ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, April 30, 2010 1:14 - չքննարկված
Բլոգերները գրում են…..Նոր մշակույթի ծնունդն ու մայիսյան ապստամբները
Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի` լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելու կապակցությամբ
Տաքսու վարորդը հենց տեսավ Վիոլետն ա նստում, ուրախացավ ու սկսեց գրականությունից խոսել: «Շանթ» հեռուստատեսության «Թաքնված տաղանդով» ներկայացնում են Վիոլետ Գրգորյանին որպես բանաստեղծուհի, ու հիմա հազարավոր մարդիկ ճանաչում են նրան որպես բանաստեղծուհի, բայց թե ինչ է գրել, ոչ ոք չգիտի: Իսկ վարորդը սկսեց պատմել, թե ինչքան է սիրում գրականություն: Տալիս էր հայ գրողների անունները, բայց միայն դասականների: Հետո խոսակցությունից պարզվեց, որ մի երեք տարի է, ինչ Հայաստանում է: Բելառուսից եկել է: Ինչի՞, ինչի է թողել հարուստ երկիրը ու էկել էս քյամբախը:
«Ընկերս տղայիս հայերեն ասեց` բարև, տղաս պատասխանեց` բարև, ընկերս հարցրեց` ոնց ես, տղաս չկարողացավ պատասխանել հայերեն: Ասեցի` պահոո, էս էրեխեքը ռուս կդառնան, ու տուն-տեղս ծախեցի, էկա էրևան»: Աղջկան միանգամից տվել է հայական դպրոց, շատ հեշտ կարողացել է ադապտացվել ու արդեն ավարտել է դպրոցը, ընդունվել բժշկական`հայերենով: Տղան մի քիչ դժվարություն է ունեցել, բայց հետո հաղթահարվել է: Մինսկի բիզնեսը, վարսավիրանոց ու խանութ թողել էկել էրևան տաքսի է քշում, բան չկա, կարևորը էրեխեքը հաստատ հայ դառան:
Ի՞նչն էր ստիպել նրան, որ քսան տարի ապրել էր Մինսկում, հաստատ մնար. համ կյանքը ավելի հարմարավետ կլիներ, համ էլ երեխաների ապագան ավելի հստակ, ու հիմա ամեն ինչ թողել էկել է Երևան, որ երեխաները հայերեն սովորեն, ու հայ լինելն էլ կապում է լեզվի հետ: Մի՞թե որ մնար Մինսկում, նրանք իրենց հայ չէին զգա. կզգային ու ամեն ապրիլի 24-ի կհիշեին հարյուր տարի առաջ իրենց նախնիների եղեռնը: Հազվագյուտ մարդ, հազարներով գնում են Հայաստանից մենակ նրա համար որ էրեխեքը լավ կրթություն ստանան, իսկ նա հենց կրթության, էս վատ կրթության համար վերադառնում է:
Միլան Կունդերան «Մոռացված մի ծնունդ» էսսեում Չեխիայի անկախությունը կապում է լեզվի վերածննդի, իսկ մահը` 1968-ի ռուսական օկուպացիայի հետ.Կունդերան Չեխիայի մահը տեսնում է օկուպացիայով, օտար զինվորի ոտքը երկիր դառնում է սպանություն, նա այդ էսսեն սկսում է այսպես. «Այսօր ո՞վ է տակավին հիշում ռուսական բանակի կողմից Չեխոսլովակիայի գրավումը 1968-ի օգոստոսին։ Իմ կյանքում դա մի հրդեհ եղավ», իսկ Չեխիայի ծնունդն ու վերածնունդը ոչ թե 1918թ. անկախությամբ է հիշում, այլ լեզվի, չեխերենի վերածնունդով, միայն չեխերենը վերակենդանացնելով է որոշվում մարդկության մաս կազմել որպես առանձին երկիր և «մարդկությանը օգուտ տալ» որպես առանձին միավոր:
Նույն պրոցեսը եղել է նաև հայերի մեջ, միայն մի փոքր այլ կերպ. 19 դարի սկզբին, երբ ազգային գաղափարները սկսում էին տարածվել ամբողջ Եվրոպայով ու աշխարհով, հայերի երկընտրանքը կարծեմ նույնը չէր, կամ` միանալ, ձուլվել մի ավելի «բարձր» մշակույթ ունեցող ազգի մեջ ու մարդկությանը ավելի օգտակար լինել, կամ` «նոր ծնվել»: Միանալ ո՞ւմ, դեռ ռուսները չէին ներխուժել Հարավային Կովկաս ու եթե ներխուժեին էլ, իրենց մշակույթով դեռ ավելի բարձր չէին, դեռ ռուսական մշակութային բումը չէր եղել, իսկ մուսուլման գերիշխանությանը ձուլվելը բարեպաշտ քրիստոնյա հայի համար մարդկությանը ոչ թե օգուտ, այլ վնաս հասցնել կլիներ: Ուրեմն, երկընտրանքը այլ տեղ էր` մնալ կրոնական համա՞յնք, թե՞ ընդունել մարտահրավերը, վերածնվել որպես ազգ, որի անդամներին միացնում է լեզուն ու պաշտպանում պետությունը: Ու երկընտրանքը լուծեց Խաչատուր Աբովյանը, որ «քրիստոնեական» գրաբարի տեղը, միայն գրագետների լեզվի փոխարեն առաջարկեց խոսվող ու կենդանի` «բոլորի» լեզուն. «Նոր էի իմանում, որ գրաբար ու ուրիշ լեզվներ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին», և բացեց միտքը խոսակցական, բոլորին հասկանալի հայերենով ու վերածնեց ազգը կամ ուղղակի ծնեց. «Թո՛ղ ինձ այսուհետև տգետ կանչեն. լեզուս բաց ա էլել, ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ։ Թո՛ղ տրամաբանություն գիտեցողը իրան համքյարի համար գրի, ես՝ քո կորած, շվարած որդին, քեզ համար»։
Ու լեզուն բացելը կապում է ազգի ինքնապաշտպանության հետ ու անմիջապես շարունակում.
«Ո՛վ թուր ունի, առաջ ի՛մ գլխիս խփի, ի՛մ սիրտս խրի, ապա թե ո՛չ՝ քանի բերնումս լեզու կա, փորումս՝ սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ.
— Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում։
Թաք ըլի դո՛ւ, դո՛ւ, իմ պատվական ազգ, քո որդու արածը, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, որ աշխարքի հետ չի՛ փոխիլ»։Ահա, թե ինչն էր ստիպել տաքսու վարորդին վերադառնալ:
«Աշխարքի հետ չփոխվող» այդ խակ լեզուն կրող «նոր ծնված մշակույթը», նոր ազգը չի զոհաբերվելու «մեծ մշակույթին» ու նրա միջոցով չի «մարդկությանը օգնելու», ինքն էլ պակաս իրեն մեծ չէր զգում` «հայոց մեծ ազգ»: Մի խակ լեզու, որ ոչ թե աստծունն է, ինչպես գրաբարը, որ միայն աստծու ծառաներն են իմանում, այլ ազգինը, որ արդեն մեծ ազգ է ներկայանում: Ու հենց Աբովյանի «մանկական սիրելի բարեկամ ու ազնիվ հայազգի պարոն դոքտոր Աղաֆոն Սմբատյանի» խորհուրդը, որ նա շարունակի գրել վեպը ժողովրդի, բոլորի լեզվով «Թե էդպես կշարունակեք, շատ հիանալի բան կդառնա» հենց խորհուրդն էր ստեղծել հայերի պետականություն: Հենց Աբովյանի` իր Քանաքեռի սենյակում այս ոգևորությունը, որ խոսակցական լեզվով պետք է գրվի վեպ, ազատագրական շարժման պատմություն, ազգային պետության ձգտման ծնունդն էր ազդարարում. «Սհաթի տասն էր առավոտի։ Էլ հաց, կերակուր միտքս չէկան։ Ճանճը առաջովս անց կենալիս ուզում էի սպանեմ, էնպես էի