ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, June 25, 2010 5:09 - 3 քննարկում

Հայաստանի գլխեվայր տնկած երեք նախագահների «դոմենեկ»-յան նմանությունները:

Պատերազմի և պարտության կուսակցությունը պետք է հեռանա

Պատերազմի և պարտության կուսակցությունը պետք է հեռանա

Առիթ ունեցել եմ գրելու, որ սկսած 2008-ի նախագահական ընտրություններից՝ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարներ են դարձել այն ուժերը, որոնք իրենց ներկայացնում են որպես խաղաղասերներ, բայց իրականում «Պատերազմի» կուսակցության անդամներ են։ Այդ ուժերը ներկայացված են և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական տիրույթներում, բայց գաղափարական առումով, մեծ հաշվով, նույն գծի կողմնակիցներն են։ Երկու սուբյեկտներին էլ կարելի է դիտարկել մեկ՝ «Քիրվայական» կուսակցության շրջանակներում, որոնք Հայաստանի համար 5-րդ շարասյան գործառույթ են կատարում։ Նրանք այդպես չեն ուզում, բայց այդպես ստացվում է։

«Քիրվայական» կուսակցության «խաղաղասիրությունը» մուրացկանային, ինքնաոչնչացնող, անարժանապատիվ բնույթ է կրում և տանում դեպի պատերազմ։ Վերջին օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են այս պնդումները. ունենք զոհեր և վիրավորներ, Արցախի և Ադրբեջանի շփման գծի գրեթե ողջ երկայնքը կրակի տակ է։

Փաստորեն՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ողջունված «ֆուտբոլային» դիվանագիտությունը  Ադրբեջանում գնահատեցին որպես հայերի թուլության նշան  և անցան հարձակման։

«Քիրվայականների» քարոզած գաղափարների դոմինանտ դառնալն ու Ս. Սարգսյանի վարած քաղաքականությունն է պատճառը, որ այժմ, առավել քան երբևէ 1994-ի հրադադարից հետո, Ադրբեջանը լկտիացել է։ Ո՞վ լիներ փամփլիկ Ալիևի փոխարեն, որ չաքլորանար ու չլկտիանար։ Ադրբեջանում տեսնում են, որ Հայաստանի ընդդիմություն և իշխանություն կոչված հատվածներում մեկը մյուսից առաջ ընկնող հանձնողական տրամադրությունների կրող ուժեր են հայտնվել, ու անցնում են գրոհի։

Տեսե՛ք. Տեր-Պետրոսյանը 2007-ին ընդհատակից դեպի ակտիվ քաղաքականություն վերադարձավ, ու վերահաստատեց իր հիմնական կարգախոսը, այն է՝ «Մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, չենք կարողանա զարգանալ»։ Իսկ լուծում կոչվածը ՀՀ առաջին նախագահը պատկերացնում է հողերը շուտափույթ հանձնելու տարբերակով։ Բացի այդ՝ Տեր-Պետրոսյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված են, ու մեկ հարվածով կարելի է միանգամից կարգավորել երկու հարաբերությունները՝ զուգահեռաբար բավարարելով նաև Թուրքիայի կողմից առաջ քաշվող հայտնի երկու նախապայմանները։ Այս մոտեցումները նորանկախ Հայաստանում քարոզվել են շուրջ երկու տասնամյակ, և որևէ լուրջ հակազդեցության չեն արժանացել, այդ թվում՝ ազգայնական որակված քոչարյանական կառավարման ժամանակահատվածում։

1998-ից հետո ՀՀ քաղաքական դաշտում դոմինանտ դարձան երկու պսեվդոկոդեր։ Քոչարյանականն իբր ազգայնականն էր, որին տերպետրոսյանական թիմը  հակադրում էր իբր լիբերալ կոդ, որը ենթադրում էր Սարգսյանի վարած «ֆուտբոլայինի» տիպի քաղաքականություն։  Իսկ իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման փուլում քաղաքական-գաղափարական դաշտում անհրաժեշտ աշխատանքն անտեսվեց, գերակայող դարձավ «կոլխոզային» մտածողությունը և դա՛ էր պատճառը, որ կենսունակությունը պահպանեց քիրվայական գաղափարախոսությունը, որը սկսեց մետաստազներ տալ։  Եվ դա բնական էր, քանի որ իշխանությունները քաղաքական համակարգը դրեցին խաղից դուրս վիճակում, իսկ դա չէր կարող մի օր պայթյունի չհանգեցնել։

Տերպետրոսյանկան շրջանից հետո տնտեսական այն դրական տեղաշարժերը, որոնք արձանագրվեցին Քոչարյանի նախագահության օրոք և հնարավորություն տվեցին կայանալ փոքր բիզնեսին (դրան մեծապես նպաստեց 2000թ ընդունված «Պարզեցված հարկի մասին» օրենքը և ընդհանուր առմամբ հարկային մեղմ քաղաքականությունը)՝ միջին խավի կայացման գործում ակնկալվող արդյունքները չտվեցին, քանի որ տնտեսական ձեռքբերումները չամրապնդվեցին ժողովրդավարական ու շուկայական անցման բարեփոխումներով։ Ընդհակառակը՝ կլանաօլիգարխիկ համակարգն է՛լ ավելի ամրապնդվեց, և խոշոր բիզնեսի տիրույթը միջին բուրժուազիայի համար վերածվեց անառիկ ամրոցի։

Արդյունքում՝ 1998-ի իշխանափոխության իմաստը և կարևորությունն արժեզրկվեց։ Ամբողջությամբ վերահսկվող հեռուստաեթերը «ջրիկ-վռիկ» հաղորդումներից այն կողմ չանցավ, լրատվական թողարկումները դարձան «ազատ, բայց պատասխանատու», իսկ քոչարյանական համարվող մասնավոր  հեռուստաալիքներից ամենաքոչարյանականի համբավ ունեցողը հետևողականորեն քիրվայական գիծ էր (է) քարոզում և արժեզրկում ազգայինը։ Ու ասել, թե 98-ի իշխանափոխությունից հետո տերպետրոսյանականների նկատմամբ գեբելսյան ոճի  հակաքարոզչություն է վարվել, պարզապես ծիծաղելի է։ «Գլամուրային աստղիկներո՞վ» էր վարվում այդ «գեբելսյան» քարոզչությունը,  եթերը ողողած դատարկախոս հումորիստներո՞վ, թե՞ քաղաքական համարվող այն հաղորդումներով, որի շրջանակներում ծաղրի առարկա էր (է) դառնում Արցախի հաղթանակը, Հայոց բանակը և ազգայինի ու պետականության հետ առնչվող ցանկացած բան։ Կարգին երկիր ստեղծելու  փոխարեն, «կարգին» հաղորդումներ էին ստեղծվում, որոնք բթացրեցին  ու զոմբիացրեցին մեր հասարակության մի մասին և հիմա մենք քաղում ենք այդ ամենի դառը պտուղները։

Եթե մարդկանց քաղաքական կոդերով բացատրվեր 98–ի իշխանափոխության իմաստը, տերպետրոսյանական գաղափարների ողջ վտանգավորությունը, և մեր անվտանգությանն առնչվող հարցերում քաղաքական դիլետանտիզմ չցուցաբերվեր, ապա այս օրին չէինք լինի։

Քոչարյանի թիմն ուշքի եկավ նախագահական ընտրությունների նախընտրական փուլում, բայց արդեն ուշ էր։ «Ջրիկ-վռիկներն» այնքան էին վարժվել «ազատ, բայց պատասխանատու» վիճակին, որ 2008-ին Տեր-Պետրոսյանի դեմ հեռարձակվող ռեպորտաժներն ու հաղորդումները հակառակ էֆեկտը տվեցին։ Հեռուստատեսությունն ամուլ դարձրած Քոչարյանն այդպիսով զգաց քաղաքական բումերանգի էֆեկտը։

Այնպես որ, տերպետրոսյանականները, երբ խոսում են իրենց դեմ վարվող հակաքարոզչության մասին, դեռ չեն պատկերացնում (ավելի ճիշտ՝ մասամբ պատկերացնում են արդեն), թե ինչ է իրականում նշանակում գաղափարական աշխատանք քիրվայության դեմ, բայց քանի դեռ իշխանության է Սերժ Սարգսյանը, այդ մասով նրանք կարող են հանգիստ լինել. քիրվան քիրվայի դեմ գաղափարական աշխատանք չի տանի։

Իրականությունն այն է, որ քոչարյանական կառավարման շրջանում ոչ թե կեղծ ազգայնական կամ որևէ այլ բնույթի քարոզ էր տարվում հեռուստատեսությամբ, այլ ընդհանրապես որևէ քարոզ չկար։ Ես քարոզչություն չեմ համարում այս կամ այն ընդդիմադիրին պիտակավորելը, կամ եթերն անձնական վիրավորանքներով լցնելը, կամ անցանկալի մարդկանց եթերից զրկելը։ Իսկ եթե որևէ մեկն ազգային քարոզ կհամարի «Միասնության շուրջպարը» կամ, ասենք, հակածխախոտային պայքարը, ապա նրա հետ վիճելն անիմաստ է։

Մի խոսքով, 1998-ից հետո երկիրը գաղափարական առումով նորմալ ուղու (դրա նախադրյալները կային իշխանափոխությունից հետո) վրա հայտնվելու փոխարեն՝ գաղափարական վեկտորների հստակեցման առումով ազատ անկման մեջ էր և դա հատկապես իրեն զգացնել տվեց Վազգեն Սարգսյանի սպանվելուց հետո։

Ճիշտ է, Քոչարյանի օրոք «Ազգային գաղափարախոսությունը» կեղծ կատեգորիա չէր հայտարարվում, սակայն այնպիսի տեղեկատվական արտադրանք էր մատուցվում հանրությանը և այնպիսի գավառականություն ու «բակային նացիոնալիզմ» կար պետական կառավարման համակարգում, որ դրա պատճառով «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» կոդը դարձավ արդիականության ու բարձր մակարդակի մտածողության հոմանիշ։  Այդ ամենի ֆոնին՝ դոմինանտ դարձան լրիվ այլ արժեհամակարգեր։  Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում կեղծ և վտանգավոր գաղափարական «շտամպերը», գաղափարական հակազդեցության չհանդիպելով, համարյա ամբողջությամբ գրավեցին հանրային գիտակցության տարածքները՝ ի հակակշիռ այն կանաչ տարածքների, որոնք գրավվում ու բետոնապատվում էին օրվա իշխանությունների կողմից։

Քիրվայականների կողմից հանրային գիտակցության տարածքների գրավումից հետո այնպես ստացվեց, որ նա, ով շուտափույթ հող հանձնելու կողմնակից էր կամ  ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացումը ծաղրող մեկը՝ համարվում էր լիբերալ, բարձր որակի մտավորական ու քաղաքական գործիչ, իսկ հակառակ ձևով մտածողները՝ հետամնաց, հնամաշ ու նացիոնալիստ՝ համարյա ֆաշիստ։ Սա Քոչարյանի նախագահության ժամանակահատվածի ամենամեծ ձախողումներից էր, քանի որ ազգային անվտանգության զգացողությունը ժողովրդի մեջ թմրեցվեց, իսկ քաղաքական դաշտ կոչվածի հետ աշխատանքը վստահվել էր Սերժ Սարգսյանին, ով այդ աշխատանքը  պատկերացնում էր բացառապես «զրոների» ու հաճախորդացման միջոցով (Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին հարցրեք՝ կպատմեն)։

Եվ այսպես՝ 1998-2008թթ. ընթացքում ՀՀ անվտանգությանը սպառնացող գաղափարների տարածումը, իշխանությունների հանցավոր անտարբերության, քաղաքական դիլետանտիզմի ու թողտվության պատճառով, ահագնացող չափերի հասավ։ Ռազմի դաշտում նվաճած մեր անկախությունը զիջեցինք խաղաղության տարիներին ու հիմա, հավանաբար,  նորից ենք անցնելու չսովորած դասերը։

1998-ին Տեր-Պետրոսյանն իշխանությունից հեռացվեց, բայց նրա ուրվականը մնաց, քանի որ փոխարենը ոչինչ չառաջարկվեց, բացի ազգայնական պարզունակ «տրյուկներից», որոնք ավելի շատ «հայրենասիրական կոռուպցիան» արդարացնելու ու քողարկելու  միջոց էին հիշեցնում, քան իրական գաղափարական գիծ։ Քիրվաները, այդպիսով, պահպանեցին իրենց կենսունակությունը և ռևանշի հասնելու հնարավորությունը։

Այո՛, Քոչարյանն արտաքին քաղաքականության մեջ գնաց Տեր-Պետրոսյանի գծին հակառակ ու կարողացավ հետ պտտեցնել Արցախի հարցի փուլային լուծման՝ մեզ համար կործանարար տարբերակը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հասնել տպավորիչ դրական արդյունքների, որը ամրապնդում էր ՀՀ անվտանգությունը, սակայն ներքին կյանքում առկա աղաղակող անարդարությունները, գաղափարական-քարոզչական «բարդակը», տնտեսության կլանայնացումը և քաղաքական դաշտի փոշիացումը բերեցին նրան, որ քիրվայական գաղափարախոսության կրողները վերակենդանանալու շանս ստացան։ Այդ վերակենդանացումը հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ իշխանության թեկնածուն դարձավ Սերժ Սարգսյանը, ով վերը նշված բացասական երևույթների գլխավոր ճարտարապետներից ու համահեղինակներից է։

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանի օբյեկտիվ գնահատականն այն քաղաքական կոնֆիգուրացիան է, որն առկա է նրա նախագահությունից հետո։ Այժմ մենք, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, մի կողմից ունենք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը մենաշնորհայնացնելու ձգտող ուժ, որի լիդերի դավանած գաղափարաները որևէ նորմալ երկրի համար նոնսենս են և իրենց հակապետական լինելու պատճառով մարգինալ որակումը կարող են ստանալ։ Իսկ քաղաքական դաշտի մյուս կողմում իշխանության գլխին հայտնված Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմն է, ովքեր իրենց կառավարման այս կարճատև ժամանակահատվածում հաջողացրեցին ամբողջությամբ ձախողել և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունը և երկիրը կանգնեցնել տնտեսական կոլապսի ու խոշորամասշտաբ պատերազմի վտանգի առջև։ Սա՛ է Ռ. Քոչարյանի թողած ժառանգությունը։

2008-ի նախագահական տխրահռչակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերցրեց իր աթոռային մրցակցի գաղափարները, և արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին։

Ասել, թե Սերժ Սարգսյանը երդվյալ քիրվա է, սխալ կլինի։ Նա իրավիճակային գործիչ է և զուրկ որևէ սկզբունքից, ու քանի որ նախագահական ընտրություններից հետո հարթակում քիրվայական գաղափարախոսությունն էր դարձել գերիշխողը, ուստի նա գնաց այդ ուղղությամբ։ Անունը դրեցին «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն» ու սկսվեց…

Իշխանությունները հիմա «մոռացել» են, բայց հիշեցնեմ, որ Սարգսյանի «նախաձեռնողականության» առաջին դրսևորումը Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումն էր։ Հռչակագիր, որը բացառապես ադրբեջանական կողմին ձեռնտու ձևակերպումներ էր պարունակում, քանի որ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների մինչև այդ ընդունած բանաձևերն էին հիմք վերցվում այդ հռչակագրով։ Իսկ, ինչպես հայտնի է, բոլոր բանաձևերը, որոնք ընդունվել ու ընդունվում են ՄԱԿ-ի կամ այլ կառույցների կողմից (վերջինը՝ Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձևն է), հայանպաստ չեն։ Բայց նույնիսկ եթե այդ հռչակագիրը ոչ մի վտանգ մեզ համար չներկայացներ, ապա միայն փաստով, որ առանց ԼՂՀ ստորագրության՝ Հայաստանը և Ադրբեջանը փաստաթուղթ են ստորագրում՝   Մայնդորֆյան հռչակագրի գոյությունն իսկ բացասական էր։

Այն ժամանակ արված մեր այս դիտողություններին Սարգսյանի «մայնդորֆյան» քայլերի պալատական գովերգիչները և հաստիքացուցակային «անկախ» վերլուծաբան-քաղաքագետ-«ուդմուրդագետները» հակադարձում էին, թե Մայնդորֆյան հռչակագրով Հայաստանի ամենագլխավոր ձեռքբերումն այն էր, որ Ալիևն այլևս ռազմատենչ հայտարարությամբ հանդես չի գա։ Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչո՞ւ էր պետք Ալիևին հայտարարություն անելուց զրկելու նպատակով մի թուղթ ստորագրել, որտեղ մեզ համար աննպաստ ձևակերպումներ կային և բացակայում էր ԼՂՀ-ի ստորագրությունը, բայց արձանագրենք, որ Մայնդորֆից հետո Ալիևը ոչ միայն չդադարեցրեց իր ռազմատենչ հայտարարությունները, այլև առարկայական տեսք տվեց դրանց ու մեր ջահել զինվորները զոհ գնացին։ Իրականությունն այն է, որ Ալիևն ավելի է լկտիացել Մայնդորֆից հետո, իսկ մեզ «օգուտ» մնաց միայն ստորագրված փաստաթուղթը և զիջողական կեցվածքը։  Ալիևի լկտիացմանը նպաստեց նաև այն, որ Սերժ Սարգսյանն ընդամենը շաբաթներ առաջ այնպիսի քիրվայական բնույթի հայտարարություններ էր անում և այնպիսի հանձնողական բովանդակությամբ հարցազրույցներ էր տալիս միջազգային լրատվամիջոցներին, որ վերջնականապես համոզեց Ադրբեջանին, որ ճիշտն Արցախի վրա հարձակվելն է։

Հունիս 18-ից սկիզբ առած հակամարտող կողմերի շփման գծում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները ձախողել են բանակաշինության ոլորտը և իրենց արտաքին ու ներքին քաղաքականությամբ հանգեցրել նրան, որ պարտված ու սուլթանական  պետություն Ադրբեջանը դարձել է նախահարձակ ու իր կամքն է թելադրում և՛ համանախագահներին, ովքեր հավասարության նշան են դնում մեր և Ադրբեջանի միջև ու առանց դիվանագիտական էթիկետը հաշվի առնելու՝  ՀՀ քաղաքացիներիս արժանապատվությանը դիպչող տոնով խորհուրդներ տալիս արտգործնախարար Նալբանդյանին, և՛ Հայաստանի «խաղաղասեր» իշխանություններին, ովքեր թուլակամորեն Ադրբեջանին առաջարկում են պատերազմ չսկսելու վերաբերյալ թուղթ ստորագրել՝ դրանով առյուծ դարձնելով մլավող կատվի  կարգավիճակ ունեցող Ալիևին։

Պարոնա՛յք իշխանություններ ու «քաղաքագետ-վերլուծաբաններ», բա՞ ասում էիք, թե Մայնդորֆից հետո այլևս պատերազմի վտանգը վերացավ։  Եթե իշխանություններն այն օրերին միամտություն էին ունեցել կարծելու, թե Մայնդորֆյան հռչակագիրն ստորագրելով՝ կանխելու էին Ալիևի ռազմատենչ ախորժակը, ապա դա մտածելու տեղիք է տալիս, իսկ եթե ստորագրել էին, քանի որ «նախաձեռնողականությունն» այդպե՛ս էին պատկերացնում, ապա դա այլ բանի վկայություն է։ Երկու դեպքում էլ վերջնականապես գալիս ես այն եզրակացության, որ այս իշխանությունը չի կարող մեր երկրի անվտանգությունն ապահովել։ Դա, թերևս, հասկացել են նաև իշխանական համակարգը ներկայացնողների լայն շրջանակները։

Հիմա ճիշտ ժամանակն է, որ Մայնդորֆն արդարացնողները  պատասխան տան այսօրվա զարգացումների համար՝ ստորագրողներից մինչև քարոզիչներ։   Մենք զինվորներ ենք կորցրել։ Մեկը պե՞տք է պատասխան տա սրա համար, թե՞ «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»։

Ժամանակն է նաև, որ պատասխան տրվի «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքների համար։ Երկիրը գրեթե նախապատերազմական վիճակի մեջ  է հայտնվել, իսկ Սերժ Սարգսյանը չընդհատեց իր արտասահմանյան ուղևորությունները և դեռ հասցրեց Գերմանիայում բողոքել թուրքերից ու ադրբեջանցիներից, թե բա չեք ասի, մեր հարևան երկու պետությունները հակահայկական դիրքորոշում ունեն։ Հետաքրքիր է, իսկ այդ մասին նո՞ր իմացան մեր «նախաձեռնողները»։ Եթե այո, ապա նմանվում են անեկդոտի այն հերոսին, ով նոր է իմանում, որ թուրքերը հայերի ցեղասպանություն են իրականացրել և տաքսի նստելով՝ առաջարկում է քշել Թուրքիայի ուղղությամբ, որպեսզի վրեժը լուծի։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը նոր չի իմացել մեր հարևանների հակահայկական գործունեության մասին, բայց Գյուլին տեսնելով նրան առաջարկում էր օժանդակել Արցախի հարցում ու հետն էլ ավելացնում, թե «միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից», ապա սա լրիվ այլ մտորումների տեղիք է տալիս։  Սարգսյանին հիմա մնում է միայն «հայրենասիրությամբ» զբաղվել։

Ամփոփում. ՀՀ ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիան վտանգում է մեր ազգային անվտանգությունը։ Իշխանության և ընդդիմության հատվածները զբաղեցրած  «Քիրվայական» կուսակցությունը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, բացի պարտությունից և, հետևաբար, «Քիրվայական» կուսակցությունը պետք է հեռանա։ Ավելի ճիշտ՝ պետք է այնպես անել, որ հեռանա։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին հետևելով մի շատ ուշագրավ ընդհանրություններ նկատեցի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի և Սերժ Սարգսյանի միջև։ Նախ երկուսն էլ իրար դեմքով նման են, բայց թողնենք դա։ Ես ավելի լուրջ նմանություններ եմ գտել նրանց միջև։

Երկուսն էլ ղեկավար են դարձել հակառակ հանրային ցանկության։

Երկուսն էլ չեն տիրապետում իրենց գործին։

Երկուսին էլ հաջողվեց պառակտել իրենց թիմն ու հասարակական խորը դժգոհությունների պատճառ դառնալ ոչ միայն իրենց երկրի ներսում, այլև երկրից դուրս։

Երկուսին էլ հաջողվեց ձախողել իրենց վստահված ոլորտները։

Երկուսն էլ միանձնյա և «գիշերային» որոշումների սիրահար են՝ մեկը «մեկ մարդու թիմ» է ուզում ձևավորել, իսկ մյուսը՝ «մեկ մարդու տնտեսություն»։

Երկուսն էլ դարձել են պարտության խորհրդանիշ։

Երկուսն էլ սիրում են միջակությունների ու պնակալեզների հավաքել իրենց կողքը, քանի որ այլ պարագայում կերևա իրենց «մերկությունը»։

Երկուսն էլ սիրում են դեմագոգիայով ու կեղծ հայրենասիրությամբ զբաղվել. Դոմենեկը վերջին խաղից առաջ քթի տակ մրթմրթում էր Ֆրանսիայի պետական օրհներգ Մարսելյեզը, բայց դրանից առաջ հասցրել էր խայտառակել Ֆրանսիան, իսկ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններով համաձայնվում է ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական նվաստացուցիչ նախապայմանին, բայց միևնույն ժամանակ Դեյր Զորի անապատում կեղծ հայրենասիրական տոնով հայտարարում, թե ու՞ր է Հայկական Նյուրնբերգը։

Երկուսն էլ հաղթողների թիմը դարձրին դժգույն միավոր։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան անփառունակ ավարտեց մրցաշարը՝ իր ակտիվում գրանցելով ընդամենը մեկ գոլ, այն դեպքում, երբ իր կազմում ուներ բարձրակարգ հարձակվողներ, իսկ Ադրբեջանին մի լավ դաս տված Հայաստանն այժմ վերածվել է օտարներին խնդրող ու Ալիևից խաղաղություն մուրացող մի երկրի։

Սրանք մեր ու ֆրանսիացի «դոմենեկների» նմանությունների ոչ ամբողջական ցանկն էր։ Այժմ մեր ու ֆրանսիացիների տարբերության մասին։ Ի տարբերություն Ֆրանսիայի հավաքականի, հայ ժողովուրդը դեռ չի կարողանում փոխել իր թիմի «Դոմենեկին»։ Բացի այդ՝  հայկական դիվանագիտությունը, ի տարբերություն Ֆրանսիական ֆուտբոլի,  պարտվել է ընթացիկ իրավիճակներում, բայց դեռ բազում այլ հնարավորություններ կան վիճակը շտկելու համար, ու որպեսզի այդտեղ էլ չկրկնենք Ֆրանսիայի հավաքականի ճակատագիրը, պետք է իշխանական ղեկը վստահել նոր մարդկանց ու հաղթողների գաղափարախոսության կրողներին, իսկ Սերժ Սարգսյանին ուղարկել չվաստակած հանգստի։ «Չվաստակած» բառն օգտագործելիս՝ նկատի ունեմ բառիս քաղաքական ու դիվանագիտական ենթատեքստերը։ Թե չէ այլ առումներով լավ էլ վաստակած կլինի Ս. Սարգսյանը։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արփինէ
Jun 25, 2010 11:35