ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, July 13, 2010 20:45 - չքննարկված

Մեր պատմության հայելին – 3

Մեր պատմության հայելին - 3

սկիզբը՝ տե՛ս

Սեփական պատմությունից անհրաժեշտ է դասեր քաղել և, ամենակարևորը, ճիշտ եզրակացություններ անել։ Թե չէ, մարդ կա Սևրի դաշնագրի հետ կապված պատմական իրադարձությունները կարդում ու կարդում է, բայց հետո գալիս է այն եզրակացության, որ արցախյան պատերազմի ժամանակ ազատագրված հողերը պետք է տանք, որ լավ ապրենք. դասական օրինակ, թե ինչպես չպետք է հասկանալ կարդացածը։

Ցավոք սրտի հայ քաղաքական միտքը հիմնականում երկու տիպի մոտեցում ունի՝ կա՛մ ծայրահեղ պահանջատեր է, կա՛մ ծայրահեղ քիրվա։ Ընդ որում՝ նրանք միմյանցից տարբերվում են ձևով, բայց բովանդակությունները նույնն է, քանի որ երկուսն էլ պետականազրկության խարանն են կրում իրենց վրա, որը նրանց դարձնում է հակապետական։ Բայց մի էական տարբերություն կա այդ երկուսի միջև. եթե ծայրահեղ պահանջատիրոջ մոտ կա վիրավորված արժանապատվություն, վրեժի ծարավ, կորսված հայրենիքի կարոտ և պետության վերականգնման երազանք (թեկուզև՝ անիրատեսական), ապա քիրվան արժանապատվությունից զուրկ ստրուկ է, ուղն ու ծուծով հակապետական և թերարժեքությամբ տառապող մազոխիստ։ Ուստի՝ ՀՀ անկախ պետության պայմաններում ծայրահեղ պահանջատիրությունը չի կարող դոմինանտ գաղափարախոսություն լինել, բայց քաղաքական դաշտում գոյության իրավունք ունի, ինչը չի կարելի ասել քիրվայականության մասին։ Քիրվայականությունն իր բնույթով հակապետական է և ընդհանրապես տեղ չպետք է ունենա մեր քաղաքական կյանքում, եթե, իհարկե, որոշել ենք պետականության կրող ազգ դառնալ։

Հայ քիրվայականների համար խորթ  է ազգայինը։ Նրանք «հանգիստ» (իմա՝ նվաստացած ու «կզած») կյանքով բավարարվողներ են։ Ազգային իղձերն ու ցանկությունները նրանց վախեցնում են՝ «Սուլթանը կբարկանա» թեմայով։ Իսկ երբ «օդից» պետություն է ընկնում քիրվաների ձեռքերի մեջ, ու թվում է, թե մեջքը կարելի է շտկել, նրանք, միևնույն է, ազգայինը խաղից դուրս են հայտարարում։ Կրկին մեջտեղ է բերվում «հանգիստ» կյանքի գաղափարը։ Սակայն նկատենք, որ ազգային իղձերից զուրկ պետությունները չեն կարող զարգանալ ու իրենց տեղը գրավել աշխարհում։ Բոլոր պետություններն էլ իրենց տեսլականներն են ունեցել և ունեն, և ասել, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է՝ նշանակում է ինքդ քեզ զրկել առաջընթացի մոտիվացիայից։

Անշու՛շտ, անիրատեսական պահանջատիրությունը վտանգավոր է այնպես, ինչպես պողոսնուբարների ծայրահեղ պահանջատիրությունն էր անհեթեթ ու հակապետական, բայց ի վերջո չմոռանանք, որ պահանջատիրության (չափավոր) տիրույթում գործող ուժերի՛ն այնուամենայնիվ հաջողվեց առաջին հանրապետությունը ստեղծել։ Ճիշտ է, եղան աղաղակող թերություններ, բայց եթե առաջին հանրապետությունը չլիներ, ապա թերություններն ընդհանրապես չէին լինի։ Ո՞րն է լավը։

