ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 30, 2010 16:17 - 5 քննարկում
Մեր պատմության հայելին (հեղինակի հետ հարցազրույցը վաղը՝ ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ-ՀՌԱԿ հեռուստակամուրջով):
Մեր պատմության հայելին
Հայ քաղաքական ու պատմագիտական միտքը, մեծ հաշվով, երկու տեսակետ է ներկայացնում երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման փաստի և դրան հաջորդած իրադարձությունների պատճառների կապակցությամբ։ Բնականաբար, կան նաև այլ կարծիք ունեցողներ, բայց ճնշող մեծամասնությունն այն մոտեցումներն ունի, որոնք քննության կառնենք ստորև։
Մարդկանց մի խումբը (պայմանականորեն նրանց անվանենք քիրվայականներ) այն կարծիքին է, թե ցեղասպանությունը տեղի ունեցավ, քանի որ որոշ հայ արկածախնդիրներ իրենց անհնազանդ վարքագծով գրգռեցին թուրքերին՝ նրանց դիմադրելով և Ռուսաստանի հետ սեպարատ քայլերի գնալու պատրաստակամություն ցուցաբերելով։
Քիրվայականները համոզված են, որ եթե շարունակվեր այն կատարյալ (ըստ էության՝ հոտային) հնազանդությունը, որը հայերը դարեր շարունակ դրսևորել էին թուրքերի հետ հարաբերվելիս, ապա մենք անվտանգ կապրեինք ու չէինք կոտորվի։
Մյուս խումբը (պայմանականորեն նրանց անվանենք ծովիցծովականներ) ելնում է «թուրքը մնում է թուրք» սկզբունքից և գտնում, որ թուրք ժողովրդի էությունն է այդպիսին, և ցեղասպանությունն անխուսափելի էր։ Ծովիցծովականներն իրենց հերթին մեղադրում են քիրվայականներին այն տեսանկյունից, որ նրանք կղերապահպանողական հնազանդություն ցուցաբերեցին և պահանջատեր չեղան։
Նկատենք, որ երկու մոտեցումների կրող սուբյեկտներն իրենց քայլերում երրորդ ուժին ապավինելու հայեցակարգով էին առաջնորդվում և հետագայում, երբ անհաջողություն էր լինում, բնականաբար, մեղադրում էին նույն այդ երրորդ ուժին։
Քիրվայական-կղերապահպանողականները կարծում էին, որ պետք էր հնազանդությունը պահպանել այնքան, մինչև երրորդ ուժը գա և փրկի հայերին, իսկ եթե այդ արտաքին ուժը չգա, ուրեմն թուրքական լծի տակ տառապելն ու գոյությունը քարշ տալը մեր ճակատագիրն է։ Սրան հակառակ՝ ծովիցծովականները գտնում էին, որ հերիք ու բոլ եղավ թուրքերին հնազանդվել, բայց … կրկին ապավինում էին երրորդ ուժին, որպեսզի նրա միջոցով թուրքերից ազատագրվեն ու պետություն ստեղծեն։
Ուշագրավ է, որ քիրվայականությունը, որը Արևմտյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության կոդն էր, իր առաջնորդ հոգևոր հովիվների միջոցով երբեք չի դրել անկախ պետություն ստեղծելու խնդիր, ի տարբերություն «արկածախնդիրների», որոնց մի մասին, այնուամենայնիվ, հաջողվեց զրկանքների գնով ստեղծել թույլ, բայց ամեն դեպքում պետական միավոր՝ 1-ին հանրապետությունը, որն էլ իր հերթին հնարավորություն տվեց ունենալու այսօրվա անկախ Հայաստանը։
