեց ներկաներին, հանդես գալով իբրև Հայ-թուրքական բարեկամության միջնորդ, լուրջ իմիտացիա ստեղծեց , թե Ամերիկայի պես հզոր պետությունն է կանգնած հայ ազգի թիկունքին: Դե քանի որ հայերս էլ սենտիմենտալ ազգ ենք, պահի տակ չէինք կռահում, որ հետո, կամաց-կամաց ենք քաղելու այդ ներկայության դառը պտուղները…

Այո, շա՜տ սենտիմենտալ ազգ ենք. ուրախանում ենք. տեսե՜ ք, տեսե՜ ք Քլինթոնը հարգեց մեր զոհերի հիշատակը… բայց այդ այցի տակ թաքնված հետին մտքերը ոչ ոք չփորձեց կռահել, վերլուծել…

Վաղու՜ց գաղտնիք չէ, որ հաճախ ինչպես Ամերիկան, Իսրայելը, այնպես էլ Եվրոպական շատ պետություններ Հայկական Ցեղասպանությունն օգտագործում են Թուրքիայի սանձերն իրենց բռի մեջ պահելու, իրենց կամքը թելադրելու, Թուրքիային կառավարելի դարձնելու համար…

Իսկ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլու անտեղեկացվածությունը Ղարաբաղի շփման գծում կատարվածի մասին նորից ու նորից փաստում է, որ գործ ունենք մի կառույցի հետ, որի ղեկը վստահված է թուրքին ու դեռ այդ կառույցին անդամացության տենչանքով տոգորված արդարամիտ որոշումների ակնկալիքնե՞ր ունենք ի նպաստ Հայաստանի. հերթական անգամ ազգովի մե՜ծ հիասթափության զգացում ապրեցինք Եվրոմիության երկդիմի, դեմագոգիկ պահվածքից…

Ղարաբաղյան դիվերսիան իր արժանի գնահատականը չունեցավ ոչ միայն միջազգային կառույցների կողմից, այլ նաև մեր Նախագահի, կառավարության, արտգործնախարարի, ազգային ժողովի մակարդակով:

Պարոնա՛յք ազգընտիրներ, ու՞ր եք տանում մեր ազգին ձեր դիվանագիտական սնանկ, խակ գիտելիքներով, աշխարհի մեծերին դուր գալու ձեր ծայրահեղ հնազանդությամբ ու պատրաստակամությամբ. ասացե՛ք, ու՞ր եք տանում. վերջնական ոչնչացու՞մ աշխարհի երեսից…

Ի՞նչ արդարացումներ ունեք դիվանագիտական այսքան ձախողումների, թերացումների, անհեռատեսության… համար, թե՞ դեռ մանկամտորեն արդարություն եք որոնում ու ողորմում, արդարությու՞ն աշխարհի տերերի կողմից, աբսուրդ, ինքնախաբկանք…

Երբ աշխարն արյան ծով է, նրանք նայում են բեմից, էլ որտեղի՞ց արդարություն հնչի արնոտ շուրթերից, երբ աշխարհը ղեկավարվում է ջունգլիական կանոններով. ուժեղը թույլին հոշոտում է գազանի պես տանջալի ու այդ ջունգլիական օրենքներով առաջնորդվող հսկաների քար աչքերին մենք ընդամենը մի նվազ հասկ ենք ոԲչ ավելին, երբ ուզեն հարմար պահի կճզմեն, կոչնչացնեն…,

իսկ դուք դեռ անիմաստ հույսե՞ր եք փայփայում, արդարությու՞ն եք փնտրում որտեղ չկա, խղճահարությու՞ն եք փորձում արթնացնել նրանց քար սրտերում…

Պարոնա՛յք ազգընտիրներ, խնդրում եմ, աղաչում եմ. ձեզ արդարացնելու համար միայն չասեք, թե այլմոլորակայիններ եք, ինֆորմացիայի պակաս ունեք, ծանոթ չեք աշխարհի վարք ու բարքին, նիստ ու կացին, չգրված օրենքներին…