Վերցնենք հենց Թուրքիայի օրինակը։ Օսմանյան կայսրության փլուզման գործընթացը քաղաքական դաշտում դոմինանտ էր դարձրել ծայրահեղ հանձնող Դամաթ փաշայի կողմնակիցներին, իսկ մյուս կողմից՝ Օսմանյան կայսրության «ծովից ծով» սահմանները վերականգնելու գաղափարներով առաջնորդվող երիտթուրքերին։ Երկուսն էլ ի վերջո կործանման էին տանելու Թուրքիան։ Անգլիացիներին ապավինող Փաշան հանձնելու ու լավ ապրելու կողմնակից էր, իսկ երիտթուրքերը ծայրահեղ նվաճողականություն ու ֆաշիզմ էին քարոզում, ինչը նույնպես կործանման էր տանելու  թուրքական պետությունը, քանի որ ծայրահեղ արկածախնդրության դիմած երիտթուրքերն իրենց ծավալապաշտությամբ Թուրքիայի դեմ կհանեին բոլորին։ Եթե չլիներ իրատեսական պահանջատեր Աթաթուրքը, ով  զենքի ուժով գծեց այսօրվա Թուրքիայի սահմանները և  ձևակերպեց թուրքական երազանքն իր «նետերով», ապա այսօրվա Թուրքիան չէր լինի կամ էլ Թուրքիա չէր լինի ընդհանրապես։ Այս օրինակը բերում եմ՝ ցույց տալու համար, որ ազգային երազանքները և կամքը ոչ վերջին տեղն են գրավում հզոր պետություն ունենալու գործում։

. . .

Առաջին հանրապետության շուրջ տեղի ունեցած զարգացումների մասով՝ մի շատ ուշագրավ  երևույթի վրա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել։ Եթե ընթերցեք 1-ին հանրապետության դաշնակցական վարչապետ Սիմոն Վրացյանի անձնական գրառումների որոշ հատվածներ, ապա ձեզ մի պահ կթվա, որ այդ մտքերը հայտնել է ոչ թե «թուրքը մնում է թուրք» և պահանջատիրական մոտեցման հետևորդը, այլ, ասենք, մերօրյա քիրվայականների քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Բանն այն է, որ ազգայնական համարվող Վրացյանը, բոլշևիկյան իշխանության դեմ պայքարում հաջողության հասնելու, սեփական անվտանգությունն ապահովելու և դաշնակցական իշխանությունը վերականգնելու նպատակով, առաջարկում էր շուտափույթ և ամեն գնով սերտորեն համագործակցել թուրքերի հետ։ Նրա մտածողությունը կատարյալ քիրվայական էր դարձել, այնինչ թվում է, թե նման բան չպետք է լիներ։ Սա վկայում էր այն մասին, թե որքան չկայացած էինք մենք ու որքան հեղհեղուկ պատկերացումների կրողներ էին մեր այն ժամանակվա կառավարիչները։ Ի դեպ, հիմա էլ վիճակը նույնն է։

Նրանք, ովքեր չեն կարդացել Վրացյանին, խորհուրդ կտամ դա անել։ Նրա  քայլերը տիպիկ օրինակ են այն բանի, թե ինչպիսի տրանսֆորմացիայի կարող են ենթարկվել մարդու քաղաքական պատկերացումները՝ մի ծայրահեղությունից (ծովից ծով) ընկնելով մյուս ծայրահեղության (քիրվայական) գիրկը։ Իսկ դա հնարավոր է բոլոր այն դեպքերում, երբ համակարգված պատկերացում չունես պետության, հասարակական հարաբերությունների և պետական կառավարման առանձնահատկությունների մասին։

