ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, June 8, 2010 2:06 - չքննարկված

ՏԿՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

  • Հարգարժան տիկին նախարար

    Որպես սփյուռքահայ մտավորական և Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող անհատ, վերջերս օտարալեզու դպրոցներին վերաբերող հարցերն ինձ խորը վրդովմունք և հուզմունք են պատճառել:

    Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածի, մեր պետական և պաշտոնական լեզուն հայերենն է, և օտարալեզու դպրոցներ հիմնելը, ուր բոլոր առարկաները դասավանդվում են օտար լեզվով, այս դեպքում ռուսերենով, առաջին իսկ հերթին հակասում է այս հոդվածին:

    Ելնելով մեր աշխարհագրական դիրքից, ես երբևէ չեմ հերքում ՀՀ քաղաքացիների ռուսերեն լեզվին, ինչպես նաև մեկ ուրիշ համաշխարհային լեզվի` օրինակ, անգլերենին տիրապետելու կարևորությունը, բայց օտար լեզուն կարելի է սովորել դպրոցում, ինչպես արվում է ամբողջ աշխարհում: Դրա համար կարիք չկա մեր նոր սերունդը կրթել օտար լեզվով և նրան հեռացնել ու մոռացնել տալ իրենց հարազատ լեզուն և մշակույթը, ինչը անկասկած կլինի: Սրա փաստը կարելի է տեսնել խորհրդային տարիներին ռուսական կրթություն ստացած մեր հայրենակիցների մեջ: Ճիշտ է, նրանց մեջ մենք ունենք մեծ թվով իրական հայրենասերներ, որոնք այսօր խոսում են հայերեն և իրենց հայ են զգում, սակայն դրանք կազմում են ընդհանուրի փոքր տոկոսը: Իսկ այս սերնդից շատերն այսօր իսկ իրար հետ հարաբերվում են ռուսերենով, և շատ քիչ են տեղյակ իրենց մայրենի մշակույթից:

    Այս պարագան ես անձնապես զգացել եմ, երբ խորհրդային տարիներին այցելելով Հայաստան տեսա ինչպես համերգներում և այլ հանդիսավոր ձեռնարկներում ամեն ինչ հայտարարվում էր ռուսերենով, և ես, որպես ռուսերեն չիմացող մի սփյուռքահայ իմ հայրենիքում ինձ օտար էի զգում: Իսկ Հայաստանի մտավորականությունը պատիվ էր համարում խոսել ռուսերենով: Մի բան, որ ինձ անհանդուրժելի էր և որի համար ես դեռ 80-ական թվականներին բողոքել եմ: Ցավոք, այսօր էլ հայկական հեռուստաալիքներից եթերվող կինոնկարների զգալի տոկոսը ռուսերենով է և մեզ` սփյուռքահայերիս համար անմատչելի:

    Դեռեւս 1970- ական թվականներին Հայաստանն ու Վրաստանը ընդդիմացան Մոսկվայի հզոր ճնշումներին ու կարողացան պահպանել իրենց մայրենի լեզուն, իսկ այսօր, անկախ Հայաստանում, Ռուսաստանի վարչապետի ցանկությունը մեզ համար դառնում է ՙբաղձալի՚ օրենք: Ես զարմանում եմ, թե հատկապես Կրթության և գիտության նախարարը ինչպես է կարող նույնիսկ օրակարգի խնդիր դարձնել նման մի առաջարկ: Նրա պարտականությունն է պահպանել մեր ինքնությունը, իսկ այս առաջարկը մեր ուրույն մշակույթի բնաջնջման առաջին քայլն է, որը պետք է համարել ազգային դավաճանություն: Սա միայն կարելի է համեմատել Ադրբեջանի Հանրապետության հակահայ և պատմությունը կեղծող այն քաղաքականության հետ, որով նրանք աշխատում են ՙփաստել՚, որ հայերը Կովկասի հարավում նորեկներ են և այստեղի քրիստոնեական մշակույթն ու կոթողներն իրականում միայն աղվանական և հետևաբար ադրբեջանական են (այդ մասին կարող եք կարդալ իմ վերջին աշխատության մեջ, The Invention of History, 2009):

    Ձեր նախարարության նպատակն է սերտ կապեր ստեղծել Հայաստանի և սփյուռքի հայության միջև, բայց օտարալեզու դպրոցներ հիմնելը տանում է դեպի հայ ժողովրդի երկու կեսերի օտարացում և պառակտում: Մենք` սփյուռքահայերս, Ձեզանից սպասում ենք վերջ դնել այս ազգը պառակտող ծրագրերին և չթողնել, որ  հայության երկու կեսերի միջև ծնունդ առած և աճող վստահությունն ու փոխադարձ հասկացողությունը իսպառ վերանա:

    Ռուբեն Գալչյան

    ՀՀ ԳԱԱ Պատվավոր դոկտոր, քարտեզագետ

    7 հունիսի, 2010 թ.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