ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, June 8, 2010 2:23 - 1 քննարկում

Իսրաելի փրկությունը շուտափույթ ներում հայցելն է:

Թուրքիան մտադիր է խզել թուրք-իսրայելական ռազմական կապերը։ Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիկն ասել է, որ Թուրքիան չեղյալ կհայտարարի երկու երկրների միջև առկա ռազմական համաձայնագիրը՝ հավելելով, որ իրենք կօգտագործեն բոլոր իրավունքները «Իսրայելի կառավարությանը պատժելու համար»։

Նախօրեին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հայտարարել էր, որ Անկարան Իսրայելի հետ կխզի դիվանագիտական հարաբերությունները, եթե վերջինս ներողություն չխնդրի «Ազատության նավատորմի» կալանման համար, չհետաքննի մայիսի 31-ի դեպքերը և չվերացնի Գազայի հատվածի շրջափակումը։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ երկու երկրների միջև տնտեսական կապերը առավելագույնս կթուլացվեն։ Էրդողանը նաև հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հածանավով ճեղքել Գազայի շրջափակումը։

Թուրքական կողմը նաև հրապարակել է Mavi Marmara-ի վրա իրականացված հարձակման ընթացքում թուրք զոհվածների դիահերձման արդյունքները։ Նրանց մարմիններում 30 գնդակ է հայտնաբերվել։ Թուրքիան նշում է, որ սա իր հերթին ապացուցում է՝ Իսրայելի հատուկ ծառայությունները փորձել են լրացուցիչ ուժ կիրառել։

Ի պատասխան թուրքական կողմի հայտարարությունների՝ Թել Ավիվը որոշել է «Ազատության նավատորմ» ուղարկել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետություն` թուրքական բռնազավթմանը վերջ դնելու համար:

Jerusalem Post օրաթերթի տեղեկացմամբ` «Վե՛րջ թուրքական բռնազավթմանը» կարգախոսով արշավը կազմակերպել են Իսրայելի նախկին նախարար Ալեքս Գոլդֆարբը և «Մերեց» աջ կուսակցությունից Փինհաս Հար Զահավը: Պարբերականը տեղեկացնում է, որ նավատորմը Կիպրոս կմեկնի առաջիկա օրերին: Թե քանի նավ և որ երկրների ներկայացուցիչներն են լինելու նավախմբի կազմում, առայժմ ոչինչ չի ասվում:

Մյուս կողմից՝ իսրայելցի մի խումբ ուսանողներ մտադիր են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում թուրքերի գործողություններից տուժած հայերի և քրդերի համար նախատեսված մարդասիրական օգնությամբ «Խաղաղության նավատորմ» կազմել և ուղևորվել Թուրքիա։ Սա նրանք անվանում են պատասխան Գազայի հատված ուղևորված «Ազատության նավատորմի» «խաղաղասիրական» սադրանքին։

Այժմ ուսանողները փորձում են վարձել մի նավ, որով կկարողանան լողալ մինչև Թուրքիայի ափը։ Նրանք ձեռք են բերել բժշկական սարքավորումներ ու դեղորայք՝ նախատեսված Թուրքիայում բնակվող հայերի ու քրդերի համար։

«Մենք որոշել ենք գալ և օգնել Թուրքիայում բնակվող փոքրամասնություններին ու ցույց տալ ողջ աշխարհին, թե որքան երեսպաշտ է թուրքական կառավարությունը։ Մենք վստահ ենք, որ Թուրքիան չի խոչընդոտի, որ մենք փոխանցենք մարդասիրական օգնությունը,- ասել է համաիսրայելական ուսանողական միավորման նախագահ Բոազ Տոպորովսկին։- Դա կլինի խաղաղ արշավ՝ առանց դանակների ու քարերի, որոնցով «Ազատության նավատորմի» «խաղաղարարները» դիմավորեցին իսրայելցի զինվորներին։ Եթե Էրդողանի խոսքը համապատասխանում է նրա բարի սրտին ¥չնայած մենք բոլորս գիտենք, որ դա այդպես չէ¤, նա չպետք է ունենա որևէ պատճառ՝ մարդասիրական օգնությունը փոխանցելու հարցում մեզ մերժելու համար»։

Իսրայելը նաև հրապարակել է նոր տվյալներ՝ արատավորելով «Ազատության նավատորմի» ակտիվիստներին։ Եթե նախկինում հայտարարվում էր, որ նավի վրա եղել են ոչ միայն խաղաղ ակտիվիստներ, այլև պրոֆեսիոնալ վարձու զինվորականներ, այժմ նշվում են թուրքական Mavi Marmara-ի անձնակազմում առկա ահաբեկչական կազմակերպությունների անդամների անուններ («Համասից», «Իսլամական ջիհադ» կազմակերպությունից և այլն)։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգն ու Բեռնար Քուշներն Իսրայելին կոչ են արել «Ազատության նավատորմի» դեպքերի «միջազգային հետաքննություն» անցկացնել։

«Մենք ենթադրում ենք, որ շատ կարևոր է օբյեկտիվ ու թափանցիկ հետաքննություն կատարել։ Միջազգային հանրությունը պետք է մասնակցի այդ հետաքննությանը»,- ասել է Հեյգը։ Իր հերթին՝ Քուշները նշել է, որ «բազմակողմանի և միջազգային հետաքննության անցկացումը համապատասխանում է իսրայելական կողմի շահերին»։ Քուշները նաև առաջարկել է Եվրամիությանը հանձնարարել Գազա ուղևորվող նավերի ստուգումը։ «Մենք կարող էինք վերահսկել ծովով Գազա տեղափոխվող բեռները։ Անհրաժեշտ է, որ Եվրամիությունը ամենաակտիվ մասնակցությունն ունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ նախկինում Եվրամիությունն արդեն աջակցել է Գազայի հատվածի ու Եգիպտոսի միջև Ռաֆահ անցակետի վերահսկման հարցում։

Հատկանշական է, որ Իրանում Կարմիր մահիկի կազմակերպությունը պատրաստվում է այս շաբաթվա վերջին Գազա ուղարկել մարդասիրական օգնությամբ բեռնված երկու նավ։ «Նավերից մեկով կփոխադրվի Իրանի բնակչության նվիրատվությունը, հիմնականում՝ դեղեր ու սնունդ, իսկ մյուս նավի վրա կլինեն Կարմիր մահիկի կամավորականները»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Աբդուլրաուֆ Ադիզբադեհը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Գազայի շրջափակումը փորձել է ճեղքել իռլանդական «Ռեյչլ Քորի» նավը, սակայն ապարդյուն։ Այս անգամ զոհեր չեն գրանցվել։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

artak
Jun 8, 2010 9:33