Թե ինչո՞ւ էր այդպես ստացվել Վրացյանի պարագայում, այլ խոսակցության թեմա է։ Միայն արձանագրենք, որ պետության բացակայությունը չէր կարող իր կնիքը թողած չլինել հայ ժողովրդի և նրա քաղաքական ներկայացուցիչների մտածողության վրա, և առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ։ Բնականաբար, չարժե դրանում մեղադրել միայն ՀՅԴ-ին։ Մեր ժողովուրդն, ընդհանուր առմամբ, պատրաստ չեղավ պահել անկախությունը և բոլշևիկացման ենթարկվեց։ Եվ ասել, թե միայն ՀՅԴ-ն է այդ ամենում մեղավորը, օբյեկտիվ չի լինի։

Այն մեղադրանքները, որոնք  այժմ ՀՅԴ-ին տարիների հեռվից ներկայացնում են քիրվայականները, շատ սուբյեկտիվ են. և այդ դեպքում թող նրանք բարի լինեն ու պատասխանեն հետևյալ հարցին՝ հարգելի՛ քիրվայականներ, ո՞ւր էիք դուք առաջին հանրապետության տարիներին։  Եթե ՀՅԴ-ի կառավարումը չէիք հավանում, ապա գայիք ու ինքներդ տիրություն անեիք ՀՀ-ին, այլ ոչ թե թուրքական սուլթանին ենթարկվելն արագ փոխարինեիք ապազգային կոդերի կրող բոլշևիկներին ծառայելու  վարքագծով ու բոլշևիկացման առումով դառնայիք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ։

Ի դեպ, հետաքրքիր կլինի Վրացյանին ընթերցել ոչ միայն պատմական ուսումնասիրության, այլև այսօր տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Եթե հիշում եք, 2008-ի նախընտրական փուլում իշխանությունները «Ղարաբաղը ծախելու» ցանկության համար մեղադրում էին Տեր-Պետրոսյանին և նրա դեմ հակաքարոզչություն անում՝ թուրքական ու ադրբեջանական դրոշները վերջինիս գլխի վերևը ծածանելով։ ՀՀ առաջին նախագահն, ինչ խոսք, իր քիրվայական բնույթի հայտարարություններով ու ծրագրերով այդ էժանագին «PR-տրյուկն» իրականացնելու տեղիք տալիս էր, բայց հարևանների դրոշ ծածանելը հետագայում, ինչպես հայտնի է, լրիվ այլ ենթատեքստ ստացավ, ու իշխանության արածը վերադարձավ իրեն։ Պարզվեց, որ նախընտրական փուլում ընտրողներին ներկայացված «Հանձնող Լևոն» և «Չհանձնող Սերժ» հակադրությունը կեղծ էր, և Սերժ Սարգսյանը, չնչին տարբերություններով, 2008-ի «ընտրություններից» հետո ոչ պակաս քիրվայական վարքագիծ ցուցաբերեց, քան Տեր-Պետրոսյանի դեպքում կունենայինք։ Դե իսկ թուրքական դրոշը, բառիս բուն իմաստով, ծածանվեց ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Սերժ Սարգսյանի՛ գլխավերևում։ Ինչևէ։

Նկատենք, որ քիրվայականները և՛ օսմանյան կայսրության փլուզման, և՛ առաջին հանրապետության, և՛ Սովետական Հայաստանի, և՛ այժմյան փուլում մշտապես հակաանկախական մտածողության կրողներ են եղել։ Քիրվայականներից ոմանք այդպես են մտածում, իսկ ոմանք այդպես չեն մտածում, բայց այդպես ստացվում է՝ ակամայից։ Սակայն նրանց հակաանկախական և, հետևաբար, հակապետական էությունը դրանից չի փոխվում։  Քիրվայականները դեռևս ունեն ստրուկի հոգեբանություն, որը մինչև հիմա չի ընկալում անկախ պետության գաղափարը, իսկ ռազմի դաշտում տարած հաղթանակը համարում է հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ, քանի որ տերերը մի օր հիշեցնելու են ստրուկների անհնազանդությունը, իսկ դա այնքա՜ն վախենալու է քիրվաների համար, ովքեր ենթագիտակցորեն դեռ մտրակի տակ են։

