ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, May 22, 2010 1:29 - 1 քննարկում

Ո՞Վ Է ԿԻՐԻԼՈՎԸ

Ո՞Վ Է ԿԻՐԻԼՈՎԸ

  • Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կոչով Եվրոխորհրդարանի թիվ 2216 բանաձեւին մեր խորհրդարանականների արձագանքները տարբեր էին: Եղան գնահատականներ եւ բացահայտումներ: Նախ` ո՞վ է բանաձեւի հեղինակ բուլղարացի Եվգենի Կիրիլովը: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե ով է Կիրիլովը: «Ադրբեջանի բարեկամներ խմբի» նախաձեռնող եւ նախագահն է, ԵԽԽՎ նախկին անդամ, որը տարիներ շարունակ սնվելով ադրբեջանական լոբբիի կողմից` այնուհետեւ իր նույնաբովանդակ գործունեությունը շարունակել է Եվրոպառլամենտում: Եվրոպառլամենտում բանաձեւերը միայն խորհրդատվական բնույթ ունեն, կատարման համար պարտադիր չեն, իսկ բուլղարացի Եվգենի Կիրիլովի զեկույցի հիման վրա ընդունված 2216 բանաձեւը նախ հակասում է մադրիդյան սկզբունքներին, Եվրոմիության դիրքորոշմանը` ԼՂ հարցով, որը Եվրոմիությունը արտահայտել է 2009 թվականին, Աթենքում: Հակասում է Եվրոմիության առաջընթացի մասին զեկույցին, որը հրապարակվել է 2009 թվականի մայիսի 12-ին, այդ զեկույցի ԼՂ-ի հատվածն ուղղակի որեւէ առնչություն չունի այն բանաձեւի հետ, որն ընդունել է Եվրոպական պառլամենտը. «Ի դեպ` բանաձեւի քննարկման ժամանակ (չեմ ասում` քվեարկության) դահլիճում եղել է ընդամենը 20 պատգամավոր, բոլոր ելույթներին ես տեղյակ եմ, ելույթների ժամանակ հարցեր են տրվել Կիրիլովին, թե ինչո՞ւ նա նման զեկույց ներկայացնելուց առաջ չի հանդիպել համազեկուցողների հետ, ինչո՞ւ նա չի եղել ԼՂ-ում, ինչո՞ւ են նրա առաջադրած դրույթները հակասության մեջ Եվրոհանձնաժողովի դիրքորոշման հետ. որեւէ հստակ պատասխան Կիրիլովը չի տվել, որովհետեւ մեզ համար հասկանալի պատճառով նա «Ադրբեջանի բարեկամներ» խմբի նախաձեռնողն ու պատվավոր նախագահն է, որի գործունեությանը մենք ծանոթ ենք թե՛ Եվրոպայի խորհրդում, թե Եվրոպառլամենտում»: Չնայած, ըստ Զոհրաբյանի, նաեւ բարենպաստ դրույթներ կան Հայաստանի համար` առաջին անգամ չի ֆիքսվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, առաջին անգամ խոսվում է, որ պետք է ԼՂՀ մեկուսացումը կանխվի: Բայց` «նման բանաձեւերը չեն կարող նպաստել հակամարտության կարգավորման գործընթացին»:

    Նրա գործընկեր Արամ Սաֆարյանը կանխատեսեց, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի շուրջը լինելու է դիվանագիտական աշխուժության հետագա մեծացում: Սա միանշանակ բացասական երեւույթ չպետք է ընդունել, քանի որ սա հասկանալի հետաքրքրություն է, որ ունի միջազգային հանրությունը: Բայց եւ զգուշացրեց, որ այս հետաքրքրության պայմաններում Ադրբեջանը Թուրքիայի հետ համագործակցած` օգտագործելու է իր այսպես կոչված «առավելությունները», նկատի ուներ լոբբիինգի հնարավորությունը, ռեսուրսային առավելությունները այս գործում իր ավելացող ազդեցությունն ապահովելու համար: Միաժամանակ, ըստ Սաֆարյանի, աշխուժանալու է նաեւ հակահայկական քարոզչությունը, որի նպատակն է ստվեր գցել հայերի վրա ամեն տեղ, որտեղ հնարավոր է. «Սրա նպատակը մեկն է` Ադրբեջանը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ընդունել փոխադարձաբար ընդունելի զիջումներով համաձայնության գալու տարբերակին: Բանաձեւի մնացած դրույթները որեւէ նոր բան չեն պարունակում, որոնք եղել են մյուս եվրոպական բանաձեւերում»:

    ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը բանաձեւի տվյալ կետը խառնաշփոթ առաջացնող եւ անընդունելի համարեց ՀՀԿ-ի համար, որի համար հիմք չկա. «Իրոք կա գրավյալ տարածքների խնդիր, բայց այդ տարածքների խնդիրը վերաբերում է Շահումյանին, Գետաշենին, Մարտակերտի մի մասին, եւ Ադրբեջանն է սկսել իր օկուպացիան, եւ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը, եթե իրոք ուզում է լինի երկարատեւ խաղաղություն», ասաց նա` հավելելով, որ այդ բանաձեւը իրավական հետեւանք չի կարող ունենալ: Բանաձեւը Կիրիլովի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքն է, նրա այդ հատվածը (զորքերը դուրս բերելու) հստակ հակասության մեջ է մտնում թե՛ Եվրոմիության հայտարարության, թե՛ ԵԱՀԿ նախարարների հայտարարության, թե՛ եռանախագահող երկրների հայտարարության, եւ թե՛ Մայնդորֆյան հայտարարության հետ:

    Ըստ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանի ` բանաձեւը ակամա մեզ հիշեցնում է այն հնարավոր զարգացումները, որոնք ասում էր ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների հետագա ընթացքի մասին խոսելիս: Եվ բնական է, որ թուրք-ադրբեջանական ակտիվ տանդեմի աշխատանքը արտաքին ոլորտում հանգեցրեց նաեւ այսպիսի զեկույցի ընդունմանը, որը թեեւ պարտադիր բնույթ չի կրում, խորհրդատվական փաստաթուղթ է, բայց ընդհանուր տրամադրվածության ձեւավորմանն է միտված, եւ հետեւաբար ակնհայտ է դառնում, որ մեր արտաքին քաղաքականությունը շատ ավելի լուրջ անելիքներ ունի: Թեեւ հայկական կողմը որոշակի աշխատանքներ կատարել էր, բայց դրանք բավարար չեղան, որ կանխվեր այս փաստաթղթի ընդունումը, որի հիմքում թե՛ հայ-թուրքական չարաբաստիկ զարգացման գործընթացն է, թե՛ նաեւ ԼՂ հարցում թուրք-ադրբեջանական ակտիվ դերակատարությունը: Հետագա զարգացումներում, ըստ Մինասյանի, շատ բան նաեւ մեզանից է կախված` թե արտաքին հարաբերություններում ակտիվացնելու ազգանպաստ գործունեությունը հատկապես քարոզչության առումով, նաեւ ԼՂ-ում եւ ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրերն իրականացնելու ուղղությամբ: Համարժեք արձագանքի կարիք կա նաեւ:

    «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը եւս անհեթեթ անվանեց բանաձեւը , որը ոչ միայն Ադրբեջանի կողմից խեղաթյուրումների, այլեւ Հայաստանի պասիվության արդյունք է. «Ես չեմ զարմանում, ես զայրանում եմ, որովհետեւ տարիներ շարունակ այս բանաձեւը մի փաստաթղթից գնում է մյուս փաստաթուղթ, մի հաստատությունից մյուսը, եւ Հայաստանը առայժմ չի կարողացել որեւէ համարժեք պատախան տալ սրան: Ես համարում եմ, որ անելիքը շատ է, եւ չի արվում այսօր այս ուղղությամբ պատշաճ աշխատանք»: Նրա գործընկեր Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ Զարուհի Փոստանջյանի անունից, որպես իրենց ներկայացուցիչ ԵԽԽՎ -ում, նամակներ է ուղարկել ԵԽԽՎ անդամներին եւ ղեկավարությանը. առաջինը վերաբերում է ԼՂՀ-ում կիրակի անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, երեկ էլ արդեն այս բանաձեւի վերաբերյալ նամակն է ուղարկել` եվրոպական արժեքների տեսակետից անթույլատրելի համարելով բանաձեւի ձեւակերպումները:

    «Ես բանաձեւին բավական ծանոթ եմ, մենք ունենք բավական հաջողված կետեր, որոնք արտացոլված են զեկույցում, բայց կա նման անհեթեթ բան, որը խոսվել է ներկայացուցիչներից մեկիՙ բուլղարացի Կիրիլովի կողմից, որն ընդհանրապես ծանոթ չի եղել իրական վիճակին, չի ուսումնասիրել խնդիրը: Նա այն բուլղարացի պատգամավորներից է, որը Բուլղարիայում Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված միշտ դեմ է խոսել եւ դեմ է քվեարկել: Նա ուղղակիՙ առանց ուսումնասիրելու, առանց իմանալու խնդրի ամբողջությունը, ուղղակի իր սուբյեկտիվ, անհեթեթ մոտեցումն է ցուցաբերել, եւ ես կարծում եմՙ սա չպետք է հետեւանքներ ունենա»,- սա ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի տեսակետն է:

  • ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Պ.ԴԱՎԹՅԱՆ
May 22, 2010 14:41