ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, July 12, 2010 9:23 - չքննարկված
ԿԵՐՈՍԻՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԸ
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում հայտարարեց, թե Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքից հետո միացյալ նահանգները պետք է նվազեցնեն կախվածությունը ածխաջրածիններից: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները կզարգացնեն միջուկային բաղադրիչը: Դա համապատասխանում է էկոլոգիական ստանդարտները խստացնելու համաշխարհային միտումներին: Ավելի մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ էներգիայի այլընտրանքային տեսակների զարգացմանը:
Այն մասին, որ “կերոսինայինների” դարաշրջանն ավարտվել է, սկսեցին խոսել Բուշ ընտանիքի հեռանալուց հետո, որի օրոք ածխաջրածնային էներգետիկան հասավ իր գագաթնակետին: Բուշի հեռանալուց մի քանի ամիս առաջ նավթի գները կտրուկ աճել էին եւ նույնքան էլ կտրուկ անկում ապրեցին Օբամայի ընտրվելուց հետո:
Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ “կերոսինայինները” երկար ժամանակ խոչընդոտում էին էլեկտրոմոբիլների, էներգիայի այլընտրանքային այլ աղբյուրների զարգացումը, գնելով պատենտը եւ թույլ չտալով դրանց արտադրությունը: Ներկայում այդ քաղաքականությունն ավարտվել է, եւ եվրոպայում արդեն ձեռնամուխ են եղել էլեկտրոմոբիլների փորձնական արտադրությանը: Բացի այդ, Մեքսիկական ծոցի վթարը լավ առիթ դարձավ` նախկինում անձեռնմխելի Բրիթիշ Փեթրոլեումին սաստելու, որը երկար ժամանակ հանդես էր գալիս որպես աշխարհքաղաքականության առանցք:
Նման, թվում է զուտ տեխնոլոգիական իրադարձությունների, զարգացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ աշխարհքաղաքականության վրա: Ռուսաստանը, որ ապրում ու քաղաքականություն է անում բացառապես խողովակներով ու ածխաջրածիններով, կարող է պատահաբար հայտնվել աշխարհքաղաքականության հետնաբակում եւ դառնալ ոմն համաշխարհային տայգա` արջերով: Ճիշտ է, դա առաջիկա 10 տարիներին տեղի չի ունենա, սակայն աշխարհքաղաքականությունը խորհում է ոչ թե 10, այլ զգալիորեն ավելի երկարատեւ ժամկետներով:
Իրավիճակը խորանում է նրանով, որ Լեհաստանում հայտնաբերել են թերթաքարի գազի հսկայական պաշարներ, եւ եթե դրանք արդյունահանվեն, Ռուսաստանի թե քաղաքական, թե տնտեսական գործերը կբարդանան:
Այդքան էլ լավ հեռանկար չի սպասվում հարեւան Ադրբեջանին: Պատահական չէ, որ Բրիթիշ Փեթրոլեումի ղեկավարը որոշել է այցելել Բաքու: Թեեւ հայտարարվել էր, թե ընկերությունը չի վաճառի իր ակտիվներն Ադրբեջանում, սակայն տեղեկությունն այն մասին, որ Բաքուն համաձայնել է կրկնապատկել գազի արդյունահանումը, որը հեռանկարում վաճառելու է Ռուսաստանին, խոսում է այլ բանի մասին:
Գազպրոմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնել Ադրբեջանի արտադրած ողջ գազը եվրոպական գներով: Ադրբեջանը ի սկզբանե առաջարկում էր 500 մլն խմ գազ, հետո` 1 մլրդ, ներկայում` 2 մլրդ խմ:
Ներկայում Ադրբեջանում British Petroleum-ի ներդրումները կազմում է մի քանի միլիարդ դոլար:
Հետաքրքիր է, որ ադրբեջանական գազի պոտենցիալ ներկրողներից Իսրայելը նույնպես հայտարարել է թերթաքարի գազի հանքերի առկայության մասին: Հատկանշական է, որ Իլհամ Ալիեւին ուղղված նամակում Օբաման Ադրբեջանը նշել էր ոչ թե որպես էներգակիրների կարեւոր մատակարար, այլ տրանսպորտային միջանցք դեպի Աֆղանստան:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