Հայ քիրվան միշտ տեր է փնտրում, քանի որ չի ընկալում ազատությունը։ Դա է պատճառը, որ հենց քիրվայի ձեռքն իշխանություն է հայտնվում՝ նա դառնում է ավտորիտար կառավարիչ։ Քիրվան նմա՛ն ձևով է վրեժ լուծում իր նախկին նվաստացումների համար։

Այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ  ցեղասպանությունից խուսափած և Հայաստանի առաջին հանրապետության ապագային չհավատացող միջին հայ քիրվայի համար թուրքից փախչելն ու ՍՍՀՄ տանիքի տակ հայտնվելը լավագույն տարբերակն էր. փորը շատ թե քիչ կուշտ էր (ավելի վատ օրեր էին եղել), անազատ էր, բայց ոչինչ, ինքը դրան սովոր էր։ Բացի այդ՝ ապազգային բոլշևիկների շվաքի տակ հնարավորություն կար միջին օղակի ղեկավար դառնալ ու բռնություններ կիրառող համակարգում դառնալ ազգային «ես»-ի դեմ պայքարող մոլեռանդ զինվոր։ Հայ թրքաբոլշիկ քիրվան այդ կերպ փախչում էր իր ազգային «ես»-ից ու մտածում, որ տարալուծվելով այլ ազգերի մեջ՝ անճանաչելի կդառնա նախկին տիրոջ կողմից ու կապահովագրի իր կյանքը։

Թուրքական լծից փրկվածների համար բոլշևիկյան Ռուսաստանը երկրային արքայություն էր։ Ճիշտ է, ստալինյան ճամբարներում նույնպես յուրօրինակ ցեղասպանություն կար, բայց դա արվում էր ոչ թե ազգային պատկանելության հողի վրա (օրինակ՝ հայ լինելու), այլ հակակոմունիստ կամ հակասովետական լինելու համար, իսկ դա վտանգավոր չէր, չնայած այն հանգամանքին, որ սովետական բռնություններին զոհ գնացին նաև բազում հայեր, որոնք մի կերպ էին փրկվել թուրքական յաթաղանից։ ՍՍՀՄ տարիներին կյանքը պահպանելու համար անհրաժեշտ «բոլշևիկյան կոսմոպոլիտիզմը»՝ կոմունիզմին նվիրվելու կամ նվիրված ցույց տալու տեսքով խաղուպար էր թվում։ Ղուկասղուկասյանականությունը զուտ հայկական երևույթ է, որը տիպային  թրքաբոլշևիզմ է։

Հայ քիրվան շիկահեր նոր «պապա» էր գտել ու համարում էր, որ այդ «պապան» է թուրքից փրկություն ապահովող երրորդ ուժը, որի մասին այդքան երազել էին դարեր շարունակ։

ՍՍՀՄ-ը հայ կղերապահպանողական քիրվայի համար ցանկալի հանգրվան էր նաև այն պատճառով, որ նա ազատված էր պետության անվտանգություն ապահովելու, արտաքին քաղաքականություն վարելու և օրենքներ ընդունելու  «գլխացավանքներից»։ Եթե սրան ավելացնում ենք նաև այն, որ սովետները, իրենց արտաքին քաղաքական շահերից ելնելով,  կղերապահպանողական հայ մտավորականությանը թույլատրում էին սրտի ուզածի չափով թուրքերին հայհոյել՝ ցեղասպանություն իրականացնելու համար, և դա անել առանց վախի, քանի որ մեծ եղբայրը կար, ապա կարելի է ասել, որ Սովետական Միության շրջանը մի ուրիշ նշանակություն ուներ և ունի հայ ժողովրդի համար, քան սովետական մյուս ժողովուրդների։

Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այսօր թաքուն կամ բացահայտ երազում է ՍՍՀՄ-ի մասին, բայց այդտեղ միայն կուշտ կյանքի և որոշակի սոցիալական ապահովվածության կարոտը չէ որպես մոտիվ ծառայում։ Անվտանգության և վախի հետ կապված մտահոգություններ կան, որոնք հուզում են մեր հասարակությանը, և երբ շատերը հասկանում են, որ Սովետի վերականգնումը հնարավոր չէ՝ վախից նետվում են  քիրվայության գիրկը. անվտանգության բնազդն է դա, որը նորմայից շեղվել է։ Այս երևույթը սոցիալ-հոգեբաններն անվանում են ինքնաոչնչացման միտված մազոխիզմ կամ  «շվեդական սինդրոմ», երբ զոհն իր փրկությունը տեսնում է դահիճի տանիքի տակ կամ առնվազն դահիճի հետ լավ հարաբերությունների գնով՝ պատրաստ լինելով մոռացության տալ նախկին զրկանքները, միայն թե հանգիստ ապրի, բայց, ինչպես գիտեք, ստանում է «հանգստություն»։ Այս մտածողությունը, ցավոք սրտի, քիրվայականների մոտ չվերացավ նաև արցախյան փառահեղ հաղթանակից հետո։

. . .

1994-ից հետո հայ հասարակությանը հետևողականորեն նախապատրաստում են զիջման ու պարտության, ի հակառակ ադրբեջանական հասարակության, որտեղ մանկապարտեզից մինչև ծերանոց պատրաստվում են ռևանշի և նվաճողականության։ Ասել է թե՝ մենք այդ առումով ասիմետրիկ հասարակություններ ունենք։

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քիրվայականները, միջազգային գրանտներով «խաղաղասիրություն» քարոզող հասարակական կազմակերպությունները և մերօրյա ղուկասղուկասյանները, որոնք հաճույքով հողեր հանձնելուց են խոսում, ներսից քանդում են  մեր պետությունը և հինգերորդ շարասյան գործառույթ կատարում։

ՀՀ գործող իշխանությունը կանաչ լույս վառեց քիրվայականների համար և մենք տեսանք, որ նրանք  խավարասերների նման, իրենց բներից դուրս էին եկել ու հիմա վխտում են հեռուստաեթերում և ամենուրեք։

Քիրվայականների խրախճանք կարելի է համարել 2008-ից հետո ստեղծված իրավիճակը, որովհետև և՛ իշխանությունը, և՛ տիտղոսային համարվող տերպետրոսյանական ընդդիմությունը նույն գաղափարական դաշտում են գործում և դրանով իսկ փակել են քաղաքական դաշտի ողջ սպեկտրը, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ սերժալևոնական «ֆուտբոլը» լրիվ ձախողվեց, ու երկուսն էլ դարձան քաղաքական դաշտի «կաղ բադիկներ», որոնց դոմինանտությունը իներցիոն բնույթ է կրում։

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը, կարելի է ասել, նախապատրաստվել էր մեր պետության անկախության առաջին օրերից սկսած։ Այժմ վերջապես այդ քաղաքական կոդերն արժեզրկվում են կայծակնային արագությամբ, և հնարավորություն է ստեղծվել նոր պարադիգմաներ ձևավորելու։ Սարգսյանն, անկախ իր կամքից, ոչնչացրեց տերպետրոսյանական գաղափարները։ Ճիշտ է, մեծ հաշվով, ինքն էլ խաղից դուրս մնաց, բայց հասցրեց իր հետ տանել 2008–ի աթոռային մրցակիցներին։

Շատերը վերջապես հասկացան, որ «հանգիստ» ապրելու գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնակործանում, պատերազմ և պարտություն։ Հանգիստ և արժանապատիվ ապրելու համար հարկավոր է ճիգեր գործադրել և ձերբազատվել զոհի ու թերհասի բարդույթից։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