ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Tuesday, April 13, 2010 10:14 - 10 քննարկում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելելով Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման, ելույթով է հանդես եկել: Ինրպես տեղեկացնում է ՀՀ նախագահի Մամուլի ծառայության բաժինը` նախագահն ասել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատուցեցինք նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին` մարդու և ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու բնակվող հինավուրց ժողովուրդը գրեթե հարյուր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդե սերունդ: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսյալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլև աշխարհին պատվիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են և պարտավոր են թույլ չտալու փոքր ժողովրդի տառապանքների կրկնություն: «Դուք մտածե՞լ եք Հայաստանի տառապանքների մասին: Դուք օժանդակեցիք հայերին այն բանից հետո, երբ նրանք տառապանքներ կրեցին: Այժմ զորակցե՛ք, որ նրանք այլևս երբեք չտառապեն». Նախագահ Վիլսոնի`1919թ. փետրվարի 26-ի բոստոնյան ելույթի այս բառերը հնչում են մինչ օրս, ինչն իրականում նա հղում էր ողջ մարդկությանը: «Զորակցե՛ք, որ այլևս հայերը երբեք չտառապեն»` այս խոսքով ԱՄՆ 28-րդ Նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիորեն ձևակերպում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների և ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նախագահի շիրիմի առջև և զեկուցում, որ Հայոց ցեղասպանությունից իննսունհինգ տարի հետո էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ և քաղաքական գործիչներ, այդ թվում և իր հայրենիքում, շարունակում են գործել վիլսոնյան պատգամի տրամաբանությամբ: Հայ ժողովուրդը հիշում և հիշելու է բոլորին. անուն առ անուն:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամերիկահայությունը, հատկապես վերջին տասնամյակներում, դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետևողական օղակներից մեկը և, համոզված եմ, այսուհետ և՛ս ջանալու է բազմապատկված ճիգերով: Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են և անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի:
Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատապարտված փորձերին` պառակտելու հայրենիքն ու Սփյուռքը, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում և Սփյուռքում: Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա՛ Հայաստանի հայության և Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, և նա տեր է իր արդար դատին:
Այո՛, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ: Այս առավոտ ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաև այս քննությունը:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Դուք, որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ եք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն եք: Սա գիտակցում են թե՛ մեր բարեկամները, թե՛ մյուսները: Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել` ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապահին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը: Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացություն:
Հայրենակիցնե՛ր,
Թույլ տվեք խոսքս ավարտել երախտագիտության բառերով ուղղված մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի և Նախագահ Վիլսոնի պես գործիչներ: Հայությունն ուժեղ է և կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատության արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարությունն ունի հայ ժողովրդի կյանքում:
Աստված պահի Ամերիկան, Աստված պահի Հայաստանը և փառք հայ ժողովրդին»,- ասել է ՀՀ նախագահը:
ԱՅՍՕՐ, 18:59
Aysor.am
10 քննարկումներ
Վահան