Օ՜ ո՛չ, քավ լիցի, ամենևին էլ չեմ կասկածում, որ այդ փառասիրությանն է ձեր մեջ գլուխ բարձրացրել, աթոռները կորցնելու վախը… ո՛չ ինֆորմացիայի պակասը. այդ է միակ պատճառը, որ դուք ակնհայտորեն, համառորեն չեք ուզում տեսնել իրականությունը, չեք փորձում մանրազնին վերլուծություն կատարել. կատարվածից հետևություններ անել. ավելին, դուք առահամարում եք դիվանագիտական, ռազմագիտական հարուստ գիտելիքներ ունեցող մեր հայրենակիցների կարծիքներն ու խորհուրդները կապված թե’
հայ-թուրքական հարաբերություններին, թե’ Ղարաբաղյան թնջուկին. Ձեզ համար փորձադաշտ են մեր ազգային խնդիրները, ինչպես դա տեսանք ձեր հորինած “Ֆուտբոլային դիվանագիտությունից” ծնունդ առած սիրախաղի ժամանակ, հիմա էլ օտարալեզու հանրակրթական դպրոցների բացման դեմ ազգի բողոքի ձայնն առհամարվում է ձեր կողմից. թքած ունեք ողջ ազգի կարծիքի, հորդորների, ընդվզումների վրա: Մտածում եք. թող գոռա՜ն, գոռա՜ն հանգստանան.

ճարե՞րն ինչ… Դուք ողջ ազգի լեզուն եք փորձում արմատից կտրել, որ չփորձեն հանդգնեն բարբառել, ձեզ մեղադրել, դիմադրել, հակադարձել, որ դառնան հլու-հնազանդ ձեր սնանկ մտքերի, կամայականությունների պարտադրված պատանդները…

Ազգը հիասթափված է ձեր ապազգային գործողություներից, բայց ճար չունի ձեր ճիրաներից, ձեր ներկայություներից ձերբազատվելու:

Դուք առաջնորդվելով զուտ ձեզ հատուկ համառ կամայականությամբ, ձեր տղայական, երևակայական պատրանքներն իրականության տեղ եք փորձում մատուցել ու պարտադրել ողջ ազգին, հետո էլ ուզում եք հավատանք ու վստահե՞նք ձեզ:

Թե՞ կարծում եք ձեր կարդացած, սերտած հայրենասիրական ճառերը հավատ ու վստահություն կներշնչեն ձեր անձի հանդեպ ու մեր հիշողությունից կջնջեն, կմոռացվեն ձեր ապազգային գործողությունները.

Չարաչար սխալվում եք:

Ինչու՞ չեք խոստովանում, որ գլուխ չեք հանում դուրս գալու ձեր իսկ ստեղծած խառնաշփոթ իրավիճակից: Ինչու՞ եք զուր իմիտացիա ստեղծում, թե ձեր կողմից վերահսկելիության սահմաններում են մեր ազգային, էլ չեմ ասում ներքին խնդիրները:

Դուք ինքներդ մոլորյալ, ողջ ազգի՞ն եք փորձում մոլորեցնել:

Ասացե’ք, մինչև ե՞րբ եք ձեր ստերով կերակրելու մեր ազգին…

Նորից առեսվեցինք նման փաստի հետ. ազերին խախտելով սահմանը 5 հայ զինվորի կյանք խլեց, բայց դուք համեստորեն լռում ու լռում եք …

Սովոր եք մի պահ բորբոքվեք, եռաք ու հանդարտվեք. ընդամենը մի քանի օր ու ինչպես միշտ դաժան անտարբերություն … հերթական անգամ էժան ծախեցիք զոհված մեր 5 անմեղ զինվորի կյանքը. այդպես եղավ, երբ Բուդապեշտում ազերի սպա Ռամիլ Սաֆարովը գլխատեց Գուրգեն Մարգարյանին, այդպես եղավ, երբ Թուրքիայում

