ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 23, 2010 11:26 - չքննարկված
Հաագայի դատարանը ձեռք է մեկնել Ղարաբաղին
Հուլիս 23, 2010 | 12:04
Հաագայի միջազգային դատարանը ազգերի ինքնորոշման իրավունքը բարձր է դասել տարածքային ամբողջականության սկզբունքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով, այդ փաստը կարող է հիմք դառնալ ԼՂՀ միջազգային իրավական ճանաչման համար:
«Կարեւոր է հասկանալ, որ ԼՂ հարցը սկզբունքորեն արդեն լուծված է. Արդեն 20 տարի է Ղարաբաղը անկախ պետություն է, մնացել է միայն, որպեսզի աշխարհը դա ընդունի: Երեկ Հաագայի դատարանը ուղիղ տեքստով, հստակ ու ոչ երկիմաստ կերպով ասաց, որ միջազգային իրավունքը «չի արգելում հռչակել անկախություն», ինչն էլ մենք արել ենք»,- հայտարարեց Աթանեսյանը՝ հավելելով, որ դատարանում հայտարարվածը ամբողջությամբ կարելի է կիրառել ԼՂ նկատմամբ:
«Հաագայի դատարանը հնարավորություն տվեց Լեռնային Ղարաբաղին՝ օրինականորեն պնդել միջազգային ասպարեզում իր անկախ լինելու իրավունքը: Թե ինչպես դրանից կօգտվի ԼՂՀ-ն, դա արդեն ընդհանրապես հայկական դիվանագիտության խնդիրն է: Բայց այս պահին ամենակարեւորն այն է, որ նման նախադեպ է գրանցվել»,- հայտարարեց Աթանեսյանը՝ չհամաձայնելով այն տեսակետի հետ, ըստ որի՝ Հաագայի դատարանի որոշումը կրում է ավելի շատ քաղաքական, քան իրավական բնույթ: