ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, May 29, 2010 11:27 - 5 քննարկում

Ազգային աննպատակայնությունը որպես հետեւանք քաղաքական դպրոցի բացակայության

Ազգային աննպատակայ- նությունը որպես հետեւանք քաղաքական դպրոցի

Այսօր  ցավոտ թեմայի մասին եմ ուզում բարձրաձայնել, որ շատերի համար միգուցե զարմանալի թվա, բայց որից չենք կարող փախչել ազգովի եւ ևս մեկ անգամ պիտի կրկնեմ հազար անգամ ասվածը’ դասեր չենք քաղում մեր պատմությունից ու ազգովի շարունակում ենք նույն անպտուղ գործելաոճը…

Բեյրութահայ մի հայրենակից վերջերս գրել էր.

-եթէ  փոքր  Տիգրան  չդաւաճանէր  իր  հօր,  Մեծն  Տիգրանի  եւ  հրովմէացիները դաւադրաբար  չմտցնէր  մեր   երկրի   սահմաններէն   ներս,   այսօր  ծովէ-ծով Հայաստան մը կունենայինք….
-եթէ Վասակ Սիւնին չանցնէր պարսիկներուն կողմը, Վարդան Մամիկոնեան անպայման կը յաղթէր թշնամիին …
-եթէ Հեթումեանները չդիրքորոշուէին Լատիններուն կողմը իսկ Ռուբինեանները՝ յոյներուն կողմը, Կիլիկիան չէինք կորսնցներ … և այլն
Փաստ է, որ հայրենակցիս բոլոր նշածները խոսում են հայազգի պետական գործիչների ոչ հայանպաստ  քաղաքական որոշումներ կայացնելու մասին’ մի դեպքում, կամ համատեղ քաղաքական որոշումներ կայացնելուց փախուստ  տալու մասին’ մյուս դեպքում…

Փաստ է նաեւ, որ մեր քաղաքական միտքը դարեր շարունակ հայկական միջավայրում չի ձեւավորվել, հետեւաբար չի ծառայել Հայ Ժողովրդին… Եթե հայկական քաղաքական միտքը ձեւավորվել է հռոմեական, արաբական, բյուզանդական, պարսկական, մոնղոլ-թաթարական, թուրք-սելջուկյան, ռուսական միաջավայրերում, ապա բնական է, որ պետք է ծառայեր օտարներին…

Շատերը կհիշեն ոչ վաղ անցյալում կոմունիստական բարձրագույն քաղաքական դպրոցի մասին, որտեղ “ուսանում” էին ապագա քաղաքական էլիտան եւ դառնում այդ հասարակարգին համապատասխան քաղաքական գործիչներ:

Ակնհայտ է, որ քաղաքական հայկական “դպրոցի” ու դարեր շարունակ նրա ձեւավորած ավանդույթների բացակայությունն է մեր դժբախտությունների “աղբյուրը”:  Անցյալի եւ այսօրվա պետական-ազգային ջոջերը սա է, որ չեն հասկանում, ավելին, հենց հայկական քաղաքական դպրոցի բացակայությունն է պատճառը, որ մենք չենք կարողանում կամ ավելի ճիշտ է ասել, որ մեզ չեն թողնում ստեղծել հայկական քաղաքակրթություն:  Մինչ օրս քաղաքական-գաղափարական նկարագիր չունեցող, ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու ընդունակություններից զուրկ սերունդը մուտք է գործում քաղաքականություն ու շարունակում ավերներ գործել:  Նա էլ մեղավոր չէ, ինչ տեսել է’ այն էլ սովորել է:  Այսպես է եղել հարյուրամյակներ շարունակ:

Ուզենք թե ոչ’ ճանապարհը մեկն է. կայացած ազգերի նման ստեղծել  քաղաքական դպրոց, որտեղ էլ գալիք սերունդների մոտ կսերմանվի պահանջարկ հայրենասիրության ու բարոյականության հանդեպ: Զարմանալին այն է, որ ակնարկված դպրոցի համար  նոր դասագրքեր ստեղծելու կարիք էլ չկա, քանի որ հայ ժողովրդի պատմությունը հիմք ընդունելով, կտեսնենք,  որ  հայության ազգային ղեկավարների դարավոր գործած քաղաքական սխալ որոշումների այնքան երկար շարան ունենք, որ այլ ազգեր էլ կարող են դասեր քաղել մեր սխալ որոշումներից եւ դրանց հիման վրա իր հեռանկարն իմացող սերունդ դաստիարակել…

Առաջին հայացքից սա պետք է գիտակցի ներկայիս հայրենի կառավարությունը ու լուրջ միջոցներ  ձեռնարկի  հայկական քաղաքական դպրոց ստեղծելու համար…

Եվ այստեղ կախարդական օղակը փակվում է, քանի որ հայրենի կառավարությունը ինքն է օտարին ծառա, իսկ իր հետեւից եկող գալիք սերունդը’ ստրուկի հոգեբանությամբ դաստիարակվածներ: Ասվածի ապացույցն է գալիք սերունդներին  այսօրվա վարչակազմի թողած  4 միլիարդանոց պարտքը:

Մնում է սա գիտակցեն ազգային մտածողության տեր մեծահարուստները եւ Հայ  Ազգի համար ստեղծեն մնայուն արժեք’ Հայկական Քաղաքական Դպրոց, որը կսկսի “արտադրել” բարոյականությամբ ու հայրենասիրությամբ դաստիարակված քաղաքական գործիչների սերունդ’ բարձրագույն կրթությամբ, եւ այդ սերունդն է, որ շատ կարճ ժամանակահատվածում կստեղծի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ’ պաշտպանված ու բարեկեցիկ հասարակությամբ, որտեղ մեծ պահանջարկ կվայելեն հոգեւոր ու մտավոր արժեքները’ ի հակադրություն այսօրվա զոռբայությունների,  բարոյազրկության ու աննպատակայնության…

Աշխարհասփյուռ հայության շահերից է բխում, որ Քաղաքական Դպրոցի սաներ դառնան ոչ միայն հայաստանաբնակ երիտասարդները, այլ նաև սփյուռքի մեր երիտասարդները, որոնք որպես անհատականություն առաջին քայլերն են անում ինքնուրույն անձ դառանալու’ այն էլ օտարության մեջ…

Հայազգի տաղանդավոր ու գիտուն երիտասարդներին մեկ “տանիքի” տակ հավաքելը  ու նույն կրթակարգով կրթելը հնարավորություն կտա մոտ ապագայում ստեղծել իր ապագան հստակ պատկերացնող, քաղաքականապես կրթված, զինված ազգի բոլոր ոլորտները  պաշտպանելու անհրաժեշտ գիտելիքներով, բարոյականությամբ ու հայրենասիրությամբ օժտված երիտասարդների փոքրաթիվ թիմ: Եվ նրանք են, որ կարճ ժամանակաընթացքում կդառնան «սերմերը» հետագայում առավել մեծաքանակ հայրենասեր երիտասարդների թիմ ձևավորելու գործում’ այն էլ աշխարհասփյուռ կարգավիճակով:

Ինչու է  հենց այսօր  անհրաժեշտ ստեղծել Հայկական Քաղաքական Դպրոց

Առաջին. պարզ ճշմարտություն է, որ կայացած պետություններն են կարողանում  ապահովել իրենց քաղաքացիների պաշտպանվածությունը’ տարատեսակ ու տարաբնույթ  ճնշումներից եւ անօրինականությունից, նույնիսկ իր երկրի սահմաններից  դուրս…

Եվ հակառակը:

Թույլ պետություններում միայն կարող է  սեփական վարչակազմը ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ենթարկել ու ոտնահարել  սեփական քաղաքացիների տարրական իրավունքները:

Թե’  ընդհանուրի, թե’ անհատի տեսանկյունից Հայ Ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարվել են հարյուրամյակներ, եւ եթե դա իրականացրել են օտարները’ հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները, արաբները, մոնղոլ-թաթարները, սելջուկները կամ օսմանցի-թուրքերը, ինչպես նաեւ ռուսները, ապա  դա բնական է, քանի նրանք առաջնորդվել են իրենց ազգային շահերով:

Զարմանալին այն է, որ  Հայ Ժողովրդի հանդեպ նույն գործելաոճն է իրականացվում արդեն  ակնախ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը անկախանալով’ միացել է արդեն գոյություն ունեցող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, վավերացրել է ՄԱԿ-ի  եւ Եվրոպայի’  մարդու իրավունքներին վերաբերող կոնվենցիաները, միացել է նաև Հելսինկյան խարտիային, անդամակցել է Եվրախորհրդին, ճանաչել ու ընդունել  է մարդասիրությանն ուղղված բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ…

Բայց ստացվել է այնպես, որ մեր հասարակության ներսում հարաբերությունները’ անձնական, խմբային,  պետական, տնտեսական, գիտական ու կրթական, մշակութային, կրոնական եւ մնացած բոլոր ոլորտները հիմնված են առավել հատվածային, քան համընդհանուր ցանկալի  արդյունք ստանալու գիտակցության վրա: Ստացվում է, որ հեգելյան  հայտնի դրույթները անհատի ու համընդհանուրի շահի հակամարտության վերաբերյալ, մեր հասարակության մեջ դարձել են ազգային անվտանգությանը սպառնացող հարց…

