ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 22, 2010 10:10 - չքննարկված
Շավարշ Քոչարյան. Հաագայի դատարանը կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից
Հուլիս 22, 2010 | 22:42
Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումն աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հարաբերակցությանը եւ կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից: Այսօր` հուլիսի 22-ին «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Հաագայի դատարանի այսօրվա որոշմանը, որով օրինական է ճանաչվել Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը Սերբիայից:
«Ազգերի ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը սկզբունք է, որն ուղղված է այդ նպատակին հասնելուն: Խնդիրը ոչ թե նրանում է, որ մի սկզբունքը գերակայում է մյուսի նկատմամբ, այլ երբ կա ինքնորոշում, այդ դեպքում արդեն տարածքային ամբողջականությունը երկրորդական է: Հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը»,- ասել է Շ. Քոչարյանը:
Նա մեջբերել է Հաագայի դատարանի նախագահի խոսքը, որտեղ նա հստակ ասել է. «Միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար»: Իսկ լսումների ժամանակ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Միջազգային իրավունքը ոչ արգելում է անկախության հռչակումը, ոչ էլ պահանջում է դրա համար թույլտվություն»:
«Սրանից հետո ակնհայտ է, որ այն ամենը ինչ խոսում է Ադրբեջանը, լիովին հակասում է միջազգային իրավունքին: Երկրորդ. Միջազգային դատարանն, ըստ էության ասաց, որ այո, երկու ալբանական պետություն անկախություն են ստացել` Ալբանիան եւ Կոսովոն: Դրանից հետո ո՞ւր մնացին Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, թե իբր հայերը չեն կարող երկու անգամ ինքնորոշվել եւ երկու պետություն ունենալ»,- ասել է ԱԳ փոխնախարարը: