ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, June 29, 2010 2:34 - չքննարկված

ՎԱՌԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ` ԻՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

  • article's photo

    Օրերս Թեհրանում տեղի ունեցավ առաջին հայացքից աննշան թվացող իրադարձություն, որի ընթացքում իրանցիները հերթական անգամ հրապարակավ վառեցին ադրբեջանական դրոշը, ԻԻՀ-ում ԱՀ-ի դեսպանության վրա նեխած ձվեր նետեցին։ Պետք է նշել, որ «կրակների երկրի» ազգային խորհրդանիշն արդեն ավանդաբար չի օգտվում հարեւան երկրների հատուկ հարգանքից, ինչի վկայությունը եղավ ոչ կոռեկտ վերաբերմունքը ադրբեջանական դրոշների նկատմամբ` անցյալ տարի թուրքական Բուրսայում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ խաղի ժամանակ։ Սակայն ադրբեջանական դրոշն այրելը Թեհրանում ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ, եթե այդ իրադարձությունը դիտարկենք հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում։         Անդրադառնանք պատմությանը։ Տարբեր ժամանակներում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը կամ հանդիսացել են Պարսկաստանի մաս, կամ գտնվել են նրանից կախվածության մեջ։ Ուշագրավ է, որ Հարավային Կովկասին հավասարապես ռուսական Հյուսիսային Կովկասը նույնպես դարերի ընթացքում զգացել է Պարսից կայսրության ազդեցությունը։ Եվ միայն 19-րդ դարում Ռուսաստանին հաջողվեց պարսիկներին վերջնականապես դուրս մղել Կովկասից, սակայն արդեն 1991թ., ԽՍՀՄ փլուզումից հետո սկսվեց հակառակ գործընթացը, եւ այսօր Իրանն ակտիվորեն վերադառնում է ռազմավարական տեսանկյունից իր համար կարեւոր` Կովկասի տարածաշրջան։         Թեհրանին ու Երեւանին մի շարք պատճառներով այսօր կապում են առանձնակի ջերմ հարաբերություններ։ Հայաստանն, անշուշտ, չի աջակցի Իրանի դեմ որեւէ սանկցիայի, քանի որ Իրանը նրա առեւտրատնտեսական եւ քաղաքական գլխավոր դաշնակիցներից մեկն է։ Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանը ըստ էության աշխարհում միակ երկիրն է, որին «չի արգելվում» նման հարաբերություններ ունենալ Իրանի հետ, որը Վաշինգտոնի կողմից մտցված է «չարիքի առանցքի» մեջ։ Ավելի զուսպ հարաբերություններ են կապում Թեհրանին եւ Բաքվին, սակայն վերջին տարիներին այդ հարաբերություններն ընդունել են փոքր-ինչ հռչակագրային բնույթ, եւ դրանք հիմնականում հանգում են նվիրվածության ու փոխըմբռնման փոխադարձ հավաստիացումների։ Մինչեւ վերջին ժամանակներս հյուսիսային ուղղությամբ Իրանի քաղաքական ակտիվության գոտիներ են եղել Հայաստանը եւ Ադրբեջանը։ Երկու պետությունների հետ ԻԻՀ-ն ունի ընդհանուր սահմաններ, սակայն քաղաքական ակտիվության պատճառներն այդ երկու ուղղություններից յուրաքանչյուրում արմատապես տարբեր են։ Հայկական սփյուռքը, որը հազարամյակների պատմություն ու մեծ ազդեցություն ունի Իրանում, Հայաստանն Իրանի հետ կապող որակական կարեւոր օղակ է։ Հայկական սփյուռքն առավել հուսալի կերպով ԻԻՀ-ն կապում է արտաքին աշխարհի հետ՝ առեւտրատնտեսական եւ գլխավորը՝ ֆինանսական հարաբերությունների համատեքստում։ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից ԻԻՀ-ի նկատմամբ մշտապես իրականացվող շրջափակման պայմաններում, այդ թվում եւ ֆինանսական, իրանական հայերը հանդիսանում են այն կամուրջներից մեկը, որն Արեւմուտքի իրենց հայրենակիցների օգնությամբ Իրանի բանկային համակարգը կապում է արտաքին աշխարհի հետ։         Ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին դա չես ասի, չնայած էթնիկ ադրբեջանցիները, ըստ տարբեր գնահատականների, կազմում են Իրանի բնակչության 25-40 %-ը եւ հանդիսանում այդ երկրի հյուսիսային գավառների հիմնական բնակչությունը։ Ադրբեջանական անջատողականության սպառնալիքն Իրանական Ադրբեջանում եւ դրա արհեստական շիկացման հնարավորությունը ԱՄՆ-ի կողմից տեսականորեն հնարավոր են դարձնում Բաքվի քաղաքական ազդեցությունը Թեհրանի վրա։ Պետք է խոստովանել, որ Իրանի ազդեցությունն Ադրբեջանում կարող էր ավելի մեծ լինել, եթե չլիներ լեռնայինղարաբաղյան հիմնախնդիրը։ 1992թ. Թեհրանն ստիպված եղավ ընտրություն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ ԻԻՀ-ի այն ժամանակվա ղեկավարությունը որոշում ընդունեց հօգուտ Հայաստանի, մանավանդ որ` Ադրբեջանի ազգայնամոլ իշխանություններն անմիջական սպառնալիք էին Իրանի համար եւ անթաքույց խոսում էին ադրբեջանաբնակ գավառներն ԻԻՀ-ից անջատելու մասին։ Եթե իրանցիները միանային 1992-ի շրջափակմանը, ապա Հայաստանի` առանց այն էլ բարդ իրավիճակը կվերաճեր աղետի։ Իրանական իշխանությունները, զգուշավորությամբ վերաբերվելով Ադրբեջանի հետ մերձեցման հեռանկարին, հրաժարվեցին այդ բեմագրից։ Այն բանի հեռանկարը, որ Բաքուն կարող է բարձրացնել «Ադրբեջան» կոչվող տարածքի երկու հատվածների վերամիավորման հարցը, գոյություն ունի նաեւ այսօր։         Ադրբեջանի նկատմամբ ԻԻՀ-ի ներկա քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականություն։ Իբրեւ քաղցրաբլիթ, որի միջոցով Թեհրանը քաջալերում է Բաքվին, կարելի է հիշատակել Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքիի` վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում արված հայտարարությունը, ըստ որի` «Իրանը շարունակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Հաշվի առնելով Ադրբեջանում իշխող ռեժիմի կողմից առասպելական ու բավականաչափ ձանձրալի` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» նորանոր կողմնակիցների մշտական որոնումները` ԻԻՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այդ հայտարարությունը Բաքվի ռեժիմի ունկին հնչում է որպես հաճելի երաժշտություն։ Դրանից բառացիորեն մի քանի օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Սայեդ Ալի Սագայանը նշել է, որ իր երկիրը գործնականում վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ նրա հետ ընդհանուր սահման ունի։         Իրանական դիվանագետների՝ արեւելյան դիվանագիտության ոգուն համահունչ այդ հակասական հայտարարություններն Ադրբեջանում աշխույժ բանավեճի առիթ են դարձել։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը յուրահատուկ մեկնաբանություն է տվել Ադրբեջանում Իրանի դեսպան Մամեդբաղիր Բահրամի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի իշխանությունները համաձայն են կարգավորման գործընթացում Թեհրանի մասնակցությանը` հայտարարելով, որ Իրանը սահմաններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ եւ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Ուշագրավ է, որ նույն Բահրամին ժխտել է Երեւանում ԻԻՀ-ի դեսպան իր պաշտոնակցի խոսքերը, որը հայտարարել է Իրանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սահմանների առկայության մասին։ Դեռ ավելին, Բաքուն մշտապես լուրեր է տարածում այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման հարցում միջնորդական դեր խաղալու` Իրանի փորձը 1992թ. ձախողվեց ու ողբալի եղավ Ադրբեջանի համար, քանի որ Թեհրանում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ռազմագործողությունների դադարեցման մասին պայմանագրի ստորագրման հենց հաջորդ օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը գրավեցին Շուշին։ Պաշտոնական Բաքվի նման վարքագիծը պարտադրում է Թեհրանին` ժամանակ առ ժամանակ դիմել մտրակի օգնությանը, ինչը գլխավորապես արտահայտվում է Ադրբեջանի տարածքում իրանական հեռուստաալիքների կողմից , գերազանցապես իրանական Seher հեռուստաալիքի ծրագրերում ցուցադրվող հաղորդումների բովանդակության մեջ: Ուշագրավ է, որ, այսպես կոչված, Իրանի ադրբեջանցիներն այդ համապատկերին պահպանում են քար լռություն, ինչը խոսում է Ադրբեջանի խորհրդանշականության հանդեպ նրանց, մեղմ ասած, անտարբեր վերաբերմունքի մասին։ Ի հակակշիռ այդ լռության` պաշտոնական Բաքուն Ադրբեջանի փոխարտգործնախարար Վագիֆ Սադըխովի շուրթերով պահանջել է Իրանի իրավապահ մարմիններից՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել` կապված ԱՀ պետական խորհրդանիշերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորման եւ դեսպանատան շենքի վրա նեխած ձվեր նետելու հետ, ընդ որում` Սադըխովն իր պահանջները հասցեագրել է բացառապես իրանական ոստիկաններին։ Առավել կտրուկ եղավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովի արձագանքը։ Վերջինս, մեկնաբանելով Իրանում ադրբեջանական դրոշը վառելու հարցը, հայտարարել է, որ «Իրանում կան ուժեր, որոնք շահագրգռված չեն ադրբեջանա-իրանական կապերի կարգավորման գործում եւ փորձում են ամեն կերպ վնասել այդ հարաբերություններին»։ Հասանովը նաեւ նշել է, որ իրանական կողմը բավականաչափ միջոցներ չի ձեռնարկում նման նախադեպերը կանխելու համար, իսկ իրանական «Seher» հեռուստաալիքի հաղորդումներն ուղղված են Ադրբեջանում հասարակական-քաղաքական իրավիճակի լարվածության սրմանը։         Թեհրանն սկսել է հարաբերություններ հաստատել նաեւ Հարավկովկասյան մեկ այլ պետության՝ Վրաստանի հետ։ Հիմնական խոչընդոտն այդ ճանապարհին համարվում են վրաց-ամերիկյան եւ ռուս-իրանական հարաբերությունները։ Մինչեւ վերջին ժամանակներս Վրաստանը չէր մտնում Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակը։ Սակայն այսօր իրավիճակն սկսել է աստիճանաբար փոխվել։ Սույն կարծիքը հաստատում են հայտարարությունները, որոնք արվել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից հունվարի 18-ին նրա` Թեհրան կատարած այցի ընթացքում, որտեղ նա ընդունվել էր ամենաբարձր մակարդակով՝ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից։         Վաշաձեի ճամփորդությունների պաշտոնական նպատակն էր քննարկել ռազմավարական հարցերը՝ կապված Կովկասում կայունության եւ անվտանգության հետ։ Իրանում Ահմադինեժադը վրացիներին խորհուրդ է տվել «չձգտել դեպի ՆԱՏՕ», իսկ Վաշաձեն պատշաճն է մատուցել «տարածաշրջանային զարգացման նկատմամբ Իրանի հավասարակշռված եւ սկզբունքային մոտեցմանը»` ընդգծելով ԻԻՀ-ի հետ խորհրդատվությունների ընդլայնման հանդեպ Թբիլիսիի պատրաստակամությունը։ Վաշաձեն նաեւ հնչեցրել է բավական կարեւոր հայտարարություն, ըստ որի` «Իրանն իրավունք ունի առաջ ընթանալ միջուկային տեխնոլոգիաների զարգացման գործում»։ Հաշվի առնելով, որ Թբիլիսին ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես Վաշինգտոնի դաշնակից, Իրանի իշխանությունների համար այդ հայտարարությունը համարվում է դիվանագիտական մեծ ճեղքում։         Վաշինգտոնի կողմից պարբերաբար հնչեցվող՝ 2012-2013թթ. Իրանի դեմ ռազմական գործողության սկսման ուղղությամբ, ինչպես նաեւ համաշխարհային ԶԼՄ-ների այն տեղեկատվությունների համապատկերին, թե ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու դեպքում կօգտագործվեն ռազմական հենակետերը Վրաստանում, Ահմադինեժադի համար առավել նշանակալի դարձան Վաշաձեի հավաստիացումները` Թեհրանի հասցեին Վրաստանի մոտ ագրեսիվ ծրագրերի բացակայության մասին։ Վաշաձեն նաեւ հայտարարել է, որ «Թբիլիսին երբեք չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին, անկախ նրանից, թե Վրաստանը ում է դաշնակից»։ Այդ համապատկերին ուշագրավ է վրաց-իրանական հարաբերությունները հայ-իրանական հարաբերությունների հետ կապելը, քանի որ ամենեւին էլ պատահական չէ, որ հունվարի 26-ին Վրաստանի եւ Իրանի կառավարական պատվիրակությունները համապատասխանաբար` վարչապետ Նիկա Գիլաուրիի եւ արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքիի գլխավորությամբ, միաժամանակ հայտնվեցին Երեւանում։ Այդ փաստը կարող է լավ հիմք ծառայել հաջորդ պնդման համար. Սահակաշվիլին, որին քննադատում են բոլոր կողմերից, հրաշալի հարաբերություններ պահպանելով ԱՄՆ-ի հետ եւ միաժամանակ ներդրումներ ստանալով Իսրայելից, կարողացավ դառնալ Իրանի շահերի պաշտպանը։ Օրերս Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդրեզա Սաջադին հայտարարել է, որ ԻԻՀ-ն չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, այնպես որ Թբիլիսիի այդ նոր առաքելության համար պարգեւատրելն առավել քան ակնհայտ է ու արդարացված։ Ինչպես եւ արդարացված է Իրանի հետագա թափանցումը Հարավային Կովկաս՝ դրանից բխող բոլոր մարտահրավերներով եւ ինտեգրացիոն նոր հնարավորություններով։         «Գոլոս Արմենիի», 12 հունիսի 2010թ.

  • Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