ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, July 20, 2010 0:54 - 2 քննարկում
Ջհուդի փեսեքը ծառ են տնկո՞ւմ, թե Հայաստանն են արմատից քանդում…
Այս փոփոխություններն անհրաժեշտ չէին «Դիլիջան» դպրոցին
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները պատասխանում են «Դիլիջան» դպրոցի նախաձեռնողների նամակին:
Մի դրվագ ապրիլի 9-ին «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից:
«Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներ Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի, նաեւ Թիմ Ֆլիննի եւ Նուբար Աֆեյանի հուլիսի 14-ի բաց նամակում, որն ուղղված էր Հանրային խորհրդի անդամներին՝ մասնավորապես ասված էր. «Ցավոք, այսօր ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր նախագծի հանդեպ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՀ կառավարության առաջարկից հետո ի հայտ եկած վրդովմունքի ալիքը բացասական վերաբերմունք է առաջացրել դասավանդումն օտար լեզուներով իրականացնելիք դպրոցների հանդեպ: Դժգոհությունների այդ ալիքը հանգեցրեց այն բանին, որ ՀՀ նախագահի կողմից խորհրդանշական «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից հետո բազում դրական արձագանքներ ստացած «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագիծը հայտնվեց հասարակական անբարենպաստ կարծիքի ստվերում: Չհասցնելով սկսվել եւ կայանալ՝ նախագիծը ընդդիմություն է ձեռք բերել: Պետք է նշենք, որ «Դիլիջան» նախագծի շուրջ բացասական ֆոնի պատճառ դարձած օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չէին նախագծի հաջող իրականացման համար: Սակայն ներկայիս ընթերցմամբ օրենքը ՀՀ քաղաքացիներ հանդիսացող աշակերտների համար կդժվարացնի մեր դպրոցում ավարտուն միջնակարգ կրթության ստացումը՝ հետագայում ՀՀ բուհերում ուսումը շարունակելու նպատակով: Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը»:
«Առավոտը» խնդրեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի մի քանի անդամներին անդրադառնալ նամակի այդ պնդումներին, թե կառավարության նախաձեռնած փոփոխություններն իրենց անհրաժեշտ չէին, ու նաեւ, որ այժմ պատրաստվում են դադարեցնել այս ծրագիրը:
Արմեն Հովհաննիսյան. «Առաջին մասով կարծում եմ, որ պրն Վարդանյանը եւս մեկ անգամ շեշտում է, որ ինքը չէ կառավարական նախագծերի ի հայտ գալու նախաձեռնողը, ինչը նա բազմիցս արել է մասնավոր զրույցներում: Տեսականորեն՝ այո՛, եթե Հայաստանի քաղաքացի երեխան ավագ դպրոցի փոխարեն հաճախի մի ինչ-որ հաստատություն՝ առանց պետական տիպի ատեստատ ստանալու ակնկալիքի, ապա օրենքը դա չի արգելում: Խնդիրն էլ այն է, որ նաեւ հայկական ատեստատի առկայությունն էլ ավելի կբարձրացներ Դիլիջանի դպրոցի «արժեքը»:
Արայիկ Հարությունյան. «Գտնում եմ, որ արդեն իսկ առաջընթաց է այն փաստը, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների դեմ արտահայտված մարդկանց մտահոգությունները հասու են դպրոցի ղեկավարությանը եւ որոշակի ազդեցություն ունեցել են նրանց հետագա գործունեության վրա:
Հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ, կարծես, շանտաժի որոշակի երանգներ կան, որոնք կդժվարացնեն ապագայում այս խնդիրներին համատեղ լուծում տալ: Իրենց իսկ նշած «Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր նախագծի հանդեպ» նախադասությունից ենթադրվում է, որ այդ «հատվածի» հետ պետք է նստել բանակցությունների եւ առնվազն փորձել գտնել այն հնարավոր տարբերակները, որոնցով կարելի է իրականացնել այդ դպրոցի գաղափարը: ՀՀ կրթական համակարգում մեծ ներդրումներ կատարելու եւ իրական փոփոխությունների հասնելու ցանկությամբ լցված մարդիկ առնվազն պետք է այդ կերպ վարվեն: Պետք է նշել, որ հատկապես «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը երբե՛ք դեմ չի արտահայտվել Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը, այլ առաջարկել է մեխանիզմներ գտնել, որպեսզի ուսուցումն այդ դպրոցում կազմակերպվի միջազգային ծրագրերի, այս դեպքում՝ Միջազգային բակալավրիատի թարգմանության ու մեզանում դրա ադապտացման միջոցով: Սա լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի այս հաջողված փորձը նաեւ ներդրվի մեր բոլոր դպրոցներում: Այն, որ դպրոցի բացումը հնարավոր է առանց օրենքի փոփոխության՝ մենք միշտ նշել ենք»:
Միքայել Շահինյան. «Նախ՝ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս հայաստանցի երեխաները պետք է սովորեն այդ դպրոցում առանց օրենսդրական այս փոփոխության:
Սցենար 1. Երեխաներին չի տրվում ՀՀ ավարտական ատեստատ: Այս դեպքում պատրաստվում են աշակերտներ, որոնք պետք է միայն արտերկիր գնան սովորելու, եւ ոչ բոլորը կունենան ֆինանսական ռեսուրս դրա համար: Այդ դեպքում ստացվում է, որ այս դպրոցը միտված է լավագույն երեխաներին Հայաստանից դուրս իրենց ապագան շարունակելու նախապատրաստելուն:
Սցենար 2. Երեխաներին, օրենքը խախտելով, տրվում է ՀՀ ավարտական ատեստատ: Թերի հայերենի իմացությամբ երեխաները սահմանափակ հնարավորություններ կունենան ու կմղվեն դուրս՝ ինչպես սցենար 1-ում:
Եվ երկրորդ հարցին ի պատասխան՝ հիշեցնեմ, որ ունենալով բազմաթիվ ապացույցներ, որ ՄԲ դպրոցներ հնարավոր է ստեղծել տարբեր լեզուներով (ոչ միայն անգլերեն, նաեւ՝ իսպաներեն, ֆրանսերեն եւ այլն), մենք բազմիցս կոչ ենք արել «Դիլիջան» միջազգային դպրոցը ստեղծել հայերենի հիման վրա: Այդ քայլը որեւէ կերպ չի կարող գնահատվել որպես ինքնամեկուսացման փորձ ու նաեւ խթան կհանդիսանա հայկական դպրոցի զարգացման համար»:
Էդգար Առաքելյան. «Ռուբեն Վարդանյանին ու նրա թիմակիցներին իսկապես էլ պետք չէին ո՛չ օրենսդրական այս փոփոխությունը, ո՛չ դրա հետեւանքով ի հայտ եկած աղմուկն ու հասարակական բողոքի ալիքը: Կարծում եմ՝ հենց այդ վերջին հանգամանքն էր պատճառը, որ նրանք հանդես եկան այսպիսի նամակով ու հարցականի տակ դրեցին նախագծի շարունակությունը: Նախագծի նախաձեռնողներն ուզում էին ընդամենը դպրոց բացել, բայց ստացան մի բան, ինչն ամենասարսափելի մղձավանջում անգամ չէին կարող տեսնել: Կառավարության կողմից փորձ արվեց որպես դրոշակ օգտագործել «Դիլիջան» դպրոցի նախագիծը՝ օտարալեզու դպրոցների համատարած վերաբացման ծրագիրն առավելագույնս անցավ կյանքի կոչելու համար՝ այդպիսով հարուցելով հասարակության մի ստվար հատվածի զայրույթն ու հակազդեցությունը: Պատահական չէ, որ մի կողմից՝ վարչապետն ու նախագահը հայտարարում էին, թե օրենքի փոփոխությունը բացառապես նպատակ է հետապնդում երկու միջազգային դպրոցներին օրինական դաշտում գործելու հնարավորություն ընձեռելու, մյուս կողմից՝ կրթության եւ գիտության նախարարն օրինագիծ էր ներկայացնում խորհրդարան, որտեղ ի սկզբանե ընդհանրապես սահմանափակումներ չկային դպրոցների քանակի առումով, ապա սկսելով 32-ից՝ ի վերջո նախատեսվող օտարալեզու դպրոցների թիվը հասցվեց 11-ի, բայց ոչ երբեք՝ 2-ի:
Այժմ, երբ ակնհայտ է, որ Դիլիջանի դպրոցի նախագիծն այնքան վարկաբեկված է, որ վաղ թե ուշ պետք է վիժեցվի (ինչը եւ ընդունել են նախաձեռնողները), իսկ մյուս՝ թաիլանդական դպրոցն արդեն իսկ հայտարարել է, թե չի պատրաստվում Հայաստանում նման նախագիծ իրականացնել, առաջ է գալիս ամենակարեւոր հարցը. արդյոք իշխանություններն անամոթաբար կշարունակե՞ն պնդել «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, թե՞ ի վերջո կհասկանան, որ դա ոչ մի տեղ տանող եւ իրենց իսկ համար շատ վտանգավոր ճանապարհ է: Հուսանք, որ նրանց մոտ ամեն դեպքում կգերակայի առողջ բանականությունը»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Aravot.am
2 քննարկումներ
SA HAK SevanDA