վառվել։ Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել, ինձ թև էր տալիս։ Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ՝ էնպես էին կենդանացել, որ էլ աշխարքը միտքս չէ՛ր գալիս։ Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլոր բացվել, ետ էին եկել։ Նոր էի իմանում, որ գրաբար ու ուրիշ լեզվներ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին։ Ինչ որ ասում էի կամ գրում մինչև էն հադաղը, գողացած կամ հնարած բաներ էին, էնդուր համար հենց մեկ երես բան գրում էի թե չէ, յա քունս էր տանում, յա ձեռս բեզարում։ Գիշերվան մինչև սհաթի հինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի. չիբուխն էր իմ կերակուրը, գրիլը՝ իմ հացը։ Տանցոնց խնդրելուն, նեղանալուն, խռովելուն էլ չէ՛ի մտիկ անում։ Երեսուն թաբաղեն, էն ա, լցվելով էր, որ բնությունը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց։ Սաղ գիշերը ինձ էնպես էր երևում, թե նստած գրում եմ. երանի՜ կըլեր ինձ, թե էն մտքերը ցերեկն էին միտս ընկել»։
Չգիտեմ, գուցե հայերն ունե՞ն նմանատիպ մի վեպը, գուցե Աբովյանի «Վերք Հայաստանի՞ն» ինչ-որ չափով համընկնի՞ Կունդերայի պատկերացրած այդ վեպին, ուր կա հայրենասիրությամբ հրապուրվելու գաղտնիքը, հայ լինելու ընտրությունը («Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում։ Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս։ Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը։ Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվըներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ։ Ո՞վ չի՛ ուզիլ լսիլ թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը թե էսպես բաներ ըլին, թո՛ղ աչքս հանեն։ Էլ ընչո՞վ էրեխին քո լեզուն սիրիլ տաս։ Գեղըցու վրա ջավահիր ծախիր, հա՛, շատ լավ բան ա, ամա որ կարողություն չունի, մեկ կտոր ճաթի հետ էլ չի՛ փոխիլ քո տված անգին քարը»։)
Բայց այն պետությունը, ուր պիտի յուրաքանչյուր հայի «բերանում լեզու» լինի` հայերենը, որով կարտահայտվի նրա խոսքի ազատությունը, ու այդ ազատությամբ նաև կձևակերպվեն մյուս ազատություններն ու իրավունքերը, դեռ հնարավոր չէր, ու լեզուն էլ խակ էր մնալու մինչև հիմա: Աբովյանի սերունդը Հայսատանի անկախությունը կապում էր ռուսական զենքի հետ, քանի որ հայկականը դեռ «սուր» չէր: Թեև այդ զենքը մի նոր իշխանություն հաստատեց, բայց «նոր ծնվող մշակույթի» ընտրությունը կատարված էր` աշխարհաբարը «լեգիտիմացնելով»:
Բայց երկրորդ երկընտրանքը, չեխականը դեռ գալու էր, գալու էր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից 75 տարի անց, երբ թուրքերը փորձեցին բնաջնջել, երկրի երեսից մաքրել հայերին, մի ազգ, որ արդեն որոշում էր ընդունել մարդկությանը ծառայել ինքնուրույն որպես առանձին «մշակույթ»:
Այն, որ մեզ փորձել են բնաջնջել, դեռևս չապաքինված հոգեկան տրավմա է առաջացրել ու դարձրել մեր պատմությունը անընդհատ ինքնահաստատման պատմություն: Աղետալի հարվածն ու անպաշտպան լինելու զգացողությունը էնպես է կրկին համրացնում քեզ, որ թաքնվում ես, չես ուզում շրջապատին ներկայանալ որպես զոհի, անտեր-անտիրական զոհի զավակ, չես ուզում իմանան, որ մի ազգից ես, որին ուզել են բնաջնջել, ու անունդ փոխում ես, որ միանաս «մեծ մշակույթին», ինչպես Ոստանիկ Ադոյանը փոխեց ու դարձրեց Արշիլ Գորկի, որ դրանով միանա մեծ ռուս ազգին և որպես ռուս ավանգարդիստ «մարդկությանը օգուտ» տա: Եվ այդպես շատ ուրիշներ` Մայքլ Առլեն, Անրի Թրուայա, իրենց անունները փոխելով մտան «մեծ մշակույթների» մեջ: Հայ լինելը ամոթ էր: (Վիլյամ Սարոյանը անունը չփոխեց, քանի որ ցեղասպանության զոհի զավակ չէր և չուներ այդ բարդույթը): Հիմա է աշխարհը փոխվել, հիմա է, որ արևմուտքում ոչ թե իրար ոչնչացնելով են ազգերն իրենց հաստատում որպես «մարդկությանը օգնողներ», այլ միմյանց տարբերություններն ընդունելով ու դրանք պաշտպանելով: Ինչ սահման գծվեց` գծվեց, ու սահմանները դարձան անձեռնմխելի, արդեն հայ կամ քուրդ լինելը ամոթ չէ, ու Արտո Թունջբոյաջյան բարդ ազգանունը հեչ կարիք չունի ճանաչում ստանլու համար «պարզանալու»:
Այսպիսով, «մարդկությանը օգուտ» տվող է դառնում քո հաշվին սահման գծողը որպես մի «առանձին մշակույթ», իսկ դու «առանձին մշակույթ» լինելու քո ձգտումը թողած` պայքարում ես ապացուցելու համար աշխարհին, որ նա` դահիճը, չի կարող մարդկությանը օգուտ տալ, պայքարում ես, որ քո մահվան դամբանականում գրվի` քեզ ցեղասպանության է ենթարկել մի երկիր, որն այսօր «մարդկությանը օգուտ տալու» հայտ է ներկայացրել, որ եթե մարդկությունը այսպիսի մեկից պիտի օգուտ ստանա, ապա թքած էդ մարդկության վրա («ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին»):
Եվ 20-րդ դարի սկզբին, գրեթե նույն ժամանակ, երբ չեխերն էին կանգնել երկընտրանքի առաջ` վերածնվե՞լ, թե՞ ձուլվել, առաջացավ նույն երկընտրանքը արևելահայաստանում` «մի մեծ ազգի մշակույթի մե՞ջ», ռուսական կայսրության կամ Սովետական Միության մե՞ջ մարդկությանը ծառայել, թե՞ նորից փորձել վերածնվել: Սփյուռքում երկընտրանքը արագ լուծվում էր` հօգուտ «մեծ մշակույթների», ու էսօր արդեն արևմտահայերենը մեկ-երկու մտավորականի գրավոր լեզուն է մնացել: Այստեղ ամեն ինչ վերջացավ:
Երկընտրանքը հօգուտ վերածնման փորձում էին լուծել առաջին հանրապետության լիդերները, համալսարան ու դպրոց բացում Հայաստանում: Բայց «մեծ մշակույթի» մեջ տարրալուծվելու կողմնակիցները շատ էին. ինչպե՞ս մի ժողովուրդ, որին կարաս տենց հեշտ, անպատիժ բնաջնջել, «մշակույթ ստեղծի», ուրեմն բանի պետք չի եղել, էլ ի՞նչ մշակույթ: Եվ նրանք արեցին մայիսյան ապստամբությունն ու հռչակեցին դահճին` քեմալական բանակը «եղբայրներ», որ «օգնել է» մեծ մշակույթի մեջ վերանալ, իսկ թշնամի` համալսարան ու դպրոց բացող իշխանությանը, նրան, ով ուզում է «վերածնել մշակույթը»:
Նաև ուզում էին վերածնել Սովետական Հայաստանի մտավորականները, այն համոզմամբ, որ «բերանում լեզու» կարող ես ունենալ հզոր Միության պաշտպանության տակ: Բայց չեղավ, ու 37 թիվը կրկին «համրացրեց» հայերին:
Այդ երկընտրանքը հօգուտ անկախության փորձեց լուծել ղարաբաղյան շարժումը, ու Հայաստանի անկախության հռչակումից առաջ, 1990թ. Խորհրդյաին Հայաստանի լուսավորության նախարարի որոշմամբ արգելվեց հայ երեխաներին տալ ռուսական դպրոց, իսկ հետո, արդեն անկախ Հայաստանը լեզվի օրենք ընդունեց, որով օտարալեզու դպրոց կարող էին երեխաներին տալ միայն ազգային փոքրամասնությունները և օտարերկրյա քաղաքացիները:
Բայց թուրքերը էնպես չէին կոտրել հայության ողնաշարը, որ միայն օրենքով հնարավոր լիներ «լեզու ունենալը»: Եթե չեխերի համար որպես ազգ վերանալու, անկախությունը կորցնելու վտանգը միշտ սիմվոլացնում է օտար զինվորը, նրանց պատկերացմամբ Չեխիան անկախ է միայն այն ժամանակ, երբ իր տարածքում չկա օտար զինվոր, ապա Հայաստանի դեպքում պատկերը այլ է. ոչ թե օտար զինվորն է դառնում խոչընդոտը, այլ ինքնագաղութացնող ազգային գործիչները, մայիսյան ապստամբության ժառանգները, որոնք մի կողմից էլի դահճին ներկայացնում են եղբայր, այս անգամ` «քիրվա» (Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որի ենթատեքստը Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելն է), դահճի երախը նետելով քո մարմնի մի մասը, որ իբր փրկես մարմնի մյուս մասը, իսկ նրանց հակառակորդները «վերևում» ռուսական դպրոցներն են բացում` միանալու «մեծ մշակույթին»: Խոսքը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասին է, որ ներկայացրել է լեզվի օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ, որով կբացվեն օտարալեզու դպրոցներ Հայաստանի քաղաքացիների համար (հավանաբար նրա հետևը կանգնած են վարչապետն ու նախագահը): Միանգամից ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Աշոտյանի մեջ այս հարցում տարբերություն չկա, երկուսն էլ մայիսյան ապստամբներ են, երկուսն էլ չեն հավատում «նոր մշակույթի վերածննդին»` մեկը օտար դպրոցներ բացելով, մյուսը` Հայաստանի անկախության արշալույսին որպես նախագահ ազգը կոտրող «սովորական ազգ» բնորոշմամբ(սովորական ազգերին բնաջնջում են նրանք «մարդկությանը օգտակար» չեն կարող լինել) ու Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ծրագրով: Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու լևոնական ծրագրի մասին արդեն խոսում են նրա համակիրները. Տես բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանի հոդվածը lragir.am-ում ուր նկատում է.«Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 6-ի հանրահավաքում որպես ԴՐԱԿԱՆ արդյունք նշում էն հանգամանքը, թե «Կոնգրեսի եւ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում» տարբեր երկրներ էսօր հաջողությամբ ճնշում են Սերժ Սարգսյանին, թույլ չեն տալիս Ղարաբաղի հարցում խուսանավել, այսինքն թե` պարտադրում են զիջել» և երզարկացնում. «Տեր-Պետրոսյանը ապրիլի 6-ի ելույթում ձեւակերպեց որպես «Ղարաբաղի խնդրի աղետալի հանգուցալուծման վերահաս իրողություն»… սպասման ընդհանուր տրամաբանությունը շատ պարզ ա. երբ որ Ղարաբաղում աղետ լինի, մնացած երկու բաղադրիչները(տնտեսական և ներիշխանական ճգնաժաամեր) կգումարվեն դրան, եւ իշխանությունը ներսից կպայթի: Էն ժամանակ էլ հենց ժողովրդին ոտքի հանելով` «մենք կհաղթենք»: Բայց Ղարաբաղը կորցնելու եւ Հայաստանի տնտեսական կոլապսի գնով ձեռք բերված «մենք հաղթեցինք»-ը չի լինի հաղթանակ, այլ կլինի պարտություն» :
Իսկ կա՞ն հավատացողներ այդ վերածննդին:
Չեխերի համար որոշումը աներկբա էր, նոր ծնվող մշակույթի մեկնարկը տրվել էր: Կունդերայի մեկ այլ էսսեի այն դրվագում, ուր նա Պրուստի հատորներն է կարդում, աչքս ծակում է ոչ թե գլխավոր ասելիքը, թե նա ինչ է գտնում Պրուստի մեջ, այլ երկրորդականը, գուցե երրորդականը կամ նույնիսկ նկատելու համար անարժան տեղը, որ դեռ մի 60 տարի առաջ Պրուստը չեխերեն թարգմանվել է հատորներով(«Այդ օրերին Պրուստի մասին միակ իմացածս Կորուսյալ ժամանակի որոնումներում գրքից 20 օրինակի կազմն էր, չեխերեն թարգմանությամբ, ընկերոջս գրադարանում շարված»): Այսինքն, չեխերը դեռ այն ժամանակ սկսել են թարգմանել «մեծ մշակույթները» և իրենց նոր ծնվող մշակույթը կերակրել այդ թարգմանություններով:
Այս «նոր ծնված մշակույթը» հասունացավ ու սկսեց մասնակցել «մարդկությանը օգուտ տալու գործին», և չեխ բանաստեղծ Յարոսլավ Սեյֆերտը 1984-ին ստացավ Նոբելյան մրցանակ «Պոեզիայի համար, որն առանձնանում է թարմությամբ, զգացմունքայնությամբ և հարուստ երևակայությամբ ու վկայում է ոգու անկախության ու մարդու բազմակողմանիության մասին»: Եվ ստացավ էն ժամանակ, երբ ռուսական բանակը օկուպացրել էր Չեխիան, և Կունդերան դա համարում էր վերածնվածի մահը:
Մարսել Պրուստը` նոր գրականության երեք սյուներից մեկը, կա՞ հայերեն: Վերջերս կարծեմ նրա մի հատորը թարգմանեց Նվարդ Վարդանյանը: Ես չեմ տեսել: Մյուս սյունը` Ջոյսի «Ուլիսն» էլ հայերեն չկա, նախաձեռնել է թարգմանել Սամվել Մկրտչյանը: Մի անհատ: Ուրեմն, իսկապես կան միայն հատուկենտ անհատներ, որ հավատում են «նոր մշակույթի վերածննդին», 20 տարվա մեջ չեղավ մի իշխանություն, որ ազգային թարգմանական ծրագիր ներկայացնի: Իսկ Ուկրաինան, որ «մեծ մշակույթի» կցորդն էր ու ամբողջ սովետական շրջանում թարգմանական կուլտուրա չուներ, անկախությունից հետո բյուջեի հսկայական գումարներով սկսեց թարգմանել հատորներով «մեծ մշակույթները»:
Ուրեմն, ռուսական դպրոցները փակելը` փակեցին, բայց հայերենը դեռ մնում է Շաղիկ Արծրունու թարգմանությամբ Կունդերայի ասած` «բարբառային» «առտնին» կամ առօրյա, իսկ ես կասեմ` կենցաղային լեզվի ու «նոր ծնվող մշակույթի» ձգտման արանքում: «Նոր մշակույթը», անկախությունը այն ժամանակ է իրականություն, երբ միջին էրուդիտ մարդը կարող է առանց օտար լեզվի կարդալ կարևոր գրականությունը իր մայրենիով: Ինչպես միայն ռուսերեն իմացողը, կամ միայն թուրքերեն իմացողը այդ լեզուներով կարող է կարդալ համաշխարհային գրականության կարևոր գործերը: Միայն հայերենի վրա հույս դրածը կմնա տգետ:
Իմ ձեռքը լիներ Լինսի հիմնադրամի 160 միլիոն դոլարը, կծախսեի մենակ թարգմանիչներ պատրաստելու ու համաշխարհային գրականությունը թարգմանելու վրա: Ասֆալտը մի օր կգցվեր, ինչպես վրացիք գցեցին, թատրոններն էլ անռեմոնտ չէին մնա, բայց ուշացնելով որոշում ընդունելը` լինե՞լ «նոր մշակույթ», անկախ, թե՞ մնալ «առտնին», բերում է մայիսյան ապստամբության, որի ներկայացուցիչն է այսօր դառնում կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա նախագիծը եթե իրականացվի, ուրեմն կհաղթի «մեծ մշակույթին» միանալը, եթե բացվեն ռուսական դպրոցներ (ու hնարավոր է` անգլիական), բնական է, որ շատերը երեխաներին կուղարկեն այդ դպրոցները, ու հայերենը կդառնա կենցաղային, «առտնին» լեզու: Հայաստանի անկախությունը ֆորմալ կմնա, բայց հայ ազգը էլ անկախ չի կարող լինել կենցաղային լեզվով: Ու պայքարի մի կողմում անուս տաքսու վարորդն է` վերադարձած Բելառուսից, մյուս կողմում` գերազանցիկ հանրապետական կուսակցությունը իր գերազանցիկ նախարարով, մի կուսակցություն, որ պարադոքսալ կերպով հիմնադրել է Հայաստանի անկախության համար 12 տարի բանտ նստած Աշոտ Նավասարդյանը:
Իսկ Աշոտյանը հայերենի դեմ պայքարը դեռ սկսեց երկու տարի առաջ` հարձակվելով կենդանի խոսակցական հեռուստատեսային լեզվի դեմ, էն լեզվի, որի կողմանկիցն էր Աբովյանը: Երիտասարդ կարիերիստին չէին անհանգստացնում ռադիոեթերում գնալով շատացող ռուսերեն գովազդներն ու Գլումովի ռուսերեն հեռուստահաղորդումները, այդտեղ ամեն ինչ օքեյ է:
Որ Աշոտյանը հայերենի թշնամին է, ցույց է տալիս հենց այդ հարձակումը, այդ պայքարը այնտեղ, ուր հայերենը ապրում է: Հայերենով մտահոգ մարդը կպայքարեր այնտեղ, ուր հայերն չկա` համակարգչային ու մյուս բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ծրագրեր կառաջարկեր, թե ինչպես համակարգչային ծրագրերի լեզուն, adob windows, word և այլն, դարձնել հայերեն (միայն փորձեր են արվում windows-ը հայացնել, էն էլ միշտ ուշացած են դառնում, երբ նոր win վերսիան է դուրս գալիս), էլ չասած, որ մատը մատին չեն տալիս, որ բջջային հեռախոսները հայերեն ունենան, առնում ես հեռախոսը, ինչ լեզու ասես մեջը կա`ադրբեջաներեն ու ուզբեկերեն, մենակ հայերեն չկա:
«Մեծ մշակույթի» մաս կազմելու էս մղումը, թե փոքր ժողովուրդը չարժի, որ իր լեզվով գիտություն ունենա, կոմպյուտերային ծրագրերը թարգմանվեն, որ ավելի լավ է կրթություն ստանալ «մեծ մշակույթի» լեզուներով` ռուսերեն ու անգլերեն, մի ցածր ինքնագնահատական է, որ առաջացել է ցեղասպանությունից: Էստոնացիները, որ հայերից քիչ են, անընդհատ թարգմանում են բոլոր նոր դուրս եկող համակարգչային ծրագրերը, ավելին, ունեն թարգմանիչ ծրագրեր մի քանի լեզուներից, բացածդ կայքդ իսպաներե՞ն է, մի քլիքով այն դառնում է էստոներեն, գերմաներե՞ն է, նույնը: Թարգմանիչ ծրագրերն էլ տեղում չեն մնում, զարգանում են ու թարգմանության որակը բարձրացնում(էսպես դարձար ուրիշին օրինակ բերող սովորական մեկը և ոչ թե ուրիշների համար օրինակելի հաջողության հասած ազգ): Իսկ հայերեն նույնիսկ սիրելի ռուսերենից կամ անգլերենից տեքստ թարգմանող ծրագիր չկա:
Եղեռնը հարյուր տարի անց էլ հայերին թողել է այն ժամանակվա մեջ, երբ իրագործվեց`20-րդ դարի սկիզբ: Այն ժամանակվա ինքնության կորստի վախը առաջացրել է այդ տարիներին կորցրածը վերականգնելու անվերջանալի նևրոզ, և բարձր տեխնոլոգիաների դարում թարգմանական ծրագրեր ֆինանսավորելու փոխարեն` այդ տեխնոլոգիաների երկրում ծնված-մեծացած բարերարները(Լուիս Սիմոն Մանուկյան, Հրայր Հովնանյան և այլն) դեռ շարունակում են փող ծախսել եկեղեցի կառուցելու վրա, այսինքն` արևմտյան Հայաստանում կորցրածը վերականգնելու վրա: Եկեղեցի, ուր սգան կորցրած երկրի մահը:
21-րդ դարում եկեղեցաշինությունը հենց թուրքի ուզածն է, այսինքն` այնպես վերացնել հայերին, որ նրանց մնացուկները անընդհատ զբաղվեն կորցրածը վերականգնելով ու դրա վրա սգալով, մի կորցրած բան, որոնք ժամանակակից աշխարհում անօգտագործելի, անպետք գործիքներ են:
(Ու նաև, ինչպես Մարկ Նշանյանն էր ասում, կատարվում է դահճի ուզածը` անընդհատ ապացուցել, որ եղել է ցեղասպանություն, դահիճը հրճվում է, ասում է` չի եղել, եթե եղել է, ապացուցիր):
Այո, ցեղասպանությամբ Թուրքիան ստացավ իր «նոր ծնվող մշակույթը»` թրքությունը, ու սկսեց մասնակցել մարդկության օգնության գործին, Օրհան Փամուկն էլ ստացավ Նոբելյան մրցանակը ու թուրքերենը մտցրեց 10-15 իշխող լեզուների մեջ: Չկոտորեին, Թուրքիան այն կլինե՞ր, ինչ կա, Փամուկը կստանա՞ր Նոբելյան ու «օգուտ կտա՞ր մարդկությանը» հայտարարությամբ, որ Օսմանյան կայսրությունում 1,5 միլոն հայ է կոտորվել :
Իսկ կստանա՞ որևէ հայ Նոբելյան, ցույց կտա՞ իր ոգու անկախությունը ու կստեղծի՞ մարդու մեկ այլ կողմ ու կշատացնի՞ «մարդու բազմակողմանիությունը»: Ինչպե՞ս: Երբեք, եթե երկիրը Աշոտյանի պես կրթության նախարար ունի:
****
«Էհ, Վիոլետ, տենց էլ Նոբելյան չստացար, մի հատ կենտրոնում նորմալ բնակարան առնեինք, թե չէ էս մարշրուտնիների մեջ մեռանք կզելով»: «Հա, էլ մի ասա, փող լիներ, մամայիս վիրահատությունը գոնե կանեի»: «Լավ, գոնե արի գիրքդ տպենք, տես էսքան մարդ, էս տաքսու շոֆերը տենց ուրախացավ քեզ տեսավ, ընտանիքը հավաքել եկել ա, որ էրեխեքը հայ գրականություն կարդան, բա գրածդ մի հատ չկարդա՞ն»: Վիոլետը լռում ա: «Լավ գոնե մի թազա բանաստեղծություն գրի», «դե եսիմ, չգիտեմ, թե խի գրեմ»: Վիոլետը արդեն ինչքան ժամանակ կլինի բանաստեղծություն չի գրում, ու կոմպի դեմը նստած կարտերն ա տեղափոխում: