Աչքատակի գորտնուկը կատաղություն է հարուցում:
Վարչապետի «մտահոգությունը»՝ երկրում հարկային բեռի անհավասարաչափ բաշխման հետ կապված, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հարկային մուտքերի պլանը կառավարությունում չի հաստատվում, ու հարկայինի աշխատանքի մասին գովեստի խոսքերն էլ բոլորովին վերջերս նույն կառավարությունում չեն հնչեցվել:
Իրականում Տիգրան Սարգսյանը PR թամաշա է սարքում և ուզում է անվախ զինվորի ու կատաղած պաշտոնյայի իմիջի մեջ մտնել։
Թողնենք այն հարցը, թե արդյոք հարկայինն արժանի՞ է քննադատության, թե՞ ոչ։ Այդ մասին բազմիցս է գրվել։ Հարկայինն անում է այն, ինչ որոշում են կառավարությունն ու ԱԺ-ն, և հնարավոր չէ ունենալ «ստերիլ» հարկային «ոչ ստերիլ» իշխանության պարագայում։
Եթե վարչապետը դժգոհ է հարկային ստուգումներից, ապա թող տանը հայտնի իր դժգոհությունն իր եղբորից, ում հարկայինի տարածքային մարմիններից մեկի ղեկավար է նշանակել։ Հարկահավաք եղբորից վարչապետը կարող է նաև ճշտել, թե իրականում ինչ են մտածում ձեռներեցները կառավարության գործունեության և անձամբ իր մասին։ Վարչապետը լավ գիտի, որ իր քաղաքականության արդյունքում փոքր ու միջին բիզնեսը տուժել են ու հիմա փորձում է կուրծք ծեծելով տարանջատվել այս ամենից։
Բացի այդ, կարող է լինել նաև մեկ այլ հանգամանք։ Եվ մեզ հետաքրքրում է հենց այդ հանգամանքը և վարչապետի ջղային լինելու չերևացող պատճառները։ Հայաստանյան խաղի կանոնները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ փոքր ու միջին բիզնեսի շահերը պաշտպանելու քողի տակ ներիշխանական խնդիրներ են լուծվում, կամ վարչապետի անձնական շահը կա այստեղ, որը թաքցվում է «դասախոսական» ճառերի տակ, կամ էլ վարչապետը պարզապես անձնական հաշիվներ է մաքրում ՊԵԿ ղեկավարից՝ այդ ամենը հանրությանը մատուցելով իբրև եկրի տնտեսության նկատմամբ ազնիվ «մտահոգություն»: Թերևս գործ ունենք այս բոլոր երևույթների հետ։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՊԵԿ-ն այն ՓՄՁ-ների ոլորտում, որոնք ֆինանսավորվում են վարչապետի տրամադրած վարկային միջոցներով, վերջերս որոշակի գործունեություն է իրականացրել։ Կոմիտեն, փաստորեն, բացահայտումներ է արել՝ հարուցելով վարչապետի «արդարացի» դժգոհությունը:
Փաստորեն վարչապետն իր «կատաղությամբ» փորձել է երկու խնդիր լուծել՝ անձնական ֆինանսական հետաքրքրություն ներկայացնող հարցերը կարգավորել և ձեռքի հետ էլ սեփական PR-ն ապահովել։
Արտակ Գևորգյան
1 քննարկում
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed.
Both comments and pings are currently closed.