ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 16, 2010 14:19 - 2 քննարկում
Ստեղծված է կաստային սրբազան ավազակաորջ…
Հայոց լեզվի թեստերի, «բարեպաշտ սերնդի» և բենզին ծախող Բարսեղ Բեգլարյանի մասին
Ներիշխանական անցուդարձից քաջատեղյակները գիտեն, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ թե Սահմանադրությամբ սահմանված պաշտոնական ֆորմալ հիերարխիայի միջոցով, այլ փակ կաստաներին հատուկ ձևով։ Ընդ որում, այդ կաստայի անդամները պարտադիր չէ, որ ունենան պետական պաշտոն։ Կարևորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մտերմության աստիճանն է։
Պատահական չէ, որ պետական այնպիսի գործառույթ ինչպիսին ընդունելության քննությունն է՝ հայտնվում է այնպիսի մարդկանց ազդեցության տակ, որ օրենսդրորեն դա հնարավոր չէ պատկերացնել, բայց երբ այդ ամենը դիտարկում ենք վերը նշված փակ կաստայի տրամաբանության շրջանակներում, ապա ամեն ինչ պարզ է դառնում։
Մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, որ ընդունելության քննությունների վրա կուլիսային ազդեցություն ունի բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը, ով նաև իշխանական փակ կաստայի ներկայացուցիչ է համարվում։ Ի դեպ, այդ կաստան Հայաստանում կղերական իշխանություն ձևավորելու և Հայաստանը կրոնապետություն դարձնելու առաքելություն է վերցրել իր վրա, բայց այդ ամենի իրական նպատակը հավերժ իշխանություն և «Հայկական աշխարհ» կառուցելու դեմագոգիկ հայտարարությունների քողի ներքո փող աշխատելու անսահման հնարավորություններ ունենալն է։ Այս թեմայով մեկ այլ հրապարակմամբ հանդես կգանք մեկ այլ առիթով և ավելի մանրամասն կներկայացնենք Հայաստանում գործող հակասահմանադրական գործողություններ իրականացնող «սրբազան ավազակաորջի» մասին։
Վերադառնանք, սակայն, ընդունելության քննությունների տխրահռչակ թեստերի թեմային ու այդ ամենի մեջ ունեցած Բարսեղ Բեգլարյանի դերին։
Այսօր ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, Պետական ավարտական և միասնական քննությունների բողոքարկման և թեստավորման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանն «Իրավունք դե ֆակտո» ակումբում «7օր»-ին ասել է, որ ինքը «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի անդամ է և այդ հիմնադրամի խորհրդի անդամներ են նաև Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ– խմբ.), ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Արարատ» բանկի կառավարիչ Աշոտ Օսիպյանը։ Հիմնադիր խորհուրդը որոշում է կայացրել, որ ի պաշտոնե խորհրդի անդամ պետք է լինի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը։ Անցած անգամ Սպարտակ Սեյրանյանն էր, իսկ հիմա Արմեն Աշոտյանը։
-«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը ստեղծել է Բարսեղ Բեգլարյանը։ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն արդեն շատ միջոցառումներ է իրագործել, և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնական սկզբունքները հայտարարված են,– ավելացրել է Մ. Մկրտչյանը։
«7օր»-ի հարցին ի պատասխան էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն խոսակցությունները, թե այս տարվա քննական գործընթացների վրա Բարսեղ Բեգլարյանը մեծ ազդեցություն ունի, և դա նա իրականացնում է Մանուկ Մկրտչյանի միջոցով, վերջինը պատասխանել է.
-Նախ առաջինը՝ դա անհարգալից վերաբերմունք է մեր «Բարեպաշտ սերունդ»-ի հիմնադրի վերաբերյալ, որովհետև ինքը սահմանել է իր սկզբունքները մի քանի անգամ. նա չի խառնվում այդ հարցերին՝ առավել ևս իմ միջոցով։ Ես անկեղծ ձեզ պատասխանեցի, ձեր գործն է՝ ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք։ Դրանք հերյուրանքներն են։ Չգիտեմ՝ ում է ձեռնտու։
Թե որքանո՞վ էին Մ. Մկրտչյանի խոսքերն անկեղծ և արդյոք արժե՞ հավատալ նրա ասածներին ՝ կարող եք գնահատել ինքներդ։ Բանն այն է, որ ի հակառակ Մանուկ Մկրտչյանի ասածների, այսօր «Չորրորդ իշանություն» թերթում տպագրված հարցազրույցում այն հարցին, թե Բարսեղ Բեգլարյանի հետ երբևէ քննարկվե՞լ է հայոց լեզվի թեստերի շուրջ ստեղծված իրավիճակը, ԳԹԿ ղեկավար Գուրգեն Խաչատրյանը, ով նշել է նաև, որ ինքը Բ. Բեգլարյանի հետ «նույն ռայոնից է», պատասխանել է.
-Երբեմն-երբեմն պատահում է։ … Ինքը (Բարսեղ Բեգլարյանը – խմբ.) շատ է շահագրգռված, որ պրոցեսը լավ գնա։ Ես ասեմ, իրոք, շատ ա շահագրգռված։ Եվ աշխատում է աջակցել։
Այն որ Բեգլարյանը շահագրգռված է, որ պրոցեսը լավ գնա, դա վատ չէ, բայց մեզ այլ հարց է հետաքրքրում. ի՞նչ պաշտոնական կարգավիճակ ունի բենզին բերող «Ֆլեշ»–ի ղեկավար Բարսեղ Բեգլարյանը, որ նրա հետ շահագրգիռ քննարկում են վարում թեստերը կազմողներն ու գնահատողները, և որքա՞ն «շատ» է Բեգլարյանի շահագրգռվածությունը ընդունելության ընթացքի հետ կապված։ ՀՀ օրենսդրությու՞նն է այդպիսին, որ թեստ կազմողները պետք է իրենց գործունեությամբ հաշվետու լինեն նաև բենզինի բիզնեսով զբաղվողի հետ, թե՞ փակ կաստայի ու կրոնապետություն սարքելու տրամաբանության շրջանակներում է դա արվում։
Փաստորեն ստացվում է, որ բենզինի վաճառքից ազատ ժամանակահատվածում Բարսեղ Բեգլարյանը նաև ընդունելության քննություններով ու հայոց լեզվի թեստերով է զբաղված, ինչպես նաև «բարեպաշտ սերունդ» է ստեղծում ու այդ գործընթացի մեջ ներգրավում վարչապետ ու նախարար։ Վատ չէ, վատ չէ…
Եթե այս ամենի հետ համադրենք նաև այն լուրերը, որ տերտերական առոգանությամբ ելույթ ունեցող Տիգրան Սարգսյանի «բարեպաշտ» վարչապետ դառնալու մեջ նույնպես խառն է Բ. Բեգլարյանի մատը, ապա ստացվում է, որ մեր երկիր առաջին դեմքերից մեկը ոչ ֆորմալ առումով «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանն է, բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը ո՛չ նրա դեմքն է տեսել, ո՛չ նրան ընտրել է, ո՛չ էլ լիազորել թեստերով զբաղվելու։ Սա հենց կոչվում է իշխանական համակարգի ոչ լեգիտիմություն, երբ կառավարչական որոշումներ են ընդունում և երկրի ղեկավարմանը մասնակցում մարդիկ, ովքեր նման լիազորություններ ժողովրդից չեն ստացել։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ինչպես նշել էր այսօր Մանուկ Մկրտչայնը (ով, ըստ որոշ տեղեկությունների, Բարսեղ Բեգլարյանին կրոնական հովերի մեջ գցողներից է). «Հիմնադիր խորհուրդը որոշում է կայացրել, որ խորհրդի անդամ պետք է լինի նաև ի պաշտոնե ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը»։ Ուշադրություն դարձրեք ձևակերպման վրա։ Մկրտչյանը նշում է, որ խորհուրդը որոշում է կայացրել, որ ԿԳ նախարարն ի պաշտոնե դառնա խորհրդի անդամ։ Բայց մի հարցնող լինի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հիմնադրամը, որ որոշումներ է կայացնում պետական պաշտոնյաներին իր խորհրդի կազմում ընդգրկելու վերաբերյալ։ Սա արդեն սեկտայական կառավարման տիպի բան է հիշեցնում։
Ուշագրավ է, որ Աշոտյանին խորհրդի անդամ են դարձնում օտարալեզու դպրոցների բացման այս խայտառակ որոշումների ֆոնին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ որոշումները Հայաստանում լրիվ այլ տեղերում, այլ մեխանիզմներով և այլ մարդկանց կողմից են կայացվում։
2 քննարկումներ
stepan sargsyan