ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 12, 2010 2:24 - 8 քննարկում
Սա արդեն ծիծաղելի չէ:
Գաղտագողի որոշումների սիրահարը
Եվ այսպես, Սերժ Սարգսյանը վերջապես խոսեց օտարալեզու դպրոցների բացման թեմայով։ Մի փոքր միջնորդավորված (խոսնակի միջոցով), մի փոքր ոլոր-մոլոր ձևակերպումներով, մի փոքր «միջազգային» տերմինաբանությամբ, բայց խոսեց ու կողմ արտահայտվեց հայոց լեզվի դեմ ոտնձգություն իրականացնող քայլերին։
Շաբաթներ շարունակ հասարակությունն ալեկոծվում էր այս թեմայով, սակայն նախագահի ձայնը չէր լսվում։ Չնայած «էն գլխից» էլ պարզ էր, որ «նախաձեռնող» ՀՀ նախագահի գիտությամբ կամ դրդմամբ էր Արմեն Աշոտյանը մեյդան ընկել ու Մատրոսովի էնտուզիազմով պաշտպանում ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր լսել, թե ինչ է ասելու «ազգընտիրը»։ Ասեց։ Ասեց ու ցույց տվեց, որ սա ևս մեկ քիրվայական բնույթի որոշում էր, որը կայացնում է «նժդեհական» կուսակցության՝ որոշումներ կայացնել ու դրանք փոխել սիրող ՀՀԿ ղեկավարը։
Ի դեպ, եթե նկատել եք, Սերժ Սարգսյանի կառավարման ոճն այնպիսին է, որ երբ նա բնազդով զգում է, որ այն չի անում կամ փողի հաշիվ կա, ապա ինքն անմիջապես չի հայտնվում էկրաններին, այլ ենթականերին է դեմ տալիս։ Սարգսյանը սիրում է թաքնվել, երբ հասկանում է, որ արածը մի բան չէ։ Բայց պետք է հստակ ֆիքսել, որ հենց ի՛նքն է բոլոր նման որոշումների հեղինակը։ Այսինքն, Ս. Սարգսյանը սիրում է գործել գաղտագողի՝ սեփական կարծիքը թաքցնելով և ուրիշներին «պոդստավկա» անելով։
Եթե հիշում եք, 2008-ի մարտի 1-ի ժամանակ ու դրանից մի քանի օր անց էլ Սերժ Սարգսյանը չէր երևում։ Նա մի քանի օրից նախագահի աթոռին պետք է նստեր, բայց չէր խոսում, չէր դիմում հանրությանը, չէր հայտնում իր կարծիքը 10 զոհերի կապակցությամբ, չնայած «էն գլխից» էլ պարզ է, որ մարտի 1-ի շնորհիվ միայն հնարավոր դարձավ իր նախագահ լինելը և իր չխոսելը շատ հստակ պատճառ ուներ։
Ասելս այն է, որ ՀՀ գործող նախագահը ոչ հրապարակային գործունեության կողմնակից է։ Նա դուրս է գալիս հրապարակ, երբ, իր կարծիքով կամ կանխատեսմամբ, հաջողությունը 100 տոկոսով ապահովված է։ Նման դեպքերում ինքը միայնակ է գործում ու չի ուզում սպասվելիք հաջողությունը կիսել որևէ մեկի հետ։ Օրինակ՝ նա գիտեր, թե ինչպիսի կատարյալ մեխանիզմ է ստեղծվել ընտրակեղծիքների առումով, և 2007-ի ու նախագահական ընտրությունների քարոզարշավին միայնակ էր բեմ բարձրանում, որպեսզի ոչ մեկին պարտական չլինի։
Շախմատիստները հաղթանակ են տարել՝ Սերժ Սարգսյանը ելնում է բեմի վրա ու իր քարոզն անում շախմատիստների ֆոնին։ Այդտեղ մենք տեսնում ենք բաց ու հրապարակային Սարգսյանին, ով ցանկանում է հաջողությունն իր վրայով կարել։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունն էլ նա մենակ տարավ՝ կանխավայելելով «դարի գործիչ» դառնալու փառքը, բայց այդտեղ սայթաքեց, քանի որ հայ-թուրքական հարաբերություններն ընտրակեղծիքներ չէին, որ ինչ արդյունք ուզեիր՝ ստանայիր։ Քիրվայությունը «փուստ» անցավ և այդ գործի վրա «քաշվեց» Սարգսյանը ու էլի անցավ ընդհատակ։
Հիմա նրա ձայնը չի լսվում հայ-թուրքականի մասով։ Լեզվի հետ կապված նույնպես նա չէր խոսի, բայց երևի զգալով, որ որոշ ՀՀԿ-ականներ դիմադրում են այդ օրենքին՝ խոսեց, որպեսզի իր կուսակիցներին հրապարակավ ազդանշան տա, որ քվեարկությունը ախոռային ոճով է լինելու, ու թող ոչ ոք չշեղվի։
Այս ամենը շատ հասկանալի է։ Մենք գործ ունենք «Հայկական աշխարհ» կառուցելու լոզունգի տակ թաքնված մի իշխանության հետ, ում երկրպագության միակ առարկան փողն է։ Հասկանալի է նաև այն, որ հասարակությունն այս ամենը չպետք է հանդուրժի։ Խոտորնակին խոտորնակ՝ ինչպես ասում է ժողովուրդը։
Կարեն Հակոբջանյան
8 քննարկումներ
Արփինէ