ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, June 2, 2010 19:52 - 7 քննարկում

«Լեզվի ժողովրդական տեսչություն» ստեղծելու մասին

«Արարատ» ՌԿ-ի տնօրեն, ք.գ.դ. Արմեն Այվազյանի ելույթը
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» համաժողովին
(Երևան, 2 հունիսի, 2010թ.)

Այսօրվա մեր հավաքը, իմ պատկերացմամբ, երկու նպատակ պետք է ունենա։ Առաջին, անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հակասահմանադրական գործունեություն ծավալելու համար և պահանջել նրա հրաժարականը։

Երկրորդ, որոշել, թե մենք ինքներս՝ այստեղ հավաքվածներս և մեր բազմահազար համախոհները Հայաստանում և Սփյուռքում, մեր ունեցած հնարավորություններով, ի՞նչ կարող ենք անել հայոց լեզվի և կրթության դեմ վաղուց ի վեր մղվող անողոք պատերազմում վերջնական ջախջախիչ պարտություն չկրելու համար։

Ես առաջարկում եմ հստակ կառուցվածքային լուծում, որով մենք այս դահլիճից դուրս կգանք։

Քանի որ ՀՀ ԿԳՆ «Լեզվի պետական տեսչությունը» չի կատարում օրենքով սահմանված իր պարտավորությունները և մատնված է լիակատար անգործության, այսօր իսկ, հե´նց այս դահլիճում հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին։ Այդ նոր կառույցը՝ հասարակական կազմակերպության կարգավիճակով, իր ձեռքը կվերցնի և կիրականացնի ճիշտ այն գործառույթները, որոնք վերապահված են «Լեզվի պետական տեսչությանը»։ Ներկայացնեմ այդ կառույցի կազմակերպման որոշ մանրամասնություններ։
Աշխատանքը կազմակերպվելու է նոր ստեղծվելիք հզոր կայքի շուրջը։ Այնտեղ կկուտակվի Հայաստանում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հարուստ շտեմարան՝ հագեցված մասնագիտական վերլուծություններով, լուսանկարներով, տեսանյութերով։ Բացի այդ, «Լեզվի ժողովրդական տեսչությունը» պետք է ինքը դիմի կամ օժանդակի առանձին քաղաքացիներին «Լեզվի մասին օրենքի» խախտման հայցերով մտնելու դատարան։ Իրավական ուղին հայոց լեզվի պաշտպանության, թերևս, ամենաարդյունավետ միջոցներից մեկն է և այն պետք է լիարժեքորեն օգտագործել։ Կայքում տեղեկատվությունը ներկայացվելու է և´ աշխարհագրորեն՝ շրջան առ շրջան, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, և´ թեմատիկ սկզբունքով՝ ՀՀ-ում գովազդի լեզուն, գերատեսչությունների լեզուն, մամուլի և հեռուստատեսության լեզուն, կրթական համակարգում տիրող լեզվական իրավիճակը, համապատասխան դատական գործերի ընթացքն ու արդյունքը և այլն։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է աջակցել այդ ժողովրդական կառույցի գործունեությանը՝ առնվազն իր տեսած խախտումներն արձանագրելով և այդ կայքում զետեղելով։ Այս աշխատանքը, կարծում եմ, հրաշալի միջոց է և´ երիտասարդներին կրթելու, հայրենասեր ու քաղաքացի դաստիարակելու, և´ «Լեզվի պետական տեսչության» հանցավոր անգործությունը ի ցույց դնելու, և՛ բուն Հայաստանում հայերենի խարխլված դիրքերը վերականգնելու, և՛, ի վերջո, գոնե այս ճակատում ինքնակազմակերպվելու համար։

Ասեմ, որ մենք արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքը։ «Լեզվի ժողովրդական տեսչության» նախաձեռնող խումբը ներկայացված է նախանձախնդիր ու գիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներով՝ Դավիթ Գյուլզադյան (բան. գիտ. թեկ.), Ավիկ Մարության (բան. գիտ. թեկ.), Գևորգ Յազըճյան (պատ. գիտ. թեկ.)։ Նրանք, ովքեր ցանկանում են աջակցել այս նախաձեռնող խմբին, խնդրում եմ այս հավաքի ավարտից հետո հավաքվել դահլիճի աջ անկյունում։