գնդակահարվեց «ԱԿՈՍԻ» խմբագրապետ Հրանտ Դինքը, այդպես անտարբերության զոհ դարձան վաղ միջնադարի Նոր Ջուղայի հազարամյա մեր խաչքարերը…

Համեստ ազգ ենք, գլուխներս էլ կոխեն կմռնչանք ցավից, բայց չենք դիմադրի, մի պահ կբորբոքվենք ու դառնագին կուլ կտանք, կհարմարվենք, կլռենք… ազգային բարդույթ է. սա եկել է դարերից:

Չունեք խորամանկելու, մեր եղածն արժևորելու, մեր կորուստը ինչպես հարկն է սգալու, չունեք կատարվածից հետևություններ անելու, հետևողականորեն պայքարելու կամք, ձգտում… միշտ հույսներդ դրել եք օտարների բարի կամքին, որ մեր դարդ ու ցավը օտարները բարձրաձայնեն, դատապարտեն… մեր փոխարեն պայքարեն…

Այստեղ են ասել,-

Խելքի՜ աշեցեք…

Ե՞րբ պետք է ըմբռնենք այս պարզ ճշմարտությունը, որ

Ամեն մարդ իրեն մեռելին կուլա,

ՈՒրիշի լացին դու մի՛ հավատա.

Երբ մարդը չունի սրտի հորդ աղբյուր,

Որտեղի՞ց հնչի գովքը ջերմհամբյուր…

Պարոն Նիկոյան.

Մենք շատ ենք ունեցել Ղարաբաղի անկախության կարգավիճակին հասնելու առիթներ, բայց ամեն անգամ բաց է թողնվել ընձեռնված հնարավորությունները ի շահս յուր օգտագործելու.

1-ը 1994թ. Բիշքեկյան զինադադարի պահին, երբ պարտվող կողմը

դիվանագիտորեն հաղթեց, իսկ հաղթող կողմը բանակցություններից

ձեռնունայն դուրս եկավ. հանձինս՝ Լևոն Տեր Պետրոսյանի…

(Շուրջ 15 տարի բանակցելով, չենք կարողանում փոսից հանել Լ. Տեր Պետրոսյանի փոսը գցած քարը) 2-րդ շանսը բաց թողնվեց Վրաց-Օսական պատերազմին.

Հենց այդ օրերին հերթական անգամ Հայաստանը կորցրեց Ղարաբաղի անկախության ճանաչումն, երբ մեզ առիթն արծաթե սկուտեղի վրա էր մատուցված, եկել էր աստեղային պահը ճիշտ օգտագործելու, երկաթը տաք-տաք ծեծելու ժամը. բայց …

Ի՞նչ է Ղարաբաղն ու Նախիջևանը Ստալինյան բռնակցման արդյունք չե՞ն:

Բա ինչու՞ լռեցիք, ինչու՞… միթե՞ դիվանագիտական պարտություն չէր…

Մանրամասներին ծանոթացեք իմ «Աշխարհն ու՞ր էր Ղարաբաղյան պատերազմին, կամ 1994թ Բիշքեկյան զինադադարի սրբագրման փնտրտուքները» .) վերլուծական հոդվածում:

*http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid…

3-րդ շանսը կորցրեցիք այս տարվա հունիսի 18-ի Ադրբեջանի կազմակերպած դիվերսիոն գործողությունները անպատասխան թողնելով. 5 զոհ տված Հայկական կողմը լուռ կուլ տվեց կատարվածը, երբ կարելի էր միջազգային մակարդակով կատարվածին մե՜ծ հնչեղություն տալ: Ադրբեջանի իշխանությունները նման առիթը երբեԲք ձեռից բաց չէին թողնի: Պարոն Նիկոյան ուզում եմ հուշման կարգով հորդորե։ Մինչ դուք արթմնի երազում եք Ղարաբաղի կարգավիճակի մասին, գոնե մի փոքր խորամանկել կարողանայիք ու բարեհաճեիք հող ստեղծեիք դրան հասնելու ճանապարհին. կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեիք Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն գործողությունների առաջն առնելու, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով: Մի մոռացեք Լենինի հայտնի թեզը` «Կայծից հրդեհ կբռնկվի»: Ուստի, Ադրբեջանի կազմակերպած դիվերսիոն գործողությունները չպետք է մնան անպտասխան. Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններ օր առաջ, առանց հապաղելու, ազգային ժողովի մակարդակով պետք է «բողոքի նոտա» ուղարկեք Ադրբեջանի իշխանություններին, միջազգային կառույցներին, հայտարարությամբ հանդես գաք, որպեսզի նմանօրինակ դիվերսիաների կրկնության դեպքում մեր ինքնապաշտպանությանն ուղղված համարժեք գործողությունների համար պատասխանատվություն չկրենք, խուսափենք միջազգային կառույցների խիստ գնահատականներից: Այս հայտարարությունը մեզ ապահովագրած կլինի թե’ միջազգային կառույցների կոշտ գնահատականներից, թե’ հաճախակի դարձած Ադրբեջանական դիվերսիաներից, էլ չեմ ասում զսպաշապիկի դեր կծառայի Ալիևի ռազմատենչ հոխորտանքների համար և կզսպի Ղարաբաղը պատերազմով հետ վերադարձնելու Ալիևի ախորժակը…

Բողոքի նոտան, կամ հայտարարությունը պետք է ունենա մոտավորապես այս բովանդակությունը.

Ելնելով ստեղծված իրավիճակից Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները

հայտարարում են.

Քանի որ Ադրբեջանի կողմից հաճախակի բնույթ են ստացել Հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպված դիվերսիանները, խախտելով հրադադարի նախնական պայմանավորվածությունը, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով, իսկ միջազգային կառույցները աչք են փակում և չունեն համապատասխան մեխանիզմներ Ադրբեջանին պատժելու, այս անպատժելիության արդյունքում զոհվում են անմեղ հայ զինվորներ, խաղաղ բնակիչներ, ուստի, հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում իր զինվորի և հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու, նմանօրինակ դիվերսիաները սանձելու համար, ձեռնարկել համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ, դիմելով վճռական գործողությունների… Հայկական կողմի համարժեք ու վճռական գործողությունների արդյունքում. սահմանի խախտման, առաջխաղացման ու նոր տարածքների գրավման դեպքում կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է կրի հրադադարը խախտող’ Ադրբեջանական կողմը, իսկ նոր գրաված տարածքները հետ չեն վերադարձվի: Հայաստանը ստիպված կլինի իրեն իրավունք վերապահել դադարեցնել բանակցությունները և անմիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դառնալ իր հայրենակիցների անվտանգության ու պաշպանության միակ ու հուսալի երաշխավորը»:

Այս օրերին, երբ անկախ Հաագայի միջազգային դատարանի որոշումից աշխարհի տերերի կողմից Կոսովոյի անկախության հարցը համարյա լուծված է, այս հայտարարությունը և՛ միջազգային կառույցներին, և՛ Ալիևին սթափ մտածելու տեղիք կտա:

Միայն մեր իշխանությունները պետք է խորամանկել կարողանան ու մեկ էլ փորձեն դիվանագիտական դասեր սերտեն մեր հարևաններից, այլապես այս կաղող դիվանագիտական, ռազմավարական գիտելիքներով մեր ազգի մայրամուտին ականատես կլինենք:

Սոնա Արշունեցի-Բրյուսել

(Գրող-հրապարակախոս, Հայ-դատի պաշտպան)



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hayko
Aug 24, 2010 7:29