ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, July 8, 2010 19:45 - չքննարկված

Քաղաքապետը Գլենդելի անցուդարձից է պատմում անտեղյակ երևանցիներին, իսկ իրականում ինքը տեղյակ չէ այդ քաղաքի անցուդարձից… (կմեկնաբանվի հուլիսի 9-ին):

ՀԱՅԵՐԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՏՈՍՅԱՆԻ

Պատմում է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը

Այս օրերին Հայաստանում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի ամենահայկական քաղաքիՙ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, որի հետ մեր հարցազրույցը ընթացավ տարբեր երկրներից եւ տարբեր ժամանակներում այս քաղաք բնակության եկած մեր հայրենակիցների եւ ընդհանրապես ամերիկահայության կացության, Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերությունների ու դրանց առնչվող այլ հարցերի շուրջը: Արա Նաջարյանին նախ խնդրեցինք պատմել, թե հասարակական եւ քաղաքական գործունեության ի՞նչ ճանապարհ է նա անցել մինչ քաղաքապետ դառնալը:


– Ծնվել եմ Օհայոյի նահանգում: Լոս Անջելես եմ տեղափոխվել 1980-ին, ավարտել եմ Օքսիդենտալ քոլեջը, դասընկեր էի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ապա Կալիֆոռնիայի համալսարանում փաստաբանի մասնագիտություն ստացա: Հասարակական-քաղաքական գործունեությունը սկսեցի 1996-ից, երբ 6 տարի Գլենդեյլի քաղաքի տրանսպորտի հանձնախմբում էի, որից 2 տարին հանձնախմբի նախագահն էի: Այնուհետեւ Գլենդեյլի համալսարանի խնամակալ մարմնի նախագահն էի: 2005-ին մասնակցեցի քաղաքային խորհրդի ընտրություններին, որտեղ ընտրվում է 5 հոգի, եւ ամենաշատ ձայները հավաքեցի: Յուրաքանչյուր տարի այս 5 անդամները որոշում են, թե իրենցից ով պետք է 1 տարով լինի քաղաքապետ: Առաջին անգամ քաղաքապետ ընտրվեցի 2007-ին: Հաջորդ ընտրությունները 2009-ին էին: Ես նորից ամենաշատ ձայները հավաքեցիՙ ընտրվելով քաղաքային խորհրդի անդամ, իսկ 2010-ի ապրիլից դարձյալ քաղաքապետ ընտրվեցի 1 տարի ժամկետով:

– Գլենդեյլի քաղաքապետարանի վերջին ընտրությունների ժամանակ հայերը կորցրեցին իրենց տեղերը քաղաքային խորհրդում: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Գլենդեյլը 250 հազար բնակիչ ունի, որից 100 հազարը հայեր են: Մոտ 80 հազար ԱՄՆ քաղաքացիներ հանդիսացող հայերը կարող են 30 հազար քվե տալ: Դա լուրջ թիվ է: 1999-2005-ը մենք մշտապես հաջողություն էինք ունենում, որովհետեւ հայ թեկնածուները շատ չէին, եւ 2-3 հայ թեկնածուները հաջողությամբ ընտրվում էին քաղաքի խորհրդում: Օրինակՙ 2005-ին քաղաքային խորհրդի 5 անդամներից 3-ը հայեր էին:

Աստիճանաբար, սակայն, հայ թեկնածուները շատացան եւ անգամ մինչեւ 9-ի հասան 2005-ին ու արդեն հաջորդՙ 2007-ի ընտրությունների ժամանակ երկար տարիներ քաղաքային խորհրդում ընտրված Րաֆֆի Մանուկյանը չընտրվեց: 2009-ին չընտրվեց նաեւ 8 տարի քաղաքային խորհրդում եղած Բաբ Յուսեֆյանը: Նրան չբավարարեց ընդամենը 800 ձայն: Դարձյալ 9 հայ թեկնածուներ կային, որոնց թվումՙ մարդիկ, որոնք չունեին փորձ եւ ճանաչում, անգամ լեզվի լավ իմացություն, բայց հարազատների եւ ծանոթների վրա հույսը դնելով, իրենց թեկնածությունն էին դնում: Այսինքն, մեր ձայները բաժանվեցին եւ այլ ազգային համայնքներըՙ ֆիլիպինցիները, կորեացիները, գերմանական եւ անգլոսաքսոնական ծագում ունեցողները տեսան, որ հայերը լավ կազմակերված չեն: Եվ 2009-ի ընտրություններից հետո 5 հոգանոց քաղաքային խորհրդում միայն ես եմ հայ:

– Իսկ դրանից ինչ-որ հետեւություններ անո՞ւմ են Գլենդեյլի հայ համայնքում: Ասո՞ւմ եք այդ մարդկանց, որ եկեք միասնական հանդես գանք եւ տեղեր չկորցնենք:

– Հայերը շատ ամբիցիոզ են, եւ շատ դժվար է ասել մեկին, որ դեռ քո ժամանակը չէ ընտրություններին մասնակցելու: Նրանք ցանկանում են ամեն ինչ եւ այսօր:

– Դուք ո՞ր կուսակցությունն եք ներկայացնում:

– Ես հանրապետական եմ, բայց քաղաքային ընտրությունների ժամանակ ընտրությունն ավելի շատ անձերի պայքար է:

– Դուք Օհայոյում եք ծնվել եւ լավ խոսում եք հայերեն: Հետաքրքրական է, երրորդ-չորրորդ սերնդի ամերիկահայերի ո՞ր մասն է իրեն հայ զգում, խոսում հայերեն:

– Կան երիտասարդներ, որոնք ոչ հայերեն են խոսում, ոչ էլ իրենց հայ են զգում: Սրանց հակառակ կան նաեւ նրանք, ովքեր մաքուր հայերեն են խոսում, իրենց հայ են համարում: Իսկ գերակշիռ մասը նրանք են, որ իրենց հայ են զգում, բայց հայերեն լավ չգիտեն եւ փորձում են սովորել: Լոս Անջելեսում հայ մնալն ավելի հեշտ է: Այնտեղ հայկական դպրոցներ կան, թերթեր, հեռուսատատեսություն, եկեղեցի եւ այլն:

– Իսկ Գլենդեյլում եւ ընդհանարապես Լոս Անջելեսում ներհամայնքային հարաբերություններն ինչպիսի՞ն են: Ասենք, լիբանանահայերը հայաստանցիների հետ կամ հին ամերիկահայերը պարսկահայերի հետ շփվո՞ւմ են:

– Գլենդեյլի հին հայերն անշուշտ ուրախ են, որ հայերի թիվն ավելացավ քաղաքի մեջ: 70-ականներին լիբանանահայերի մեծ հոսք եղավ Գլենդեյլ, ավելի ուշՙ պարսկահայերի: Վերջին 15-20 տարում Հայաստանից եկած հայերը շատացան: Նրանք իրենց մտածելակերպով, ավանդույթներով, կենսամակարդակով, անգամ խոհանոցով տարբեր են: Ակնհայտ է, որ հայերը գեղեցկացրին եւ աշխուժացրին Գլենդեյլը: Մենք բոլորս միասնական ենք նշում ապրիլի 24-ը, Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, միասին ենք գնում հայ երգիչների համերգներին: Այո, լիբանանահայերը, պարսկահայերը, հայաստանցիներն ու մյուս տեղերից եկած հայերը միմյանց հետ շփվում են, հաճախում միմյանց ակումբներ, գործնական կապեր ունենում:

– Հայաստանից եկածներն ինչպե՞ս են համակերպվում ամերիկյան օրենքներին:

– Օրինակ, անընդհատ լինում է, երբ հայերը տուն են կառուցում, առանց քաղաքում ընդունված նորմերը պահպանելուՙ հարկեր, քարի տեսակ, գույն եւ այլն: Մարդկանց մարմնական վնաս պատճառել, զենք գործածել, ծեծել եւ նման այլ քրեական հանցագործությունների մեջ հայերը չկան կամ շատ քիչ են: Ավելի շատ հանդիպում են ֆինանսական խարդախություններըՙ կրեդիտ քարտերի, ապահովագրման եւ այլ ոլորտներում:

– Ինչպե՞ս եք խրախուսում հայ երիտասարդներինՙ ընդգրկվելու ամերիկյան քաղաքական կյանքում:

– Ամենակարեւորը ակտիվ լինելն ու նեղ ազգային շրջանակներից դուրս գալն է: Քաջալերում ենք, որ ընդգրկվեն տարբեր հասարակական գործունեությունների մեջ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ հայերը լավ գործիչներ են, լավ կրթված եւ լավ գործեր անող:

– Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել այստեղ այդ ընթացքում:

– 7 տարի առաջ էի եկել Երեւան: Այս ընթացքում դրական մեծ փոփոխություններ տեսա, ավելի բարեկարգ եւ ավելի աշխույժ է դարձել քաղաքը: Հայաստանում եղել եմ 4 անգամՙ 1986-ին, 2002-ին, 2003-ին եւ հիմա: Եկել եմ տղայիս հետ, որը 15 տարեկան է, լողորդ է եւ 1 շաբաթ մարզվում է Ծաղկաձորում: Նա առաջին անգամ է Հայաստան եկել եւ ցանկություն ունի եկող տարի ավելի երկար ժամանակով գալու այստեղ:

– Հայապահպանման համար ի՞նչն եք առավել կարեւոր համարում: Ի՞նչ քայլեր է կատարում Հայաստանի Հանրապետությունը եւ ի՞նչ պետք է անի:

– Հայապահպանման լավագույն ձեւը, կարծում եմ, տարին գոնե 1 շաբաթով Հայաստան գալն է: Այստեղ եկած հայը լսում է հայերենը, ամրապնդվում է հայ լինելու ինքնագիտակցությունը, տեսնում է հայ կյանքը, Մասիսներն ու Սեւանը: Այդ ամենը վստահություն եւ հավատ է տալիս նրան: Այս առումով կարեւոր եմ համարում սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը, համահայկական խաղերը եւ այլ միջոցառումները: Պետք է ավելի ակտիվ ներկայացնել Հայաստանը Սփյուռքում, ավելի շատ հայերի ներգրավել համահայկական ծրագրերում, խրախուսել, որ արտերկրի հայերն այստեղ բիզնես սկսեն: Դրանից կշահեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Սփյուռքը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