ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, May 23, 2010 19:19 - 4 քննարկում

Ջորջ Ջ. Աբելյան

ՀԱՅՈՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՑԵՂԱԽՈՒՄԲԸ՝ «ԱՇԻՐԱԹ ԱՐՄԱՆ ԱԼ ՇԱԹԱԹ»-Ը, ՍԻՐԻԱՅԻ ՋԵԶԻՐԵ (ՀԱՍԱՔԵ) ՆԱՀԱՆԳՈՒՄ

Ջորջ Ջ. Աբելյան

«Աշիրաթ Արման ալ Շաթաթ»՝ հայոց իսլամական ցեղախումբ, «Աշիրաթ Արման ալ Մուսլիմա»։

001 (original)Սիրիայի Ջեզիրե շրջանը, որը գտնվում է Թուրքիայի և Իրաքի սահմանին, ընդարձակ նահանգ է։ Այն կոչվում է Ջեզիրե (կղզի), որովհետև գտնվում է երկու գետերի՝ Եփրատի և Տիգրիսի միջև։ Վարչական կենտրոնն է Հասաքեն կամ Հասիչեն, իսկ տնտեսական կենտրոնը՝ Գամիշլին։ Քաղաքի դիմաց, թուրքական սահմանի վրա, պատմական Մծբին (Նուսեյբին) քաղաքն է (Տիգրան Մեծի եղբոր՝ Գոռ իշխանի զինվորական և վարչական նստավայրն էր)։ Նահանգում առկա է կազմակերպված գաղութ, հատկապես Գամիշլիում, ուր կան Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիներ ու դպրոցներ։ Գործում են առաջնորդարան, միություններ և այլն։ Գաղութից բացի, կան նաև արաբացած կամ քրդացած մեծաթիվ հայորդիներ, որոնք, բնականաբար, Հայոց ցեղասպանության ընթացքում կորած հայերի սերունդներն են։ Ես կարողացա հանդիպել մինչև 4-րդ սերնդի անդամների։ Նրանց մի մասն ինքնուրույն ցեղախումբ (աշիրեթ) է կազմել։ Իրենք իրենց հայ են համարում, բայց թե՛ լեզվով և թե՛ կրոնով տարբեր են։

Հիմնումը. «Հայոց իսլամական ցեղախումբը» (ներկայիս Հայոց սփյուռքի ցեղախումբը) կազմվել է 1998թ. փետրվարի 2-ին հրավիրված հատուկ ժողովի ընթացքում։ Ունեն հատուկ կանոնադրություն։ Առանձ‎ին ներկայացուցիչներ ունեն տարբեր քաղաքներում կամ բնակավայրերում (Ռաս ուլ Այն, Ամուտա, Զարկան և Տրպեսիե)։ Ժողովի ժամանակ, վիճակագրություն կատարելու նպատակով, կազմվել է եռանդամ հանձնախումբ։

Առաջին ցեղապետը կամ աշիրաթապետը շեյխ Էլի Հովակիմյանն էր։ Սիրիական պետությունը տեղեկացված է եղել այս մասին։ Առայսօր շեյխ Էլին ցեղախմբի աշիրաթապետն է։

Աշխատանքների կարևոր նախաձեռնողներից է նաև Մոհամեդ Իբրահիմ Մահմուդը (Միհրան Հովհ. Հեքիմյան)։ Հովհ. Հեքիմյանը մշեցի էր՝ Կեղեցի գյուղից։

Նպատակը. Ելնելով այն բանից, որ շրջանում տիրապետող է ցեղախմբային դրությունը, երբ ցեղախումբը տեր է կանգնում իր անդամների իրավունքներին և պաշտպանում դրանք, քրդացած կամ արաբացած հայերը ևս, իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, կազմում են այս ցեղախումբը։

Թվաքանակը. Ըստ Ռաս ուլ Այնում իմ հանդիպած մարդկանց, օրինակ՝ շեյխ Էլիի, Միհրան Հովհ. Հեքիմյանի կամ Մոհամեդ Իբրահիմ Մահմուդի և Աբդել Ռահման Մահամիդի (Եղիա Սիսոյանի որդին է), այս ցեղախմբի անդամների թիվը հասնում է 25.000-ի։ Երկու կարևոր խմբեր կան. արաբախոսներ, որոնք ուղղակի պետևիական նկարագիր ունեն, և քրդական, որոնք քր-դախոս են։ Բոլորն էլ սուննի իսլամադավան են։ Այս երկու խմբերն իրար հետ որոշ չափով մրցակցության մեջ են։

Ցեղախմբի անդամ չհանդիսացող «քրդահայ» կամ «պետևիահայ» անհատներ և խմբեր էլ կան, որոնց թվաքանակի մասին հստակ պատկերացում չկա։ Օրինակ, երբ Գամիշլիի բնակիչ Աբդալահ Մուսթաֆային՝ Նազարեթ Չորպաճյանի որդուն հարցրի, թե ցեղախմբի անդամ է, նա պատասխանեց, որ տեղյակ չէ ցեղախմբից…

Վիճակագրությունը. Պրն Միհրանի մոտ կան մարդահամարի ցանկեր։ Արձանագրված են ընտանիքի ազգանունը, ընտանիքի մեծի անունը, անդամների թիվը, բնակավայրը, պետական արձանագրության թիվը՝ սըճըլ, և մեծի ստորագրությունը։

Դավանանքը. Ինչպես ասվեց, այս հայորդիները սուննիադավան են։ Սակայն ոմանք դիմում են Գամիշլիի առաջնորդարան և մկրտվում են։ Հետաքրքիր է, որ Ամալ Մահմուդի (Միհրանի դուստրը) մկրտության վկայականի վրա արաբերեն և օտար լեզվով նշված է իսլամական անուն-ազգանունը, մինչդեռ հայկական մասի վրա արձանագրված է հայկական ազգանունը։

Միհրանի 5 որդիներից մեկը (Իբրահիմը) բնակվում է Հոլանդիայում և դավանափոխ լինելով՝ դարձել է քրիստոնյա։ Դրա համար էլ չի համարձակվում վերադառնալ իր ծննդվայրը…Նրա երկու որդիների անուններն են Տարոն և Սևակ։

Աշիրեթի անդամները, նույնիսկ եթե ուզեն դավանափոխ լինել, հասկանալի պատճառներով չեն համարձակվի։

Անվան հարցը. Ոմանք զույգ անուն ունեն. հայկական և իսլամական։ Հետաքրքրական է Միհրանի թոռնուհիների պարագան։ Միհրան Հեքիմյանի (Մոհամեդ Մահմուդ) Էմիր անունով որդու չորս աղջիկները կրում են հետևյալ անունները՝ Նանոր, Նաիրի, Արմինե և Մենար։ Այս մանուկները կամ պարմանուհիները, բնականաբար, որպես քուրդ են մեծանում։ Վաղն ի՞նչ է սպասվում այդքան գեղեցիկ անուններով «հայ-քրդուհիներին»…

Ամուսնության հարցը. Ցեղախմբի գլխավոր մտահոգություններից մեկն ամուսնության հարցն է։ Քաջալերվում են ամուսնությունները ցեղախմբի անդամների միջև։ Խառն ամուսնությունները չեն քաջալերվում։ Եթե այլ ցեղախմբից աղջիկ պիտի առնեն կամ տան, հատուկ արտոնություն պետք է ունենան Հայկական իսլամական ցեղապետ-շեյխից։ Մշակված կանոնադրության մի քանի հոդված վերաբերում է այս կարևոր հարցին։ Օրինակ, ճշտված է հարսնացուի համար վճարվելիք գումարը՝ 150.000 Ս.Ո.։

Նյութական միջոցները. 15-70 տարեկան յուրաքանչյուր տղամարդ պետք է անդամավճար մուծի։ Այդ գումարով հոգում են թե՛ հավաքական և թե՛ անհատ անդամների հարցերը։

Հանցագործություններ. Աշիրեթը չի պաշտպանում այն անդամին, որը կարող է վնաս հասցնել պետության անվտանգությանը, գողություն անել, ուրիշին անպատվել, վնաս հասցնել ուրիշի գույքին և այլն։

Քաղաքական հարցը. Ցեղախմբի կանոնադրության մեջ հստակ նշված է, որ Հայոց սփյուռքի (իսլամական) ցեղախումբն աջակցում է Սիրիայի Հանրապետության իշխանություններին։ Նաև հեռու է քրդական քաղաքական-անջատողական շարժումներից։

002 (original)

Մի քանի առանձնահատկություն

Հարկ եմ համարում նշել այն անհատների մասին, որոնց հանդիպեցի՝ պարզապես պատկերն ավելի ցայտուն դարձնելու համար։

ա. Իրաքի սահմանամերձ գյուղում հանդիպեցի մոր կողմից հայ Հյուսեին Խալիլ անունով 70-ամյա մի մարդու։ Մոր անունը Հայաստան է եղել։ Իրաք անցած մայրը նրան թողել է քրդական գյուղում՝ պարզապես աղջնակի՝ Հայաստանի կյանքը փրկելու համար։ 13 տարեկանում աղջնակին ամուսնացրել են մի քրդի հետ։ Որպես առավելագույն դառնության արտահատություն՝ Հայաստանը կյանքում մոր անունը բնա՛վ չտվեց։ Հյուսեինը մեծ մոր անունը չգիտեր։

բ. Թոմարզացի Նազարեթ Չորպաճյանի զավակներն ապրում են Գամիշլի քաղաքում։ Մեկը՝ Աբդալահ Մուսթաֆան, հորից մնացած կոշիկի խանութն է աշխատեցնում։ Մյուս տղան քրդական հեռատեսիլի կատակերգակ դերասան է. նրա զուտ քրդուհի կինը պրոդյուսեր է և հեղինակ։ Երկու եղբայրներն էլ պնդում են, որ իրենց երակներում հայկական արյուն է հոսում։

Իմիջիայլոց, Աբդալահն ունի երկվորյակ տղաներ, որոնք զույգ անուն ունեն՝ Ահմեդ-Կարո և Մոհամեդ-Սաքո։ Հայկական անուններ է դրել հոր՝ Նազարեթի պահանջով։

Երկվորյակներից մեկը՝ Սաքոն, որը բարեկամություն էր հաստատել քրդական անջատողական կազմակերպության հետ սերտ կապեր ունեցող մի քուրդ երիտասարդի հետ, գաղտնի ոստիկանները զգուշացրել են Սաքոյին, որ ինքը հայ է և պետք չէ, որ կապ ունենա այդ շարժման հետ։

գ. Մշեցի Հովհաննես Հեքիմյանի որդի Միհրանը կամ Մոհամեդ Իբրահիմ Մահմուդն ապրում է Ռաս ուլ Այնում. ունի հինգ տղա և հինգ աղջիկ։ 7 տարեկանում կորցրել է մեկ ձեռքը։ Խառատ էր (թոռնոճի)։ Տան պատերը զարդարված են հայկական եռագույն դրոշով, Լիսաբոնի 5 տղաների նկարով, Տիգրան Մեծի պղնձե հարթաքանդակով և այլն։ Նիստուկացով ընտանիքը քրդական է։ Բայց Միհրանը շետում է, որ ինքը և իր ընտանիքի անդամները հայ են, թեկուզ և իսլամ։

Միհրանի կնոջ՝ Էմինայի հայրը ևս մշեցի է եղել՝ Եղիա Սիսոյան։ Քրդական անունն է Մոհամես Իսա Մահամիդ։ Մահացել է 2008-ին։

Էմինան, չնայած գլխաշոր կրելուն, անկաշկանդ մոտեցավ, ձեռքով բարևեց և խոսեց մեզ հետ, պատմեց հոր մասին։

Նրա եղբայրը՝ Աբդել Ռահման Մոհամեդ Իսա Մահամիդը, փաստաբան է։ Ըստ նրա՝ ցեղախմբի անդամ փաստաբանները միություն ունեն։

Միհրանի Էմիր որդու բջջային հեռախոսում արձանագրված պատկերները վայել են միմիայն ծայրահեղական հայերին։ Նա ցանկացել է հայերեն սովորել. Բեյրութից զրուցարան է բերել։ Բայց առանց օգնականի հաջողության չի հասել։

Միհրանի տանը հանդիպեցինք Արամ Քեքլիկյան-Սալման էլ Տրպոյի թոռնուհուն։ (Սալման իմ «Ցկեանս նահատակութիւն» գրքի առաջին հերոսն է։ Նրա և մոր՝ Երանուհու նկարը զարդարում է գրքի շապիկը)։ Երբ աղջկան «Ցկեանս նահատակութիւն» գրքիս արաբերեն օրինակը տվեցի, նա զարմացավ։ Հայտնեց, որ իր տոհմի մեն մի անդամի տանը կախված է գրքիս շապիկի նկարը։ Նա ևս գլխաշոր էր կրում, բայց հետներս ձեռնվեց և խոսեց անկաշկանդ։

դ. Մովսես Աբրահամի Թիրաքյան. ուրֆացի ականավոր ընտանիքի զավակ էր։ Պապը՝ Գարեգինը, դեղագործ էր և չափազանց հեղինակավոր դեմք։ Մովսեսը մահացել է 94 տարեկանում։ Չորս անգամ ամուսնացել է և ունեցել 10 զավակ։ Հոգ է տարել, որ զավակներն ուսում ստանան և դիրքի հասնեն։

Գամիշլիում հանդիպեցինք նրա Մոհամեդ որդուն։ Մի փուռ ունի և նրան կպած գրախանութ, որի պատից կախված էր հայկական 2009թ. մի օրացույց՝ այսօրվա Բալուի պատկերով։

Խիստ հուզիչ էր մեր հանդիպումը Մովսեսի դստեր՝ Սաատիեի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Հասաքեում, Ջըրջի Զեքի Ջըրջոսի տանը։ Զեքին արաբացած քրիստոնյա հայ է Սսից։ Ջորջ Ջըրջոսը Բեյրութի Արամ Չոլաքյանի Երջանիկ (Զեքի) եղբոր զավակն է (Արամը մահացավ անցյալ շաբաթ, 100 տարեկան հասակում)։ Այդ պահին մի քանի տեսակ հայեր կային հյուրասրահում. տիկինս ու ես «զտարյուն» հայ էինք, մեզ այնտեղ էին տարել մեր շվեդահայ փեսան՝ Թոմը և կինը՝ Անի Չելեպյանը, Ջորջ Ջըրջոսը և նրա եղբայրն ու տիկինը։ Այս հայերին գումարվեց Սաատիեն՝ Մովսես Թիրաքյանի 60-ամյա դուստրը։

Սաատիեն, ճիշտ է, գլխաշոր էր կրում, բոլորիս մեկ առ մեկ սեղմեց կրծքին և հայտարարեց. «Մենք բոլորս ազգական ենք, հարազատներ ենք»։ Պաշտամունք ունի հոր հանդեպ։ Սկեսուրը նույնպես հայուհի է։ Գրավոր խոսք էր պատրաստել Ապրիլի 24-ի տոնակատարություններից մեկի առիթով կարդալու համար. առիթը չէր ընձեռվել։ Մեզ կարդաց այդ խոսքը։ Մանավանդ շատ հուզիչ է հորն ուղղված պարբերությունը։

Մեր հանդիպած քրդահայերը շատ ուրախացան, որովհետև իրենցով հետաքրքրվող էր եղել։ Ըստ Միհրան-Մահմուդի, ցեղախմբի հիմնադրման օրերին դիմել են թե՛ Ազգային առաջնորդարան և թե՛ Հայաստանի դեսպանին։ Արդյունք չեն ստացել։

