ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, August 15, 2010 8:28 - 20 քննարկում

Ռուբեն Հախվերդյանի “օյաղ” վիճակում տված հարցազրույցը…

ԵԹԵ ՉԱՍԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հարցազրույց երգիչերգահան Ռուբեն Հախվերդյանի հետ 
 
Պարոն Հախվերդյան, Hürriyet Daily News-ը գրում է, թե թուրքական երաժշտական ընկերությունները սկսել են զբաղվել հայ լեգենդար երգիչ Ռուբեն Հախվերդյանի երգերի հեղանակային իրավունքի ստացման գործով: Ըստ ամենայնի` Դուք դեմ չեք:
 
Նախ, ինձ ոչ մեկը պաշտոնապես հեղինակային իրավունքի  ստացման առաջարկ չի արել, իսկ եթե ստանամ, չեմ արգելի, ինչո՞ւ պետք է արգելեմ:
 
Դուք որպես ՀՀ քաղաքացի, այստեղ որեւէ վտանգ չե՞ք տեսնում:
 
Ես կարող եմ  վտանգ տեսնել միայն քաղաքականության մեջ: Եթե մեր քաղաքական գործիչները ֆուտբոլային քաղաքականություն են խաղում, և դա մեզ առանձնապես մեծ հաճույք չի պատճառում, բայց երբ երկու արվեստի ներկայացուցիչներ (հայ լինի, թե թուրք) առանց հեղինակային իրավունքը խախտելու երգ են փոխանակում, վտա՞նգ պետք է տեսնել: Չեմ գտնում, որ մեր վերջին մեկուկես տարվա դիվանագիտությունը շահել է, եթե իրենք չեն ստիպել իրար ժպտալ և ֆուտբոլի նստարան նստել միասին:
 
Վերցնենք հայտնի Փամուկին և թուրք մյուս գրողներին,  ովքեր ասում են`  ցեղասպանություն եղել է, գիրք են գրել, դա ի՞նչ կապ ունի մնացած թուրքերի կարծիքի հետ: Ես դրա համար պատասխան եմ տալիս ու ասում` մի զարգացած թուրքի հետ ավելի հաճույքով կխոսեմ, քան տասը  տգետ հայի, որովհետև նրանք պաշտպանում են մեր Դատը: Հիմա եթե որևէ թուրք տղա երգում է «Երեւանի գիշերներում» երգը, դա ավելի սարսափելի՞ է, քան որևէ հայ երգիչ, որն աղավաղում է իմ երգերը: Մյուս կողմից, մշակույթը  ունի նաև համամարդկային նշանակություն: Եթե երգը լավն է, կարող է լսվել և ռուսերեն, և թուրքերեն, և անգլերեն, և հայերեն:
 
Կովկասում Սայաթ Նովա երգում էին 4 լեզվով, ինչո՞ւ, որովհետև Սայաթ Նովան ծառայում էր այդ բոլոր ժողովուրդներին: Այն մարդիկ, ովքեր խոսում են ազգայանականության մասին ու անունից, ամենավտանգավորն  են:
 
Եթե այստեղ երգում են թուրք երգչի երգ, պարտավոր են վճարել հեղինակին, գիտեմ նաև, որ որոշ թուրք երգիչներ էլ երգում են հայկական երգեր: Եվ եթե դա գողացված երգ չէ, այլ ազդեցություն ունեցած երգ է, նշանակում է բյուզանդական ավազանի մեկը մյուսին մշակույթ տալու փոխներգործություն: Այսինքն` երբ մենք նայում ենք բուլղարական, սերբական արվեստին, ապա, այո, որոշ բաներով ազդվել ենք թուրքերից էլ, քրդերից էլ և այլն:
 
Այսինքն` Ձեր ասածը մշակութային առողջ փոխհամագործակցության մասին է:
 
Շատ ճիշտ մեկնաբանեցիր այն, ինչը ես չեմ կարողացել մեկնաբանել: Եթե գողանում ես, ուրիշ հարց է, եթե ազդեցություն ես կրում, այլ հարց է:
 
Facebook սոցիալական ցանցում Ձեր վերջին հարցազրույցներից հետո այս միտքն էր շրջանառվում `բա մեր Ռուբենը ազգայանական չէ՞ր, երբ Դաշնակցության կողքը կանգնեց, նրանց գաղափարախոսության կողմնակիցը չէ՞ր:
 
Ես դաշնակցական եմ իմ գաղափարներով, բայց ես կուսակցական չեմ, ես ազատ մարդ եմ, և ամբողջ հարցը ազատության մեջ է: Երբ սահմանները վերանան, երբ մեզ չթելադրեն մեծ երկրները, թե մենք ինչպես մեզ պետք է պահենք դիվանագիտության  մեջ, մենք կարող ենք նաև մեծ գրողների, թուրքական հրաշալի էլիտայի հետ հարաբերվել, նրանց հետ, ովքեր դեմ են կանգնում և ասում են, որ եղել  է ցեղասապանություն: Գուցե սրանից  դիպլոմատները մի քիչ ազդվեն, քանի որ ես գիտեմ, որ Թուրքիայում էլ կան շատ կարգին մարդիկ կան, ովքեր պաշտպանում են մեր Դատը:
 
Ռոմանտի՞կ չէ` սահմանները կվերանան, մեծ երկրներն էլ այլևս մեզ չեն թելադրի
 
«Ռոմանտիկ» բառը այստեղ տեղին չէ, քանի որ ես ասում եմ չէ՞` մի խելոք թուրքին տասը տգետ հայի հետ չեմ փոխի, և հակառակը, տասը տգետ թուրքի մեկ զարգացած հայի հետ չեմ փոխի:
 
Իսկ մեզանում այդ տգետները շատացե՞լ են:
 
Մենք կորցրել ենք մեր քաղաքային մակույթը:
 
Ի՞նչ բան է քաղաքային մշակույթ, չակերտները կբացե՞ք:
 
Ես ինքս երգ գրող  մարդ  եմ և կարող եմ ասել, որ մեր քաղաքային մշակույթում քաղաքային ռոմանսներ հայտնվեցին Սասուն Պասկևիչյանի, Հասմիկի, Մանդակունյանի, Առնո Բաբաջանյանի միջոցով: Այդ երգերն իրենց մեջ կրում են եվրոպական էլեմենտներ, իսկ այն ոռնոցները, որ մենք լսում ենք, որոշ տեղեր դրանք գյուղական մշակույթի արդյունք են, ոչ թե քաղաքային: Եվ կարծում եմ, որ ես կարիք ունեմ մի երաժշտաբանի, որը կկարողանա ճշգրիտ վերլուծել այս ամեն ինչը, որովհետև երգ գրող մարդը երբեք չի իմանում` ինչ է գրելու և ուր է հասնելու: Եթե մենք խոսում ենք Հայ Դատի մասին` խոսում ենք Հայ Դատի մասին, եթե մշակույթի մասին` ուրեմն խոսում ենք մշակույթի մասին, երբ խոսում ենք սխալ կեցվածքի մասին` ուրեմն խոսում ենք սխալ կեցվածքի մասին:. Հարսանիքի ժամանակ դու քեզ պետք է պահես հարսանիքում, պատերազմի ժամանակ` ինչպես պատերազմում, հանդարտ խոսակցության ժամանակ` ինչպես հանդարտ վիճակում:
 
Ավելորդ հիստերիան ընդամենը խանգարում է մեզ ճիշտ մտածելուն, իսկ եթե մենք ճիշտ ենք մտածում, այսինքն օգտվում ենք Սուրբ գրքի օրենքներից: Սիրիր, ընդամենը  նշանակում է հասկացիր դիմացինիդ: Ես ինքս ոտքից գլուխ դաշնակցական եմ, ոչ կուսակցական, այլ Հայ Դատի իմաստով, և ներողություն այտահայտությանս համար, բայց կողմ եմ ահաբեկչությանը, որովհետև ահաբեկչությունը հետևանք է, ոչ թե պատճառ: Եթե ահաբեկչությունը մենք ընդունենք որպես պատճառ, կդառնանք Ամերիկայի նման մի հատ սարսափելի երևույթ, որի ազդեցության տակ ընկած է և Ռուսաստանը, և Հայաստանը, և ԱՊՀ մնացած երկրները, որտեղ խանութը դառնում է shop: Մենք մոռանում ենք, որ առհասարակ լեզուն մշակույթի հիմքն է: Իսկ այդ երգերը, որ գրում են (եթե իհարկե երգեր գրողներ կան Աստծուց անիծված երկրում, Աստծուց օրհնյալ երկրում, ես մինչև հիմա չեմ հասկանում` օրհնյալ է, թե անիծված, որովհետև մեզ փորձության մեջ է գցել), անհասկանալի են. երբ շեշտադրությունն առաջին վանկի վրա է, հավատացեք, դա հայկական երգ չէ: Առհասարակ, Արևմտյան Հայաստանն է մշակույթ ունեցել, Արևելահայաստանը չի ունեցել այդպիսի մշակույթ: Եվ ինչու ենք մենք սիրում Հայրիկի, Կոմիտասի երգերը, որովհետև դրանք արևմտահայկական մշակույթ են: Ժողովրդական երգեր չենք ունեցել, դրանք եկել են Արևմտյան Հայաստանից, որովհետև այնտեղ ունեցել ենք Մուշ, Վան և մնացած քաղաքները:
 
Նախևառաջ այս 20 տարվա մեջ ամենասարսափելին այն էր, որ Հայաստանից հեռացավ մտավորականությունը:
 
Հիասթափությունի՞ց հեռացավ:
 
Գարշանքից, գավառամիտ տականքներից, որոնք եկան ու լափեցին այս քաղաքը:
 
Ու շարունակում են
 
Ու շարունակում են: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ես թաքնվելու կարիք չունեմ ու գիտեմ` ինչպես է տղան տղայի հետ խոսում: Ստացվում է` մեր դիպլոմատները գնում են այնտեղ, իրար հետ հաց են ուտում, ֆուտբոլ են նայում, ու իրենք ազգայի՞ն մարդիկ են, իսկ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ ու սխա՞լ եմ. օրինակ, մեր գուսանները երգել են 3-4 լեզվով: Ես սրա մեջ որևէ ամոթալի բան չեմ տեսնում: Ի վերջո, մեկը պետք է գա, որ ջարդի այն կուժը, որը թույնով է լցված:
 
«Թուրքը մեր թշնամ ին է» կարծրատի՞պը պետք է կոտրվի:
 
Մենք հանդարտ խոսակցության ժամանակ իրավունք չունենք խոսել կռվի եղանակով: Դա ցույց է տալիս քո թուլությունը: Ճշմարտությունն ասելուց երբեք չպետք է վախենանք, այնպես, ինչպես Բարձրյալը: Ես օրինակ եմ վերցրել Բարձրյալից և ասում եմ այն, ինչ մտածում եմ: Եթե որևէ մեկն իմ ասածի մեջ մեղադրական բան գտնի, ուզում եմ ասել, որ  ես ոչ հայրենիք եմ ծախել, իմ ամբողջ կյանքում ինչպես շունն իր տիրոջը, այնպես էլ ես իմ ժողովրդին եմ ծառայել: Չեմ ասում ազգին, որովհետև ազգը Լեոնիդն էր, Մոնթեն և այլն, Նժդեհի ձագերը… և մենք դեռ այդպիսի ձագեր էլի կունենանք, և վախենալու ոչինչ չկա:
 
Այդ առումով լավատես եք:
 
Իհարկե լավատես եմ, ի՞նչ է նշանակում հոռետես լինել:
 
Իսկ ժողովրդի միջից լավատեսությունը կորել է, հույսը պակասել է:
 
Դրա համար էլ, երբ ես մի ճշմարիտ բան եմ ասում, այդ ժամանակ գավառամիտ մարդիկ նեղվում են, չեն հասկանում` ինչ եմ ասում: Իսկ եթե չեն հասկանում, իհարկե ինձ չեն խաչի, բայց կսկսեն հետևիցս հաչել: Իսկ շունը երբ հաչում է, կարող ես ընդամենը քացով խփել, և կոչնչանա, իսկ ես քացով էլ չեմ խփում, որովհետև իրենք ընդամենն ատամ են գցում:
 
Իսկ ժողովրդի մեջից հույսն ինչո՞ւ է պակասել:
 
Որովհետև իշխանավորները երբեք չեն հրաժարվի այն փողերից, որոնք իրենք անօրինական ձևով են աշխատել, մի կոպեկ ավել չեն տա: Նրանք եթե սպանեցին մեր ռանչպարին, մեր գյուղացուն… այ, ամենը դեպի դա է գնում, Սևանը կերան, չէ՞, տականքները` սարքելով պլյաժներ: Երբ դու փոխում ես քո ապրելու կերպը, երբ դու հանկարծակի սկսում ես ամուսնուդ մոտ կամ ես կնոջս մոտ սեքսուալ ձևեր անել, ինչպես ամերիկացի անասունը կարող է անի, ես կորցնում եմ իմ հարվածի ուժը: Երբ դու չես կարողանում ճիշտ ճոճվել, դիմացինը քեզ կսպանի, իսկ մեր մշակույթը մեր մաշկն է, իրենք ուզում են մեզ մաշկահան անել: Դրա առաջին խնդիրը գլոբալիզացիան է,  կեղծ կուլտուրան է, երբ հայերեն խոսքը իր ուժը կորցնում է: Էդ ժամանակ ռեպեր լսի կամ որևէ երգ, որի խոսքը իմաստ չունի, ես չեմ կարող սա լսել, ես վիրավորվում եմ: Բոլորը տանջված սեր են երգում, ինչի՞ց եք տանջվում, եթե սիրում եք, չպետք է տանջվեք: Նույնիսկ չեմ էլ զգում, որ իրենք տանջվում են: Ինչ-որ ապուշ հանգեր է գրում. ամենասխալն այն է, որ գրվում է երաժշտություն, հետո խոսքերը: Մինչդեռ որպես դասական արվեստի օրինակ բերեմ Շուբերտի երգերը, նա Հայնեի, Գյոթեի բանաստեղծություններից է ազդվել և ցանկացել դրանք ներկայացնել երաժշտական լեզվով: Այն մշակույթը, որը ես լսում եմ, ինձ թվում է ավելի շատ ոռնոցի է նման, քան մշակույթի: Ներողություն, իմ երգը մի քիչ տարբեր է, իմ երգը դրսում կոչվում է երգող բանաստեղծություններ:
 
Սա միտումավո՞ր է արվում: Խորհրդային Միության ժամանակ այդպիսի երգեր հազիվ թե եթերից հնչեին:
 
Չէ: Իմ կամ Հայրիկ Մուրադյանի երգը կամ արգելում էին, կամ ավելի լավ էր չլսվեր: Ես իմ մասին չեմ խոսում, ես խոսում եմ իսկական  հայկական գեղջկական երգերի մասին, որոնք անգիր գիտեմ, որովհետև Արտաշես Թումանյանի մոտ եմ սովորել:
 
Բա ինչի՞ ես էլ ձեր բոլոր երգերն անգիր գիտեմ
 
Դա Ձեր պրոբլեմն է(ծիծաղում է): Վերջապես կարևոր չէ` ով ինչ է գրում, Կոմիտասին սպանեցին տգետ կղերականները, ինչ ավելին է, քան սպանդը: Վերջապես, Թումանյանի հերն անիծեցին կյանքը կերան «յար» կամ «ջան» բառերն օգտագործելու համար, նույն ձևով Կոմիտասին: Երվանդ Օտյանը մահացավ մի հատ սոխ և մի կտոր հաց գրպանում, վերջապես Մոցարտին վիհը շպրտեցին, ես ո՞վ եմ նրանց մոտ, կուզեն կլսեն, կուզեն չեն լսի, բայց ես իրավունք ունեմ իմ կարծիքն արտահայտելու: Եթե իմ կարծիքը հայտնելու իրավունքից էլ են ինձ զրկում, իրոք այդ ժամանակ ես կարող եմ իմ մարգարտաշար բերանը բացել և ասել, թե առհասարակ ինչ եմ մտածում իրենց մասին: Եվ եթե մեկը ասում է, որ ապրում ենք «ազատ ու անկախ» հայրենիքում, ես իրավունք ունեմ ասելու այն, ինչ մտածում եմ:
 
Ըստ Ռուբեն Հախվերդյանի ազատությունն ի՞նչ է:
 
Ազատությունը մի բան է, որ ինքդ ես քեզ համար մշակում:
 
«Զատիկը» իմ ժողովրդի  համար ստեղծեցի, բայց որևէ արձագանք լսեցի՞ք Մշակույթի նախարարության կողմից: Չամաչեցին:
 
Դե, Տաշիր են ֆինանսավորում, կամ Ազգային երգի մրցանակաբաշխությունչգիտեմ:
 
Ինձնից լավ էլ գիտես, շատ լավ գիտես:
 
Վիրավորվա՞ծ եք իշխանություններից:
 
Ե՞ս (ծիծաղում է): Եթե անգամ աշխարհի լավագույն իշխանություններն այստեղ լինեին, ես անիշխանական մարդ եմ, ես ազատ մարդ եմ: Ամենալավ հայկական հայրենասիրական ֆիլմը գիտե՞ք որն է. Մել Գիպսոնի այն ֆիլմը, որտեղ տղայի ձվերը, ձեռքերը կտրեցին, որ ինքը ասաց Freedom: Եվ ի՞նչ կարևոր է` շոտլանդացի՞ն է դա նկարել, թե՞ հայերը:
 
Freedom –ը պետք է բոլորիս:
 
Առանց դրա, ոչ թուրքերը կլինեն ազատ ազգ, ոչ մենք, և մենք չենք կարող ճիշտ երկխոսություն ունենալ, այդ ժամանակ մեզ կօգտագործեն և օտարերկրյա հետախուզությունները, և բոլորը:
 
Դուք ազա՞տ եք:
 
Ես ազատ եմ այնքան, ինչքան թուրք Փամուկը, որը թեև օրհնված չէ, բայց ասում է ճշմարտությունը: Եթե ճշմարտությունը չասես, դու ազատ չես:
 
Ճշմարտությունն ասում են ինչոր բան փոխելո՞ւ նպատակով:
 
Իհարկե:
 
Բայց իշխանություններին ինչքան ուզում ես ասա ճշմարտությունը, չեն փոխվում:
 
Ես առաջին իշխանություններից սկսած նույն բանն եմ ասում, արդեն ձանձրացել եմ խոսելուց: Փառասիրությունը… ինչ ես ասել եմ ըստ Սուրբ գրքի, թող իրենք տեսնեն` իրենց վերջն ինչ է լինելու: Ես հավատում եմ, որ մարդու մոտ կա երկու կյանք, իրենք թող մտածեն իրենց մասին, թող ամեն մարդ իր մեղքերի համար պատասխան տա, բայց մեր ժողովուրդը ի՞նչ մեղք ունի, որ մեր երեք նախագահներն էլ հեռուստացույցով մի անգամ չեն ասել` կներեք, ես սխալվել եմ… նրանցից գոնե մեկն ասեր:
 
Դժվար է երևի իրենց համար ներողություն ասելը:
 
Ինչո՞ւ, դա նախևառաջ քաջություն է:
 
Այս տարի 36 տոկոս նախորդ տարվա համեմատ արտագաղթն ավելացել է:
 
Շուտով100 տոկոսի կհասնի, և իրենք կհասկանան, որ եկել են գրավելու թուրքերի տեղը, որովհետեւ իրականում իրենք շատ բանով թուրքերից չեն տարբերվում: Եթե դու քո ժողովրդին ազատազրկում ես քո բիզնեսի համար, ուրեմն դու թափթփուկի մեկն ես, ինչո՞ւ դու պետք է մեզ առաջնորդես, դու ո՞վ ես, որ մեզ առաջնորդես:
 
Նրանց քշելու ժամանակը չի՞ եկել:
 
Իրենք մեղքը գցել են թուրքի վրա, բայց մենք ներքին թուրքին ո՞նց վերացնենք, այն սիստեմը, որ նրանք սարքել են, ո՞նց հետ կանգնենք այդ սիստեմից:
 
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ



20 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Aug 15, 2010 12:27