Գաղտնիք չէ, որ վերը նշված երկու մոտեցումների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ խոր ատելություն ունեն և տարակարծիք են։ Սակայն երկու խմբի ներկայացուցիչներն էլ միակարծիք են այն հարցում, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու մեջ կար այլ երկրների հակահայկական դավադրություն։ Ոմանք մեղադրում են գերմանացիներին, մյուսները՝ ռուսներին, իսկ երրորդները հերսոտած են անգլիացիներից և նույնիսկ հրեաներից։ Բայց ճիշտն այն կլիներ, որ ինքներս մեզ հարց տայինք, թե ինչպե՞ս կարողացան թուրքերն առանց մեծ դիմադրության կոտորել 1,5 միլիոն հայի և տեղահանել միլիոնավոր մարդկանց։ Ինչո՞ւ կազմակերպված դիմադրություն չեղավ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է ամենայն մանրամասնությամբ քննության առնվեն ու համապատասխան եզրակացություններ արվեն։
Ըստ իս՝ թուրքական ագրեսիային չդիմադրելը հետևանք էր նաև այն բանի, որ դարեր շարունակ պետականություն չէինք ունեցել, և, հետևաբար, անվտանգության զգացողությունը բթացել էր կամ, ավելի ճիշտ, վերացել։
Թուրքական իշխանության և հայ համայնքի միջև խնդրող-միջնորդի գործառույթ կատարող Հայ Առաքելական եկեղեցին շատ մեծ դրական դեր էր կատարել հայապահպանության գործում, բայց նույն եկեղեցին ինքնապաշտպանության անընդունակ հնազանդ գառնուկ էր դարձրել հայ մարդուն, որը զենք վերցնելու ունակ չեղավ, երբ իր աչքի առաջ մորթում էին իր ընտանիքին։
Առաքելական եկեղեցին հայ գյուղացու մեջ սպանել էր նաև պետականության ձգտումը, ինչը քաղաքական իմաստով մեզ դարձրել էր թերազգ։
Նկատենք, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր էլ նույն ձևով է իրեն պահում։ Հոգևոր դասն այժմ թուրք սուլթանին փոխարինել է ոչ լեգիտիմ հայ նախագահով, և նույն կատարյալ հնազանդությունն է ցուցաբերում իշխանությանը, անկախ երկրի քաղաքացիներից պահանջում է համանման հնազանդություն և փորձում յուրօրինակ լեգիտիմություն հաղորդել իշխանական բոլոր ապօրինություններին։ Ավելին՝ Հայ Առաքելական եկեղեցին կամաց-կամաց ինտեգրվում է գործադիր իշխանությանը և նպաստում կրոնապետության ստեղծմանը, ինչը շատ վտանգավոր է և մեզ կտանի դեպի հետամնաց միջնադար։
Մարդկության զարգացման փորձը ցույց է տալիս, որ երբ եկեղեցին ու պետությունը տարանջատված չեն լինում, ապա այնպիսի կեղտոտ համակարգեր են ստեղծվում, որոնք հետագայում պատճառ են դառնում արյունոտ հեղափոխությունների, քաղաքացիական բախումների և որից հետո երբեմն հասարակությունն ընկնում է մյուս ծայրահեղության գիրկն ու սկսում աթեիստական էթիկայով ապրել, որը նույնքան անընդունելի է, որքան սրբազան ավազակաորջի գոյությունը։
Այն Եվրոպան, որին պաշտոնապես ձգտում է ինտեգրվել ՀՀ-ն, պետության և եկեղեցու տարանջատման արդյունքում է ստեղծվել։ Քաղաքագիտական կանոն է, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող կայանալ կրոնապետության պայմաններում։ Հետևաբար, երբ խոսում ենք մեր հանրային կյանքի բարեփոխման մասին, պետք է նկատի ունենալ, որ ռեֆորմացիայի կարիք ունի նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Պետականության բացակայության պայմանների խաղի կանոններով հնարավոր չէ անկախ պետության շրջանակներում գործել ու դեռ մի բան էլ տարածել պետականազուրկ շրջանի արժեհամակարգը պետական կառույցներում։
Կղերականության մուտքը պետական համակարգ կվտանգի նաև ազգային անվտանգությունը։ Կղերապահպանողական կամ որ նույնն է՝ քիրվայական մտածողությունը պետականազուրկ ազգերի դավանանք է, և պատահական չէ, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ Ճիշտ է, պետական մտածողության կրողներ կային (Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, բանակի ղեկավարության առանձին անհատներ), սակայն նրանք այդպես էլ չհասկացված մնացին մեծամասամբ քիրվայական մտածողության ազդեցության տակ գտնվող ժողովրդի լայն շերտերի կողմից և, ըստ էության, պետական կառավարման համակարգից հեռացված էին։ Իսկ նրանք, ովքեր 1918-1920թթ. պետք է որոշումներ կայացնեին, խճճվել էին արտաքին դաշնակիցների ընտրության, ներքին կյանքի կազմակերպման ու պետության զարգացման ուղու հարցերում։
Սևրի դաշնագրի հետևից ընկած՝ առաջին հանրապետության իշխանությունները փորձում էին խուսանավել հակադիր ճամբարներում գտնվող՝ Անգլիայի գլխավորած կոալիցիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի միջև, բայց կորցրին և՛ հնարավոր բոլոր դաշնակիցներին, և՛ պետությունը։ Մնացին մենակ։
Բնականաբար, հայ քաղաքական միտքն այս ամենում մեղադրում է կա՛մ բոլշիկներին, կա՛մ անգլիացիներին։ Բայց ճիշտ կլիներ՝ առաջինը մեզ մեղադրեինք ու համապատասխան հետևություններ անեինք։ Չենք արել ու այսօր կրկին նույն սխալներն ենք գործում։
Հայերը մի կողմից ուզում են ծովից ծով Հայաստան ունենալ, բայց խուսափել բանակում ծառայելուց ու պետականաշինության ոլորտում ճիգեր գործադրելուց, իսկ մյուս կողմից ընկնում են թերարժեքության բարդույթի գիրկն ու լավ ապրելը պատկերացնում միայն քիրվայական գաղափարախոսությամբ, որի շրջանակներում կիրականանա միջին հայի՝ բանակում չծառայելու ու պետականաշինությամբ չզբաղվելու ցանկությունը, բայց նույն այդ միջին հայն, ըստ քիրվաների, պետք է մոռանա ծովից ծովի մասին։ Իմ խորին համոզմամբ՝ երկու մոտեցումներն էլ ծայրահեղական են ու ոչ իրատեսական։ Մեկի պարագայում ունենում ենք ֆրուստրացիա, իսկ մյուսի պարագայում՝ ինքնաոչնչացում։
Սևրի դաշնագրի հետ կապված գործընթացները լավագույնս են ապացուցում ասվածի ճշմարտացիությունը։ Մերոնք ուզում էին «շուստրիություն» անել ու այլոց ձեռքերով Տուն կառուցել։ Բնականաբար չստացվեց։
Պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանն այսօր որոշի հա՛մ ՆԱՏՕ-ի, հա՛մ ՀԱՊԿ անդամ լինել (ի դեպ, Սերժ Սարգսյանը նման մի բան է ուզում անել, բոլորի համար անհասկանալի «խաղեր» է տալիս և արդյունքները տեսնում ենք)։ Այն ժամանակ մոտավորապես այդպիսի վարքագիծ են ունեցել Հայաստանի իշխանությունները, երբ մի ձեռքով Սևր էին ստորագրում, որը հակաբոլշևիկյան կոալիցիայի փաստաթուղթ էր, իսկ մյուսով՝ բոլշևիկների հետ «խաղեր» տալիս։ Դրա հետևանքով մնացինք մենակ ու հետո սկսեցինք բողոքել, թե «աշխարհը մեր դեմ է». կարծես աշխարհն էլ ուրիշ դարդ ու ցավ չուներ և առավոտյան զարթնում էր՝ հայերին վնաս տալու մտասևեռմամբ։
