ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, August 20, 2010 14:11 - 5 քննարկում

Պատմությունը մեզ վերջնաժամկետ է ներկայացրել

Շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում: Բոլոր մակարդակներում հայկական կողմից առկա է թուրքահաճո գործունեություն: Կարծես թե մենք ենք ցեղասպանություն  իրականացրել եւ փորձում ենք զոհի սիրտը շահել: Որպես ապացույց նշեմ մեր այն հայրենակիցների պատրաստակամությունը, որոնք մեծ ոգեւորություն են ապրում Աղթամար գնալու, մեկ օրով թուրքերի մեծահոգությունից օգտվելու եւ այսպես ասած՝ ողբալու մեր կորուսյալ հայրենիքը: Համատեղ համերգներ են արվում, իրար հետ նվագում են, փորձում են ցույց տալ, որ մի հաց ու ջրի ժողովուրդ ենք: Մեր  երաժիշտները շատ հաճույքով վերադառնում, լեգենդներ են պատմում: Անցյալ տարի մեր 80 ուսանողները գնացին, ցեղասպանության դեմ փաստաթուղթ ստորագրեցին առանց  հասկանալու:

“Ոսկե ծիրանում” թուրքն է շահում: ԶԼՄ-ներում  ընդհանուր տենդենց է  նկատվում, որ սրանք այն թուրքերը չեն: Սա շատ վտանգավոր մի գործընթաց է, որովհետեւ ցանկացած ցեղասպանությունից առաջ այս կարգախոսը մտել է շրջանառության մեջ, որ սրանք ուրիշ թուրքեր են, այն թուրքերը չեն: Եվ ծիծաղելի ու զարմանալի է, որ դրա մասին նույնիսկ Ռուբեն Հախվերդյանն է խոսում, մտքեր է արտահայտում, որոնք շատերիս զարմացնում է: Թուրքական կողմը տարեսկզբին թուրքական բոլոր համաշխարհային կազմակերպություններին հայտարարեց հայկական կողմին սիրաշահելու 10 դիրեկտիվների մասին, հայկական կողմը բաժանեց երեք մասերի՝ հանդուրժողների, չեզոքների եւ ծայրահեղականների: Կարծես թե այս ամեն ինչը գործողության մեջ է: Այս ամենի մեջ վտանգ եմ տեսնում այն առումով, որ եթե մենք նույնիսկ տասնամյակներ հետ գնանք ԽՄ տարիներ, նույն Սեւակը,  Իսահակյանը, Սարյանը, Մինասը, Գալշոյանը եւ մեր մյուս մեծերը ընդհանուր մի պաշտպանական համակարգ էին ստեղծել:

Այսօր քանդվում է այդ պաշտպանական համակարգը: Դա հոգեբանական պաշտպանական լծակ էր: Իրենց ստեղծագործություններով նրանք նշում էին, որ թուրքը պետք է պատասխան տա իր արածի համար: Իսկ այս ամենը մոռանալը, գլոբալիզացիոն հրապուրիչ ծրագրերով ներկայացնելը իրոք ազգակործան մի գործընթաց է, որովհետեւ վաղվա պահանջատերերը այսօր սկսում են իրար հետ հաց կիսել, ջուր խմել՝ իբր հարեւաններ ենք: Բայց ինձ համար զարմանալի է, թե ինչու է դա միակողմանի, ինչու թուրքական կողմը չի ընդունում իր հանցանքը, որը մինչ օրս շարունակվում է:

Եվ ամենազարմանալին այն է,  որ մեծ գումարներ են դնում այս “մերձեցման” մեջ, գրականություն է “լույս աշխարհ” գալիս, որտեղ հենց հակահայկականություն է քարոզվում, որտեղ ասվում է, որ հայերը քոչվոր ազգ են եղել, հազիվ մի 100 տարվա պատմություն ունեն: Այսինքն, հայ ավանդական կազմակերպությունների, մտավորականության եւ ցանկացած մտածող հայ մարդու առջեւ այսօր մեծ խնդիր է դրված: Պատմությունը մեզ վերջնաժամկետ է ներկայացրել, իսկ հակառակորդ կողմը լուրջ գումարներ է ծախսում եւ քնած չի:

Հարություն ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՌԱԿ ատենապետ



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

pogosik
Aug 20, 2010 15:56