ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, July 21, 2010 20:48 - չքննարկված
Հիմա զոնտիկը պահեք գլխի վրա, օրը կգա «այդ տիկինը կուզենա կոթը մտցնել հետույքիդ մե՜ջ…»
Հիմնադիր ընտրակեղծարարը
Երբ 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքական ընդհատակից դեպի հրապարակային գործունեություն, որոշ մարդիկ ակնկալիք ունեին, թե նա փոխվել է։ «Էլ առաջվանը չէ»,-իրենք իրենց խաբում էին գործող ռեժիմից զզվածները, բայց հարցին, թե «ի՞նչ գիտեք, թե առաջվանը չէ», հնչում էր հուզական կամ անհոդաբաշխ պատասխան։ Ոմանք էլ առաջարկում էին լսել Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքային ելույթը և համոզվել, որ առաջվանը չէ. մարդկանց այդ խումբը համեմատաբար հասուն քաղաքական մտածողության կրող էր համարվում՝ «լսենք, նոր եզրակացություններ անենք» փաստարկով զինված։ Օրը եկավ, լսեցինք ու համոզվեցինք, որ նույն Տեր-Պետրոսյանն է՝ նույն տերտերական առոգանությունը, իրականությունը գլխիվայր ներկայացնելու նույն հակվածությունը, ոչինչ չասող նույն ճառերը, ատելության սերմանումը, մարդկանց որպես գործիք օգտագործելու նույն պատրաստակամությունը և իշխանության ձգտելու մետաֆիզիկական նույն փափագի առկայությունը։
Ցավոք, մարդկանցից շատերը չնկատեցին ակնհայտը, և իրենց թվաց, թե Լևոնին են որպես գործիք օգտագործում։ Մեր բացատրություններին այդ օրերին ականջ դնող քիչ եղավ, ու ոմանք, «էլ առաջվանը չէ» բացականչելով, ստացան վկայի կարգավիճակ։
Եթե Տեր-Պետրոսյանն էլ առաջվանը չէր, այսինքն՝ նրա նախագահ դառնալու դեպքում ընտրակեղծիքներ չէին լինելու՝ ինչպես 1995-ին և 1996-ին, ապա վերադարձի առաջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահը պետք է խոստովաներ իր կառավարման տարիների թերությունները, խոսեր դրանց պատճառները ծնող երևույթների մասին և ներկայացներ ծրագիր, որով ցույց էր տրվելու, թե ինչ պետք է արվի հետագայում՝ նման սխալներից խուսափելու համար։ Այնինչ Տեր-Պետրոսյանը հոկտեմբերյան իր առաջին հանրահավաքում իրենց կառավարման շրջանի միայն մեկ թերություն նշեց՝ «ինքնաքննադատաբար» խոստովանելով, որ միակ սխալն է համարում այն, որ ժամանակին ղարաբաղցիներին Ղարաբաղից բերել է Երևան, և այժմ խնդրում է օգնել իրեն այդ սխալն ուղղելու։ Այդ պահից սկսած՝ ակնհայտ էր, որ միտինգավորները, կամա թե ակամա, մասնակից էին դառնում դեռևս 88-ի շարժման տարիներից Տեր-Պետրոսյանի դավանած գաղափարները կյանքի կոչելուն, այն է՝ հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական շարժմանը։ Բացի այդ, եթե մինչև 1998–ի փուլի սխալ էր համարվում ղարաբաղցիներին բերելը, ապա դա նշան էր այն բանի, որ Տեր-Պետրոսյանի ու իր նեղ շրջապատի վերադարձը միայն մեկ նպատակ ուներ՝ վերատիրանալ իշխանական լծակներին ու շարունակել այն, ինչը մենք տեսել էինք 90-ականներին։ Այսինքն, պայքարը ոչ թե կոռուպցիայի կամ ավազակապետության դեմ էր, այլ կոռուպցիոն լծակներին ու ավազակապետությանը վերատիրանալու համար։
Պարզ էր, որ երբ Տեր-Պետրոսյանը ետ եկավ ու ասաց, թե ինքը վերադարձել է իր միակ սխալը՝ ղարաբաղցիներին պաշտոնի բերելը շտկելու, ապա դա ներազգային ֆաշիզմ էր, այլ ոչ թե ժողովրդավարության համար պայքարի սկիզբ։ Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանի վերադարձով ընտրակեղծիքների արատավոր պրակտիկան շարունակվելու էր, դա հաստատվեց ոչ միայն նախընտրական, հետընտրական և ՀԱԿ գործունեության փիլիսոփայությամբ, այլ նաև ՀՀՇ-ի վերջին համագումարում։
ՀՀՇ արդեն նախկին անդամ, գովելի ու ողջունելի սկզբունքայնություն ցուցաբերած Կարապետ Ռուբինյանը կուսակցությունից իր դուրս գալու հրապարակային հայտարարության մեջ այդ առումով մասնավորապես գրում է. «Իմ դիտարկումներով և համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ Վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: … Ցավալի է նաև այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ՀՀ իշխանությունների՝ Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ, որին համաձայն՝ մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: … Ինքնին «օրինակելի ցուցակ» տարածելը կամ այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ քարոզչությունը նորմալ երևույթ է, ու ողջունելի է, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ «պապին ասել ա՝ Ռուբինյանը չպիտի անցնի», եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես «ընտանեկան կապալի» մեթոդով, սա արդեն ստորություն է»։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների։
ՀՀՇ-ում տեղի ունեցածը, իհարկե, նորություն չէր։ Ընտրակեղծիքների սկիզբը Հայաստանում դրվել է հենց Տեր-Պետրոսյանի՛ ձեռամբ, սակայն անբարոյականություն է, երբ բողոքում ես իշխանական ընտրակեղծիքի դեմ, բայց սեփական բոստանի վերածված կուսակցությունում կեղծում ես իշխանություններից առավել ճղճիմ և ցինիկ ձևով։ Փաստորեն, ժողովրդավարության համար հենց այդպես պետք է պայքարել՝ կեղծելով տանը և հնարավորության դեպքում կեղծելով նաև ամբողջ Հայաստանում։
Լևոնականները շատ են սիրում Տեր-Պետրոսյանին դիմել «հիմնադիր նախագահ» ձևակերպմամբ։ Եվ այդ մարդիկ խոսում են եվրոպական արժեքներից ու ազատականությունի՞ց։
Իրականում՝ «հիմնադիր նախագահ» դիմելաձևը խոր ասիականության, հետամնացության և ավտորիտարիզմին ենթարկվելու պատրաստակամության դրսևորում է, յուրօրինակ ստրկամտության ցուցադրում, ինչը, սակայն, շոյում է «հիմնադիրի» փառասիրությունը և նա դեմ չէ «հիմնադիր նախագահ» տիտղոսին։ Սակայն նկատենք, որ Հայաստանը ՍՊԸ չէ, որ հիմնադիրն էլ ինչ-որ մեկը լինի։ ՀՀ-ի հիմնադիրը ժողովուրդն է, որը հանրաքվեով անկախություն է հռչակել, այնպես որ, «հիմնադիր նախագահ» դիմելաձևը սուլթանական արժեհամակարգի վկայություն է։ Բայց եթե որոշ մարդկանց դուր է գալիս ՀՀ առաջին նախագահի մասին խոսելիս օգտագործել «հիմնադիր» ածականը, ապա ավելի ճիշտ կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում կիրառել ոչ թե «հիմնադիր նախագահ», այլ «հիմնադիր ընտրակեղծարար» տարբերակը։ Այդ առումով վիճելու բան չի լինի։ Նրա օրոք է սկիզբ դրվել նորանկախ Հայաստանի ընտրակեղծիքներին, և «հիմնադիր ընտրակեղծարար» կոչումը, կարծում եմ, շատ սազական կլինի Տեր-Պետրոսյանին։ ՀՀՇ-ի վերջին համագումա՛րը վկա։
Կարեն Հակոբջանյան