– ՀՊՏՀ-ն է առաջին բուհերից մեկն է, որ կիրառել է Բոլոնյան համակարգի մաս կազմող գնահատման կրեդիտային եղանակը: Ինչպե՞ս եք այն գնահատում, արդարացե՞լ են Ձեր սպասելիքները:
– 2006թ. սկսած մեր համալսարանում ակտիվ քայլեր են կատարվել Բոլոնյան գործընթացի պահանջների կատարման ուղղությամբ: Նախ` մեր բուհում 2004 թվականից կիրառվում է երկաստիճան կրթական համակարգը` բակալավրիատ եւ մագիստրատուրա, որը եւս Բոլոնյան համակարգի պահանջն է: Իսկ 2006-ից ամբողջ բուհում ներդրվել են ակադեմիական կրեդիտների կուտակման եւ փոխանցման, ինչպես նաեւ` առաջադիմության բազմագործոնային գնահատման համակարգերը, եւ այսօր բակալավրիատի բոլոր կուրսերը սովորում են կրեդիտային համակարգում: Ընդհանուր առմամբ մեր սպասելիքներն արդարացել են, քանի որ համակարգն ապացուցում է իր արդյունավետությունը: Մեզ մոտ ներդրված համակարգը կառուցվել է հիմնականում եվրոպական երկրների փորձի, մասամբ նաեւ` ամերիկյան փորձի վրա: Եվ մեր բուհի հետ համագործակցության ծրագրեր իրականացնող եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ բավական բարձր են գնահատել մեր համակարգը, որն արդեն անցել է չորս տարվա փորձություն: Իհարկե, յուրաքանչյուր տարի փոխել ենք առանձին բաղադրիչներ, սակայն համակարգի տրամաբանությունը մնացել է նույնը: Մենք նախատեսում ենք այս համակարգը ներդնել նաեւ մագիստրատուրայում: Նշեմ, որ համակարգի ներդրման հարցում մեզ համար չափանիշ են հանդիսացել եվրոպական բուհերում կիրառվող ուսումնական պլանները:
– Ո՞րն է Բոլոնյան համակարգի ներդրման հիմնական նպատակը:
– Բոլոնյան գործընթացի հիմնական խնդիրն է՝ եվրոպական երկրների միջեւ միասնական կրթական համակարգի ստեղծումը, որպեսզի հնարավոր դառնա ուսանողների ազատ շարժը եվրոպական կրթական տարածքում: Միաժամանակ կարեւոր է նաեւ, որ ապահովվի կրթության բարձր որակը, որը կհամապատասխանի այդ երկրների չափանիշներին: Այսինքն` մեր նպատակն է ապահովել ոչ միայն համադրելիությունը, այլ նաեւ կրթության որակի բարձրացումը: Վերը նշված քայլերից բացի, մենք ակտիվացրել ենք նաեւ միջազգային կապերը: Եթե մենք չհաղորդակցվենք հատկապես եվրոպական երկրների հետ, եթե մեր դասախոսները, ուսանողները չլինեն այդ երկրներում, ապա չենք կարող լուծել կրթության որակի բարձրացման եւ առհասարակ եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը: Այդ պատճառով, օրինակ, Erasmus Mundus եւ մի շարք այլ ծրագրերով ինտենսիվացրել ենք միջազգային կապերը եւ փորձում ենք ավելի ընդլայնել դրանք, որպեսզի մեր կրթական համակարգը լինի ընկալելի աշխարհի համար, եւ որպեսզի հետագայում լուծվի նաեւ դիպլոմների փոխճանաչման խնդիրը: Այդ նպատակին հասնելու համար Ժամանակային առումով մի քանի փուլեր ունենք անցնելու: Կրթության որակի, ուսումնական պլանների առումով մենք բավական նվաճումներ ունենք: Թերություններ ունենք կատարողների, դասախոսական կադրերի, կրթության տեխնոլոգիայի առումով: Սակայն առաջիկայում փոխճանաչման խնդիրը լուծելու համար մենք պետք է անցնենք եւս մեկ կարեւոր փուլ` հավատարմագրումը: Մենք ունենք որակի ապահովման հայեցակարգ, որով, ինչպես նաեւ մեր բուհի հավատարմագրմամբ որոշակի քայլեր կկատարենք դեպի դիպլոմների ճանաչման գործընթացը, եւ դրան կհաջորդի նաեւ միջազգային հավատարմագրումը, ապա նաեւ՝ փոխճանաչումը: Կարծում եմ՝ մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Մենք պատրաստ ենք հավատարմագրման պահանջները կատարել, եւ կարծում եմ՝ շատ ժամանակ չի պահանջվի:
– Ձեր բուհում այդ համակարգի ներդրումից եվրոպական բուհերի հետ համագործակցության կոնկրետ ծրագրեր իրականացվե՞լ են:
– 2007թ. մեր ԵՊՏՀ-ն մասնակցում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Erasmus Mundus ծրագրին, որի շրջանակներում մոտ մեկ տասնյակ ուսանողներ` եւ բակալավրիատի, եւ մագիստրատուրայի, ինչպես նաեւ ասպիրանտներ ու դասախոսներ վերապատրաստվել են Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Լատվիայի համալսարաններում: Ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի:
– Որպես կանոն՝ փոփոխությունները հանդիպում են դիմադրության: Հատկապես կրթության ոլորտում, որտեղ դեռ որոշակիորեն պահպանվում են խորհրդային համակարգից մնացած ավանդույթները: Բոլոնյան համակարգի ներդրումն արդյո՞ք նման արձագանք չի ունեցել:
– Այդ դիմադրությունը միշտ կա, եւ ես փորձել եմ այդ խնդիրը հաղթահարել հենց սկզբից: Կազմակերպել ենք սեմինարների շարք եւ դա սկսել ենք հենց կրեդիտային համակարգի ներդրման խնդիրներով: 2006թ. հունիսին արդեն մեր կոլեկտիվը պատրաստ էր անցնելու այդ համակարգին, սակայն այդ ընթացքում տարբեր բուհերի առաջարկով մեկ տարով հետաձգվեց կրեդիտային համակարգի ներդրման ժամկետը։ Ես մեր կոլեկտիվի առաջ հարց բարձրացրի` անցնե՞լ այդ համակարգին, թե՞ սպասել մեկ տարի: Բոլորը միաձայն կողմ էին կրեդիտային համակարգը ներդնելուն: Այսինքն, դիմադրության առաջին ալիքն այսպիսով հաղթահարվեց: Իհարկե, կա նաեւ խուլ դիմադրություն, քանի որ կրթական համակարգը պահպանողական է: Սակայն դա այնքան ուժեղ չէ, որ խոչընդոտ հանդիսանա: Եթե մենք ասեինք, որ մեր կրթական համակարգը պիտանի չէ եւ պետք է ամբողջությամբ փոխել եվրոպականով, ապա դիմադրությունն ավելի հզոր կլիներ: Սակայն ես բացատրել եմ, որ մեր կրթական համակարգը` դրական կողմերի հետ մեկտեղ, ունի նաեւ թերություններ, եւ առաջարկել եմ՝ պահպանելով դրականը, թերությունները փոխարինել առավել կատարյալ եղանակներով, ինչի օրինակը Բոլոնյան համակարգն է:
ERASMUS MUNDUS-ը բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության եւ զարգացման ծրագիր է, որը ներկայացնում է Եվրամիությունը՝ որպես աշխարհի մասշտաբով կրթական կենտրոն։ Եվրոպական խորհրդարանի կողմից հաստատվել է 2001թ.։ 2003թ. դեկտեմբերի 5-ին ծրագրի նախապատրաստման գործընթացն ավարտվեց եւ որոշում կայացվեց այն ընդունելու մասին։ Ուժի մեջ է մտել 2004թ. հունվարի 20-ից։ ERASMUS MUNDUS ծրագիրը նախեւառաջ ուղղված է եվրոպական բարձրագույն կրթության համակարգի որակի եւ գրավչության բարձրացմանը եւ լիովին համահունչ է Բոլոնյան գործընթացի գաղափարին։ Մինչեւ վերջերս ERASMUS MUNDUS-ն իրականացնում էր հիմնականում մագիստրոսական ծրագրեր, իսկ այս տարվանից կրթաթոշակներ են հատկացվում նաեւ դոկտորանտուրայի համար։ Նշենք, որ այս ծրագրով 2004թ.-ից ի վեր Հայաստանից կրթաթոշակներ են ստացել 15 հոգի։