ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 7, 2010 5:12 - 4 քննարկում

ՎԻԹԽԱՐԻ ՑԱՎՈՎ, ՑԱՍՈՒՄՈՎ և ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ եմ գրում այս բաց նամակը…

Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանին
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին

ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Աշտարակեցու հրապարակ 7, 378410
ՀՀ, Արագածոտնի մարզ, Աշտարակ, գյուղ Մուղնի,

12 ապրիլի, 2010թ.

Հարգարժան պարոն քաղաքապետ և պարոն մարզպետ,

Ես` Արմինե Ղ-Առաքելյանս, 2009թ-ի սեպտեմբեր 13-ից Աշտարակ քաղաքի, Մուղնի գյուղի բնակիչ եմ: Երևանի կենտրոնից այստեղ եմ տեղափոխվել` փորձելով հեռանալ մայրաքաղաքի ապականված, անապատացող և գերաղմկոտ միջավայրից, ապրել ու արարել բնության, մաքուր շրջոլորտի և գյուղական պարզության մեջ, որպեսզի համառելով շարունակեմ մնալ ընտրածս Հայրենիքում:

Իբրև մարդ էակ, հայ կին, Մուղնի գյուղի բնակիչ, 9 տարվա հայրենդարձ (զարգացած Շվեդիայից և Ֆրանսիայից), միջազգային իրավաբան-քաղաքագետ և Զարգացման մասնագետ` ՎԻԹԽԱՐԻ ՑԱՎՈՎ, ՑԱՍՈՒՄՈՎ և ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ եմ գրում այս բաց նամակը Ձեզ և պատճենը հղում այս կամ այն կերպ պատասխանատու պատկան մարմիններին:

Գյուղում ապրածս յոթ ամիսների ընթացքում իմ նպատակադրած կենսակերպը վարելուց շատ ավելի` պարտավորված եմ եղել փորձել ընկալել մեր հայրենիքի մեկ այլ դաժան իրականությունը և լուծումներ ձեռնարկել այդ կապակցությամբ: Ստիպված եմ եղել զբաղվել նվազագույն նյութական, քաղաքացիական ու իրավական խնդիրների լուծմամբ` որպես պահանջատեր սպառող` հետամուտ եմ եղել հանրային ծառայութունների` էլեկտրականության, ջրի, հեռախոսակապի որակի բարելավմանը, թաղի գազաֆիկացման նպատակով իմ միջոցներով կառուցվել է հիմնական մեծ գազատար խողովակը, գործունեություն եմ վարել շրջոլորտի մաքրության, մարդու իրավունքների հարցերում գյուղացիներին անվճար քաղաքացիական ու իրավական խորհրդատվություն տրամադրելու, թափառող կենդանիների խնամքի և պաշտպանության ուղղությամբ:

Մուղնի գյուղը, որը Երևանի կենտրոնից ընդամենը քսան կիլոմետր է հեռու, պատմական հայկական գյուղ է` կազմված բնիկ մուղնեցիներից և տարբեր երկրներից եկած տարբեր սերունդների հայրենադարձներից: Գյուղն օժտված է Արագածոտի նախալեռների չնաշխարհիկ բնությամբ ու կլիմայով, բերքատու հողով, և ճանաչված է իր բնության հետ ներդաշնակ խաղաղություն ներշնչող Եկեղեցով, որտեղ շատերն են ընտրում ամուսնական և մկրտության արարողություններ կատարել:

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, այս գյուղը անտեր, լքված, աղբով ապականված մի բնակավայր է, քանդված կամ գոյություն չունեցող ճանապարհներով, տառապում է հանրային ծառայությունների թե՛ կառուցվածքային, թե՛ մատուցման անորակությունից, հանրային լուսավորությունը բացակայում է` երեկոյան ժամերին ամբողջ գյուղում միայն “Նոտարի խանութի” դրսի լապտերն է լուսավորում գլխավոր փողոցը: Բացի լուսավորության բացակայությունից հետևող ֆիզիկական անվտանգության խնդրից, չեն հարգվում նաև հանրային անվտանգության այլ տարրական չափանիշները: Փողոցների մթության պատճառով մարդիկ զրկվում են նաև երեկոյան զբոսնելու հնարավորությունից:

Գյուղի բնակչության մեծամասնությունը ծայրահեղ աղքատ ու խեղճ կենսակերպ է վարում. փոքրաթիվ միջին և հարուստ խավի ներկայացուցիչները հիմնականում գյուղում են լինում ամռանը և “գյուղական” կյանքը վայելում են իրենց ամառանոցների ու այգիների պարիսպներից ներս: Մարդկային արժանապատիվ կյանքի ու հավաքականության բացարձակ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ է տիրում: Ավելորդ է խոսել ազգային և համամարդկային արժեքների ու նպատակների մասին, երբ բացակայում է տարրականը: Թերևս շքեղություն է` խոսել մշակութային և կրթական իրավունքների ու կյանքի մասին. բավական է միայն տեսնել դպրոցի բակ կոչված տարածքը: Մայրաքաղաքից դուրս գալով` հիմա էլ գյուղում եմ ապրում կենդանական աշխարհի օրենքներով առաջնորդվող մի այլասերված միջավայրում. “ուժեղ” կոչվածը յուրացնում է ամեն ինչ և արտոնյալի իր դիրքերից բռնությամբ անարգում ու ճնշում է “թույլ մեծամասնությանը”: Իսկ խեղճերն ու ընկճվածները նախանձով են լցված իրար նկատմամբ, պախարակում են միմյանց կամ էլ հալածում ու ճնշում են իրենցից ավելի խեղճերերին` թափառական շներին ու կատուներին: Ջղագրգիռ, երբեմն էլ անհույս և անհեռանկար թվացող այս մարդիկ կարծես ամեն ինչ անում են իրար հետ չապրելու համար` բռի, բռնի կոնֆլիկտային զուր նկրտումներ…

Պրիմիտիվ և հետամնաց մի ամոթալի իրավիճակ, որն անընդունակ եմ համեմատելու այլ “զարգացող” երկրների հետ, ուր ապրել ու աշխատել եմ երկար տարիներ: Ավելորդ է փորձել համեմատության եզրեր գտնել “զարգացած” երկրների գյուղերի հետ: Հավանաբար, եթե չլիներ հայ լինելուս հանգամանքը, եթե անընդհատ իմ մեջ չնորոգեի այս հողին մաս կազմելու և պատկանելու գիտակցությունն ու կամքի ուժը, չէի փորձի բնակվել այս ամոթալի տեղում և ներդնել նյութական, հոգևոր, կրթական, քաղաքացիական ու մասնագիտական ռեսուրսներս:

Անհեթեթություն եմ համարում նաև անընդհատ հնչող այն մտքերը, թե այս ամենը բնական ու սովորական է գյուղի համար և հետամնաց ու զարգացող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է… ավելի վեհ պատկերացման և բարձր չափորոշիչներով ապրելու ձգտումից զուրկ, համակերպված, այլասերված մտածողություն: Նույն մտայնությունն է տիրում նաև մայրաքաղաքում: Մայրաքաղաք-գյուղ ավերիչ մրցակցությունը գնում է միայն ավտոմեքենաների, ապականող աղբի ու թռչող պլաստիկ տոպրակների քանակի, սրճարանների և գիշերային ակումբների լինել-չլինելու մեջ: Զարմանալի է մեզանում կյանքի արժեքային չափորոշիչների ու ձգտումների մակարդակը, որը գուցե կարելի է համեմատել 15-18 դարերի գյուղերի ու քաղաքների կյանքի որակի հետ: Կարծում են, թե արդիականությունը տների ու ամրոցների ճոխության, պարիսպների բարձրության, ջիպերի, հագուտի փայլփլունության և քանակի մեջ է: Բայց մարդկային կյանքի ոգին ու իմաստը այլ են: Եթե փորձենք ձեռնարկել այս փնտրտուքի ու ճանաչման ուղին, ապա մարդ դառնալու, մեր հողի վրա արժանավայել, համերաշխ ու գոտեկից ապրելու և արարելու հեռանկար կունենանք:

***

Տեղական կամ պետական իշխանությունների գոյությունն ընդհանրապես չի նշմարվում: Պետությանը մաս կազմելու մասին հիշեցնում են միայն ոստիկանության ավտոմեքենայի շրջադարձերը և անորակ հանրային ծառայություն մատուցող մասնավորեցված կառույցների տեսուչների այցերը` հաշվիչների ստուգման կամ հաճախակի վթարները □կարկատելու□ համար:

Իսկապես, որտե՞ղ եք դուք` տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց համադրող ու վերահսկող պետական մարմինները: Գուցե կհայտնվեք ընտրություների նախօրյակի՞ն: Ո՞ւր են ՀՀ Սահմանադրությամբ շնորհված իրավունքների ապահովմանն ուղղված Ձեր ծրագրերը, գործունեությունը, հաշվետվությունը, որի համար դուք ընտրվել կամ նշանակվել եք: Ո՞ւր են տարիներ շարունակ ԱՀՌԾ-ին և գյուղական զարգացմանը հատկացվող, փորձագետներ կերակրող ծրագրերի, վարկերի ու դրամաշնորհների արդյունքը և արդյունավետությունը: Եթե բնակչությանն ու ժողովրդին ծառայելու կարողությունը չունեք, ապա ի՞նչ իրավունքով եք շարունակում մնալ Ձեր ղեկավար պաշտոններում: Դուք կոչված եք ծառայելու ՄԵԶ և կրում եք մարդկային ու պետական վեհ պարտականությունը` ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդկային արժանապատիվ կյանքի հանրային հնարավորությունները և համակարգը: Արդյոք հպա՞րտ եք զգում, լա՞վ եք զգում նման մի իրականության տեղական կամ պետական պաշտոնյա լինելու Ձեր հանգամանքով:

Եթե շարունակում եք մնալ Ձեր պաշտոններին, ապա պարտավոր եք լիարժեք կատարել Ձեր պատասխանատվություններն ու պարտականությունները, կառավարել մարդակենտրոն ոճով, հայթայթել միջոցներն ու հնարավորությունները` Ձեր առաքելությունը կատարելու համար: Եթե չգիտեք, անընդունակ եք կամ չեք կամենում, ապա ազատեք կառավարման այդ պաշտոնները:

Պահանջում եմ անհապաղ մեր գյուղի

* հանրային ծառայությունների համակարգի, ենթակառուցվածքի ու ծառայությունների` էլեկտրականության, ջրի, գազի, հեռախոսակապի մատուցման որակի ապահովում և անվտանգության ապահովում` նկատի ունեմ փտած տրանֆորմատորը, գերանները, լվացքի թելի պես օդում թռչող լարերը, փտած խողովակաները և այլն:
* Գյուղացիներին աշխատանքի հնարավորությունների ընդձեռում` կոոպերատիվների զարգացում, գյուղատնտեսական գործունեության զարգազմանն ուղղված պետական սուբսիդիաների տրամադրում:
* Մշակութային ու լուսավորչական կյանքի հնարավորությունների ընդձեռում, երիտասարդների համար հավաքատեղիի կազմակերպում, մարդկային ու ազգային զարգացմանը ծառայող ծրագրերի ու միջոցառումների կազմակերպում: Սրա բացակայության պատճառով պատանիներն ու երիտասարդները իրենց ազատ ժամանակն անցկացնում են գյուղի միակ դպրոցի դարպասի առջև կամ դրա շրջակայքում աղմկելով. թերևս կրթական, մշակութային և սպորտային օջախների բացակայության պայմաններում, իրենց կենսամակարդակի անբավարարությունը և պարապությունը նման ագրեսիվ կերպով են արտահայտում:
* Հիմնական և ոչ-հիմնական ճանապարհների ու մայթերի որակյալ կառուցում և կանաչապատում:
* Հանրային լուսավորության ապահովում առնվազն գլխավոր ճանապարհների վրա:
* Հանրային երթևեկության անվտանգ միջոցների ապահովում` դեպի մայրաքաղաք և այլ գյուղեր ու քաղաքներ:
* Աղբի և սանիտարահիգիենիկ նորմերի հարգում, կանոնավոր կերպով գյուղի հանրային տարածքների մաքրում, աղբամանների տեղադրում և դրանցից աղբի հավաքում, հանրային տարածքներում աղբ նետող մարդկանց ու ավտոմեքենաների խիստ տուգանում: (Զարմանալի է այս ընդունակությունը` ամեն օր աղբի մեջ ապրել և չնկատել այն. Եկեղեցի տանող գլխավոր ճանապարհը` պսակադրությունների, մկրտությունների և տուրիզմի հիմնական կենտրոնը, լի է աղբով):
* Դպրոցի և իր բակի կառուցվածքային վերանորոգում, սովետական ժամանակներից մնացած ջեռուցման հին համակարգի “թանգարային” հսկա վտանգավոր խողովակի վերացում, որը լրջորեն սպառնում է մարդկանց անվտանգությանը: (չեմ խոսում դրա տհաճ և անտանելի ձայնի մասին, և թե ինչպես է ճոճվում ուժեղ քամիների ժամանակ):
* Թափառական կենդանիների ստելիզացում և պաշտպանություն:

Մարդը ԴԱՌՆՈՒՄ է Մարդ և արժանանում է այդ կոչման ոչ թե երկոտանի արարած լինելու համար, այլև իր խղճի, կարեկցանքի, մտածելու, արարելու, գոտեկցելու ունակություններով: Միայն նման մարդն ու ազգն է ընդունակ արժանապատիվ ապրելու ու ներդաշնակ զարգանալու իրեն ընծայված հողի, բնության և իր կողքին ապրող կենդանական աշխարհի հետ միասին:

Հողի, գյուղի, գյուղատնտեսության և բնապահպանության զարգացման գաղափարները, ձգտումերը, ծրագրերը և գործունեությունը միակ այլընտրանքն են ներկա ճգնաժամային ու կաթվածահար իրականությունը բարեփոխելու համար: Այս է մարդ, ազգ, պետություն, մարդկություն, բնություն, մոլորակ, տիեզերք համերաշխ, ներդաշնակ արժանապատիվ գոյության ու ստեղծագործության երաշխիքը: Ինչքան ավելի ընդունակ լինենք այդ ընկալելու և այդ ուղով անցնելու, այնքան ավելի կլինեն երջանիկ ապրելու մեր հնարավորությունները: Ինչքան հեռանում ենք այդ ուղուց, այնքան ավելի արագ ենք միանում այլասերվող և բնության պարտադրած օրենքներով անհետացող ու վերացող էակների և հավաքականությունների երկար շարանին:

Պահանջում եմ նամակիս մեջ արծարծված խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան գործողություններ և պատասխան` հիմնվելով Մուղնի գյուղի բնակչի և արժանապատիվ ապրելու իմ մարդկային իրավունքի վրա: Իմ և իմ նմանների անհատական կամավոր բարեգործական ներդրումներն ու քաղաքացիական կամավոր ծառայությունները կարող են սահամանփակ կերպով բարելավել անհատական ու հավաքական կյանքի որակը, բայց չեն կարող և պարտավոր չեն փոխարինել Ձեր և պետական ու հանրային կառավարման մարմիններին, որոնք կրում են հիմնական պատասխանատվություններ: Ամեն ինչ իր իմաստն ունի, երբ իր կոչմանը համապատասխան է վարվում և գործում: Հակառակն անիմաստ է դառնում, անընդունելի է և քայքայիչ:

Դիմում եմ Ձեզ և տեղական, մարզային ու հանրապետական բոլոր առնչվող մարմիններին` անհապաղ կատարելու անհրաժեշտը, որպեսզի Մուղնի գյուղը` իր բնությամբ, բնակչությամբ ու կենդանիներով, սկսի արժանապատիվ կյանքով ապրել և կարողանա լիիրավ մաս կազմել մեր Հայրենիքի զարգացմանը, մեր պետականաշինությանը…

Չեմ ուզում ափսոսանքով խոսել մեր գյուղի` Մուղնիի չնաշխարհիկ բնության, հարուստ և բերքատու հողի, աղքատության հետևանքով արտագաղթող գյուղացիական աշխատուժի և հայրենիքի զարգացման համար անհրաժեշտ գյուղատնտեսական ներուժի անհեթեթ ԿՈՐՍՏԻ մասին, տանս դիմաց գտնվող գյուղի միակ դպրոցի թարմ դեմքերով և փայլուն աչքերով երեխաների մասին, որոնք հնարավորություն չունենալով ապրել մարդկային արժանապատիվ միջավայրում, զուրկ լինելով պետականություն կերտելու բարիքից` հավանաբար 10-20 տարուց մեծամասամբ կզրկվեն այս հողի վրա ապրելու և արարելու երջանիկ իրավունքից ու հնարավորությունից:

Այսպես կարող են հօդս ցնդել մարդասիրության, հայրենասիրության, բնասիրության… գաղափարների լիարժեքությամբ ապրելու հայ մարդկանց ջանքները: Միասին ապրելու ու արարելու երջանկությունը պատրանք համարելով` կդատարկվի հայրենիք կոչվածը և հայ մարդը կզրկվի գոյություն ունենալու արժանիքից:

Հիմարություն է չտեսնել, չարժևորել կամ արհամարել ու վատնել մեր ունեցած այս հիմնական ռեսուրսները և ներուժը: Իսկ ՎԱՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ և դրա պատճառած մարդկային, ազգային ու բնապահպանական ԱՂԵՏԸ սխալ ու անթույլատրելի են: Նման վատ կառավարողները ուշ թե շուտ պատասխանտվության են ենթարկվում իրենց արածի և չարածի համար: Այս է մարդկության կյանքի կարգը:

Այս ամենին հետամուտ լինելն իմ պարտավորությունն եմ համարում, ու նաև հայրենիքում մարդավայել ապրելու և արարելու իմաստը, համոզումն ու հնարավորությունը վառ պահելու համար է, որ պահանջատեր եմ իմ և մեր գյուղի ու մեր հայրենիքի մեջ մարդավայել ապրելու և զարգանալու խնդրին:

Կանխավ շնորհակալություն Ձեր ընկալման ու ըմբռնման հավանական ջանքի համար: Ակնկալում եմ պատասխան և համապատասխան գործողություններ:

Հարգանոք`

Արմինե Ղ-Առաքելյան

Մուղնի գյուղի բնակիչ, ՀՀ 10 տարվա կացության հատուկ կարգավիճակով բնակվող Ֆրանսիայի քաղաքացի

Մարդու իրավունքների ու Ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) հայաստանյան ինքնուրույն ՀԿ-ի հիմնադիր և հովանավոր 1999-ից և քաղաքացիական գործիչ կամավոր սկզբունքներով

Դիվանագետ, միջազգային իրավաբան, քաղաքագետ, զարգացման մասնագետ

ՊԱՏՃԵՆՆԵՐԸ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 26
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1
ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ՀՀ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՆՍՕՏՏ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, Լիբանան, Անթիլիաս
ՀՀ Ազգային Ժողովի Նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 19
ՀՀ Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, ՀՀ, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 2
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ, Վազգեն Սարգսյան 26/1, 5-րդ հարկ
ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան Արմեն Հարությունյանին, ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 53ա
Հայաստան Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ՀՀ, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
ՍԻՎԻԼԹԱՍ հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանին, ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ՀՀ, ք Երևան, Սարյան 22
Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին, ՀՀ, ք. Երևան, Արմենակյան 127
ՀայՌուսԳազարդի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին, ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 43
Հայջրմուղկոյուղու գլխավոր տնօրենին Պասկալ Ռուայէ, ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փակուղի 8ա
Բիլայնի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին, ՀՀ, ք. Երևան, Ահարոնյան 2



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ակսել Վարդանյան
May 8, 2010 14:12