Ի՞նչ կարելի է կամ պետք է անել

Այսքան մեծաթիվ ցեղախումբը, որը հայ լինելու որոշ զգացում է պահպանում, չպետք է անտեսվի։ Անշուշտ, պետք է նկատի ունենալ որոշ օբյեկտիվ տվյալներ և ըստ այնմ՝ շարժվել շատ զգուշությամբ։ Մինչև այժմ նրանց կապը հայության հետ զգացական է, բայց և այնպես այն զորավոր է։

Պետք չէ «միսիոներական» աշխատանք ձեռնարկել և փորձել քրիստոնեացնել նրանց։ Նման քայլը վտանգավոր կլինի։ Թերևս, պետք է հաշտվել այն գաղափարի հետ, որ իսլամ Հայը նույնպես ՀԱ՛Յ Է…

Առաջին հերթին հարկ է ուսումնասիրություն անցկացնել այս մարդկանց շրջանում և արխիվ, վավերագրական ժապավեններ պատրաստել։

Կարելի է հայոց լեզու և պատմություն սովորեցնել նրանց, մանավանդ նոր սերնդին։

Ըստ իմ տեղեկությունների՝ 78 քրդահայեր Հայաստան են փոխադրվել և հաստատվել այնտեղ։

Ըստ շեյխ Էլի Հովակիմյանի՝ փորձ է արվել որոշ թվով քրդահայերի Հայաստան փոխադրել, Արարատյան դաշտ։ Այստեղ նրանք կկարողանային ցորեն մշակել և նույնիսկ ցորենի առումով Հայաստանը ինքնաբավ դարձնել։ Այդ շարժումը հաջողություն չի ունեցել։

Հարկավոր է մշակել նման մի քայլ և, թեկուզ սահմանափակ թվով, քրդացած հայորդիների հայրենադարձություն կատարել։ Անշուշտ, այդպիսի քայլը շա՛տ լավ պետք է մշակված լինի։

Վերջաբան

Այն, ինչ ես կատարեցի, շատ սահմանափակ բան է։ Ընդամենը 3-4 օրում գտա այն, ինչ կարողացա։ Հարկավոր է, որ Հայաստանի պետական կամ սփյուռքի քաղաքական և կրոնական պատասխանատուները մշակված քայլեր ձեռնարկեն այս մեծ հավաքականությունն ի վերջո Հայության գիրկն առաջնորդելու համար՝ առանց շտապելու կամ պոռոտախոսության։

Ըստ երևույթին, պետք է «Ցկեանս նահատակութիւն» գրքիս օրինակով նոր հատոր հրատարակել այս աշիրեթի և այլ քրդացած կամ արաբացած հայորդիների մասին։ Բայց որքա՜ն մեծ է այս մարդկանց թիվը։ Հարկ է կազմակերպված աշխատանք տանել՝ նրանց հայտնաբերելու համար։ Ցավոք, մինչև չորրորդ սերունդ օսմանցիների՝ մեր վրա կիրարկած նահատակությունը տակավին շարունակվում է։ Այդ քրդահայերը կամ պետևիահայերը շարունակում են կրել, և պիտի կրեն, այդ նահատակության հետևանքները, այնքան ժամանակ, քանի դեռ Հայի գիտակցությունը վառ կմնա նրանց մեջ։

Ինձ տանջում է հետևյալ հարցումը. ի՞նչ ճակատագիր կամ ապագա է սպասում մշեցի Հովհաննես Հեքիմյանի ծոռնուհիներին՝ Էմիր Մահմուդի չորս աղջնակներին, որոնք կրում են Նանոր, Նաիրի, Արմինե և Մենար այնքա՜ն սիրուն և հայկական անունները…

Արևելահայերենի վերածեց Խ.Քարաուղլանյանը


4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆՈՒՀԻ
May 24, 2010 8:12