ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 24, 2010 23:03 - չքննարկված
Ղարաբաղի բախտը բերեց՝ խելոք նախագահ ունի…
Բակո Սահակյան. Վստահ ենք, որ վաղ, թե` ուշ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն
Հուլիս 24, 2010 | 08:36
ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որն ստացել է ԵԱՀԿ մանդատը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, եւ այդ ձեւաչափի փոփոխությունը չի նպաստի խնդրի լուծմանը: Այս մասին հուլիսի 23-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի ենթակայության ներքո չի ապահովի արդյունավետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջող գործունեության համար խոչընդոտ է հանդիսանում Ղարաբաղի բացակայությունը խաղաղ կարգավորման բանակցություններին եւ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայությունը»,- ընդգծել է Բակո Սահակյանն ու հավելել. «Միջազգային հանրության կողմից ղարաբաղյան կողմի անտեսումը չի կարող հավերժ շարունակվել: Մյուս կողմից ԼՂՀ-ն խաղացող է տարածաշրջանում, ինչը շատ բան է նշանակում»:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ԼՂ բանակցային գործընթացում Հայաստանի կատարած աշխատանքը մոտեցնում է ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին եւ նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչումը: «Ներկայումս համատեղ ջանքերով մենք կատարել ենք հիմնական խնդիրը` ԼՂՀ անվտանգության ապահովումը: Գործադրվում են բոլոր ջանքերը ԼՂ բնակչության խաղաղ գոյությունն ապահովելու համար»,- ասել է ԼՂՀ նախագահը:
Այնուհետեւ անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը՝ Բակո Սահակյանն ասել է. «Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը շահարկման թեմա է դարձել, սակայն մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի: Մենք չենք պահանջում, որպեսզի այդ հարցը դառնա առաջնային, քանի որ Հայաստանը պատասխանատվություն է կրում միջազգային հանրության առջեւ: Մենք դժգոհություն չենք հայտնում այդ հարցում եւ վստահ ենք, որ վաղ, թե ուշ՝ այդ պահը կգա, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն»: