ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, July 5, 2010 19:16 - 7 քննարկում

Մեր պատմության հայելին – 2

Մեր պատմության հայելին – 2

Մեր պատմության հայելին - 2

սկիզբը՝ տե՛ս

1991-ի անկախությունից հետո Հայաստանում իշխանության եկան հիմնականում հակաանկախական՝ կղերապահպանողական ու քիրվայական կոդերի կրող գործիչները: Այդպես ստացվեց, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեն էր ղեկավարում 88-ից սկսած շարժումը, իսկ կոմիտեում հիմնականում հակաանկախականներ էին հավաքվել, որոնց մեջ, ըստ լավատեղյակների, կային նաև Սովետական ԿԳԲ-ի գործակալներ, բայց մեզ տվյալ դեպքում դա չի հետաքրքրում։

Ճիշտ է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից համարյա բոլորը 1990-ից սկսած դարձան անկախական, բայց դրանից երկու տարի առաջ այդպես չէր։

Տեղին է հիշեցնել, որ շարժման սկզբնական փուլում հիմնական կարգախոսներից էր «Լենին, Պարտիա, Գորբաչովը»։ Համաձայնե՛ք, որ այսպիսի կարգախոսով անկախական շարժում չի լինում։ Սակայն այդօրինակ կարգախոսների առկայությունը բնական պետք է համարել, քանի որ 88-ին անկախության կողմնակից չէր նաև մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը։ Այսինքն՝ կոմիտեն  հանրային տրամադրությունների հայելային արտացոլանքն էր և պատահական չէ, որ կոմիտեի կազմի անկախականների  (Վազգեն Մանուկյան, Դավիթ Վարդանյան, Սամվել Գևորգյան, Բաբկեն Արարքցյան), համոզված հակաանկախական Սամսոն Ղազարյանի ու անկախության հարցում անորոշ տեսակետ ունեցող կամ հակաանկախության ուղղության պասիվ կողմնակիցներ մյուս կոմիտեականների (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռաֆայել Ղազարյան, Վանո Սիրադեղյան, Ալեքսան Հակոբյան, Համբարձում Գալստյան, Աշոտ Մանուչարյան) ներքին պայքարում, երբ արդեն իշխանության հոտ էր գալիս, կոմպրոմիսային ֆիգուրան ու ֆավորիտը հետագայում դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, խորը կղերապահպանողական լինելով, տվյալ պահին առավելագույնս էր համապատասխանում լիդերի մասին հանրային պատկերացումներին՝ իր տերտերական առոգանությամբ, քիրվայական ու «խաղաղասիրական» մտածողությամբ, զգուշավորությամբ (չեմ ուզում ասել՝ վախկոտությամբ) և հազար ու մի լեզու իմացողի ուսյալ-կրթյալի իմիջով։

. . .

88-ի շարժմանը զուգընթաց աշխարհում տեղի էին ունենում գլոբալ գործընթացներ, որոնց արդյունքում ՍՍՀՄ-ը փլուզվեց և Սովետական Հայաստանը, կարելի է ասել, անկախությունը ստացավ «օդից», ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի բնակչության, որը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում ագրեսոր Ադրբեջանի դեմ, որպեսզի անկախություն նվաճեր։

Նորանկախ Հայաստանում իշխանության եկած քիրվայական ուժերը բախվեցին մի իրողության հետ, որը պահանջում էր արդեն որպես անկախ պետություն տեր կանգնել հայ ժողովրդի մյուս  հատվածի՝ հայրենիքին միավորվելու ձգտումներին։ Եթե նախկինում «Ղարաբաղ» կոմիտեն Գորբաչովից էր պահանջում ԼՂԻՄ-ի վերամիավորումը Հայաստանին, ապա Սովետի փլուզումից հետո դիմելու տեղ այլևս չկար, և պետք էր սեփական ուժերով հարցերը լուծել՝ համարժեք պատասխան տալով ագրեսորին։ Բայց քանի որ ՀՀ իշխանությունը քիրվայական կոդերի մեջ էր և ցանկանում էր անդարդ վայելել «օդից» ընկած իշխանությունը, ուստի գերիշխող դարձավ «Զիջենք մասը, որպեսզի չկորցնենք ամբողջը» բանաձևը։ «Մաս» ասելով նկատի ունեին ԼՂԻՄ-ը։