Ի դեպ, նույն կայքում պետք է անպայման վերհանվեն ու բացահայտվեն կրթական բնագավառի այն աղաղակող խախտումները, չարեփոխումները, օտար ուժերի խորը թափանցումները, որոնք մինչև օրս հասարակարության համար մնում են մութ և անհայտ։ Օրինակ, վերջերս հայտարարեցին, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով փակվել է 4 աղանդավորական դպրոց։ Պետք է պարզել, թե որո՞նք են այդ դպրոցները, կոնկրետ ու՞մ թույլտվությամբ են բացվել ու գործել, քանի՞ տարի են գործել, քանի՞ աշակերտ են ունեցել, ի՞նչ ծրագրերով են «դաստիարակել» հայ երեխաներին։ Բացառված չէ, որ նման դպրոցներ դեռևս գոյություն ունեն, իսկ մենք այդ մասին տեղյակ չենք։ Այս և նման բազմաթիվ խախտումներ պետք է պարզել և պատասխանատուներին պատժել օրենքով սահմանված կարգով։

* * *

Դրությունը, որում հայտնվել են հայոց լեզուն, ինչպես նաև մեր ազգային մյուս գերագույն արժեքները՝ Հայաստան հայրենիքի գաղափարը, ազգային մշակույթն և ինքնությունը, առավել պարզ նկարագրելու համար, թույլ տվեք օգտագործեմ ռազմական տերմինաբանություն։

Բոլորս համաձայն ենք, որ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունն ուժգին հարված կհասցնի հայկական անկախ պետականության հիմքերին և հայապահպանության խնդիր կառաջացնի արդեն բուն Հայաստանում։ Ուրեմն, մենք ընդունում ենք այս օրինագիծը որպես հարձակում, որն իր իսկ պետական խորհրդանիշների և ժողովրդի դեմ իրականացնում է ոչ այլ ոք, քան ինքը՝ ՀՀ կառավարությունը։ Բայց ինչպե՞ս ենք ուզում դիմագրավել այդ հարձակմանը՝ միայն համատեղ հայտարարությա՞մբ և ստորագրահավաքո՞վ։ Դրանք ինքնին կարևոր են, բայց ոչ բավարար։ (Հիշենք նախկին փորձը. Հայաստան-Թուրքիա տխրահռչակ «Արձանագրությունների» դեմ հավաքվեցին տասնյակ հազարավոր ստորագրություններ, սակայն ՀՀ իշխանությունն արհամարհեց հասարակության կարծիքը։) Եթե այս նախաձեռնությունը հայի տեսակի պահպանման դեմ ուղղված վտանգավոր հարձակում է, ուրեմն այն ոչ միայն պետք է ետ մղել, այլև հասնել նրան, որ այդ հարձակումների ծագման աղբյուրը՝ ՀՀ ներկա վարչակարգը, մեկընդմիշտ լքի մարտադաշտը։ Որովհետև եթե մենք նույնիսկ ձախողենք այս օրինագծի ընդունումը (իսկ մենք այն, համոզված եմ, կձախողենք), վաղը ՀՀ կառավարությունը մեզ կհրամցնի հերթական անհեթեթ ու հակահայկական «նախաձեռնությունը» և մենք ստիպված կլինենք նորից, մեր գործը թողած, նետվել այս անգամ էլ մեկ ուրիշ ճակատ՝ անընդհատ հյուծելով ու սպառելով արդեն իսկ լրջորեն քայքայված ազգային դիմադրության ռեսուրսները։ Մենք պետք է պարզապես բացառենք նմանատիպ հարձակումների կրկնությունը։ Վաղ թե ուշ հարկ կլինի դիմելու վճռական հակահարձակման, այն է՝ Հայաստանում ձևավորելու ազգային շահերը ներկայացնող իշխանություն։ Ցավոք, մեր ուժերն այսօր ակնհայտորեն անբավարար են։ Հետևաբար, մինչև վճռական հակահարձակմանն անցնելը պետք է կանխենք հայոց լեզվի և հայեցի կրթության ճակատի վերջնական փլուզումը, այնտեղ կազմակերպենք խորը, էշելոնացված պաշտպանություն, կուտակենք ուժերը, կրթենք ու դաստիարակենք երիտասարդ, պատասխանատու և գիտակ ռեզերվ, ոչ մի թիզ չնահանջենք և սուր հակագրոհներով ուժասպառ անենք ու խախտենք հակառակորդի շարքերը։

Այն կառավարությունը, որը խաչակրաց արշավանք է հայտարարել ազգային արժեքների և խորհրդանիշների դեմ, դատապարտված է անփառունակ վախճանի։

Հայոց լեզուն՝ նույն ինքը հայ ժողովուրդը, հաղթելու են։



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Բ.
Jun 3, 2010 1:07