ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, July 13, 2010 21:50 - չքննարկված
ՈՎ Է ԹԱԼԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ
Պիեռ Ֆաթուշը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ ստորագրեց գաղտնի պայմանագիր…
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ ԼՂՀ միակ բջջային օպերատոր Ղարաբաղ-տելեկոմի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսը վերջակետ չդրեց բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ սոցիալական ցանցերում սկսվեց բողոքի ակցիա ընդդեմ Ղարաբաղ Տելեկոմի սոցիալական քաղաքականության` “Ոչ թալանին” կարգախոսով: Մարդիկ դժգոհ են ՂՏ-ի գնային քաղաքականությունից` Ղարաբաղում ծառայություններն արժեն շատ ավելի թանկ, քան Հայաստանում, ու նաեւ ինտերնետի որակից: Դժգոհությունն ամրապնդվում էր նրանով, որ ընկերությունը Ղարաբաղում իրականացնում էր խոշոր բարեգործական ծրագրեր, եւ Ղարաբաղի բնակչությունը, ստիպված լինելով ահռելի գումարներ վճարել հեռախոսի համար, բողոքում էր, որ “Ռալֆ Երիկյանը բարեգործ է հռչակվում ժողովրդի հաշվին”:
Մամուլի ասուլիսի ընթացքում Ռալֆ Յիրիկյանը խոստացավ, որ առաջիկա ամիսներին կփոխվի թե գնային քաղաքականությունը, թե ինտերնետի որակը: Սակայն, նույնիսկ դա վերջակետ չդրեց բոլոր հարցերին, թերեւս այն պատճառով, որ այդ գործում ավելի քաղաքականություն է, քան տնտեսություն:
Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը ղարաբաղյան շուկա է մտել 2002 թվականին եւ այդ ընթացքում հասցրել է կատարել 38 միլիոն դոլարի ներդրում: Ընկերությունը Ղարաբաղում բջջային կապ անցկացրեց, ֆիքսված հեռախոսակապը թվայնացրեց, ապահովեց ինտերնետ: Այժմ Ղարաբաղում ֆիքսված հեռախոսակապի 24 հազար բաժանորդ կա, 60 հազար բջջային բաժանորդ եւ հազար ինտերնետ օգտագործող:
Ղարաբաղի չճանաչվածությունն իր ազդեցությունն է թողնում գների եւ ինտերնետի որակի վրա, ինչպես հայտարարել է Յիրիկյանը, ՂՏ-ն ստիպված է գնել արբանյակային ինտերնետ, որը թանկ արժե: Այժմ անցկացվում է մանրաթելային մալուխ, եւ շուտով Ղարաբաղում կլինի նաեւ անլար ինտերնետ: Այդ ամենը կապված է քաղաքական հարցերի հետ, բայց կան նաեւ անձնականները:
2002 թվականին ՂՏ-ի սեփականատեր Պիեռ Ֆաթուշը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ ստորագրեց գաղտնի պայմանագիր, որի համաձայն, ինչպես ասում են, ՂՏ-ն ստացավ կապի ոլորտի մենաշնորհ, իսկ նշված անձինք` բաժին ընկերության եկամտից: Ասում էին նաեւ, որ եկամուտ ստացողների շրջանում կան նաեւ այլ դեմքեր, բայց նրանց անունները չեն բարձրաձայնվում: Համենայն դեպս, հատկապես դրանով է պայմանավորված ընկերության գնային քաղաքականությունը փոխելու ղարաբաղյան կառավարության պահանջի ցանկության բացակայությունը:
Դրա հետ մեկտեղ, ղարաբաղցիների դժգոհությունն ուղղված էր ոչ թե կառավարությանը, որը պարտավոր է հետեւել գներին եւ ինքնարժեքին դրանց հարաբերակցությանը, այլ ընկերության անփոփոխ ղեկավար Ռալֆ Յիրիկյանին: Մամուլի ասուլիսում Յիրիկյանը հայտարարեց, որ լինելով ՎիվաՍելի տնօրեն, ղարաբաղ Տելեկոմում աշխատում է հասարակական հիմունքներով, առանց աշխատավարձի: Նա նաեւ չի հանդիսանում ընկերության բաժնետեր եւ չի ստանում դիվիդենտներ:
Ով եւ ինչու է բողոքն ուղղել անձամբ Յիրիկյանի դեմ, անհասկանալի է, թեեւ կարելի է ենթադրել, որ դա արել են կամ նրանք, ով կցանկանար դառնալ ընկերության բաժնետեր, այսինքն ԼՂՀ ներկայիս իշխանությունը եւ այլ անձինք, կամ պոտենցիալ մրցակիցները: Պատահական չէ, որ հենց բողոքի պահին ի հայտ եկան խոսակցություններ այն մասին, որ Ղարաբաղում շուտով կարող է ի հայտ գալ երկրորդ բջջային օպերատորը` ֆրանսիական Օրանժը: Պատասխանելով իրադարձությունների այդպիսի զարգացման հավանականության մասին հարցին, վարչապետ Արա Հարությունյանը չի հերքել լուրերը, այլ ասել է, որ քաղաքականապես դա կլինի բարդ գործընթաց:
Ղարաբաղում ողջունում են նոր օպերատորի ի հայտ գալը, որը կարող է, ինչպես Հայաստանում, ստեղծել մրցակցություն, ինչը կբերի թե որակի աճին, թե գների նվազմանը: Բայց մարդիկ ասում են, որ կուզենային այդ հարցում լիարժեք պարզություն տեսնել: Եթե կառավարությունն իսկապես համարում է, որ Ղարաբաղ Տելեկոմը, որի դուստր, ի դեպ, հանդիսանում է ՎիվաՍելը, չի կատարում պարտավորությունները, թող այդ մասին բաց հայտարարի եւ ասի, որ ընկերությանը զրկում է մենաշնորհից: Մյուս կողմից, եթե ինտերնետի եւ բջջային կապի գինը այս տարիներին եղել են չհիմնավորված, եթե ժողովրդին իրապես թալանել են, ապա պետք է գտնել իրապես մեղավորներին եւ պահանջել, որ նրանք վերադարձնեն ապօրինի հավաքած գումարները:
Բայց կառավարությունն ու Ղարաբաղ Տելեկոմը կոչ են անում չնայել հետ եւ նայել առաջ: Նման մոտեցումը չի կարող կասկած չառաջացնել այն մասին, “որ այստեղ ամեն ինչ չէ, որ մաքուր է”: Կասկածները նույնիսկ պառակտում մտցրեցին ղարաբաղյան երիտասարդության մեջ. Ակցիայի մասնակիցների մի մասը մյուս մասին կասկածում է գործարքի մեջ (կամ նոր կառավարության, կամ “մրցակից ֆիրմայի” հետ): “Կասկածող” մասը ենթարկվում է սպառնալիքների` բանը հասել է նույնիսկ քաշքուշկի: Եվ ամենն այն պատճառով, որ կան կասկածներ, որ ինչ որ մեկը փորձում է, օգտվելով երիտասարդների նախաձեռնությունից, իրականություն դարձնել իր պլանները:
Ակցիայի մասնակիցները գոհ են` նրանք հասան գներն իջեցնելու եւ որակը բարձրացնելու խոստման: Այդուամենայնիվ, հարցերին վերջակետ դրված չէ, իսկ դա նշանակում է, որ կասկածները մնում են: Ժամանակը ցույց կտա, թե ինչու որակի եւ գների հարցը ծագեց հենց այժմ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