Սերժ Սարգսյանը հիմա նույն ոճի սխալներ է թույլ տալիս և անհուսալի ու անհասկանալի գործընկերոջ համբավ ձեռք բերում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար։ Ու հիմա որքանո՞վ է ճիշտ մեղադրել Օբամային, Մեդվեդևին ու Սարկոզիին, ովքեր կոչ են անում արագ լուծել (փաստացի՝ արագ հանձնել) Արցախի խնդիրը։ Նրանք հիմք են ընդունել Հայաստանի իշխանությունների և հայաստանյան մյուս հիմնական ուժերի մոտեցումները։ Չէ՞ որ Հայաստանի քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը հանձնելուց է խոսում։ Աշխարհի հզորներն էլ ասում են՝ եթե ազգովին ուզում եք զիջեք, որպեսզի լավ ապրեք, ապա մեզ մնում է միայն այդ հարցում ձեզ օգնել։
Բա ուրիշ ի՞նչ հայտարարեն ԱՄՆ–ն, ՌԴ–ն ու Ֆրանսիան, երբ Հայաստանի նախագահը հարցազրույց է տալիս ու ասում, թե պատրաստ է հաշված ժամերի ընթացքում ազատել անվտանգության գոտին և միջազգային հանրությանն ու Ադրբեջանին հաշվետվություն է տալիս ազատագրված տարածքները չբնակեցնելու մասին, իսկ նախագահի աթոռի համար փողոցային «մարտեր» մղող «էջմիածնական միաբանը» «էն գլխից» պայքարի մեջ է մտել հողերը շուտափույթ հանձնելու քիրվայական վճռականությամբ ու, ըստ էության, Հայաստանի այսօրվա վիճակի հիմնական պատճառ է համարում այն, որ Արցախում հաղթել ենք և հողեր ազատագրել։ «Հենց էդ հողերը տանք՝ Սերգո ջանը լավ կապրի»,-հայտարարում է «միաբանը», և դա Հայաստանում գնահատվում է որպես խորաթափանց ու գերիմաստուն քաղաքականության դրսևորում։ Սա՛ է մեր քաղաքական գործիչների դեմքն ու մտածողությունը, ինչի՞ մասին է խոսքը, ումի՞ց ենք բողոքում։
Պատմական զուգահեռներ անցկացնելով՝ եկեք ինքներս մեզ հարց տանք ու հասկանանք, թե ի՞նչ մեղք են գործել դրսի ուժերը Սևրի դաշնագրի ու «ֆուտբոլային» դիվանագիտության պահով։ Որ չե՞ն կռվել մեր փոխարեն, որպեսզի ապահովեն Սևրի քարտեզով մեզ հատկացված տարածքների հայկականացումը, կամ որ մեր «նախաձեռնողական» գյուլամոլությունը չե՞ն կանխել։ Բայց չէ՞ որ ոչ մի ազգ այլ ազգի համար պարտավոր չէ կռվել ու հող գրավել, իսկ հետո նվիրել այդ հողերն ու, իր պարտքը կատարածի գիտակցությամբ, գնալ տուն։ Սակայն ուշագրավ է, որ հայ քաղաքական միտքը հենց այդպես էլ պատկերացնում էր ծովից ծով Հայաստան ստեղծելու ծրագիրը։ Նուբար փաշան նույնիսկ Կիլիկիան էր պահանջում և անգամ Սևրից գոհ չէր։ Եվրոպացիներին այդ ամենը երևի մի լավ զվարճացրել է, բայց նրանք նրբանկատորեն չեն արտահայտվել՝ հասկանալով, որ ցեղասպանությունից մի կերպ փրկվածները բարոյական իրավունք ունեն պահանջներ դնելու, բայց արտաքին քաղաքականության մեջ բարոյականությունն առաջին տեղերում չէ։ Միայն «չոր» անգլիացիները մեզ ուղիղ հասկացրին, որ իրենց նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող, ու դրա համար էլ հայ քաղաքական միտքը չի սիրում անգլիացիներին, քանի որ մշտական փորլուծով տառապող այդ «նագլի» ազգը չեկավ ու մեր փոխարեն չկռվեց թուրքերի դեմ։