Քիրվայականները համարում էին, որ Ղարաբաղի հարցը խանգարում է Հայաստանի լիակատար անկախացմանը, քանի որ կախված է պահում ՍՍՀՄ իրավահաջորդ հանդիսացող կայսերապաշտական նկրտումներ ունեցող Ռուսաստանից և թշնամացնում հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Նպատակների ինչպիսի՜ փոխակերպում. «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի պարագլուխները, ովքեր ղարաբաղյան շարժման միջոցով իշխանության եկան, գտնում էին, որ Ղարաբաղի պատերազմն է խանգարում անկախ Հայաստանի կայացմանն ու ժողովրդավարացմանը, կարծես մենք էինք մեղավոր, որ Ադրբեջանը հարձակվել է։ Հայաստանի «կայացում և ժողովրդավարացում» ասելով՝ քիրվայականները, բնականաբար, հասկանում էին իրենց հավերժ ու միահեծան իշխանությունը, ինչն իրականում բացարձակապես կապ չունի կայացման ու ժողովրդավարացման հետ։

Ճշմարտությունն այն է, որ Արևմտյան Հայաստանի կղերապահպանողական մտածողության հետևորդները, ովքեր սովետական շրջանում կոնսերվացված էին և   կուսնոմենկլատուրայի տարբեր օղակներում էին ծվարել,  անկախ ՀՀ-ում իշխանության գալուց հետո մտահոգված էին բացառապես իշխանությունը պահելու ու անդարդ կառավարելու խնդրով ու նյարդայնանում էին, երբ ստիպված էին մտահոգվել Արցախի հարցի մասին։ Այդ «խաղաղ» ապրելու մտածողությունն էր, որ Տեր–Պետրոսյանին բերեց իր ընդդիմախոս Վազգեն Մանուկյանին պաշտպանության նախարար նշանակելու գաղափարին՝ «Գնացեք ինքներդ էլ տեսեք, որ հնարավոր չէ Ադրբեջանի դեմ կռվել» թեմայով ու քաղաքական հակառակորդի ձեռքերով սպասվող պարտությունն ամրագրելու հեռահար նպատակով։ Նույն այդ մտածողությունն էր, որ «նախաձեռնողական» Տեր–Պետրոսյանին 1997–ին բերել էր Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախագահից ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակելու գաղափարին՝ «Եկեք ինքներդ էլ տեսեք, որ հնարավոր չէ Արցախը պահել» թեմայով ու արցախցու ձեռքերով Արցախի հարցը լուծելու (հանձնելու) հեռահար նպատակով։ Երկու դեպքում էլ Տեր–Պետրոսյանի կանխատեսումներն ու քաղաքական հաշվարկները սխալ դուրս եկան. Մանուկյանն իր մասով փայլուն կատարեց պաշտպանության նախարարի դերը և հայկական զորքերը ոչ թե պարտվեցին, այլ՝ հակառակը, իսկ Արցախից եկած Քոչարյանը ոչ թե հանձնեց Արցախը, այլ՝ հակառակը։

