ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, July 21, 2010 21:03 - 1 քննարկում

Ռուբինյանը չսիրեց հարբեցող կանանց և Հավայի Հաչող Շներին…

Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին

Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին

Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից: Ոչ առաջինն եմ ոչ էլ երեւի վերջինը ու ողբերգական էլ ոչինչ չկա: Ճիշտ է, զուտ մարդկային առումով ծանր է. քսան տարուց ավելի է անցել, միակ կուսակցությունն է որին երբեւէ անդամակցել եմ, լավ ու վատ օրեր, հարյուրավոր ընկերներ … Չէ, երեւի ճիշտ կլինի որոշ բաներ բացատրեմ նոր գնամ:
Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների’ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ Վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ:
Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների’ Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ որին համաձայն մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում», իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան’ պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար, կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից:
Ինքնին «օրինակելի ցուցակ» տարածելը կամ այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ քարոզչությունը նորմալ երեւույթ է ու ողջունելի է, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ «պապին ասել ա Ռուբինյանը չպիտի անցնի», եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես «ընտանեկան կապալի» մեթոդով, սա արդեն ստորություն է:
Անկեղծ լինեմ. Զայրացած եմ, բայց միայն այդ պատճառով չէի լքի կուսակցությունս: Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ, լավ օրերի սպասումով, կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով:
Համագումարի պատվիրակ իմ ընկերներին կոչ եմ անում անկեղծորեն, սթափ վերլուծել վերջին համագումարի նիստուկացը:
Դուք այս համագումարում որեւէ բանավեճ տեսա՞ք, ապագա գործունեության ծրագրերի որեւէ ներկայացում, քննարկում եղա՞վ: Երեք էջանոց բանաձեւի նախագծի վերաբերյալ միայն ես մի փոքրիկ առաջարկ արեցի, այն էլ պարզ չեղավ ընդունվեց, թե ոչ: Իսկ վարչության անդամի թեկնածուների միջեւ որեւէ մրցակցության նշույլ կա՞ր: Արամ Մանուկյանը, որին անկեղծորեն շնորհավորում եմ վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ, ի՞նչ ծրագրեր ունի, գիտե՞նք: Ախար տղերք (ու աղջիկներ, բնականաբար:), մենք ժամանակին երկրի ամենաառաջադեմ քաղաքական ուժն ենք եղել, ժողովրդավարության դասեր ենք տվել, ավանդույթներ ձեւավորել: Ու այդ ավանդույթների մեջ հաստատ չի եղել սովետական ադաբրյամսի ոճի համագումար անցկացնելը, հաստատ չի եղել այնպես, որ առաջնորդը հատուկ սպասում ու մի 5-10 րոպե ուշացումով է մտնում համագումարի դահլիճ, որպեսզի բուռն ու անվերջանալի ծափահարություններով ընդհատի այդ պահին խոսողին: Սեփական կուսակիցների մեջ էլ 4-5 հոգանոց, հրմշտող ախռանայով ման չեն եկել: Անհեթեթություն չէ՞, երբ երեք տարվա գործունեության հաշվետվություն է կարդում ոչ թե դահլիճում նստած, ճիշտ է նախագահությունից հրաժարական տված, բայց վարչության անդամ հանդիսացող Արարատ Զուրաբյանը, այլ մեկ ուրիշը, որը հետո, ինչպիսի զուգադիպություն, ընտրվում է նոր նախագահ: Բրեժնեւի թաղումը հիշեցի:
Ոչ մեկդ չնկատե՞ց, որ մեր պայքարի առաջնորդը պայքարի (որը պետք է որ մինչեւ վերջ լիներ չէ՞) հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսեց այդ պայքարի անիմաստության մասին’ միեւնույն է մինչեւ փոխզիջում չլինի ոչ մի բան դուրս չի գա: Բայց մենք փոխզիջման պահանջով էի՞նք դուրս եկել ավազակապետության դեմ պայքարի ու հետո մեզ էդ ո՞վ է փոխզիջում առաջարկել: Մինչ այժմ առաջարկածները կամ արագ, կամ մի քիչ դանդաղ կապիտուլյացիայի առաջարկներ չե՞ն: Ու եթե նույնիսկ ինչ-որ փոխզիջման է պետք գնալ, հենա գնացողները գնում են, մենք էլ խելոք սպասում ենք, չենք խանգարում: Մեր անելիքը այդ պարագայում ո՞րն է: Հասարակության մեջ հուսալքության, իրավիճակի անելանելիության սերմեր շաղ տալը՞, իրողություններ արձանագրելն ու լուծումներ չտալը՞: Հույս չտալով, ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ հավատ չներշնչելով, չհամախմբելով ու չոգեւորելով ինչու ե՞նք հավակնում իշխանությանը, որ ի՞նչ անենք:
Նմանատիպ հազար ու մի հարց կա: Բայց մեզ մոտ նոր ավանդույթներ են’ հարցեր չկան, կան բուռն ու երկարատեւ ծափահարություններ:
Ես էդ գործում չկամ:
Մնաք բարով:

Կարապետ Ռուբինյան
19.06.2010թ.



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

david_metsahogi
Jul 25, 2010 5:40