Մի պահ մերոնք անգամ հույներին էին փորձում համոզել, թե ինչքան լավ կլինի, որ հույներն Աթաթուրքի դեմ մեծ ճակատ բացեն Թուրքիայի արևմտյան հատվածներում, որպեսզի արևելյան հատվածները բեռնաթափվեն թուրքական զորքից, բայց հույներն էլ «թարախ» դուրս եկան ու մտահոգված էին բացառապես սեփական ազգային խնդիրներով ու այդ լայն ճակատը չբացվեց: Իսկ մենք հույների վրա այդքա՜ն մեծ առաքելություն էինք դրել… (Սևրի դաշնագրի ու դրան նախորդած ու հաջորդած գործընթացների մասին՝ խորհուրդ կտամ կարդալ դիվանագետ Ավետիս Ահարոնյանի «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» գիրքը. ապշեցուցիչ միամտություն է եղել մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչի համար պարզապես ամաչում եմ)։
Այն ժամանակ հայերը պահանջում էին 160 հազ. քառակուսի կիլոմետր, բայց կորցրին այն ամենի մի մասը, ինչ կար փաստացի։ Հիմա վիճակը ճիշտ հակառակն է, բայց հայերս կրկին անհասկանալի ենք մեզ պահում։ Արցախի պատերազմի արդյունքում մեր զորքը կանգնած է այն տարածքներում, որոնք փաստացի մեր վերահսկողության տակ են, բայց հայ քաղաքական միտքը և հանրության մի ստվար մասը կարծում է, որ ԼՂՀ-ի ազատագրված տարածքները պետք է հանձնել, որպեսզի լավ ապրել։
Ասել է թե՝ հայ ժողովուրդը մշտապես սխալ կոդերի մեջ է հայտնվում։ Նախկինում տարածք չունեինք, բայց առանց կռվի ուզում էինք դա ստանալ, իսկ հիմա տարածք ունենք, բայց ուզում ենք առանց կռվի դրանք հանձնել։ Համաձայնե՛ք, որ սրանք պետականազուրկ ազգի մտածողության և քաղաքական անմեղսունակության վառ օրինակներ են, և դա է պատճառը, որ պարբերաբար մնում ենք առանց դաշնակիցների ու հետո հայտարարում, թե «աշխարհը մեր դեմ է, հետևաբար պետք է զիջենք, որ փրկվենք»։ Ու այդպես զիջելով մի օր կարող ենք նաև Երևանին էլ հասնել։ Երևանը, որ հանձնենք՝ ընդհանրապես լավ կապրենք, քանի որ ոչ միայն փակ սահման չենք ունենա, այլև սահման ընդհանրապես չի լինի ու կարելի է պատկերացնել «Սերգո ջանի» կենսամակարդակի հետ կապված զարգացումները … Հը՞։ Ի՞նչ ասեցիք, հարգելի՛ քիրվաներ։ Միգուցե այդպե՞ս շարժվենք։
Այդ կղերապահպանողական–քիրվայական մտածողությունը պետք է արմատախիլ անել մեր միջից ու քաղաքական դաշտից, եթե, իհարկե, որոշել ենք ուշացած ազգի կարգավիճակից հրաժարվել ու դառնալ ժամանակակից երկիր։ «Պահանջել ու հանձնել» մոտեցումներին պետք է փոխարինի «պահել ու զարգացնել» կոդը, որը ենթադրում է պետականաստեղծ աշխատանք և արժանապատիվ արտաքին ու ներքին քաղաքականություն։ Այս դեպքում դաշնակիցներ միշտ էլ կգտնվեն ու երբեք մենակ չենք մնա։
Անդրանիկ Թևանյան
շարունակելի
5 քննարկումներ
Arthur Armin