ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, August 7, 2010 16:58 - 4 քննարկում
Ա.Բակունցի նորօրյա «Նամակ Ռուսաց թագավորին» կամ «պիշի՝ պրապալը»…
Նամակ Վեհափառին
[ 2010/08/02 | 11:54 ]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան
Վեհափառ Տեր,
Քրիստոնեական հավատքով հույս ենք դնում Ձեր բարեգթության և արդարամտության վրա: Մենք հիմա հուսալքված և վիրավորված ենք: Երբևէ չենք ցանկացել մեր խնդիրներով ծանրացնել Ձեր առանց այն էլ դժվարին առօրյան, սակայն մեր լռությունը օգտագործվեց մեր իսկ դեմ:
Ճեմարանում տիրում է անառողջ, տխուր և պայթունավտանգ մթնոլորտ: Այս վիճակը ամենևին էլ արդյունք չէ հունիսմեկյան դեպքերի:
Մի քանի ամիս է, չնայած տարածվող գունագեղ հաղորդագրություններին, մենք ապրում ենք այս պայմաններում` ամեն պահ ունենալով ավելորդության զգացողություն: Մենք կարծում էինք, որ կդիմանանք ամեն դժվարության: Ի վերջո, անցել ենք Հայր Օշականի «դպրոցը», սակայն պարզվում է, որ կարող է լինել շատ ավելի վատ…
Գուցե՞ մենք իրոք բարդ ենք և դժվար է աշխատել մեզ հետ, կամ գուցե՞ պետք է մոտեցումը փոխել. չէ՞ որ կան տարբերություններ…
Մեզ պետք են մարդիկ, որոնք կստեղծեն ընտանեկան մթնոլորտ, ջերմություն. որքա՜ն ենք կարոտել դրան:
Ի՞նչ ենք տանում այստեղից: Երբևէ, ինքն իրեն հարցրե՞լ է որևէ հոգևորական, ինչպե՞ս ենք հիշելու իրենց, ի՞նչ ենք պատմելու մեր զավակներին…
Չնայած դժվարություններին` Հայր Խորենի նշանակումը մենք ընդունել ենք ողջույններով, ակնկալել դրական փոփոխություններ, սակայն այն տևեց մեկ քառասունք… Շուտով դարձանք «անհնազանդ», «ձրիակեր» և «անշնորհակալ», մեզ պարբերաբար սկսեցին հիշեցնել, որ ուտում ենք «Հայր Խորենի հացը», մեր ամեն բառը, անգամ լռությունը, դարձավ զենք, որ վիրավորեց Հայր Սուրբի ինքնասիրությունը ու նա պատասխանեց. պատիժ, բոլորի առաջ նվաստացում, ՀԵՌԱՑՈՒՄ:
Մենք` «անհնազանդներս», սատար կանգնեցինք նոր կառավարչին առաջին իսկ օրից: Օգնեցինք նրան ներքին խնդիրները կարգավորելու համար, այն նույն ժամանակ, երբ վերջինս զբաղված էր իր մասին հաղորդագրություններ և հարցազրույցներ «արտադրելով»:
«Վտանգավոր» Անդրանիկ Գևորգյանն արդեն մեկ տարի է, որ վերակացու լինելով, մշտապես եղել է Հայր Խորենի աջակիցը, օգնել նրան ամեն հարցում: Նա ճեմարանի ակտիվ սաներից է, առանց որի չի եղել ոչ մի հանդիսություն, ոչ մի Պատարագ, ոչ մի սպորտային հաջողություն: Ընդամենը մեկ վրիպում, այն էլ բանաստեղծության մեջ, դարձավ պատճառ ատելության ու նորից` պատիժ, ստորացում, իսկ հետո հեռացում ու մեղադրանք չենթարկվելու, վիրավորելու համար, մի բան, որ չի եղել:
Ոստիակնների հայտնվելը Ճեմարանում խուճապի մատնեց մեզ: Չհասկացանք` ի՞նչ էր կատարվում, և միակ ելքը համարեցինք այդ մասին բարձրաձայննելը. ճեմարանից հանում էին մեր ընկերոջը, անմեղ ընկերոջը, ում հետ ապրում ենք մոտ մեկ տասնամյակ: Մենք պայքարել ենք արդարության համար, որը որակվեց «անհնազանդություն» բառով:
Իրավիճակը հարթելու, նոր լավ հարաբերություններ հաստատելու փոխարեն Հայր Խորենը գնաց երկրորդ արկածախնդրությանը. հիմա էլ հեռացնում է Կարեն Մկրտչյանին: Մեր սարկավագ Կարենին. և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին օգնության հասնող Կարենին: Ինչքա՜ն հավատք ու հայրենասիություն ենք տեսել նրա մեջ, ինչպես է այդ ամենը տարիներ շարունակ սերմանել նորեկների մեջ ու հիմա ին՞չ հոգեվիճակում է նա: Ինչու՞ նա, եթե նա ապա բոլորս: չէ՞ որ նա մեզանից մեկն է, մեկն «անհնազանդներից», իսկ ինչպե՞ս է Հայր Խորենը իր որոշումից ոգևորված հեգնում. «դու, որովհետև ես այդ օրը քեզ եմ հիշում»:
Մենք հասկացել ենք մեկ բան, Հայր Սուրբի կառավարման առաջին շրջանը շատ ավելի լավ էր, հետո փոխվեց: Նրան փոխեցին: Դա արեց այն մարդը, ով մամուլում շրջանառության մեջ դրեց «առողջ օրգանիզմի համար հիվանդ մարմինը հեռացնելու» գաղափարը, մոռանալով, որ այդ օրգանիզմը առողջ էր մինչև իր գալը:
Օրիորդ Նախշուն Դուրգարյանը խաթարեց ճեմարանում ձևավորվող նորմալ հարաբերությունները: Նրա պատճառով հեռացվեցին ուսուցիչներ, սկսվեց հետապնդումներ, նա անգամ հայտնվեց մեր ննջարաններում, մի բան, որ երբեք չի եղել: Նա է իրական կառավարիչը, ով սպառնում է մեզ չենթարկվելու դեպքում հետ ուղարկել, անվանում ձրիակերներ, փոքր երեխաներին կանչում և պարտադրում ննջարանների խոսակցությունները գնալ և հայտնել իրեն, այնուհետև, իր մեկնաբանությամբ, այդ ամենը ներկայացնում Հայր Սուրբին: Սա է մեզ սովորեցնում մեր ուսուցիչը. լինել քծնող, ստախոս և բանսարկու…
Վեհափառ Հայր, մենք միշտ հավատացել ենք, որ Դուք ճիշտ չեք տեղեկացվում, հակառակ դեպքում այսպես չէր լինի:
Մենք չենք ուրանում ոչինչ, ճեմարանում շատ դրական փոփոխություններ կան, հատկապես կենցաղային պայմանների հետ կապված, սակայն եթե լինի առողջ մթնոլորտ ու չվիրավորեն մեզ, չենք էլ նկատի ո՛չ Հայր Խորենի բնակարանի ճոխությունը, ո՛չ օրիորդ Նախշունի օրեցօր մեծացող մեծամտությունը և ո՛չ էլ ստիպված կլինենք շեղվել մեր առօրյայից:
Մենք ուզում ենք մի փոքր հարգանք, սեր և կորցրած տարիների արդյունք: Արդյունք, որ քմահաճույքով չի վերացվում, չի տանջում և չի չարացնում:
Խնդրում ենք, Վեհափառ Հայր, թույլ մի տվեք, որ կործանվեն ճակատագրեր: Մեզ ձեռք մեկնեք: Սա է մեզ սովորեցրել Քրիստոնեությունը: Ո՛չ պատժին և զրկանքներին:
Հավատում ենք Սուրբ Էջմիածնի Աստվածային զորությանը և մեր Վեհափառի արդարամտությանը:
Որդիական խոնարհութեամբ մատչիմ
Ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն`
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Հայոց մարդասիրական ճեմարանի սաներ
Կալկաթա, Հնդկաստան
2 Օգոստոսի, 2010թ.
4 քննարկումներ
Arthur Armin