ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, June 3, 2010 1:16 - չքննարկված
Հարություն Առաքելյան. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ
ԿԱՄ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայության համար, կարծես, հաստատվել է մի չար օրինաչափություն. երբ աշխարհը խառնվում է իրար, ապա, մեղմ ասած, ոչ հայանպաստ գործողություններ են տեղի ունենում, եթե չասենք աղետներ: Որպես ապացույց նշեմ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները, երբ աշխարհը խառնվել էր իրար` ստացանք ցեղասպանություն: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին սովետական զինված ուժերը պատրաստվում էին պատժել պարտված Գերմանիայի դաշնակից Թուրքիային ու որոշ չափով ընդլայնել Սովետական Հայաստանը, հանկարծ, մեզանից 10000 կիլոմետր հեռավորության վրա Միացյալ Նահանգները իրականացրին Ճապոնիայի ատոմային ռմբահարումը եւ Մոսկվան «հրաժարվեց» Թուրքիային պատժելու մտադրությունից: Այս ամենին եթե գումարենք հին ժամանակներում հռոմեական, մոնղոլ թաթարական, արաբական եւ այլ աշխարհատիրական արշավանքները, որոնք պարտադիր անցել են Հայկական Լեռնաշխարհով, ապա պատկերը կամբողջանա: Այսօր էլ եռում է մեր տարածաշրջանը, քանի որ գտնվում է գերտերությունների հտաքրքրությունների նշանակետում:
Այժմ ամեն ինչ ըստ հերթականության
Քիչ ժամանակ է անցել այն օրվանից, երբ ԱՄՆ-ում շահարկման առարկա դարձած Հայոց Մեծ Եղեռնի հարցի առնչությամբ հայության մեծամասնությունը հուզմունքով եւ սպասումներով հետեւում էր ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցող 252 բանաձեւի քվեարկությանը, որը թեեւ մեզ համար պատմության անիվը չէր շրջելու, այնուամենայնիվ բարոյական եւս մեկ հաղթանակ էր լինելու:
Այդպես էլ եղավ: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ ձայնի տարբերությամբ կողմ քվեարկեց, բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսել: Իմ խոսքն ուղղված է 252 բանաձեւին դեմ քվեարկողների ելույթներին, որոնք բացահայտ ասում էին.
-Այո, 1915 թվականին եղել են սպանդ, կողոպուտ, թալան ու տեղահանություն, սակայն ներկայիս Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է ու մտածված դեմ ենք քվեարկում 252 բանաձեւին:
Որպես հետեւություն կատարենք թիվ 1 ամրագրությունը.
-Թուրքիան ԱՄՆ-ի քաղաքական դաշնակիցն է մեր տարածաշրջանում:
Այժմ առանց խոր վերլուծությունների լուսաբանենք ԱՄՆ-Թուրքիա պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունները:
«Ասոշեյթդ Պրես» գործակալության տեղեկատվության համաձայն, ամերիկյան 6 խոշոր ընկերություններ միլիարդավոր դոլար արժողությամբ խոշոր ծրագրեր են իրականացնում թուրքական կառավարության եւ մասնավոր ընկերությունների հետ: Նաեւ շատ կարեւոր հանգամանք է այն, որ ամերիկյան ընկերություններից 5-ը զենք արտադրող մոնոպոլ ընկերություններ են («Բի էյ Ի Սինթեզ», «Կուրդրիչ Քորփորեյշն», «Նորթրոփ Կրյումեն Քորփորեյշն», «Յունաթեդ Տեքնոլոջիկ Քորփորեյշն», «Ռեյթըն»), իսկ մյուսը` աշխարհահռչակ «Շեւրոն» նավթային «շնաձուկն» է: Կարող եմ մանրամասնել, թե նշածս ընկերությունները ինչ պայմանագրեր են կնքել, սակայն նյութը չծանրաբեռնելու համար բաց եմ թողնում: Այդ ընկերությունները նշեցի, որպեսզի հայ հանրությունը մեկ անգամ եւս իմանա ու մտապահի Կոնգրեսում 252 բանաձեւի ընդունման դեմ լոբբինգ անող ամերիկյան ընկերությունների անունները, որոնք միասնաբար ծախսեցին 14 միլիոն դոլար: Հակահայ որոշումներին աջակցում են նաեւ ամերիկյան այն ընկերությունները, որոնք Արեւմտյան Հայաստանում կառուցում են մի քանի տասնյակ հիդրոէլեկտրակայաններ ու ջրամբարներ` GAP-ը (Գրեյթ Անատոլիան Փրոգրամ) տնտեսական ծրագրի շրջանակներում, իսկ ամերիկյան ներդրումների արդյունքում գործող ու կառուցվելիք նավթային ու գազային տարանցիկ մայրուղիների մասին բոլորս քաջատեղյակ ենք:
Կատարենք ամրագրում թիվ 2` թուրքական կառավարությունը հանդիասնում է ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ արդեն Ռուսաստանի համար տնտեսկան դաշնակից եւս:
Վերը նշածին եթե գումարենք թուրքական ներկայիս կառավարության պանթուրքիստական ծրագրերը, որոնք ընդգրկում են Կովկասի, Ռուսաստանի, Չինաստանի տարածքները ու այն հանգամանքը, որ Թուրքիան այս ծրագրերը իրականացնում է թյուրքալեզու ժողովուրդների ինքնության ժառանգականության երաշխավորի «դերակատարությամբ», ապա պարզ է դառնում, թե ինչու է Միացյալ Նահանգները «տարածաշրջանային ոստիկան» նշանակել վերջինիս:
Հարկավոր է նաեւ նշել վերջերս կնքված ռուս-թուրքական տնտեսական խոշորամասշտաբ` 100 միլիարդ դոլար արժողության 12 պայմանագրերը, որպեսզի ամբողջանա Հայաստանի «բարեկամների» պատկերը: Կանխամտածված չեմ նշում եվրոպական պետությունների իրականացվող տնտեսական ծրագրերը:
Մինչ այս պահը ինչ նշեցի հարկավոր է հիշել եւ ընդունել ի գիտություն:
Որտեղից ծագեց թուրք-իսրայելյան հակամարտությունը կամ վտանգավոր խաղեր միջուկային զենքի շուրջ
Իհարկե, կարելի է ասել, որ թուրք-իսրայելյան հակամարտությունը վաղուց էր սրվել եւ անցած տարի Դավոսում Թուրքիայի վարչապետի հակաիսրայելյան ելույթն ու համաժողովը լքելը բացահայտ դրսեւորում էր խորացող հակամարտության, սակայն դա առաջին հայացքից:
Վերջին օրերին տեղի ունեցան համաշխարհային կարգուկանոնին միտված առավել նշանակալի իրադարձություններ, որոնց էլ ուզում եմ անդրադառնալ, մանավանդ թուրքական կառավարությունը անմասն չմնաց այդ գործընթացներից:
Սկսեմ նրանից, որ չինական եւ ամերիկյան կառավարական ներկայացուցիչները մայիսի կեսերին Պեկինում նստել էին բանակցային սեղանի շուրջ, որի օրակարգային գլխավոր հարցն էր Չինաստանի վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ամերիկյան քաղաքանությանը զուգահեռ քայլելու անհրաժեշտությունը` ընդդեմ Իրանի Իսլմական Հանրապետության կողմից վարվող միջուկային քաղաքականության: Հանդիպման ավարտին չինական կողմը դրական արձագանքեց Իրանի միջուկային ծրագրերի հանդեպ լրացուցիչ սանկցիաներ կիրառելու կապացությամբ:
Այդ ընթացքում Իրանը նախապատրաստեց ու իրականացրեց ճկուն քաղաքականություն, որի շնորհիվ էլ խուսափեց ՄԱԿ-ի նախատեսած սանկցիաներից: Ավելին, ձեռք բերեց հուսալի գործընկերներ ի դեմս Թուրքիայի եւ Բրազիլիայի, որոնք սկսում են ակտիվացնել իրենց քաշը միջազգային բեմահարթակում: Այս ամենի արդյունքում գերտերությունները արձանագրեցին, որ Իրանը ամենեւին էլ չի գտնվում մեկուսացման մեջ եւ ունի իր շահերին համահունչ շահեր հետապնդող դաշնակից պետություններ: Որպեսզի առավել պատկերավոր լինի Իրանի գործընկերների ներկայիս նկրտումները, փորձեմ խորամուխ լինել նրանց ապագա ծրագրերի մեջ: Թուրքիային առավել ծանոթ լինելով ու չծանրանալով նրա անելիքների վրա, ուզում եմ ներկայացնել Բրազիլիայի միջուկային ծրագրերը: Այն փաստը, որ Բրազիլիայի նախագահն իր ելույթներում շոշափում է Իրանի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի խնդիրները, չի կարելի գնահատել նրան, որպես նախագահության ժամկետը առավելագույնս օգտագործած 64-ամյա քաղաքական գործիչ, այն պարզ պատճառով, որ Բրազիլիան որոշել է դառնալ լուրջ գործոն միջազգային ասպարեզում: Չնայած այն հանգամանքին, որ 1998 թվականին հրաժարվել է ռազմական միջուկային ծրագրերից, այնուամենայնիվ, Բրազիլիայում աշխատում է 2 հզոր ատոմակայան, 2013 թվականին դրանց «կմիանա» եւս մեկը, իսկ մինչեւ 2050 թվականը ծրագրված է կառուցել 50 փոքր հզորության ատոմային էլեկտրակայաններ: Իսկ ռազմածովային ուժերը սկսել են պատվիրել ատոմային ռեակտորներ` սուզանավերի շարժիչների համար: Դա է պատճառը, որ բրազիլական կառավարությունը ունենալով ուրանի հանքեր, ուզում է ստեղծել հնարավորություն` սեփական միջոցներով ուրան հարստացնելու համար, որպեսզի կարողանա ստանալ իր կարիքների համար միջուկային վառելիք: Բայց, քանի որ կա ՄԱԳԱՏԷ-ն ու իր «վերահսկողությունը» եւ «արգելքները» ողջ աշխարհում, ստացվում է, որ բրազիլական կառավարությունը գործընկերներ պետք է փնտրեր երրորդ երկրներում: Եվ գտավ Իրանին ու Թուրքիային: Բանը հասել է նրան, որ բրազիլական քաղաքական գործիչները բացահայտ արտահայտվում են միջուկային զենք ունենալու ծրագրերի մասին:
Բրազիլիայի այժմյան դաշնակիցներ Թուրքիան ու Իրանը վաղուց են մեղադրում Իսրայելին իր զինանոցում միջուկային զենք ունենալու եւ այն չապառազմականացնելու, տարածաշրջանում անկայունություն հրահրելու մեջ:
Այսօր ԱՄՆ եւ Չինաստանը ստիպված են դիմադրել Իրանի նոր գործընկերներին, ի դեմս Թուրքիայի եւ Բրազիլիայի, քանի որ նրանք կարողացան շրջանցել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պահանջները` ուղղված Իրանին: Ուրանի հարստացման եռակողմ համաձայնագիր ստորագրելուց հետո Թուրքիան դարձավ գլխավոր դերակատարը Իրանի խնդրում: Այն տեղի ունեցավ մայիսի 14-ին, Թեհրանում` մասնակցությամբ Իրանի եւ Բրազիլիայի նախագահների ու Թուրքիայի վարչապետի: Այս ամենը փաստի առջեւ կանգնեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում միջուկային պետություն համարվող Իսրաելին:
Համոզված եմ, որ սա էր պատճառը Պաղեստին հումանիտար բեռներ տեղափոխող թուրքական նավերի ռմբահարման, որով Իսրայելը ինչպես նաեւ ԱՄՆ-ն հասկացրեցին թուրքերին, որ «դավաճանություն» են արել` Իրանի հետ կնքելով պայմանագիր, որով Թեհրանը համաձայնել է փոխանակել 1,2 հազար կգ իր ցածրհարստացված (մինչև 3,5 տոկոս) ուրանը` Թուրքիայի տարածքում ավելի շատ հարստացված (մինչև 20 տոկոս) վառելիքի հետ:
Նշենք նաեւ, որ իրանական ցածրհարստացված ուրանը կարող է Թուրքիա ուղարկվել Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև համապատասխան համաձայնագիր կնքվելուց հետո:
Հետեւելով թուրքական արտաքին քաղաքականությանը վերջին մեկ տարվա կտրվածքով` կարելի է եզրակացնել, որ այժմ լինելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ժամանակավոր անդամ, Թուրքիան փորձում է քաղել առավելագույնը գերտերություններից` թե’ քաղաքական, թե’ տնտեսական, թե’ տարածաշրջանային «ոստաիկան» դառնալու ակնկալիքով: Սակայն խնդիրներ ունենալով հարեւանների հետ, չէր կարող նման կարգավիճակի հասնել եւ դա էր պատճառը, որ թուրք բարձրագույն պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից «այցելում» էին Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, իսկ Մոսկվան ու Վաշինգտոնը` ժողովրդական լեզվով ասած, դարձրել էին «ջրի ճամփա»:
Կարելի է ասել, որ Թուրքիան հասավ իր նպատակին: Աշխարհին ցույց տվեց, որ վարում է հարեւանների հետ «զրոյական խնդիրների» արտաքին քաղաքականություն, տնտեսական առումով շարունակում է հանդիսանալ լուրջ գործընկեր թե’ Միացյալ Նահանգների, թե’ Եվրոպայի համար, միջուկային տերություն դառնալու բոլոր հնարավորություններն առկան են նաեւ Ռուսաստանի օգնությամբ, իսկ Իսրաելին «նեղելով» արաբական աշխարհին ներկայանում է Պաղեստինի աջակից երկրի կարգավիճակով եւ այլն:
Այսինքն` Թուրքիան շարունակում է իր դարերով փորձված արտաքին քաղաքականությունը` դիվանագիտության շնորհիվ հիմարացնելով գերտերություններին, քաղում է գերշահույթներ ու պատեհ առիթը օգտագործելով դիմում շանտաժի` առավել օգուտներ քաղելու համար նույն գերտերություններից եւ «ձեռքի հետ» էլ իրականացնում պանթուրքիստական հեռու գնացող ծրագրեր, չմոռանալով իրար դեմ հանել նույն գերտերություններին:
Գալով մեր կատարելիք քայլերին, հարկավոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, կրկնում եմ`ցավոք, պետք է դասեր քաղի թուրքակական համարձակ ու ճկուն արտաքին քաղաքականությունից, քանի որ մենք էլ ՄԱԿ-ի անդամ պետություն ենք եւ պարտավորությունների հետ մեկտեղ ունենք նաեւ իրավունքներ: Մենք էլ ունենք կարեւոր աշխարհագրական դիրք, ունենք ատոմային էլեկտրակայան, ունենք կոնսերվացված ուրանի եւ հազվագյուտ մետաղների հանքեր, ատոմային ֆիզիկայի բարձրակարգ մասնագետներ, հայկական սփյուռքի չօգտագործված ներուժ: Համոզված եմ վերը թվարկածը միջազգային ասպարեզում բավականին լուրջ խաղաքարտեր են: Իսկ թե ինչու չեն օգտագործվում ու որտեղ է տրամաբանությունը, ցավոք այս հարցի պատասխանը չունեմ:
Առայժմ չունեմ:
Երեւան, 03 հունիս, 2010թ.