ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, July 11, 2010 4:47 - չքննարկված

Սկսվում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը

Հուլիսի 11-ին, մեկնարկում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում մրցութային եւ արտամրցութային ծրագրերով կներկայացվի ֆիլմերի լայն ընտրանի: Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող հավատալ, թե կգա մի օր, երբ ֆիլմերի հայտերն այնքան շատ կլինեն, որ կազմակերպիչները կընտրեն բացառապես լավագույն ֆիլմերը: Լավագույն ֆիլմեր են, թե պատահական ընտրություններ, պարզ կլինի մի քանի շաբաթից, երբ կինոյի սիրահարները կգնահատեն այս տարվա փառատոնի ֆիլմերի ընտրանին:

«Մայրիկն» ու իր հյուրերը

Անրի Վերնոյի «Մայրիկը» փառատոնի մեկնարկային ֆիլմն է. այս տարի լրանում է հայազգի ռեժիսոր Վերնոյի 90-ամյակը, եւ կազմակերպիչներն այդպես են հայտնում իրենց երախտագիտությունը: Իսկ 90-ամյակը Հայաստանին մի քանի ցանկալի հյուրեր կբերի. 3 օրով փառատոնի հյուրը կլինի 72-ամյա կինոլեգենդ Կլաուդիա Կարդինալեն, ով անցած դարի իտալական կինոյի ամենավառ աստղերից է: Նա նկարահանվել է «Մայրիկ» ֆիլմում: Պատվավոր հյուրերի ցանկում է նաեւ Անրի Վերնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը:

Ոչ ոք չի մոռացվել

Այս տարի հարգանքի տուրք կմատուցվի նաեւ հայ կինոյի մի քանի նվիրյալների. փառատոնը կտոնի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի եւ Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբելյանները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, ինչպես նաեւ կյանքի 75-րդ տարում ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը: Փառատոնի նախագահ, հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի 50-ամյակն էլ կնշվի հենց նրա մասնակցությամբ:

Պրեմիերաներ

Այս տարի «Ոսկե Ծիրանը» հանդես է գալիս մի շարք հնչեղ պրեմիերաներով` Քշիշտոֆ Զանուսին հանդես կգա իր «Փոխայց» ֆիլմով: Սերգեյ Սոլովյովն անձամբ կմասնակցի իր «Համադասարանցիներ» ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Հանդիսատեսի ուշադրությանը կարժանանան նաեւ Միխայել Հանեկեի «Սպիտակ ժապավենը», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» մոքյումենտարի ոճով նկարահանված դրաման, թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոցը», ինպես նաեւ ամերիկացի Ռոբ Նիլսոնի «Ոգեշնչվածը» ֆիլմերը եւ Բեռլինի կինոփառատոնում գլխավոր «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմը:

Կցուցադրվեն կորեացի Լի Չան Դոնի ծեր կնոջ կյանքի վերջին օրերի մասին պատմող «Պոեզիա» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Յան Կունենի «Կոկո Շանելը եւ Իգոր Ստրավինսկին» ֆիլմը, որը պատմում է լեգենդար դիզայների ու կոմպոզիտորի հանդիպման ու հանրահայտ «Chanel 5» օծանելիքի ստեղծման մասին:

Տոմսի արժեքը` 300 դրամ

Ինչպես միշտ այս տարի էլ ֆիլմերի դիտման տոմսերը կարժենան ընդամենը 300 դրամ: Այս տարի կվերականգնվի մի քանի տարի առաջ կիրառված բացօթյա ցուցադրությունների ավանդույթը: «Երեւանյան գիշերներ» ծրագիրը նախատեսվում է անցկացնել «Պողոսյան այգիներ» պուրակում: Լինելու են նաեւ ակումբային ցուցադրություններ:

Ջազ + կինո

Փառատոնի այս տարվա առանձնահատկություններից է լինելու նաեւ զուգահեռ անցկացվող ջազ-մրցույթը` «Ջազ-կինո» խորագրով: Փառատոնի օրերին ամեն երեկո Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հանդես կգան ջազ խմբեր: Ժյուրիի կազմում է հանրահայտ ջազմեն Լեւոն Մալխասյանը: Ստեղծվել է մրցութային ֆոնդ (6000 դոլար), որն էլ կհանձնվի լավագույններին:

Աստղային ճեմուղին

Այս տարվա հետաքրքիր իրադարձություններից է լինելու նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ բացվելիք Աստղերի ճեմուղին: Ճեմուղու առաջին չորս աստղերը կկրեն համաշխարհային կինոյի պատմության մեջ մտած ռեժիսորների` Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի եւ Անրի Վերնոյի անունները: Աստղերի ճեմուղու ճարտարապետն է Համլետ Խաչատրյանը: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ ամեն տարի ճեմուղում կավելանա 3-4 աստղ:

Ժյուրին

«Ոսկե Ծիրան» 2010-ի միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի իսլանդացի ռեժիսոր, Իսլանդիայի ամենամեծ կինոընկերության ` «Film corporation»-ի հիմնադիր Ֆրիդրիխ Թոր Ֆրիդրիքսոնը: Ժյուրիի կազմում են ամերիկացի ռեժիսոր, թվային կինոնկարահանման «Direct action» ոճի ստեղծող Ռոբ Նիլսոնը, թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն, ինչպես նաեւ ծագումով հայ կինոքննադատ, գրող, կինոռեժիսոր, Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոնի հիմնադիր, բրազիլացի Լեոն Կակոֆը (Լեոն Շատարեւյան) եւ ռուս կինոքննադատ Անդրեյ Տարկովսկու անվան Իվանովոյի «Հայելի» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Սերգեյ Լավրովը:

Խաղարկային ֆիլմերի մրցույթը

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ուշագրավ են հատկապես թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի` Կարսում նկարահանված «Կոսմոս», ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի` Կաննի մրցութային ծրագրում ներկայացված «Իմ ուրախություն», Խավիեր Ռեբոլոյի «Կինը առանց դաշնամուրի», Պաս Ֆաբրեգայի «Ծովի պաղ ջուրը» ֆիլմերը:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված են նաեւ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմերը: Այս ֆիլմերը ընդգրկված են նաեւ «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Հայկական համայնապատկեր

«Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդհանուր չափանիշը հեղինակների հայազգի լինելն է: Ֆիլմերի ժանրերն ու տեւողությունը տարբեր են: Մրցույթին ներկայացվել են լիբանանահայ ռեժիսոր Վաչե Բուլղուրջյանի «Հինգերորդ զորասյունը» կարճամետրաժ ֆիլմը, որը Կաննում հատուկ մրցանակի է արժանացել, վենեսուելացի Հայկ Ղազարյանի «Վենեսիա», լիտվացի Մարատ Սարգսյանի «Լեռնավան», ամերիկացի Քառնի Բաղդիկյանի «Հեղինակներ», Արմեն Խաչատրյանի «Ես ապրում եմ», Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքեւում» ֆիլմերը:

Մրցույթի ժյուրիի նախագահն է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինյան տեսախցիկ» մրցանակի դափնեկիր Արմեն Մեդվեդեւը:

Մրցութային այս ծրագրում ուշագրավ են Պետեր Կերեկեշի «Պատմություն եփելով», Էրիկ Ֆրիդլերի «Աղետ», Պավել Կոստոմարովի «Միասին» վավերագրական ֆիլմերը: Այս ցանկում ընդգրկված միակ հայկական ֆիլմը Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն»-ն է:

Ամփոփում

Փառատոնի բացման եւ փակման արարողությունները կվարի ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավեդիքյանը: Նրա «Շների կղզի» նոր կարճամետրաժ ֆիլմով էլ հուլիսի 18-ին կամփոփվի «Ոսկե Ծիրանը»:

Ի դեպ, «Ոսկե Ծիրան» փառատոնի այս տարվա հյուրը կլինի նաեւ EuroNews հեռուստաալիքի տնօրեն Ֆիլիպ Քայլը: Ըստ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի` EuroNews-ը «Ոսկե Ծիրան»-ը լուսաբանում է Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի փառատոններին հավասար:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