Այլոց ձեռքերով շագանակներ հանելու ու նրանց խաղից դուրս թողնելու տերպետրոսյանական քաղաքականությունը երկու դեպքում էլ ձախողվեց. Մանուկյանի վարկանիշը բարձրացավ պաշտպանության նախարար եղած ժամանակ և նա 1996–ի ընտրությունների արդյունքում, ճիշտ է, նախագահ չդարձավ, բայց, մեծ հաշվով, կազմաքանդեց Տեր–Պետրոսյանի իշխանական բուրգը, իսկ «պոդստավկայի» համար ՀՀ վարչապետ նշանակված Ռ. Քոչարյանը Վազգեն Սարգսյանի ու Սամվել Բաբայանի օգնությամբ 1998–ին իշխանությունից հեռացրեց Տեր–Պետրոսյանին։

Այնպես որ, ՀՀ առաջին նախագահի մասին հյուսվող լեգենդները՝ նրա հեռատեսության, քաղաքական փայլուն ռազմավարություն ունենալու և այլնի մասին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, այնպես ինչպես Սերժ Սարգսյանին վերագրվող քաղաքականության մեջ շախմատային մտածողություն ունենալու մասին պատմվող լեգենդներն են հիմնազուրկ։ Պետք է արդյունքներով դատել։ Արցախի հարցում օժանդակողի դեր ստանձնելու թուրքական առաջակին «այո» ասողը և հայ–թուրքական նման գործընթաց սկսողը ինչպե՞ս կարող է գնահատվել որպես լավ ռազմավար։ Հայ–թուրքական տխրահռչակ այս գործընթացը ցույց տվեց, որ Սարգսյանը ոչ միայն շախմատային, այլև քաղաքական որևէ այլ տեսակի մտածողությունից զուրկ է։

Ի դեպ, տերպետրոսյանականներն Արցախի մասով 99,9 տոկոսով հիմա էլ են նույն կոդի մեջ։ Նախկինի ու ներկայի միջև եղած նրանց մոտեցման աննշան տարբերությունն այն է, որ եթե պատերազմի տարիներին քիրվայականների թիրախը պատերազմն էր ու նրանք «հեռատեսորեն» կանխատեսում էին մեր անխուսափելի պարտությունը և արկածախնդրություն համարում Ադրբեջանին հակահարված տալը, ապա այժմ, երբ հաղթական ավարտ է ունեցել պատերազմը, տերպետրոսյանականների թիրախը դարձել է ստատուս քվոն ու նրանք նույն «հեռատեսությամբ» ու քիրվայական համառությամբ ելույթներ են ունենում, որն էլի պարտության դրոշ է բարձրացնում մեր պետության գլխին։

Արձանագրենք, որ տերպետրոսյանականների մտահոգության միակ առարկան իշխանությունը վերցնելն ու պահելն է եղել և կա։ Նախկինում, իրենց կարծիքով, իշխանությունը պահելուն խանգարում էր Ղարաբաղը, և դրա համար պետք էր հանձնել այն, իսկ հիմա, երբ խնդիր է դրված իշխանությունը վերցնելու, քիրվայականներն արդեն սպասում են, որ գործող իշխանությու՛նը հանձնի Ղարաբաղը ու դրանից հետո իրենք գան ու «ժողովրդավարություն» հաստատեն։ Քիրվաների էությունն է այդպիսին, ի՞նչ կարող ես անել։

. . .

Անկախության առաջին շրջանի իշխանությունները պետության  անվտանգության ապահովման (իրականում՝ անդարդ ու հավերժ կառավարման) մի անհեթեթ բանաձև առաջ քաշեցին՝  «Հայաստանի պաշտպանվածությունն իր անպաշտպանվածության մեջ է», որը, փաստացի, նշանակում էր   լայնամասշտաբ զիջումներ հարևաններին և փախուստ ազգային հարցերից. դա դասական կղերապահպանողականություն էր։ Այդ բանաձևի շրջանակներում Տեր-Պետրոսյանի թիմն առաջարկում էր գնալ թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայական նախաձեռնողականություն դրսևորելու ճանապարհով՝ չհասկանալով, որ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը միայն քո բարի կամքով չէ պայմանավորված, առավելևս երբ Արցախյան պատերազմն արդեն ամբողջ թափով ընթանում էր, Ստեփանակերտն ու մյուս հայկական բնակավայրերն անընդհատ ռմբակոծվում էին, կային զոհեր և վիրավորներ, իսկ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը սպառնում էր իր ոտքերը լվանալ Սևանա լճում։

Թուրքիայի հետ քիրվայություն անելը  տերպետրոսյանական իշխանությունը  պատկերացնում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անկախ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Կարսի պայմանագիրը հաստատելու գնով, իսկ Ադրբեջանին տերպետրոսյանականները պատրաստ էին զիջել այն ժամանակվա ԼՂԻՄ-ը՝ բավարարվելով Ադրբեջանի կազմում մարզի՝ բարձր մակարդակի ինքնավարություն ունենալու կարգավիճակով։

Հարկ է նկատել, որ Ադրբեջանի հրահրած պատերազմի ժամանակ տերպետրոսյանականների քիրվայական կոդն առաջ քաշելն է՛լ ավելի ագրեսիվ էր դարձնում ազերիներին, ովքեր դա գնահատում էին թուլության նշան ու ավելի ոգևորվում։ Բայց անդարդ կառավարելու ցանկությունը մեկ բան էր, իսկ կյանքը՝ մեկ այլ բան ու քիրվայականների գաղափարախոսությունը բախվում էր դաժան իրականության հետ։ Արցախյան պատերազմն իր կանոններն էր թելադրում և նույնիսկ քիրվայական իշխանությունը հասկացավ, որ Հայաստանի գոյության խնդիրը լուծվելու է ռազմի դաշտում։ Ու քանի որ բուն Արցախում լրիվ այլ մթնոլորտ էր (ոչ քիրվայական)՝ ուստի հայ «արկածախնդիրներին» հաջողվեց հաղթական ավարտի հասցնել մեզ պարտադրված պատերազմը, որովհետև Ադրբեջանի նվաճողականությանը հակադրվում էր լինել-չլինելու հարցը։

Եթե Արցախյան պատերազմում դիմացինին համարժեք պատասխան տալու հայաստանյան և արցախյան իշխանության ռազմաքաղաքական մյուս թևի վճռականությունը չլիներ, եթե չլիներ Արցախում ապրող և ողջ բովանդակ հայության հաստատակամությունը, ապա քիրվայականները ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը «վարի կտային»։ Ես չեմ ասում, թե դա էր նրանց ուզածը, բայց այդպես կստացվեր։

Ցավոք, ՀՀ քաղաքական ղեկավարությունն, անգամ պատերազմի հաղթական ավարտից հետո, դուրս չեկավ քիրվայական-հանձնողական մտածողության կոդերից, ու կրկին սկսեց զիջողականություն քարոզել։

Քիրվայականների հիմնական փաստարկներից մեկն այն  էր (է), թե պետք է զիջել այն ժամանակ, երբ ուժեղ ես, կարծես հայերիս կյանքի նպատակը պետք է լինի զիջելու պատրաստակամությամբ  ուժեղանալը։ Առավել անտրամաբանական փաստարկ դժվար է երևակայելը։ Պատկերացնու՞մ եք, ասենք, Թուրքիայում լինի մի ուժ, որը հայտարարի, թե մենք Կարսը պետք է զիջենք հայերին, քանի որ դա խլված տարածք է, և մենք այժմ այնքան հզոր ենք, որ կարելի է արդեն գնալ զիջման։ Անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ «զիջենք, որ լավ ապրենք» տերպետրոսյանական տրամաբանությունը։ Ստացվում է, որ Հայաստանը հզորացնելու և տնտեսապես զարգացնելու ամբողջ իմաստն այն է, որ մեր ժողովուրդը գնա զիջումների՞։ Բայց չէ՞ որ «սերգոջանային» քաղաքականությունը պետականազուրկ ազգի դավանանք է, իսկ մենք այժմ չկայացած, բայց այնուամենայնիվ պետություն ունենք և, հետևաբար, կղերապահպանողական-հակապետական մտածողությունը չի կարող դոմինանտ գաղափարախոսություն լինել։

Փաստորեն, քիրվայականները դեռ գտնվում են թուրքական վիլայեթության կաղապարների մեջ ու նախկին տիրոջը ստրկամտորեն հնազանդվելու պատրաստակամությունից դուրս չեն եկել ու վախենում են սեփական հաղթանակից՝ «Սուլթանը կբարկանա» թեմայով։

Քիրվայականների առաջարկած զիջելու տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա մի օր կարող ենք գալ նրան, որ Սյունիքը Նժդեհի կողմից գրավված տարածք է ու պետք է զիջվի։

Ինչպես հայտնի է, մեր հարևաններն ուզում են Նախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապ ունենալ։ Եթե Ֆիզուլին ու մյուս շրջաններն այսօր հանձնենք և Ադրբեջանի ախորժակը բացենք, ապա նույն՝ «զիջենք, որ լավ ապրենք» տրամաբանությամբ հետո պետք է Սյունիքը տանք։ Չէ՞ որ Ադրբեջանը կրկին կարող է հայտարարել, որ եթե Սյունիքը չտաք, ապա ես իմ նավթադոլարներով կզինվեմ ու պատերազմով դա կվերցնեմ։ Թուրքիան էլ կշարունակի փակ պահել սահմանը և համերաշխություն հայտնել իր եղբայր ժողովրդին ու այդտեղ մեր «գերիմաստուն» քիրվաներն անմիջապես կսկսեն փուլային լուծման ծրագրեր առաջարկել ժողովրդին ու հիմնավորել, որ Սյունիքը պահելն արկածախնդրություն է և չի կարելի առաջնորդվել «ոչ մի թիզ հող» կարգախոսով։ Նրանք անմիջապես կհիշեցնեն Սևրը և կասեն, թե այն  ժամանակ էլ մաքսիմալիզմ դրսևորեցինք ու կորցրեցինք ավելին, քան պետք էր։

Զարմանալի է, բայց քիրվայականները մինչև օրս չեն կարողացել հասկանալ  Սևրի դաշնագրի կնքման ժամանակաշրջանի և այժմյան իրավիճակների միջև եղած էական տարբերությունը։  Սևրի կնքման ժամանակ, այն տարածքները, որոնք առաջարկվում էին մեզ, թղթի վրա էին մեզ պատկանում և դեռ պետք էր կռվով գրավել այն, իսկ այսօր մեր զորքը կանգնած է այն քարտեզի սահմաններում, որը համառորեն չեն ուզում ընկալել քիրվաները և Արցախի Հանրապետության փաստացի սահմանները վերաձևող «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները, որոնց ցուցադրած հաղորդումներով, եղանակի տեսություններով և հաղորդումների «շապկաներում» պատկերված քարտեզներով ազատագրված տարածքներն արդեն հանձնված են։

Քաղաքական կատարյալ անմեղսունակություն է տարածքների զիջումներից խոսելն այն դեպքում, երբ դիմացինդ չի էլ թաքցնում, որ զիջումներովդ չի բավարարվելու և նպատակ ունի քեզ ամբողջությամբ ոչնչացնել։

Անիրատեսական գերպահանջատիրությամբ և դրա «հակապատկեր» հանդիսացող շուտափույթ զիջումների կոդերով առաջնորդվողները ոչ մեկին պետք չեն, ու դա չի կարելի բացատրել «աշխարհը մեր դեմ է» բանաձևով ու գնալ կապիտուլյացիայի։ Պատճառահետևանքային կապերը չարժե խեղաթյուրել՝ սեփական քաղաքական թերհասությունն   արդարացնելու համար։

Ի դեպ, երբ դու ծայրահեղ պահանջատիրություն կամ ծայրահեղ քիրվայություն ես քարոզում, ապա անհասկանալի, անկանխատեսելի ու անընդունելի ես դառնում ոչ միայն հնարավոր դաշնակիցների, այլև սեփական թիմակիցների համար։  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նման գործիչներից է։ Նա մե՛կ ծայրահեղ քիրվայական ծրագրերով է հանդես գալիս, մե՛կ «հայրենասիրական»։ Ընդ որում՝ Սարգսյանի այժմյան այդ վարքագիծը, ըստ էության, թելադրում են Թուրքիան ու Ադրբեջանը։

Տեսե՛ք. Ս. Սարգսյանը սկզբում հանձնողական ելույթներ էր ունենում, բայց երբ պարզվեց, որ ինքը հանձնում է, բայց վերցնող չկա, քանի որ ավելի շատ են ուզում, ստիպված «հայրենասիրական» հռետորաբանություն է կիրառում։ Բա ուրիշ ի՞նչ անի։

Փաստորեն, մենք պետք է շնորհակալություն հայտնենք Էրդողանին ու Ալիևին, որ իրենց ագահությամբ և ոչ ճկուն քաղաքականությամբ Հայաստանը փրկեցին սարգսյանական «ֆուտբոլի» հետևանքներից։ Հիմա մնում է այս «նախաձեռնողականության» տակից դուրս գալ ու շրջել մեր պատմության «մարզական» էջը։

Այսօրվա քաղաքական սուբյեկտներով Հայաստանը միանշանակ հետընթաց է ունենալու և կարող է նույնիսկ վտանգել իր գոյությունը։ Տեր-Պետրոսյանի ու Սարգսյանի մոտեցումների տարբերությունն այն է, որ մեկը տանում է արագ, իսկ մյուսը՝ դանդաղ մահվան ուղղությամբ։ Նրանք ովքեր ընտրել են կյանքը՝ չեն կարող կողմնորոշվել այդ երկուսից մեկով։ Հարևանների հետ լավ հարաբերությունների հասնելու ճանապարհը ո՛չ ինքնամոռաց քիրվայությունն է, ո՛չ տխրահռչակ «ֆուտբոլը», ո՛չ էլ բանակից խուսափելը, բայց Կիլիկիա պահանջելը։

Հաշվի են նստում արժանապատվություն ունեցող պետության ու քաղաքացիների հետ, իսկ «ֆուտբոլային» կամ  կղերապահպանողական քաղաքականությունը  անարժանապատիվ ու պետական մտածողության բացակայության դրսևորում է, որը տեղ պետք է չունենա մեր քաղաքական կյանքում։

Այն ինչ այսօր մենք ունենք ՀՀ քաղաքական դաշտում, մեր բոլորիս հավաքական մտածողության հայելային անդրադարձն է։ Եթե իշխանությունը ներկայացված է Սերժ Սարգսյանի գլխավորած նեղ խմբով, որը դիվանագիտության մեջ աչքի է ընկնում աղաղակող դիլետանտիզմով ու   պարզունակ չարչիությամբ, իսկ ներքին կյանքում առաջնորդվում է «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրով, եթե տիտղոսային ընդդիմությունը ներկայացված է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած թիմով, որն արտաքին քաղաքականության մեջ ավելի «նախաձեռնողական» է, քան Սերժ Սարգսյանը և որի ղեկավարը հանդիսանում է ՀՀ առակա ավազակապետական համակարգի հիմնադիր նախագահը, ապա աշխարհից  ու մեր իրական դեմքը ցույց տվող քաղաքական հայելուց դժգոհելու իրավունք չունենք։ Հայելին ի՞նչ մեղավոր է, որ մենք այդպիսին ենք։

Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի վերջերս արված հայտարարությունն Արցախի մասով կարելի է նաև ընկալել որպես յուրօրինակ գնահատական ու մեսիջ ուղղված հայ ժողովրդին։ Ես այդպես եմ ընկալում։ Մարդիկ տեսնում են, որ ազգովին ուզում ենք հանձնել ու ատում ենք մեր հաղթանակը, ուստի նրանց  այլ բան չի մնում, քան Հայաստանին կապիտուլյացիա պարտադրող հայտարարություն անելը։ Իսկ եթե ուզում ենք, որ հայելին մեզ դասի ժամանակակից պետությունների շարքում, ապա ինքներս պետք է փոխվենք, որ մեր ժողովրդի քաղաքական ներկայացուցիչները չլինեն խաղամոլի հոգեբանությամբ քաղաքականություն վարողը կամ հանձնող քիրվան։ Ամո՛թ է։

Եկե՛ք ուրեմն գնանք համակարգային փոփոխությունների ճանապարհով ու ինքներս մեզ ապացուցենք, որ կարող ենք հաղթանակներ տանել ու այդ հաղթանակներին տեր կանգնել։ Այդ դեպքում, համոզված եմ, որ ոչ մի միջազգային հանրություն չի կարող մեզ պարտություն պարտադրել, իսկ բանաձևեր որքան ուզում են  թող ընդունեն։ Այդ նույն միջազգային հանրությունը Սևրի դաշնագրով մեզ 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք էր նվիրել, մեջն ի՞նչ։ Աթաթուրքը զենքի ուժով պարտադրեց այլ քարտեզ ու ինչպես տեսնում ենք աշխարհ կոչվածը համակերպվել է Աթաթուրքի գծած քարտեզի հետ։  Ուժեղ և արժանապատիվ քաղաքացու ներկայացնող պետության դեմ խաղ չկա։

Քարվաճառի ու Տիգրանակերտի ազատագրումից հետո էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայկական զորքերը դուրս բերելու պահանջ ներկայացրեց, հետո ի՞նչ։ Այդ որոշումներն ու պահանջները մակուլատուրայի են վերածվել ու այդպես էլ կշարունակեն մնալ, եթե մենք երկրի ներսում գնանք ազգային-դեմոկրատական փոփոխությունների։ Մեր ժողովուրդն ունի այդ ներուժը։ Մնում է կազմակերպվել, եթե իհարկե հայելու ցույց տված պատկերը մեզ դուր չի գալիս։ Իսկ եթե դուր է գալիս, ապա կարող եք ընտրություն կատարել Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի, այսինքն՝ «Եղիազար Այնթապցու» ու նրան հլու-հնազանդ ենթարկվելու պատրաստ «էջմիածնական միաբանի» միջև։

2008-ին նման ընտրություն էին մեզ առաջարկում կատարել կողմերը։ Իսկ դա ընտրություն չէր, քանի որ ավազակապետության հիմնադիր երդվյալ քիրվայի ու  ավազակապետությունից օգտվող պոտենցյալ քիրվայի միջև հնարավոր չէր ընտրություն կատարել։ Մեր մտածողության մարդկանց այդ ժամանակ մնում էր  որպես գործիք օգտագործել Տեր-Պետրոսյանին, որպեսզի Ս. Սարգսյանի թուրքմենբաշիական ծրագրերը տապալվեին կամ գոնե հետաձգվեին, որից հետո հնարավոր կլիներ այն, ինչը պետք է արվի քաղաքական դաշտում առաջիկա ընտրությունների փուլում։

Կարծում եմ, որ արդեն շատերն են հասկացել Տեր-Պետրոսյանի՝ սարգսյանական իշխանության պահապան-«հրեշտակ» դառնալու հանգամանքը, ուստի ժամանակն է ազատվել և՛ գործիքից, և՛ «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» կարգախոսով առաջնորդվող իշխանությունից։ Երկուսն էլ անհամատեղելի են ՀՀ անվտանգության ապահովման և ժողովրդավարական զարգացումների հետ։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

PDM
Jul 5, 2010 21:23