Հայտնվել ենք մի իրականության մեջ, որտեղ հասարակության ներսում  առկա հարաբերություններն այսօր դարձել են ժամանակավրեպ ու  երբեմն էլ վնասակար եւ վտանգավոր’ չեն օգնում մարդուն և հասարակությանը   գիտակցելու արդարության անհրաժեշտությունը ու դրա հիման վրա իրենց կյանքը կառուցել հայրենակիցների եւ Աստծու առջեւ  պատասխանատվության ու հոգեկան խաղաղության պայմաններում:

Ստացվում է, որ այսօրվա գործող պետական համակարգով ու նրա մեջ գործունեություն ծավալած վարչակազմով ներկայիս Հայաստանը, հետեւաբար աշխարհասփյուռ Հայ Ժողովուրդը’ որպես էթնիկ միավոր,  երկար  կյանք չի կարող ունենալ, քանի որ դրան է նպաստում  տասնամյակներ ձգվող մեր Ազգային աննպատակայնությունը: Չեմ ուզում մանրամասնել վերջին բառակապակցությունը’ ընթերցողին չվիրավորելու համար…

Այսօր ազգովի հասել ենք մի հանգրվանի, որ ինչ էլ անենք, թեկուզեւ հեղափոխություն, միեւնույն է, չենք ունենա ազգային անվտանգությունն  ապահովված ու զարգացող հասարակություն’ իր  արդյունավետ գործող վարչակազմով, քանի որ նախորդ դարից ժառանգեցինք մի հասարակություն, որը, մեղմ ասած, չի հստակեցրել իր ազգային նպատակներն ու դրանց իրականացմանը նպաստող գործիքները: Եվ երբ հանրության մեջ բացակայում են բարոյականության արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունները, ապա բնական է դառնում այսօրվա մեր անցանկալի վիճակը հանրային բոլոր ոլորտներում:

Անբարոյականությունը այսօր պաշտպանված է օրենքներով… Շատ օրենքներ իրենց մեջ պարունակում են անբարոյականության այնպիսի դրսեւորումներ, որոնցից են կոռումպցիան, հովանավորչությունը, անպատժելիությունը, կեղծ մշակույթների սիմբիոզների ու աղանդների պաշտպանությունը, սոցիալական անարդարությունը:

Բանը հասել է նրան, որ հասարակությանը քաջ հայտնի’ թուրանական արյուն կրող անբարո  անձինք իրար կոչումներ ու պսպղուն նվերներ են տալիս եւ  դա ներկայացնում  հանրությանը’ որպես մշակութային միջոցառում:

Հենց  ներկայիս համատարած անամոթությունը չեզոքացնելու  համար է հարկավոր գիտակցել հայկական քաղաքական դպրոց ստեղծելու հրատապությունը, քանի որ կյանքը վաղուց է ապացուցել, որ միայն ինտելեկտուալ ու համարձակ քաղաքական  թիմն է, որ հասարակություն-վարչակազմ երկխոսությունը կտեղափոխի ու կծավալի բարոյական արժեհամակարգի հարթության վրա: Այդժամ ակնհայտ կդառնա, որ քաղաքականությունն է միակ “գործիքը”‘ պաշտպանված, բարեկեցիկ, հոգեւոր եւ մտավոր արժեքների պահանջարկ  ունեցող հասարակություն ստեղծելու  համար: Իսկ ով էլ  հանգամանքների բերումով հարստացել է’ զերծ կմնա սեփական օգտագործման նպատակով կուսակցություն «ստեղծելու» կամ գնելու գայթակղությունից, որովհետեւ անիմաստ կդառնա «չգիտակցված քաղաքականացումը» եւ ավելորդ անգամ չի հիասթափեցնի ժողովրդին:

Անցած քսան տարիների ընթացքում սեփական վարչակազմի կողմից օտարված ժողովուրդն այսօր սկսել է հասկանալ, որ պետական համակարգի զուտ անձնակազմի’ վարչակազմի փոփոխությունով հարց չի լուծվում: Անհրաժեշտ է հասարակության մտածողության’ էության, գաղափարական բովանդակային փոփոխություն:

Ուրախալին այն է, որ այսօր բազմիցս ենք ականատես լինում  ազգային գիտակցության դրսեւորումների’ թեկուզ ոչ արհեստավարժ, բայց կարեւորն  այն է, որ  սկսվել է ակտիվ պրպտումների շրջանը’ թե ինչպե՛ս կարող է աշխարհասփյուռ Հայ Ժողովուրդը  դառնալ այնպիսի հասարակություն, որը կստեղծի  բոլոր առումներով պաշտպանված եւ բարեկեցիկ ապրելու հնարավորություն տվող Հայաստան պետություն: Իմ պրպտումներն  էլ բացառություն չեն այս հարցում…

Երկրորդ. հետեւելով աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, ավելի ճիշտ’ քաղաքակրթություններ ստեղծած ազգերի ներկայում իրականացվող  նախագծերին, պարզ է դառնում, որ  միջազգային բեմահարթակում արդեն հաղթանակ են տանում ոչ թե պետությունները, այլ էթնոմշակութային քաղաքակրթությունները’ մի կողմից, եւ վերազգային ազատական կազմակերպությունները’ մյուս կողմից: Վերը նշվածի համար  ակնհայտ օրինակ  է  ժամանակակից Եվրոպան, որը իր քաղաքակրթությունը  տարածում է նոր  ձեւով, բայց հիմք ընդունելով հազարամյակներ հղկված Հռոմեական Իրավունքը: Մեկ այլ  օրինակ է  Չինաստանը, որը ակտիվ տարածվում է աշխարհի տարբեր շուկաներ գրավելով, նույնիսկ Լատինական Ամերիկայում արդեն կենդանության նշաններ են ցույց տալիս ինկերի, մայաների, ացտեկների քաղաքակրթության ժառանգորդները:

Նույն ոճն է որդեգրել նաեւ  մեր դարավոր թշնամին. երկրի ներսում, բոլոր մակարդակներում  աշխատում են թուրքական  քաղաքակրթություն ստեղծելու համար’ հիմք ընդունելով պանթուրքիզմը որպես  գաղափարախոսություն, իսկ արտաքին  աշխարհին  ներկայանում  են  որպես  թյուրքալեզու  ժողովուրդների  ինքնության  ժառանգականության երաշխավոր եւ  ակտիվ գործունեության  արդյունքում  ծավալվելով  հասել են  մինչեւ  Յակուտիա:

Ահա  սրանք  են  ակնառու օրինակներն այն  բանի, որ ազգերի միջեւ պայքարը չի ավարտվել,  ավելին’ այն օր օրի  կատարելագործվում է ու  դառնում ավելի հրապուրիչ ու  ստանում  կլանող երանգներ’ այլ ազգերին իր շահերին ծառայեցնելու համար:

Իսկ   մենք ի՞նչ ենք անում…

Արդյոք ժամանակը  չէ՞  պանարմենիզմի մասին գոնե թեթեւակի  զրույցներ սկսելու, եւ ոչ միայն զրույցներ:

Հավատացած եմ, որ հայկական գենը  իր  մեջ  պարունակում է  “բանալի”  գաղափարների’ համաշխարհային  մարդկության  բեմահարթակում Հայ Ազգի  արժանապատիվ տեղը զբաղեցնելուն միտված: Եվ եթե համաձայն ենք  պանարմենիզմի  կամ մեկ այլ անվանում կրող հայկական  քաղաքակրթություն  ստեղծող գաղափարաբանության եւ գաղափարախոսական  մտքին,  ապա այն  կյանքի կոչելու միակ  “գործիքը”  քաղաքականապես կիրթ գործիչների  առկայությունն է, որոնց  դարբնոցն էլ հենց կհանդիսանա Հայկական քաղաքական դպրոցը:

Շարունակեմ միտքս՝ ոչ թե ընթերցողին, այլ ինքս ինձ համոզելու համար, որ ճիշտ ուղու  վրա եմ եւ  բերեմ  միջազգային բեմահարթակում  կատարվող մի  քանի  օրինակներ  եւս:

Փորձելով «վերեւից»   ուսումնասիրել  ներկայում գործող  եւ ձեւավորվելիք  քաղաքակրթությունները, ստեղծվում  է  այնպիսի տպավորություն, որ  դրանք  կարելի է բաժանել երկու հիմնական մասի’  արեւմտյան քաղաքակրթության, որն  առավելաբար    հիմնված է  ֆինանսառեսուրսային  խելահեղ  մրցավազքի  վրա, եւ արեւելյան  քաղաքակրթության,  որն առաջնահերթություն է  տալիս մարդուն  ճանաչելու,  նրա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու  աշխարհընկալմանը:

Այսօր հիմնականում այդ  երկու  քաղաքակրթությունների բախումներն են աշխարհի  տարբեր  հատվածներում  հանգեցնում  հակամարտությունների:   Որպես օրինակ կբերեմ  ամերիկյան  զորքերի  ակտիվ  գործողությունները Իրաքում,  Աֆղանստանում,  իսկ ամերիկյան   քաղաքական  շրջանակներն իրենց ներկայությունը  սկզբում  պատճառաբանում էին  դեմոկրատիայի  հաստատումով (90-ական  թվականներին):  Երբ հասկացան, որ  հնարավոր չէ միջազգային հանրությանը համոզել, որ  դեմոկրատիայի  բռնի հաստատումը  գալիս  է փոխարինելու  բռնապետներին, քանի որ “հայրենասեր”  անվանումը կրող (պաթրիոթ) հրթիռներից առավելաբար զոհվում էին խաղաղ բնակչությունը, քան  բռնապետական զորքերը, կարճ  ժամանակում  ամերիկյան ներկայությունն Իրաքում  եւ Աֆղանստանում  դեմոկրատիայից վերաձեւակերպվեց  ամերիկյան ազգային  անվտանգությանը սպառնացող  միջազգային  ահաբեկչության, իսկ ամերիկյան  հարկատուներն  էլ ավելի լայն բացեցին  գրպանները:

Գալով  մեր տարածաշրջան, պետք է  հատուկ նշեմ, որ հայ-թուրքական ներկայիս  զարգացումները  ինքս դիտարկում եմ հենց  քաղաքակրթությունների  բախման տեսանկյունից եւ որպես ասածիս ապացույց’ արեւմտյան  քաղաքակրթության հերթապահներն  էին կանգնած  Նալբանդյանի եւ Դավութօղլու  թիկունքում,  երբ վերջիններս  ստորագրում էին  մեզ համար  տխրահռչակ  արձանագրությունները:

Եվ այստեղ  փորձում եմ մտովի  հետ գնալ ու  պատկերացնել,  որ եթե  հայությունն ունենար  իր քաղաքական դպրոցը  եւ Տիգրան Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը,  Հրանուշ Հակոբյանը եւ այլք  ՀԼԿԵՄ  դպրոցից բացի որոշ ժամանակ  ուսանած լինեին  հայկական  քաղաքական  դպրոցում,  ապա  ՀՀ  Նախագահին զերծ  կպահեին «անպտուղ»  հայ-թուրքական  մերձեցումից եւ առավելաբար կուղղորդեին Հայաստանը  քաղաքակրթությունների  երկխոսության  կենտրոն դարձնելու  գործընթացին, քանի որ  Հայ ազգը  հարյուրամյակներ  հարաբերվել է ե’ւ  Արեւմտյան, ե’ւ  Արեւելյան քաղաքակրթությունների հետ, կարողացել է  պահպանել  իր ինքնությունը’ մշակույթը,  իր հավատն  ու  էթնիկ ավանդույթները, այսինքն’ չի տարրալուծվել:

Կարծում եմ այսօր  էլ ուշ  չէ, որպեսզի մեր  արտաքին գերատեսչության   պատասխանատուները  մշակեն  իրենց  ինտելեկտուալ  հնարավորությունների  սահմաններում’ թեկուզ վատ, բայց  Հայաստանը  միջազգային  հանրության  համար  քաղաքակրթությունների   երկխոսությունների  կենտրոն  դարձնելու  հայեցակարգ:  Կարծում եմ այս գաղափարը լավ ծննդյան նվեր է  ներկայիս ՀՀ վարչապետի աթոռը  զբաղեցնողին’ ազգի համար  ճակատագրակերտիչ այլ գաղափարների կողքին:

Երրորդ. Այն հարցին, թե ինչու է պետք անհապաղ ստեղծել  Հայկական քաղաքական դպրոց, կարելի է պատասխանել շատ հակիրճ’

-մարդկությունը ներկայացնող այն ժողովուրդներն են ստեղծել  քաղաքակրթություններ, որոնք  հասկացել են ազգային  քաղաքական  դպրոց-ինստիտուտների  գոյության  անհրաժեշտությունը   եւ ստեղծել դրանք:

Կարծում եմ, վերը նշված հիմնավորումները ներկայացնելով կարողացա բացատրել մտահոգություններս իմ համբերատար ընթերցողին: Միաժամանակ կցանկանայի լսել այլ կարծիքներ եւ  եթե ունենաք ցանկություն, ապա  այն  ուղարկեք հետեւյալ հասցեով’ harakelyan@gmail.com  կամ զանգահարեք’ 0037410572397 հեռախոսահամարով:

Հարություն Առաքելյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ruzan
May 29, 2010 23:50