ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, April 23, 2010 17:09 - 1 քննարկում
Հիմա էլ ասում է «սխալվել եմ»…
Ալեքսանդր Իսկանդարյանն ընդունել է, որ սխալվել է
«Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր «7օր»-ի հարցին ի պատասխան խոստովանել է, որ սխալվել է իր որոշ կանխատեսումներում։ Նա մասնավորապես ասել է, որ սխալվել է՝ գերագնահատելով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի հնարավորությունները։
-Գործընթացի կապակցությամբ այն հակազդեցությունը, որ գալիս է Թուրքիայից, ես ըստ արժանվույն չէի գնահատել։ Ինձ թվում էր, որ արձանագրությունների վավերացումը հնարավոր էր այս գարնանը՝ մինչև ապրիլի 24-ը։ Ինչպես պարզվեց, դա հնարավոր չէ, կամ էլ դա հնարավոր էր, բայց չստացվեց, այսինքն՝ այդ ճնշումը չբավականացրեց,- ասել է Ալ. Իսկանդարյանը,- սխալի պատճառները հասկանալի են. ես վատ եմ պատկերացնում թուրքական ներքաղաքական կյանքը, ես թուրքագետ չեմ։
Ալ. Իսկանդարյանը նշել է նաև, որ իրեն թվում էր, թե 2 տարին բավարար է, որ մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեին, սակայն, ինչպես պարզվեց, բավարար չէին։
Այժմ նույնպես Ալ. Իսկանդարյանը կարծում է, որ առաջիկա 2 տարին բավական կլինի, որպեսզի խորհրդարանական ընտրություններից հետո ստորագրված արձանագրությունները կամ մեկ այլ փաստաթուղթ արագ դրվեն վավերացման։ Սակայն քաղաքագետը միաժամանակ նշել է, որ այս հարցում էլ կարող է սխալվել։
Ալ. Իսկանդարյանը փոխարենը հայտարարել է, որ չի սխալվել Ադրբեջանի հարցում և ըստ արժանվույն է գնահատել վերջինիս հուժկու արձագանքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նա նշել է նաև, որ չի սխալվել՝ պնդելով, որ հայ-թուրքական գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջև իրավական տեսանկյունից փոխկապակցվածություն չի եղել և հիմա էլ չկա, որովհետև 2 արձանագրություններում էլ «Ղարաբաղ» և «Ադրբեջան» բառերը չկան։ Բայց քաղաքական տեսանկյունից դրանք չեն կարող փոխկապակցված չլինել։
-Այն մասին, որ քաղաքական փոխկապակցվածություն չկա, ես երբեք չեմ ասել և ասել չէի կարող։ Նույնիսկ քաղաքագիտության վատթարագույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը չի կարող արդպիսի բան ասել։ Իհարկե կա՛։ Այս տարածաշրջանում ամեն ինչ կապված է ղարաբաղյան խնդրի հետ,- ասել է Ալ. Իսկանդարյանը։
1 քննարկում
Սամվել