ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 30, 2010 4:56 - չքննարկված
Հավատա՞նք…
Ռուսական ռազմաբազան Հայաստանին պաշտպանելու մանդատ է ստանում
Հուլիս 30, 2010 | 14:50
Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն կստորագրեն, որով փոփոխություններ կմտցնեն Հայաստանում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրում: Դրա վերաբերյալ ՌԴ կառավարության կողմից ՌԴ նախագահին ուղղված առաջարկների մասին որոշումը տեղադրված է կառավարության կայքում:
Այդ արձանագրության նախագծում մասնավորապես նշվում է. «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցում է Հայաստանը ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներով, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»,- ասված է արձանագրության նախագծում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Փաստաթղթի համաձայն, «ռուսական ռազմաբազայի զինվորական կազմավորումների օգտագործումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992թ. մայիսի 15-ին կնքված Հավաքական անվտանգության պայմանագրի, Բարեկամության մասին պայմանագրի 1997 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի եւ կողմերի օրենսդրությունների հիման վրա»:
Բացի այդ, նախագծում առաջարկվում է պայմանագրի 26-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ. «Պայմանագիրը գործում է 49 տարի եւ ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հինգամյա ժամանակաշրջանների համար, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետը լրանալուց ոչ պակաս, քան 6 ամիս առաջ գրավոր կերպով չի տեղեկացնում պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին»: