ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, August 4, 2010 2:37 - չքննարկված
Մեթյու Բրայզայի մեղքերը ջրի երես են հանվել…
Մեթյու Բրայզայի թեկնածության քվեարկությունը կոնգրեսականը արգելափակեց
08:51 • 04.08.10
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին քվեարկությամբ հավանություն տվեց ավելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածություններին։ Սակայն Մեթյու Բրայզայի թեկնածության առնչությամբ, որին Սպիտակ տան ղեկավարն ուզում է տեսնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, քվեարկություն տեղի չունեցավ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բրայզայի անունն անցյալ շաբաթավերջին քիչ ուշացումով ընդգրկվեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ցուցակում, որի շուրջ քվեարկությունն անց էր կացվելու օգոստոսի 3-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում Բրայզան ստիպված եղավ պատասխանել հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի խիստ հարցերին, և այդ պատասխանները կցկտուր էին։
Հարցերը վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում նրա կողմնակալ դիրքորոշմանը, Ստամբուլում իր հարսանիքի համար ստացված նվիրատվություններին, Ադրբեջանում հայկական գերեզմանոցները քանդելու օրերին նրա անտարբերությանը, ազգային ինքնորոշման իրավունքի առնչությամբ նրա «անթույլատրելի դիրքորոշմանը»։
Ըստ որոշ տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամներին չեն գոհացրել նաև Բրայզային հաջորդ օրերին սենատորների կողմից հղված գրավոր հարցերի գրավոր պատասխանները։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ Բրայզայի թեկնածության առնչությամբ քվեարկությունը արգելափակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Կալիֆոռնիան ներկայացնող սենատոր Բարբարա Բոքսերը: Քվեարկությունը հետաձգվել է մինչև Կոնգրեսի ամառային արձակուրդների ավարտը։
Այս ընթացքում երկրի նախագահն ունի որևէ թեկնածուի, առանց Սենատի հաստատման, դեսպանի պաշտոնում նշանակելու իրավունք։ Սակայն այդ քայլը կարող է դիտվել որպես հակասություն Սենատի և նախագահի միջև։